Ամեն ինչ քաղցր, սպիտակ հատիկների մասին․ շաքար

Շաքարը՝ քաղցր բյուրեղային նյութը, որը դարձել է մեր սննդակարգի հիմնական բաղադրիչը, ունի հարուստ և հետաքրքրաշարժ կենսագրություն: Սկսած իր պատմության շռնդալից սկզբից՝ որպես հազվագյուտ և արժեքավոր ապրանք, մինչև այսօր հակասական ու ավելի շատ բացասական երանգավորմամբ շաքարն ամենուր է։  

Այս հոդվածում կճամփորդենք քաղցր շաքարի բազմահամ պատմության ոլորաններով, մանրադիտակի տակ կառնենք դրա հատկությունները՝ բացահայտելով շաքարի կենսագրությունը, արտադրության գործընթացը և ազդեցությունը մեր առողջության և հասարակության վրա: Այսպիսով՝ վերցրեք մի բաժակ ջուր և պատրաստվեք ծանոթանալու ամենին,  ինչ պետք է իմանալ շաքարի մասին:

Պատմական տեղեկություններ շաքարավազի մասին

Ըստ գիտնականների՝ շաքարի առաջացման պատմությունը սկիզբ է առնում Հնդկաստանում մ.թ.ա III հազարամյակում։ Առաջին անգամ շաքար ստացվել է շաքարեղեգից։ 

Շաքարի ամենավաղ հիշատակումը հնդկական հնագույն «Ռամայանա» էպոսում է, իսկ շաքարավազն իր անունը ստացել է հնդկական «սախարա» բառից, որը թարգմանաբար նշանակում է քաղցր:

Հին ժամանակներում Բենգալ կոչվող հնդկական շրջանը կոչվում էր «Շաքարի երկիր»։

Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Հունաստան բերված շաքարեղեգից ստացված շաքարը կոչվում էր «հնդկական աղ»։ 

Շաքարը «նոր աշխարհը» բացահայտել է 1493 թվականին հայտնի ճանապարհորդ Քրիստոֆեր Կոլումբոսի շնորհիվ։

1701-1810 թվականներին Աֆրիկայից մոտ մեկ միլիոն ստրուկներ բերվեցին Ջամայկա և Բարբադոս՝ շաքարեղեգի պլանտացիաներում աշխատելու համար։

Մինչև 18-րդ դարի վերջը շաքարավազը շատ թանկարժեք մթերք էր՝ ոչ բոլորին հասանելի։ Այն կոչվում էր «սպիտակ ոսկի»։

Մոլորակի վրա ճակնդեղի շաքարի առաջին գործարանը կառուցվել է գերմանական Աչարդի կողմից Կուներնում (այժմ՝ Լեհաստանի տարածք), 19-րդ դարի սկզբին:

Ռաֆինացված շաքարավազը խորանարդի տեսքով սկսել է պատրաստվել 19-րդ դարի կեսերին՝ Չեխիայում։ Այն հորինել է շվեյցարացի Յակոբ Քրիստոֆ Ռադը, ով Չեխիայում շաքարի գործարանի կառավարիչն է։

Հետաքրքիր փաստեր շաքարի մասին

Հնդկաստանը և Բրազիլիան արտադրում են շաքարի՝ ճակնդեղից ստացված վառելիք: Տեղական մեքենաներն աշխատում են այսպիսի քաղցր վառելիքով։

Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի լայն տարածում է գտնում շաքարի օգտագործումը պլաստիկի, կաշվի, ծխախոտի և այլ արդյունաբերական արտադրության մեջ։

Կես լիտր գազավորված Coca-Cola ըմպելիքը պարունակում է շաքարի 16 խորանարդ։

Առաջին անգամ շաքարավազը սկսեցին օգտագործել Եվրոպայում՝ որպես դեղ, որը վաճառվում էր դեղատանը։

Շաքարի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել կնճիռների առաջացման, քանի որ այն կուտակվում է մաշկի ներքին կոլագենում, ինչը հանգեցնում է նրա առաձգականության կորստին։

Աշխարհում տարեկան արտադրվում է մոտ 110 մլն տոննա շաքար։ Շաքարի կեսից ավելին արտադրվում է շաքարեղեգից, իսկ մնացածը՝ շաքարի ճակնդեղից։

Մոլորակի վրա շաքարի ճակնդեղի վերամշակման ամենամեծ գործարանը գտնվում է Ֆրանսիայում։

Արտահանման համար ամենաշատ շաքար վաճառող երկիրը Բրազիլիան է։

Երկրագնդի բնակիչներից ամենաշատը նույնպես բրազիլացիներն են շաքար օգտագործում։

Վիճակագրության համաձայն՝ վերջին քսան տարիների ընթացքում շաքարավազի օգտագործումը մարդու կողմից մեկ տարում հասել է մինչև 40 կիլոգրամի։ Շատ սննդամթերքներ, անգամ երբ առաջին հայացքից անհնար է գլխի ընկնել,  պարունակում են մեծ քանակությամբ շաքար։

Շաքարը դանդաղեցնում է սննդամթերքի փչացումը, քանի որ, ինչպես աղը, այն բնական կոնսերվանտ է:

Շաքարը խթանում է դոֆամին հորմոնի արտազատումը մարդու ուղեղի հաճույքի կենտրոնում, ինչի պատճառով շատերը կախվածություն են ձեռք բերում:

Առնետների և մարդկանց վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարի չափից շատ օգտագործումը ազդում է ուղեղի վրա՝ վնասելով հիշողությունը և առաջացնելով ուղեղի ընդհանուր ծերացում: 

Զգուշացեք՝ շաքար է

Շատերի քիմքին հաճելի շաքարն այնքան էլ «անմեղ» սննդանյութ չէ, ինչքան առաջին հայացքից կարող է թվալ։ Հայաստանում երեխաների 43.4%-ը քաղցրավենիք է ուտում շաբաթական առնվազն 4 օր, իսկ 22%-ը օգտագործում է քաղցր գազավորված ըմպելիքներ միևնույն հաճախականությամբ, և այս ցուցանիշները խորհելու առիթ են տալիս։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ասում է, որ մեծահասակների և երեխաների համար ավելացված շաքարը  պետք է ապահովի էներգիայի ծախսի 10%-ից  ոչ ավելին։  Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում այդ 10 տոկոսը նվազեցնել՝ հասցնելով 5%-ի, ինչը  մոտավորապես  25 գրամ շաքար է (մոտ 6 թեյի գդալ): Մրգերի, կաթի և բանջարեղենի մեջ պարունակվող շաքարից զատ, մյուս բոլոր շաքարները համարվում են անառողջ, ազատ կամ ավելացված շաքար (մրգահյութեր, կետչուպ, մեղր, կոմպոտներ, թխվածքաբլիթներ և այլն ․․․)

 

Ի՞նչ կլինի, եթե մեր երեխաները չափից շատ շաքար օգտագործեն

  • Մանկական հասակում շաքարի հավելյալ քանակները կարող են բերել ճարպակալման, իսկ հետագայում նաև՝ շաքարային դիաբետի։
  • Մանկական հասակում շաքարից կախվածությունը համարվում է այնքան բարդ կառավարելի, ինչքան ծխախոտից կախվածությունը չափահասների մոտ։
  • Շաքարի մեծ քանակների օգտագործումը նվազեցնում է առողջ սննդի՝ մրգերի, բանջարեղենի օգտագործման քանակը։

Շաքարի չափաբաժնի նվազեցումը երեխաների սննդակարգում առաջնահերթություն է շատ ծնողների համար, բայց դա, ցավոք, այնքան էլ հեշտ իրագործելի չէ: 

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ նվազեցնել ավելացված շաքարի սպառումը:

  1. Ըմպելիքները կարող են մեծ քանակությամբ շաքար պարունակել․ փորձեք սահմանափակել կոմպոտի, գազավորված ըմպելիքների, մրգային հյութերի, կաթնային կոկտեյլների օգտագործումը: Փոխարենը ավելի շատ ջուր խմեք:
  2. Փորձեք շաքարավազ չավելացնել թեյի, սուրճի կամ այլ տեսակի ըմպելիքների մեջ։ Հիշեք, ժամանակ է հարկավոր, որ ձեր քիմքը սովորի պակաս քաղցր ուտեստներին ու խմիչքներին, այնպես որ, եղեք համբերատար և սթրեսից խուսափելու համար շաքարի օգտագործման ծավալները նվազեցրեք աստիճանաբար։  
  3. Փոխարինեք շաքարով հարուստ մթերքները, ինչպիսիք են թխվածքաբլիթները, վաֆլիները, պաղպաղակները և այլն, թարմ մրգերով կամ շաքար չպարունակող չրերով։
  4. Թխվածքներ պատրաստելիս շաքարի փոխարեն օգտագործեք բնական քաղցր մրգեր, բանջարեղեն կամ համեմունքներ, ինչպիսիք են բանանը, նարինջը, խնձորը, վանիլինը, դարչինը, և այլն։
  5.  Սննդի հետ «կառուցեք» առողջ հարաբերություններ, ամբողջությամբ մի բացառեք քաղցր ուտեստների օգտագործումը, փոխարենը հնարավորինս կրճատեք դրանց քանակը սննդակարգում՝ համեղ թխվածքներն ու քաղցրավենիքները թողնելով հատուկ առիթների համար, ինչպես, օրինակ՝ ծննդյան տոնակատարություններն են, Ամանորը և այլն։ 
  6. Երբ շուկայից սնունդ եք գնում ձեր ընտանիքի համար, ստուգեք սննդային պիտակները, հնարավորության դեպքում ընտրեք այնպիսի տարբերակներ, որոնք ավելացված շաքարավազ չունեն: 

Այս նկարը ցույց է տալիս տարբեր ըմպելիքների մեջ շաքարի քանակությունը, որը սիրում են խմել մեր երեխաները.