- Օգոստոս 1, 2024
Ամփոփվել է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ ջանքերով:
Այս տարի մասնակից դպրոցներին առաջարկվել էր ոգեշնչման, կայուն գյուղատնտեսության և ստեղծարարության խրախուսման, ինչպես նաև առողջ սննդի օգտագործման սովորությունների ձևավորման նպատակով օգտագործել դպրոցականների հեղինակած գարնանային ուտեստների նկարները։ Աշակերտներից պահանջվել էր նաև ագրոակումբներ ստեղծել՝ համագործակցության ընդլայնման և գիտելիքների փոխանակման նպատակով։
Այս տարի մրցույթն ուներ 2 հիմնական անվանակարգ․ «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի»՝ իրենց տարածքում այգի ունեցող դպրոցների համար, և «Լավագույն այգին պատուհանագոգին»՝ ավելի ցուրտ կլիմայով մարզերի համար։
Ընթացիկ տարվա մարտ ամսին մեկնարկած մրցույթին ՀՀ 7 մարզից մասնակցելու հայտ է ներկայացրել 35 դպրոց: Գրանցված բոլոր մասնակիցների համար կազմակերպվել է հատուկ առցանց հանդիպում, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրել են մրցույթի պայմանները և պարզաբանել մասնակիցների հարցերը։ Մրցութային փաթեթները պատրաստելու ընթացքում դպրոցները մշտապես խորհրդատվություն են ստացել։
Դպրոցները մինչև 2024թ. հուլիսի 1-ը ներկայացրել են նախագծերի փաթեթները՝ պահանջվող փաստաթղթերով և լուսանկարներով։ Արդյունքում՝ մրցութային հանձնաժողովի դատին է ներկայացվել 18 փաթեթ։
Բոլոր ներկայացված փաթեթները գնահատվել են մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, տեղական և միջազգային կազմակերպությունների՝ (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI), «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, «Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ), «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության և Armenia Tree Project (Էյ Թի Փի) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:
Ներկայացված 18 փաթեթի գնահատման հիման վրա մրցութային հանձնաժողովի կողմից «Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում հաղթող են ճանաչվել․
- Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը (Լոռու մարզ) (326 միավոր)։
- Մրգաշենի միջնակարգ դպրոցը (Կոտայքի մարզ) (319 միավոր)։
- Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 23 հիմնական դպրոցը (Կոտայքի մարզ) (311 միավոր)։
«Լավագույն այգին պատուհանագոգին» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լանջաղբյուրի Վ.Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը (Գեղարքունիքի մարզ)։
Անվանակարգերի հաղթողները.
- Խրախուսական մրցանակ 4-րդ տեղի համար՝ Մեղրաձորի Հ․Հակոբյանի անվ․ միջնակարգ դպրոց (Կոտայքի մարզ) (303 միավոր)։
- Խրախուսական մրցանակ 5-րդ տեղի համար՝ Ծակքարի միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ) (289 միավոր)
«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ։ 2-5 րդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան սարքավորումներ՝ դպրոցական ճաշարանի համար։
Մրցույթի կազմակերպիչները լրացուցիչ կպարգևատրեն հետևյալ մասնակիցներին.
– Մրցույթին մեկից ավելի անգամ մասնակցած դպրոցներ. Գեղարքունիքի միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ), Կաթնաղբյուրի հիմնական դպրոց (Կոտայքի մարզ), Դիտավանի հիմնական դպրոց (Տավուշի մարզ), Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ)։
– Կախովի այգու ստեղծագործական գաղափարը ներկայացրած մասնակից՝ Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց (Լոռու մարզ)։
Կանցկացվի հանդիսավոր մրցանակաբաշխություն, որին կմասնակցեն կազմակերպիչները, պաշտոնյաները, մասնակից դպրոցները, այդ թվում՝ աշակերտները՝ տոնելու մրցույթի ամփոփումը, շնորհավորելու հաղթողներին, ողջունելու ծրագրի բոլոր մասնակիցների կատարած աշխատանքը։
Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղկացուցիչ մասն է և կոչված է խթանելու դպրոցական այգիների զարգացումը երկրի ամբողջ տարածքում։ Այս նախաձեռնության նպատակն է ոչ միայն ընդլայնել դպրոցական սննդում օգտագործվող թարմ բանջարեղենի և բույսերի մասնաբաժինը, այլ նաև հետաքրքրություն ձևավորել երեխաների մոտ օրգանական գյուղատնտեսության հանդեպ, նրանց ծանոթացնել հողի մշակման հիմունքներին։
«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականին և դրական արձագանք է ստացել մասնակիցների կողմից, այդ թվում՝ դպրոցականներից, ուսուցիչներից, ծնողներից, գյուղատնտեսական ոլորտի մասնագետներից։ Նրանց մեծ հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ և այդ գործում սեփական ավանդն ունենալու պատրաստակամությունը դրդեցին կազմակերպիչներին մրցույթն ամենամյա դարձնել, ինչը նպաստեց մասնակցության պայմանների բարելավմանը և մրցույթը դպրոցների համար ավելի գրավիչ դարձնելուն։ 2024թ․ մրցույթն անցկացվել է արդեն չորրորդ անգամ, իսկ կազմակերպիչները խոստանում եմ հաջորդող տարիներին ևս բոլորիս համեղ և առողջ տոն նվիրել՝ գեղեցիկ ու խնամված դպրոցական այգիների տեսքով։