Արվեստի լեզվով՝ առողջության մասին Թատերական ներկայացումներ «Կաթը դպրոցներին» ծրագրի շրջանակում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) և Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ իրականացվող «Կաթը դպրոցներին․ Լոռի և Երևան» ծրագրի շրջանակում 2025թ․ մայիսի 15-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անցկացվեց «Կաթի ուժը» խորագրով ուսուցողական տիկնիկային բեմադրությունը շահառու դպրոցներում։ Դրա նպատակն էր գեղարվեստական ժամանցային արտահայտչամիջոցներով ամրապնդել երեխաների գիտելիքները կաթի կարևորության, դրա սննդարար արժեքի և առողջ ապրելակերպի գաղափարախոսության շրջանակում դրա կարևորության մասին՝ գեղարվեստական կերպարների, խաղերի ու քննարկումների միջոցով։

Ներկայացման սցենարը մշակվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի և «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոն» ՀԿ-ի սերտ համագործակցությամբ՝ դպրոցական միջին տարիքի երեխաների ընկալման առանձնահատկություններին համապատասխան։ Ներկայացումը բեմադրվեց Երևանի թատերական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողների կողմից։ Բեմադրվող տեսարանների միջոցով բացահայտվում են կաթի կարևորագույն բաղադրիչները՝ կալցիում, վիտամին D, սպիտակուցներ։ Յուրաքանչյուր ներկայացում ուղեկցվում է երեխաների ակտիվ մասնակցությամբ՝ հարցուպատասխանների, խաղերի և ուսուցողական մինի-վիկտորինաների միջոցով։ Սցենարը մշակվել է այնպես, որ հնարավոր լինի նաև հետագայում վերօգտագործել այլ դպրոցների և համայնքային թատերական խմբերի կողմից։

Այս կերպ, առողջ սննդակարգի վերաբերյալ ուղերձները ձևակերպվում են ոչ թե դասախոսության, այլ մշակութային և հուզական փորձառության միջոցով։ Դպրոցներում արձանագրվեց երեխաների անկեղծ հետաքրքրություն, անմիջական արձագանք և ներգրավվածություն՝ մի միջավայրում, որտեղ կրթությունը ներկայացվում էր զվարճալի ձևաչափով։

Աշակերտների ակտիվությունը, ժպիտները, անմիջական արձագանքները և հնչեցված հարցերը վկայում էին՝ ներկայացումները հաջողությամբ հասցրին իրենց հիմնական ուղերձը՝ կաթը կենսական է, առողջ ապրելակերպը՝ հասանելի։  Ներկայացման փոխանցած ուղերձները երեխաները  իրենց հետ տուն են տանելու՝  դառնալով առողջ ապրելակերպի գաղափարախոսության փոխանցողներ՝ դեսպաններ։ 

Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև մրցույթներ, որոնց ընթացքում աշակերտները թիմերով մրցելու են կաթի օգտակարության վերաբերյալ իրենց գիտելիքներով՝ վիկտորինաների, խաղերի և ստեղծագործական առաջադրանքների միջոցով։ Մրցույթների հաղթող դասարանները մասնակցելու են ուսուցողական էքսկուրսիաների դեպի կաթի արտադրության արտադրական տարածքներ՝ ծանոթանալով կաթի  ողջ ճանապարհորդությանը՝  ֆերմայից մինչև արտադրություն։

 

Ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) և ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Եվրասիական զարգմացման բանկի ֆինանսավորմամբ, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համակարգմամբ և «Երեմյան Ֆարմ» ընկերության աջակցությամբ, մեկնարկել է ապրիլին և ընդգրկում է 9 դպրոց Երևանում և Լոռու մարզում, ներգրավել 1350 աշակերտի։ Այն նպատակ ունի խթանել կաթի օգտագործումը դպրոցականների շրջանում՝ ներառելով կրթական, մշակութային և խաղային բաղադրիչներ։