- Հունվար 15, 2025

Ինչպես հայկական պատվիրակությունը բացահայտեց Բրազիլիայի դպրոցական սննդի հաջողված մոդելը՝ նպատակ ունենալով բարելավել Հայաստանի դպրոցական սննդի ծրագիրը
Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագրի պատվիրակությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 14-18-ը այցելեց Բրազիլիա՝ ուսումնասիրելու աշխարհի ամենահաջողված դպրոցական սննդի ծրագրերից մեկը։ Այցի նպատակն էր ծանոթանալ Բրազիլիայի Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) փորձին և այդ գիտելիքը կիրառել Հայաստանի դպրոցական սննդի համակարգի զարգացման գործում։
Ռիո Բրանկոյի ինստիտուտ, բացման պլենար նիստ
Միջգերատեսչական պատվիրակություն՝ բազմակողմանի ուսումնասիրման համար
Պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության տարբեր նախարարություններից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների, ինչպես նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակից, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտից և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկից։ Այս կազմով այցելությունը հնարավորություն ընձեռեց ուսումնասիրել ծրագիրը բազմակողմանիորեն միջգերատեսչական կապերը հաշվի առնելու լայն հնարավորություններով։
Ռիո Բրանկոյի ինստիտուտ, բացման պլենար նիստ
Դեպի Բրազիլիա երկար ճանապարհորդությունը ծայր է առել դեռևս ամիսներ առաջ, երբ «Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան ներկայացուցիչները ձմռանը վիրտուալ այց ունեցան դեպի Բրազիլիա՝ Զում հարթակի միջոցով ծանոթանալով դպրոցական սննդի բրազիլական փորձառությանը։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի» ներկայացուցիչ Մարիա Ջուլիա Սենեսին ասում է․ «Հենց այդ հեռավար հանդիպումների ընթացքում հայկական պատվիրակության՝ մեր ծրագրով հետաքրքրվածության, ակտիվ մասնակցության շնորհիվ հասկացանք, որ անհրաժեշտ է իրական այց էլ կազմակերպել, ու անմիջապես սկսեցինք զբաղվել Բրազիլիա այցի կազմակերպչական հարցերով»։
Վիրտուալ այց Բրազիլիա․ օնլայն հանդիպում
Բրազիլիայի դպրոցական սննդի ծրագիրը՝ հաջողված օրինակ
Բրազիլիայի Ազգային դպրոցական սննդի ծրագիրը (PNAE) մեկնարկել է 1950-ականներին և այսօր ընդգրկում է ավելի քան 40 միլիոն աշակերտ։ Այն եզակի է իր իրավական հիմքով․ երկրի Սահմանադրությունը դպրոցական սնունդը ճանաչում է որպես երեխաների հիմնական իրավունք։ Սա պարտավորեցնում է պետությանը ապահովել սննդի հասանելիությունը բոլոր դպրոցներում՝ անկախ տարածաշրջանից կամ սոցիալ-տնտեսական պայմաններից։
CEM 01 Sobradinho քաղաքային դպրոց, Բրազիլիա
Ծրագիրը դիտարկվում է որպես աշխարհում ամենահաջողվածներից մեկը՝ իր համընդհանուր ընդգրկման, կայուն ֆինանսավորման և բազմոլորտային համագործակցության շնորհիվ։ Այս համակարգի ուսումնասիրությունը և դրա բաղադրիչների՝ տեղական (ընտանեկան) գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության, մոնիտորինգի և կառավարման մեխանիզմների, ինչպես նաև մենյուի պլանավորման, ֆինանսավորման մոդելների ուսումնասիրությունը նպատակ ունի գաղափարներ և առաջարկներ տալ Հայաստանին՝ «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի բարելավման ջանքերում:
CEM 01 Sobradinho քաղաքային դպրոց, Բրազիլիա
Այցի նպատակն էր ծանոթանալ բրազիլական դպրոցական սննդի ծրագրի բաղադրիչներին, սննդի մոդելներին, ծրագրի կարգավորման օրենսդրական ու կառավարական մեխանիզմներին, ճաշացանկերի կազմման, մթերքների ձեռքբերման, ծրագրի վերահսկողության բրազիլական հիսնամյա փորձին։ Օրակարգի պարտադիր կետերից մեկն էլ ընտանեկան գյուղացիական տնտեսություններից գնումների սահմանված պարտադիր նվազագույնը 30 տոկոս շեմն էր․ ինչպես է այն գործում, ինչ արդյունքներով։ Այս ամենի հետ ծանոթությունը աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի բարելավման իր ջանքերում:
Առաջին քայլեր՝ ծանոթություն և պլանավորում
Պատվիրակությանը հյուրընկալեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի դեմ պայքարի գերազանցության» կենտրոնը՝ Բրազիլիայի Ազգային կրթական զարգացման հիմնադրամի (FNDE) և Բրազիլիայի համագործակցության գործակալության (ABC) հետ համատեղ մեկ շաբաթյա ինտենսիվ հանդիպումների, աշխատաժողովների, դաշտային այցելությունների միջոցով ներկայացնելով ծրագրի անցած ճանապարհն ու հաջողության պատմությունը։
Հանդիպում Բրազիլիայում ՊՀԾ Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնում (CoE/WFP)
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն ընդգծեց այս այցի կարևորությունը՝ նշելով, որ այն մեծ հնարավորություն է ոչ միայն Բրազիլիայի փորձի ուսումնասիրության, այլև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման համար. «Ես մեծ ցանկություն ունեի, որ այս այցը դառնա հարթակ երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ընդլայնման համար՝ դպրոցական սննդի ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Հայաստանն էլ ունի իր պատմություն՝ արժանի պատմելու Բրազիլիայի գործընկերներին, հատկապես մեր ծրագրի նորարարական գյուղատնտեսական բաղադրիչի վերաբերյալ», – նշեց Նաննա Սկաուն:
Առաջին օրը պատվիրակությունը մասնակցեց պլենար նիստի, որտեղ ներկայացվեց բրազիլական ծրագրի պատմությունը, կառուցվածքը և հաջողության գործոնները։ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց բրազիլական կողմին ջերմ ընդունելության համար և ընդգծեց համագործակցության կարևորությունը․ «Չնայած մեր երկրները տարբեր նախապատմություններ ունեն և տարբեր մասշտաբներ, սակայն մեր առջև ծառացած են նույն խնդիրներն ու մարտահրավերները։ Համատեղ լուծումներ գտնելը կխթանի մեր ծրագրերի արդյունավետությունը։ Սիրով կսպասենք ձեզ Հայաստանում»։
Դպրոցական սննդի ծրագրի կառավարման մոդել՝ արդյունավետության և կայունության հիմք
Բրազիլիայի Ազգային դպրոցական սննդի ծրագիրը կառուցված է ապակենտրոնացված կառավարման մոդելի վրա, որը թույլ է տալիս ծրագրի գործառույթները կենտրոնացված կառավարական հսկողությունից տեղափոխել տեղական կառավարման մակարդակ՝ ապահովելով ծրագրի ճկունությունը և հնարավորություն տալով տեղական խնդիրներին տեղային լուծումներ գտնել։ Ապակենտրոնացված մոդելի հիմքում դրված է գաղափարը, որ յուրաքանչյուր համայնք և դպրոց ունի իր յուրահատուկ կարիքներն ու ռեսուրսները, ուստի կառավարումը պետք է հնարավորինս մոտ լինի հենց այդ համայնքին:
CEM 01 Sobradinho քաղաքային դպրոց, Բրազիլիա
Այս մոդելը թույլ է տալիս, որ դպրոցական սննդի ծրագիրը ղեկավարեն տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ավելի լավ են տեղյակ իրենց համայնքի կարիքներին, սոցիալ-տնտեսական պայմաններին և առկա ռեսուրսներին։ Բացի այդ նրանց ավելի արագ և հեշտ հասանելի են դպրոցների շենքերն ու տարածքները։ Տեղական կառավարման մարմինները ստանում են դաշնային մակարդակից հատկացված ֆինանսական միջոցներ, դրանց հավելելով այն միջոցները, որոնք անհրաժեշտ են ֆիզիկական պայմաններն ապահովելու համար, սակայն նրանք ունեն որոշակի ինքնավարություն՝ այդ միջոցները կառավարելու և բաշխելու հարցում՝ ելնելով իրենց առաջնահերթություններից և անհրաժեշտություններից։ Օրինակ, համայնքի կառավարման մարմինները կարող են որոշել, թե ինչպես կազմակերպել սննդի մատակարարումը, ինչպիսի մթերքներ ընտրել՝ հիմնվելով սեզոնայնության և տեղական արտադրության վրա, ինչպես և ինչ հաճախականությամբ իրականացնել մոնիթորինգ և գնահատում։
CEM 01 Sobradinho քաղաքային դպրոցի ճաշարանի պահեստում
Հայկական պատվիրակությունը տպավորված էր բրազիլական միջգերատեսչական համագործակցությունից։ Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը նշեց․ «Շատ հետաքրքիր էր տեսնել, որ նախարարություններն ու տարբեր գործակալությունները համահունչ և ինտեգրված աշխատում էին։ Սա հնարավորություն է տվել ծրագրին զարգանալ և տարածվել ամբողջ երկրով մեկ։ Կարծում եմ՝ այս փորձից շատ բան ունենք սովորելու»։
Հանդիպում Բրազիլիայի Շրջակա միջավայրի նախարարությունում
«Բրազիլիայում կան սննդի կազմակերպման տարբեր մոդելներ, և կարծում եմ, որ դրանցից որոշները կարող են նաև կիրառվել Երևանի դպրոցներում, երբ Երևանում նույնպես ծրագիր գործի– ասաց Սաթենիկ Մկրտչյանը։ – Մեր գլխավոր մարտահրավերներից մյուսն էլ ծրագրի ամբողջական ֆինանսավորման ձևավորումն է։ Հայաստանը պետք է մշակվի համաֆինանսավորման մոդելներ, որտեղ ծնողներն ունենան որոշակի ներդրում, ինչը հնարավորություն կտա բարձր դասարանների երեխաներին էլ ընդգրկել ծրագրում ու դպրոցում առողջ սնվելու հնարավորություն տալ նրանց»։
Հանդիպում Բրազիլիայի Շրջակա միջավայրի նախարարությունում
Փոքր գյուղացիական տնտեսությունների ներգրավում՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման շարժիչ ուժ
Բրազիլիայի Ազգային դպրոցական սննդի ծրագրի առանցքային առանձնահատկություններից մեկն այն է, որ կառավարությունը պարտավորեցնում է, որ դպրոցական սննդի ապահովման համար մթերքների առնվազն 30%-ը ձեռք բերվի տեղական փոքր գյուղացիական տնտեսություններից (Սա, իհարկե, չի սահմանափակվում միայն դպրոցական սննդով, այս քվոտավորումը գործում է նաև այլ ոլորտների համար)։ Այս ռազմավարությունը կարևոր քայլ է՝ խթանելու տեղական արտադրությունը, ապահովելու գյուղական համայնքների կայուն տնտեսական աճը և բարձրացնելու համայնքների կարողություններն ու եկամուտները։
Դպրոցական սննդի ծնագրի համար աճեցված ելակ
Այս մոտեցումը պահանջում է համապատասխանեցված գնումների գործընթացներ, որոնք հնարավորություն են տալիս գյուղացիական տնտեսություններին՝ դառնալ ծրագրի մատակարարներ առանց բարդ ադմինիստրատիվ խոչընդոտների։ Ավելին, տնտեսությունները ստանում են կառավարական աջակցություն, որը ներառում է տեխնիկական խորհրդատվություն, վարկերի տրամադրում և ասոցիացիաների ու կոոպերատիվների համակարգի ներդրում, որը նրանց համար ապահովում է կայուն շուկա և կանխատեսելի եկամուտներ։
Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչ Օքսանա Զոտովան համոզված է․ «Հայաստանն ունի մեծ ներուժ՝ տեղական արտադրանքի վրա հիմնված սննդի մատակարարման հարցում, ինչը թույլ է տալիս հարմարեցնել ծրագիրը ազգային պահանջներին։ Էկոլոգիապես մաքուր ապրանքների օգտագործումը ծրագրում կարելի է ընդլայնել ազգային մակարդակով»։
Բրազիլիայում ՊՀԾ Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոն (CoE/WFP)
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը տպավորված էր այսքան հաջողված պետություն- գյուղացիական տնտեսություններ համագործակցությունից․ «Հայաստանում այս համակարգը ներդնելու համար նախ պետք է օրենսդրական հիմքեր ձևավորենք, որպեսզի գյուղացիական արտադրանքների գնումներն օրենսդրորեն ամրապնդվեն։ Գնումների մասին օրենքում անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել։ Բրազիլիայում գյուղացիական տնտեսությունները պայմանագրային ֆիքսված գներ են ստանում, ինչը նրանց համար ապահովում է կայունություն, կանխատեսելիություն և բերքի իրացման հետ կապված անորոշություն չկա գյուղացու համար»։
Ռիո Բրանկոյի ինստիտուտ, պլենար նիստ, հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագիրը
Դաշտային այցեր՝ Նովո Հորիզոնտե Բետինյո Ասոցիացիա և գյուղացիական տնտեսություն
Այցելություն գյուղացիական տնտեսություն
Աշխատասենյակներից՝ ուղիղ դաշտ ու դպրոց․ հայկական պատվիրակությունը հենց տեղում ծանոթացավ դպրոցական սննդի ապահովման ամբողջ շղթային՝ սեփական աչքերով տեսնելով, թե ինչպես է գյուղացու հողակտորից մթերքը հասնում դպրոցական խոհանոց, ինչպես դառնում ուտեստ ու հայտնվում երեխայի ափսեում։ Պատվիրակությունը այցելեց Նովո Հորիզոնտե Բետինյո գյուղատնտեսական արտադրողների ասոցիացիա (Aspronte), որը նպատակ ունի աջակցել փոքր գյուղացիական տնտեսություններին՝ արտադրանքի պահպանման, փաթեթավորման և բաշխման գործում։ Ասոցիացիայի սառնարանային պահեստները նախատեսված են մթերքի պահպանման և որակի պահպանման համար՝ աջակցելով գյուղացիական տնտեսություններին ավելի մեծ քանակությամբ մթերք մատակարարելու դպրոցական սննդի ծրագրին։
Այցելություն գյուղացիական տնտեսություն
Հայաստանցի հյուրերը նաև հանդիպեցին փոքր գյուղացիական տնտեսություն վարող ընտանիքի հետ, հենց դաշտում ծանոթանալով դպրոցական սննդի համար մշակվող մրգերի, բանջարեղենի և հատապտուղների արտադրությանը։ Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներն ընդգծեցին կոոպերատիվային աշխատանքի կարևորությունը, որը նպաստում է իրենց ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։
Գյուղատնտես ամուսինները համեղ ու օգտակար մթերքներ են աճեցնում դպրոցականների համար 🙂
Դպրոցներ այցելություն՝ գործնականում ծանոթացում PNAE ծրագրին
Հաջորդ կանգառը բրազիլական դպրոցներում էր․ Սոբրադինհո քաղաքային դպրոցը ստանում է ֆինանսավորում Կրթության զարգացման ազգային հիմնադրամից (FNDE), իսկ սնունդը պատրաստվում է դպրոցի սեփական խոհանոցում՝ պահպանելով սանիտարական և հիգիենիկ նորմերը։ Դպրոցի տնօրենը ներկայացրեց դպրոցական սննդի ծրագրի կազմակերպման ամբողջ գործընթացը՝ սկսած հենց դպրոցի համար սննդաբանի կողմից անհատական ճաշացանկի կազմումը, մինչև սննդի որակի վերահսկողությունը։
CEM 01 Sobradinho քաղաքային դպրոց
Այս դպրոցում սնունդը պատրաստվում է բացառապես թարմ և բարձր որակի մթերքներով, որոնց մի մասը մատակարարվում են տեղական փոքր գյուղացիական տնտեսություններից՝ ըստ PNAE-ի պահանջների։ Իսկ առողջ սննդի վերաբերյալ կրթությունը ինտեգրվում է դասապրոցեսի մեջ՝ տարբեր առարկաների շրջանակում խոսելով, դրանք կապելով առողջ սնվելու գաղափարախոսության հետ։ Բացի այդ, դպրոցների հետ մեթոդաբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում տարեկան միջոցառումների պլանում ընդգրկել առողջ սննդին առնչվող միջոցառումներ։
CEM 01 Sobradinho քաղաքային դպրոց
ՍԵԴ ԻՆԿՐԱ 8 գյուղական դպրոցն, օրինակ, համագործակցում է մոտ 20 գյուղացիական տնտեսության հետ, որոնք մատակարարում են թարմ մթերքներ՝ ապահովելով աշակերտների համար թարմ ու առողջ սնունդ։ Դպրոցում աշխատող սննդաբանը ներկայացրեց ճաշացանկի կազմման գործընթացը, որը ներառում է աշակերտների կալորիական և սննդային պահանջների գնահատումը, ինչպես նաև սննդային ալերգիաների և անհանդուրժողականությունների կանխարգելումը։ Այս դպրոցում գործում է նաև դպրոցական փոքր այգի, որտեղ աշակերտները աճեցնում են տարբեր բույսեր՝ օրգանական գյուղատնտեսական մոտեցմամբ։ Այգին չունի արտադրական նպատակ, այն ծառայում է որպես կրթական հարթակ՝ երեխաներին սովորեցնելով բնապահպանական արժեքներ և օրգանական սննդի արտադրության հիմունքներ։
ՍԵԴ ԻՆԿՐԱ 8 գյուղական դպրոց
Համայնքային մասնակցություն և ծնողական խորհուրդներ
Ծրագրի հաջողության հիմքում նաև համայնքային մասնակցությունն է։ Բրազիլական դպրոցներում ստեղծված են սննդի վերահսկման խորհուրդներ, որոնք ներառում են ծնողներ, ուսուցիչներ և համայնքի այլ ներկայացուցիչներ։ Նրանք մասնակցում են ծրագրի վերահսկման և գնահատման գործընթացներին, ինչը մեծացնում է դրա թափանցիկությունը և արդյունավետությունը։
ՍԵԴ ԻՆԿՐԱ 8 գյուղական դպրոց
«Շատ կարևոր էր տեսնել, թե ինչպես են ծնողները և համայնքի անդամները ներգրավված ծրագրի իրականացման մեջ,- ասաց Սաթենիկ Մկրտչանը։ – Մենք կարող ենք այս մոտեցումը կիրառել Հայաստանում՝ ծրագրի նկատմամբ համայնքի պատասխանատվությունը և մասնակցությունը բարձրացնելու համար»։
Բրազիլիայի փորձը ցույց է տալիս, որ համայնքների մասնակցությունը մեծացնում է ծրագրի վերահսկողությունը, կայունությունը և օգնում է համայնքներին ավելի արդյունավետորեն լուծել խնդիրները, որ կարող են առաջանալ ծրագրի այս կամ այն օղակում, ինչը Հայաստանի համար կարող է լինել արդյունավետ օրինակ։
Հայկական պատվիրակությունը այցելեց նաև Varjão սոցիալական ճաշարան, որ Բրազիլիայում համայնքային համախմբվածության օրինակ է և ապահովում է սննդի հասանելիություն սոցիալապես անապահով խմբերի համար: Այս ճաշարանը ձեռք է բերում թարմ մթերք տեղական գյուղացիական տնտեսություններից՝ խթանելով տեղական արտադրության զարգացումը: Սննդի բարձր որակը և կառավարման սոցիալական ազդեցությունը տպավորեցին պատվիրակության անդամներին:
Առողջապահական չափորոշիչներ, սննդաբաններ, խոհարարներ
Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը կարևորեց բրազիլական ծրագրի առողջապահական կողմը․ «Շատ կարևոր էր տեսնել, որ իրենց մոտ դպրոցական սննդի ծրագիրը հիմնված է առողջապահական նորմերի վրա։ Ճաշացանկերը և տրամադրվող չափաբաժինները համապատասխանեցնում են առողջապահական ստանդարտներին։ Քանի որ բրազիլական փորձը առաջնայիններից է աշխարհում, մենք նախատեսում ենք ուսումնասիրել այդ ստանդարտները և եթե հարկ լինի, ադապտացնել մեր երկրի համար»։
Ծանոթություն դպրոցական սննդի ծրագրի ենթակառուցվածնքների Կրթության զարգացման ազգային հիմնադրամում (FNDA)
Բրազիլիայում մեծ ուշադրություն է դարձվում սննդաբանների կրթությանը։ Երկրում այս պահին 8000 սննդաբան է ընդգրկված դպրոցական սննդի ծրագրում, ու դեռ հարյուրավոր թափուր տեղեր ունեն։ Սննդաբանները ոչ միայն կազմում են դպրոցների համար անհատական ճաշացանկեր, այլև զբաղվում են երեխաների առողջ սննդին առնչվող կրթությամբ։ «Ճաշացանկը մշակվում է՝ հաշվի առնելով տեղական նախընտրությունները,- ասաց Օքսանա Զոտովան։ Ամեն սննդաբանի կցվում է մեկ կամ մի քանի դպրոց։ Կախված երեխաների օրգանիզմի՝ միկրոտարրերի ու վիտամինների պահանջներից՝ ճաշացանկը կազմվում է ճշգրիտ կալորիականությամբ ու անհրաժեշտ տարրերի համադրությամբ, ինչպես նաև, հաշվի են առնվում հատուկ պահանջները սննդի նկատմամբ, օրինակ՝ ալերգիայի խնդիր ունեցող երեխաների համար։ Մոտ 200 սննդաբանի կարիք էլ ունի դեռ ծրագիրը, պատկերացնու՞մ եք»։
Դպրոցներում աշխատում են մասնագիտացված խոհարարներ, որոնք ընդունվում են հատուկ գործակալությունների միջոցով՝ ապահովելով սննդի պատրաստման բարձր որակը։ Ծնողները չեն մասնակցում այս գործընթացին՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ դպրոցական խոհարարները մեծամասամբ ծնողներ են, ովքեր չունեն խոհարարի մասնագիտական կրթություն, բայց ծրագրում ընդգրկվելիս ու ընթացքում անցնում են տեսական ու գործնական պարբերական վերապատրաստման դասընթացներ։
ՍԵԴ ԻՆԿՐԱ 8 գյուղական դպրոց
Կրթության փոխնախարար Արաքսիա Սվաջյանին հատկապես դուր եկավ, որ խոհարարների ընտրությամբ դպրոցները չեն զբաղվում․ «Դպրոցների տնօրենները պատասխանատու չեն դպրոցական սննդի ծրագրի իրականացման համար։ Սա նման է մեր այսօրվա բարեփոխմանը, որով մենք նախատեսում ենք սննդի արտապատվիրակման մոդելը ներդնել։ Կարևոր է, որ դպրոցները կենտրոնանան իրենց հիմնական գործունեության վրա՝ կրթության վրա, և սննդի ապահովումը վստահվի մասնագիտացված կազմակերպություններին»։
CEM 01 Sobradinho քաղաքային դպրոց
Մոնիթորինգի և վերահսկման արդյունավետ մեխանիզմներ
Բրազիլիայի Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) հաջողության հիմնարար գործոններից է մոնիթորինգի և գնահատման բազմաբաղադրիչ համակարգի ներդրումը, որը նպաստում է ծրագրի թափանցիկությանը և պատասխանատվությանը։ Տվյալների հավաքագրումը մոնիթորինգի գործընթացի առաջին փուլն է, որն իրականացվում է հարցումների, այցելությունների և թվային գործիքների միջոցով: Այս փուլին հաջորդում է տվյալների վերլուծությունը՝ բացահայտելու խնդիրները, գնահատելու ծրագրի ազդեցությունը և մշակելու բարելավման առաջարկներ։ Հաղորդակցություն և հաշվետվություն․ սա էլ վերջին փուլն է, որի ընթացքում մոնիթորինգի արդյունքները հաղորդվում են համապատասխան պետական և հասարակական մարմիններին, ինչպես նաև հանրությանը։ Այս փուլը մեծացնում է ծրագրի թափանցիկությունը՝ ապահովելով, որ բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ լինեն ծրագրի ընթացքի և ձեռքբերումների մասին։
Ծանոթություն դպրոցական սննդի ծրագրի ենթակառուցվածնքների Կրթության զարգացման ազգային հիմնադրամում (FNDA)
Հայկական պատվիրակությունը տպավորված էր բրազիլական մոնիթորինգի համակարգից։ Սաթենիկ Մկրտչյանն ասաց․ «Վերադառնալուց հետո նախատեսում ենք շարունակել բրազիլական գործընկերների հետ աշխատանքը՝ ծանոթանալու իրենց մոնիթորինգի թիմի աշխատանքին։ Սա շատ արժեքավոր կլինի Հայաստանում մոնիթորինգի համակարգի ամբողջական զարգացման համար»։
Բնապահպանական բաղադրիչը՝ ծրագրի կայուն զարգացման հիմքում
Բրազիլիայի Ազգային դպրոցական սննդի ծրագիրը ներառում է էկոլոգիական բաղադրիչներ, որոնք ուղղված են կրթական և սննդային գործընթացներում կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովմանը։ Այս մոտեցումը կարևոր դեր է խաղում ինչպես երեխաների սննդի ապահովման, այնպես էլ համայնքների և շրջակա միջավայրի կայուն զարգացման գործում։ Ծրագիրը խրախուսում է օրգանական արտադրության և կայուն գյուղատնտեսական մեթոդների օգտագործումը, ինչը թույլ է տալիս սննդի մատակարարումը դպրոցներում կազմակերպել ավելի մաքուր և անվտանգ պայմաններում՝ առանց քիմիական հավելումների և թունավոր նյութերի կիրառման։
Հանդիպում Բրազիլիայի Շրջակա միջավայրի նախարարությունում
Սննդի ընտրության և մատակարարման սեզոնայնությունը՝ ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում սննդամթերքների սեզոնայնության վրա՝ դպրոցներին ապահովելով տեղական արտադրանքով, որը համապատասխանում է տվյալ տարածաշրջանի պայմաններին և սեզոնին։ Այս մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել սննդի տեղափոխման և պահպանման համար անհրաժեշտ էներգիան, ինչը դրական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա՝ նվազեցնելով արտանետումների և էներգիայի ծախսերը։
Շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ կրթություն՝ Բրազիլիայում շրջակա միջավայրի կրթությունը ներդրվում է դասապրոցեսի մեջ՝ օգնելով երեխաներին հասկանալ իրենց դերը և պատասխանատվությունը բնության նկատմամբ։ Սննդային կրթությունը ներառում է նաև առողջ ապրելակերպի և կայուն զարգացման դասեր, որոնք ուղղված են գիտակցության բարձրացմանը և երեխաներին էկոլոգիապես պատասխանատու վարքագծի դաստիարակմանը։
CEM 01 Sobradinho քաղաքային դպրոց
Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը շեշտեց, որ այս բաղադրիչի մասով Հայաստանն էլ Բրազիլացի գործընկերներին ցույց տալու շատ բան ունի, քանի որ հաջողված բնապահպանական բաղադրիչներ ունի ծրագիրը Հայաստանում․ «Մեր ծրագրերում ներառված են կոմպոստացման, գյուղատնտեսական վերամշակման բաղադրիչների, անձրևաջրերի հավաքման և ինտենսիվ այգիների, նորարար ջերմատների ստեղծման, կաթիլային ոռոգման մեթոդները։ Մեր ծրագրում երեխաները ոչ միայն սովորում են, թե ինչպես աճեցնել իրենց սնունդը, այլև ծանոթանում են նոր տեխնոլոգիաների, կլիմայի փոփոխության դեմ պայքարի մեթոդների և նոր գիտելիքներ են ձեռք բերում, ինչը ծրագրին տալիս է երկարաժամկետ կայունություն»։
CEM 01 Sobradinho քաղաքային դպրոց
Պատվիրակությունը Բրազիլիայում ՀՀ դեսպանի հրավերով այցելեց ՀՀ դեսպանատուն, որտեղ դեսպանին հյուրերը ներկայացրեցին այցի նպատակները, ակնկալիքները, դեսպանն էլ պատմեց Բրազիլիայի հետ համագործացության, ընթացիկ ծրագրերի մասին՝ խոստանալով աջակցել դպրոցական սննդի ծրագրի շուրջ երկու երկրների համագործակցությանը։
Վերադարձ՝ գործնական տրամադրվածության նոտաներով
Բրազիլիա հնգօրյա այցի բուռն, հագեցած գրաֆիկը հնարավորություն տվեց տարբեր դիտանկյուններից զննել, քննել ու դիտարկել դպրոցական սննդի բրազիլական ձեռագիրն ու վերադառնալ՝ տեսածն ու լսածը վերլուծելու, Հայատանում դպրոցական սննդի կազմակերպումը ըստ նոր գիտելիքի զարգացնելու համար։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն ընդգծեց այս այցի կարևորությունը՝ նշելով, որ այն մեծ հնարավորություն էր ոչ միայն Բրազիլիայի փորձի ուսումնասիրության, այլև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման համար. «Ես մեծ ցանկություն ունեի, որ այս այցը դառնա հարթակ երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ընդլայնման համար՝ դպրոցական սննդի ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Հայաստանն էլ ունի պատմություն՝ պատմելու Բրազիլիայի գործընկերներին, հատկապես մեր ծրագրի նորարարական գյուղատնտեսական բաղադրիչի վերաբերյալ։ Մենք պետք է շարունակենք քննարկումները, որպեսզի կարողանանք ստեղծել համագործակցության հնարավորություններ և հրավիրել բրազիլացի գործընկերներին՝ այցելելու Հայաստան»։
Բրազիլիայում ՊՀԾ Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոն (CoE/WFP)
Պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ներսից դիտարկել մի համակարգ, որտեղ դպրոցական սննդի ապահովումը դուրս է գալիս զուտ սննդի ապահովման սահմաններից՝ դառնալով համայնքային համախմբվածության և սոցիալական աջակցության հենասյուներից մեկը երկրի համար։ Հատկապես տպավորիչ էր տեսնել, թե ինչպես է ֆինանսավորումը բազմաշերտորեն բաշխված տարբեր գերատեսչությունների միջև՝ յուրաքանչյուրին թույլ տալով կենտրոնանալ իրենց ոլորտի վրա և նպաստել ծրագրի կայունությանը։
«Հուսով եմ, որ այս այցը մեզ նոր գործիքներ կտա՝ մեր զարգացման ուղիները ճիշտ ուղղությամբ նախանշելու համար։ Մենք տեսանք, թե ինչպես կարելի է միջգերատեսչական համագործակցության միջոցով ստեղծել արդյունավետ և կայուն ծրագիր,- ասաց փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ – Վստահ եմ, որ ստացված գիտելիքը կօգտագործենք մեր ծրագրի բարելավման համար»։
Բրազիլիայում ՊՀԾ Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոն (CoE/WFP)
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի» տնօրեն Դանիել Բալաբանի աչքից չէր վրիպել, որ հայ գործընկերներն այս շաբաթվա ընթացքում խիստ հետաքրքրված էին այցի բոլոր բաղադրիչներով. «Ամենալավ պատվիրակությունն այն է, որ փորփրում է ներկայացվող թեմաները, հարցեր տալիս և ուզում իմանալ ավելին։ Դուք ցույց տվեցիք մեծ հետաքրքրություն, և ես կասկած չունեմ, որ ներդնելու եք առավելագույն ջանքեր ծրագրի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք համագործակցելու ցանկացած նախաձեռնության շուրջ, և հույս ունեմ, որ այս այցով սկիզբ ենք դնում երկարատև համագործակցության»։
Բրազիլիայի դպրոցական սննդի համակարգի ուսումնասիրության ընթացքում մեր պատվիրակության ուշադրությունը սևեռվեց մի քանի կարևոր բաղադրիչների վրա, որոնք կարող են խթանել Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագրի զարգացումը և կատարելագործումը․
- Իրավական և քաղաքական հիմքեր. Կայուն և երկարատև գործողության համար անհրաժեշտ է ստեղծել ամուր իրավական և քաղաքական միջավայր, որը կնպաստի պետական աջակցության և համայնքային ներգրավվածության աճին։
- Ֆինանսավորման բազմաբնույթ համակարգ. Բրազիլական համակարգը ներդաշնակորեն համատեղում է պետական և համայնքային ուժերը ծրագրի շուրջ՝ ապահովելով ծրագրի երկարաժամկետ աջակցությունը:
- Գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցություն. Տեղական մատակարարների ներգրավումն ապահովում է թարմ և որակյալ սնունդ, միաժամանակ աջակցելով գյուղական համայնքների զարգացմանը։
- Մոնիտորինգի և գնահատման թվային գործիքներ. Մոնիտորինգի բազմազան, այդ թվում՝ թվանշային լուծումները, թույլ են տալիս ապահովել ծրագրի թափանցիկությունը և հետևել արդյունավետությանը։
- Համայնքային ակտիվ մասնակցություն. Ծնողական և համայնքային խորհուրդների ներգրավումը մեծացնում է ծրագրի նկատմամբ հանրային վստահությունը և մասնակցությունը։
Այս կետերը դեռ պետք է եփվեն․ անցնեն դիտարկման, վերլուծական խմորումներով, դառնան ներքին հանդիպումների թեմա պատասխանատու մարմինների հետ, որ ավելի գործնական հիմք ստանան ու գործոն դառնան՝ Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագիրը ավելի լավացնելու համար։ Իսկ այդ ճանապարհին ծրագրի պատասխանատուները կշարունակեն շարունակական կապ պահել բրազիլացի գործընկերների հետ, նոր ֆինանսական աղբյուրներ կփնտրեն նոր ծրագրերի իրականացման համար, կմտածեն համայնքային ներգրավվածության մեխանիզմներ մշակելու ուղղությամբ։