- Հունվար 13, 2025

10-ից ավելի տարվա կենսագրության «Դպրոցական սնունդ» ծրագիրը տարիների ընթացքում դադարել է լինել դպրոցականներին մեկանգամյա սննդով ապահովող ծրագիր։ Այն վերածվել է փոփոխությունների ալիք բարձրացնող մի կենսական նախաձեռնության, որ բացի երեխաներին առողջ, հավասարակշռված սնունդ տրամադրելը, համայնքների սոցիալ-տնտեսական կյանքում դրական փոփոխություններ է մտցրել։
Հայաստանի բոլոր մարզերում ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, հատկապես խոցելի ընտանիքների կանանց համար: «Դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկված խոհարարներից շատերը հենց աշակերտների ծնողներ են, որոշները միայնակ մայրեր են, կան նաև Արցախից տեղահանված, ինչպես նաև խոցելի, անապահով, բազմազավակ ընտանիքներից կանայք։ Նախքան ծրագրում ընդգրկվելը նրանք ոչ աշխատանք ունեին, ոչ էլ կրթական ծրագրերում մասնակցելու հնարավորություն, ուստի «Դպրոցական սնունդ»-ը նրանց համար բացառիկ հնարավորություն է՝ կարողությունները զարգացնելու և աշխատանք գտնելու համար։
Ծրագրի կարևոր ռազմավարական լուծումներից մեկը խոհարարների մասնագիտական կարողությունների զարգացումն է, դպրոցներում խոհարարի աշխատանքի համար մասնագիտացման, հավաստագրման համար պահանջի աստիճանական ներդրումը։ Ծրագրի տեսլականն է, որ դպրոցական սննդի պատրաստման գործում ընդգրկված լինեն միայն պրոֆեսիոնալ մասնագետներ։ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկն ամռանն իրականացրեց խոհարարների հավաստագրման «Դպրոցական խոհարար» լրացուցիչ կրթության պիլոտային դասընթացը, որի արդյունքների դիտարկումից և հետագա հաջողություններ գրանցելուց հետո ծրագրի իրականացնողները պատկերացնում են, որ այն կդառնա համայնքներում ապրող կանանց համար հասանելի, առավել կարճ ժամանակում հաղթահարելի նվազագույն որակավորման պահանջ՝ «Դպրոցական սնունդ» ծրագրում աշխատելու համար։ Սա նաև լրացուցիչ խթան և հնարավորություն կլինի խոցելի այս կանանց համար՝ ինտեգրվելու համակարգում և հեռանկարում մրցունակ լինելու աշխատաշուկայում։
ԴՍԵԲ հիմնարկը Հայաստանի քոլեջների մասնագետների, ՊՀԾ և ՌԴ Սննդի ճյուղային սննդի ինստիտուտի մեթոդաբանական աջակցությամբ մշակել է 76 ժամանոց հավաստագրման դասընթաց, որը նախորդ ամռանը փորձարկվել է հանրապետության 4 քոլեջներում։ Այս պահին միջոցների սղության պատճառով դիմորդներից դասընթացին մասնակցելու համար ընտրվել է միայն 75 խոհարար, ում ուսման ծախսերը փակվել են ԴՍԵԲ հիմնարկի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված բյուջեով։ ԴՍԵԲ հիմնարկը դասընթացների կազմակերպման համար քոլեջներին նախապես տրամադրել է մեթոդական աջակցություն, կազմակերպել է ուսումնական այցելություն, ինչպես նաև ուսուցումը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները ապահովելու նպատակով տրամադրել է նյութատեխնիկական աջակցություն։
Հավաստագրման դասընթացին մասնակցել ցանկացող խոհարարների թիվը սպասվածից շատ ավելին էր։ Դիմել է 247 խոհարար, որոնցից 115-ը մասնակցել են ընտրական հարցազրույցին, իսկ հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի ընթացքում ավելի բարձր բալեր հավաքած 75 խոհարար ընդգրկվել է փորձնական դասընթացում։ Ծրագրին մասնակցող խոհարարներից արդեն ունենք առաջին արձագանքները․ նրանք բարձր են գնահատում որակավորման այս դասընթացը՝ նշելով, որ այն կբարձրացնի իրենց մասնագիտական կարգավիճակը՝ դարձնելով ավելի պրոֆեսիոնալ ու մրցունակ: Ծրագրով հոգում ենք մասնակիցների միայն ուսման վարձը, իսկ ճանապարհածախսը և կացության ծախսերը հոգում են հենց մասնակիցները։ Քոլեջներն իրականացնում են ուսուցումը, իսկ խոհարարների հավաքագրումը, կազմակերպչական մյուս հարցերը լուծում է ԴՍԵԲ հիմնարկի աշխատակազմը։
ԴՍԵԲ հիմնարկը նպատակ ունի շարունակել և ընդլայնել «Դպրոցական խոհարար» հավաստագրման ծրագիրը՝ հնարավորություն տալով մյուս խոհարարներին ևս անցնել մասնագիտական պատրաստություն։ ԴՍԵԲ հիմնարկը նախատեսում է շարունակել այս դասընթացների իրականացումը, ինչի համար փնտրում է գործընկերներ։