- Մայիս 17, 2023
Թույլ կապույտ ոսկի՝ ջուր
Մտահոգվա՞ծ եք ձեր երեխայի առողջությամբ: Փնտրու՞մ եք ուղիներ՝ բարելավելու նրա սննդակարգը՝ փոքրիկի առողջ ապագայի հիմքն այսօր գցելու համար։ Ուրեմն, սննդակարգը խմբագրեք առողջ նոտաներով՝ առանց հապաղելու։ Գուցե սկսենք հենց քաղցր ըմպելիքների՞ց՝ մանրադիտակի տակ առնելով դրանց ազդեցությունը փոքրիկի փխրուն օրգանիզմի վրա։ Հարվարդի հանրային առողջության դպրոցը (HSPH) լայնածավալ հետազոտություն է անցկացրել այս թեմայի շուրջ, և նրանց բացահայտումները, իրապես, բացում են երեխայի համար՝ խանութի ցուցափեղկերից ամեն տեսակի «կանչող» հյութեր գնող ծնողների աչքերը։
Քաղցր ըմպելիքների վտանգները
Ըստ Հարվարդի հանրային առողջության դպրոցի ուսումնասիրության՝ քաղցր ըմպելիքները, ինչպիսիք են գազավորված ըմպելիքները, կոմպոտները, մրգային ըմպելիքներն ու էներգետիկ խմիչքները, կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա։ Դրանք հաճախ շատ կալորիաներ և շաքար են պարունակում, ինչը նպաստում է գիրության, շաքարախտի և առողջական այլ խնդիրների առաջացմանը: Բացի այդ, քաղցր ըմպելիքները կարող են վնասել ատամները և հանգեցնել կարիեսի, ինչը կարող է ցավ և անհանգստություն պատճառել երեխաներին:
Խմելու ջրի առավելությունները
Մյուս կողմից՝ ջուր խմելը ամենաառողջ սովորություններից է, որը երեխաները կարող են ունենալ։ Ջուրը չի պարունակում կալորիա կամ շաքար, և այն կարևոր է օրգանիզմում հեղուկի անհրաժեշտ մակարդակը պահպանելու, օրգանիզմի բնականոն, նորմալ գործունեության համար։ Խմելու ջուրը կարող է օգնել երեխաներին ավելի հագեցած զգալ և նվազեցնել քաղցր ըմպելիքների և խորտիկների հանդեպ նրանց հետաքրքրվածությունը: Բացի այդ, Հարվարդի գիտնականները փաստում են, խմելու ջուրը կարող է բարելավել երեխայի ուղեղի աշխատանքը, բարձրացնել տրամադրությունն և լավացնել ինքնազգացողությունը:
Ինչպե՞ս խրախուսել երեխաներին ջուր խմել
Երեխաներին ավելի շատ ջուր խմել խրախուսելը կարող է դժվար թվալ, հատկապես, եթե նրանք սովոր են քաղցր ըմպելիքներին: Այնուամենայնիվ, կա մի քանի խորամանկ հնարք, որ ծնողներին կարող են օգնել՝ երեխաների մոտ ջուր խմելու առողջ սովորույթ ձևավորել․
- Օրինակ՝ կարելի է ջուրն ավելի գրավիչ դարձնել՝ ավելացնելով մրգային կտորներ կամ խոտաբույսեր, ինչպիսիք են անանուխը կամ ռեհանը:
- Բաժակով կամ շշով ջուր դրեք երեխայի համար տեսանելի, հասանելի վայրերում, որ երբ ծարավի զգացողություն ունենա, ձեռքն ամիջապես դեպի ջուրը տանի։
- Մի գնեք, տանը մի ունեցեք քաղցր հյութեր
- Մրգային կոմպոտներ պատրաստեք՝ առանց մեջը շաքարավազ ավելացնելու
- Մեկ այլ հնարք էլ խմելու ջուրը գայթակղիչ դարձնելն է՝ օգտագործելով գունավոր բաժակներ կամ խմելու համար գունեղ ձողիկներ:
- Օրինակ ծառայեք՝ ինքներդ ջուր խմելով և այն դարձնելով ընտանեկան ճաշերի և առօրյայի կանոնավոր մասը
- Քաղցր հյութերը հրեշ մի դարձրեք․ թող երեխան իմանա, որ ասենք, տոնական օրերին կարելի է մի մեկ գավաթ խմել, բայց ոչ ամեն օր։
Վերջ քաղցր հյութերին՝ հենց այսօր
Եթե դուք մտահոգված եք ձեր երեխայի առողջության համար և ցանկանում եք փոքրիկի մոտ ձևավորել առողջ սովորություններ, ապա քաղցր ըմպելիքներից ջրի անցնելու գործը պետք չի վաղվան թողնել։ Սկսեք հենց հիմա՝ խանութից այլևս քաղցր, վնասակար ըմպելիքներ տուն չբերելով, եղածն էլ երեխաների աչքից հեռու պահելով։ Գիտնականների խորհուրդը պարզից էլ պարզ է․ փոքր քայլերով ծնողները կարող են կառուցել առողջ սովորություններ հավաքելու, ապագայում ամուր առողջություն ունենալու հնարավորություն իրենց երեխաների համար հենց այսօր։
Հետաքրքիր է իմանալ
- Չափահաս մարդու մարմնի բաղադրության 60%-ը ջուր է։ Այն անփոխարինելի է մարմնի բազմաթիվ կարևոր գործառույթների անխափան իրականացման համար, ինչպես, օրինակ՝ սննդի մարսողությունը, մարմնի ջերմաստիճանի կարգավորումը և առողջ մաշկի պահպանումը:
- Երկրի վրա ջուրն առաջացել է մոտ 4,4 միլիարդ տարի առաջ: Որոշ գիտնականներ կարծում են, որ ջուրը Երկիր է հասել մեր մոլորակի վրա ընկած գիսաստղերի միջոցով:
- Խմելու ջուրը կարող է տարբեր լինել իր քիմիական կազմով: Որոշ տեղերում ջուրն ավելի շատ հանքանյութեր է պարունակում, մյուսներում՝ ավելի քիչ։ Սա ազդում է նրա համի և առողջարար լինելու վրա:
- Կա այսպես կոչված «հում ջուր» կամ «կենդանի ջուր»։ Սա այն ջուրն է, որը ոչ մի մշակման չի ենթարկվել։ Թեև այն պարունակում է օգտակար հանքանյութեր, այն կարող է պարունակել նաև վնասակար բակտերիաներ և մակաբույծներ, ուստի դրա օգտագործումը կարող է վտանգավոր լինել:
- Աշխարհում մաքուր խմելու ջրի հասանելիության շատ լուրջ խնդիր կա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մոտ 2 միլիարդ մարդ ապրում է առանց խմելու ջրի կայուն հասանելիության:
- Խմելու ջուրը կարող է էներգիայի աղբյուր լինել երկրագնդի համար։ Օրինակ՝ հիդրոէլեկտրակայանները ջուր են օգտագործում էլեկտրաէներգիա արտադրելու համար։
- Թեև մենք բոլորս կարծում ենք, թե ջուրն անգույն է, այն իրականում ունի թույլ կապույտ երանգ: Դա պայմանավորված է նրանով, որ ջուրը մի փոքր կլանում է լույսը սպեկտրի կարմիր մասում, արտացոլում և բեկում է ավելի շատ կապույտ լույս:
- Խմելու ջուրը օգնում է պահպանել նորմալ արյան ճնշումը, բարելավում է սրտի և մկանների աշխատանքը, նպաստում մարսողության գործընթացին:
- Ջուրը կարելի է մշակել տարբեր եղանակներով, այդ թվում՝ եռացնելով, զտելով, քիմիական նյութերի կիրառմամբ և ուլտրամանուշակագույնով մշակմամբ: Կախված աղտոտման աղբյուրից և առկա ռեսուրսներից՝ տարբեր մեթոդներ կարող են քիչ թե շատ արդյունավետ լինել ու դարձնել ջուրը խնելու համար թույլատրելի:
- Երկրի վրա ջուրը մշտապես վերաբաշխվում է հիդրոլոգիական ցիկլի միջոցով, որը ներառում է գոլորշիացում, խտացում, տեղումներ և արտահոսք։ Սա նշանակում է, որ ջրի մոլեկուլները, որոնք մենք այսօր խմում ենք, կարող էին լինել օվկիանոսի, ամպի կամ սառցադաշտի մաս հազարավոր տարիներ առաջ:
- Թեև Երկրի մեծ մասը (մոտ 71%) ծածկված է ջրով, այդ ջրի միայն փոքր տոկոսն է (մոտ 2,5%) խմելու համար պիտանի: Այս ծավալի մեծ մասը սառեցված է բևեռային սառցադաշտերում: