- Դեկտեմբեր 11, 2025
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում նոյեմբերի 20-ից 22-ը տեղի ունեցավ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների դպրոցական սննդի միջազգային ֆորումը։ Այն դարձավ հարթակ, որտեղ բարձրաձայնվեցին անդամ պետությունների քաղաքական առաջնահերթությունները դպրոցական սննդի հետ կապված, համակարգային մոտեցումները և գործող մոդելների արդյունավետությունը։ Միջոցառումը նպատակ ուներ ամրապնդելու դպրոցական սննդի ոլորտում ԱՊՀ երկրների միջև համագործակցությունը և միավորելու այն երկրներին, որոնք ներդնում են երեխաների համար առողջ սննդի ապահովման միասնական և երկարաժամկետ պետական քաղաքականություններ։
Ֆորումը ներառում էր լիագումար նիստեր, թեմատիկ քննարկումներ և աշխատատարաններ, որոնց ընթացքում ներկայացվեցին ԱՊՀ երկրներում գործող դպրոցական սննդի մոդելները, սննդային և անվտանգային չափանիշների բարելավման մոտեցումները, ծրագրերի որակի վերահսկման գործիքները, ինչպես նաև ոլորտի թվային լուծումները։ Մասնակիցները քննարկեցին նաև դպրոցական սննդի կապը կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության քաղաքականությունների հետ, ինչպես նաև տեղական գյուղատնտեսության ներգրավման հեռանկարները։
Քննարկումների արդյունքում ձևավորվեց ընդհանուր համաձայնություն՝ շարունակել փորձի փոխանակումը, ընդլայնել համագործակցությունը և համատեղ ջանքերով աշխատել այն ուղղությամբ, որ դպրոցական սնունդը ԱՊՀ տարածքում ամրապնդվի որպես երկարաժամկետ, կայուն և համահունչ պետական քաղաքականություն։
«Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ որպես պետական հաջողված մոդել
Հայաստանի Հանրապետությունն այս անգամ ֆորումին մասնակցեց որպես երկիր, որն արդեն ձևավորել է «Դպրոցական սնունդ» ծրագրի ամբողջական պետական մոդել՝ հաստատված կառավարման, ֆինանսավորման և որակի վերահսկման մեխանիզմներով։ Ծրագրի հիմքում է այն երկարամյա համագործակցությունը, որը ձևավորվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության բազմամյա ֆինանսական աջակցությամբ և Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) տեխնիկական աջակցությամբ։
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը հանդես եկավ հիմնական զեկույցով և շնորհանդեսներով՝ ներկայացնելով վերջին երկու տասնամյակի ընթացքում ձևավորված դպրոցական սննդի ազգային համակարգի ամբողջական ուրվագիծը, ծրագրի զարգացման պատմությունը, ԴՍԵԲ հիմնարկի դերակատարությունը և վերջին տասնամյակում իրականացված ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ պատմելով, թե ինչպես են սննդի ապահովման, սննդանվտանգության, կրթական բաղադրիչների և կառավարման գործառույթների համակցված մոտեցումները նպաստել կայուն պետական քաղաքականության ձևավորմանը։
Հայաստանի մոդելի հիմնարար առանձնահատկությունները
2023 թվականից «Դպրոցական սնունդ» ծրագիրը ամբողջությամբ իրականացվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչը ապահովում է դրա երկարաժամկետ շարունակականությունը։ Մոդելի առանցքում է միասնական ազգային ստանդարտը, որը ներառում է.
- հաստատված ճաշացուցակներ և տեխնոլոգիական քարտեր,
- սննդանվտանգության պարտադիր ընթացակարգեր,
- խոհարարների և դպրոցի անձնակազմի շարունակական վերապատրաստում,
- որակի վերահսկման և հետադարձ մեխանիզմներ,
- կրթական բաղադրիչների շարունակական զարգացում։
Այս համակարգը ապահովում է ծրագրի իրականացման որակի համաչափությունը երկրի մարզերի բոլոր դպրոցներում՝ անկախ մարզից, համայնքից կամ ենթակառուցվածքային պայմաններից։
Սաթենիկ Մկրտչյանը ներկայացրեց նաև Հայաստանի այն հիմնարար մոտեցումը, որով դպրոցական սնունդը դիտարկվում է ոչ միայն որպես սոցիալական ծառայություն, այլև որպես կրթական նորարար հարթակ։ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի ներդրումը 5–10-րդ դասարաններում նպաստում է երեխաների սննդային գրագիտության ձևավորմանը, առողջ վարքագծի և գործնական հմտությունների զարգացմանը։ Ծրագրի շրջանակում գործող բարձր տեխնոլոգիական դպրոցական այգիներն ու ջերմոցները հանդես են գալիս որպես ուսումնաարտադրական հարթակներ, որտեղ գյուղատնտեսական խմբակների միջոցով երեխաները ձեռք են բերում գործնական նորարար գյուղատնտեսական հմտություններ։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ ամրապնդվում է ամբողջահատիկների արժեքաշղթան՝ մասնագիտացված սննդային ստանդարտներով և լաբորատոր վերահսկողությամբ։ Զուգահեռաբար, զարգացվում է «Կաթ դպրոցներին» նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է վաղ տարիքից ձևավորել առողջ սննդի ընտրության և օգտագործման կանխատեսելի ու օգտակար վարքագիծ։
Ծրագրի հաջորդ կարևոր մարտահրավերն մայրաքաղաք Երևանի ընդգրկումն է։ Գործընկերների հետ համատեղ՝ 2025–2026 ուսումնական տարում Երևանում կմեկնարկի «Դպրոցական սնունդ» ծրագրի քաղաքային փորձարկումը՝ պահպանելով նույն խիստ սկզբունքները՝ սննդի որակ, անվտանգություն, հաշվետվողականություն և ծախսարդյունավետություն։ Զուգահեռաբար մշակվում են բարձր դասարանների ընդգրկման վճարովի համաֆինանսավորման հստակ մոդելներ՝ սոցիալական արդարության միջոցառումների զուգահեռ ներդրմամբ։
Դուշանբե 2025․ ամփոփում և հետագա քայլեր
Դուշանբեի 2025-ի միջազգային ֆորումը հաստատեց ԱՊՀ երկրների միջև դպրոցական սննդի ոլորտում համակարգային մոտեցումների և փորձի փոխանակման կարևորությունը։ Մասնակիցները ձևավորեցին ընդհանուր մոտեցում՝ դպրոցական սնունդը դիտարկելու որպես երկարաժամկետ, կայուն և համահունչ պետական քաղաքականություն՝ ուղղված երեխաների առողջ ապագայի ապահովմանը։ Այս ֆոնին, Հայաստանի կողմից ներկայացված ազգայնացման մոդելը, որը առանձնանում է պետական ֆինանսավորմամբ, միասնական ստանդարտներով և կրթական բաղադրիչների ինտեգրմամբ, դիտարկվեց որպես կայուն և կիրառելի հենանիշ մի շարք գործընկեր երկրների համար։
Հայաստանը ներկայացրեց իր պատրաստակամությունը 2026 թվականին հյուրընկալելու ԱՊՀ դպրոցական սննդի հաջորդ միջազգային ֆորումը։ Այս առաջարկը ներկայացվեց որպես շարունակական համագործակցության տրամաբանական շարունակություն՝ հաշվի առնելով ծրագրի ինստիտուցիոնալ կայունությունը, Երևանում ծրագրի առաջիկա փորձարկումը և Հայաստանի պատրաստվածությունը ոլորտային փորձի ներկայացման հարցում։ Վերջնական որոշումը կընդունվի ԱՊՀ համապատասխան կառույցների կողմից՝ քննարկումների ավարտից և համաձայնեցումների գործընթացից հետո։
