- Մայիս 29, 2025

Վայոց ձորի մարզի Զառիթափի միջնակարգ դպրոցի թատերական խմբակի սաները շրջում են դպրոցից դպրոց ու հասակակիցներին իրենց հետ տեղափոխում առողջ սննդի տիեզերք։ Հերթն այս անգամ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցինն էր։
Նրանք արդեն հասցրել են հավաքել ներկայացումների պատկառելի կենսագրություն՝ բեմադրելով «Ճանապարհորդություն առողջ սննդի տիեզերքում» ներկայացումը մարզի տարբեր դպրոցներում: Այս անգամ բեմադրությունը Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճ էր բերել Եղեգնաձոր քաղաքի երկու դպրոցների 1-4 րդ դասարանի 160 աշակերտներին և թիվ 5 մանկապարտեզի ավագ խմբի 35 երեխաներին։
Ներկայացումը, որի մասին մարզում շատերն են արդեն հասցրել լսել, ումանք՝ նաև մասնակցել, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությունն է՝ ինտերակտիվ թատերական ներկայացման միջոցով հանրայնացնել առողջ սննդի և առողջ ապրելակերպի գաղափարախոսությունը։ «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ ստեղծված բեմականացումը նպատակ ունի երեխաներին հետաքրքիր և ներգրավող ձևով փոխանցել առողջ սնվելու կարևորությունը: Ներկայացումը դպրոցներում բեմադրում են թատերական խմբակների սաները՝ հիմնարկի տրամադրած սցենարի և ռեկվիզիտների օգնությամբ:
Ներկայացման հիմքում ընկած է Անտուան դը Սենտ էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի գաղափարը, որին «Փոփոխությունների թատրոն»-ը հաղորդել է տիեզերական երանգներ: Սյուժեն պատմում է անփուշ դարձած կակտուսի մասին, որին օգնելու նպատակով հերոսները ճամփորդում են առողջ սննդի մոլորակներով՝ հավաքելով առողջ սնվելու խորհուրդներ: Ներկայացման ընթացքում երեխաները ոչ միայն հետևում են հերոսների արկածներին, այլև ակտիվորեն մասնակցում են՝ օգնելով հավաքել առողջ մթերքներ կակտուսի համար և քվեարկելով տարբեր մթերքների օգտին:
Եղեգնաձորի թիվ մեկում տեղի ունեցած ներկայացումը, ինչպես ամեն դպրոցում, այստեղ էլ դարձավ իսկական տոն երեխաների համար, ովքեր ոգևորված հետևում էին հերոսների արկածներին և ակտիվորեն մասնակցում ներկայացման ինտերակտիվ հատվածներին:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի աջակցությամբ, որը տրամադրել է ինչպես ներկայացման սցենարը, այնպես էլ բեմադրության համար անհրաժեշտ ռեկվիզիտները։ Հիմնարկը նաև թատերական խմբակին մասնագիտական խորհրդատվություն է ապահովել՝ և՛ առկա ձևաչափով, և՛ հեռավար՝ ներկայացումների փորձերի ընթացքում։
Մինչ օրս «Ճանապարհորդություն առողջ սննդի տիեզերքում» ներկայացումը զառիթափցի փոքրիկ էնտուզիաստների կողմից արդեն պրոֆեսիոնալ խումբը բեմադրվել է 10 անգամ, ունեցել 390 մեծուփոքր հանդիսատես։ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում ներկայացումը ևս մեկ ճամփորդություն էր՝ դեպի առողջ սննդի գունեղ ու համեղ տիեզերք։ Զառիթափցիների փորձն է ցույց տալիս՝ երեխաների ձեռքերով ստեղծված ներկայացումները կարող են լինել նույնքան ազդեցիկ և արդյունավետ, որքան պրոֆեսիոնալ թատերախմբերի կողմից բեմադրվածները: Երեխաները կարող են լինել ոչ միայն տեղեկատվության ստացողներ, այլև դրա փոխանցողները՝ դառնալով առողջ ապրելակերպի իսկական դեսպաններ: