- Հուլիս 4, 2022

6 խորհուրդ այն ծնողներին, որոնց երեխաները քմահաճ սնվող են
Տանը երեխա ունե՞ք, ով քմահաճ է սնվելու հարցում, անուն է դնում այս կամ այն ուտելիքին ու հրաժարվում որոշ ուտեստների՞ց կամ սննդամթերքի տեսակներից, ճաշի կամ ընթրիքի ժամերը սթրեսայի՞ն են։
Եթե դուք պայքարում եք քմահաճ սնվող երեխային ուտելիքի հետ ընկերացնելու համար, ահա 6 լավագույն խորհուրդ Ձեզ այդ կարևոր գործում․..
1․ Կերակուրները դարձրեք տեսքով զվարճալի, ախորժելի
- Երեխաների, հատկապես փոքր երեխաների վրա, կարող է ազդել սննդի արտաքին տեսքը: Զվարճալի ձևերն ու վառ գույները կարող են գրավել նրանց ուշադրությունը և խրախուսել նրանց, որպեսզի փորձեն ուտելիքը:
- Զվարճալի ձևերի և գույների ավելացումը երեխաների կերակուրներին հաճախ օգնում է նրանց՝ ոգևորվել իրենց ուտեստներից: Մրգերի և բանջարեղենի կտրատված ձևը, դասավորվածությունը կարող է օգնել նրանց ավելի շատ ուտեստներ փորձել։
- Սնվեք միասին՝ որպես ընտանիք
- Ընտանիքով ճաշեք: Մի առաջարկեք սնունդ, երբ ձեր երեխան խաղում է, հեռուստացույց դիտում կամ վազվզում: Եթե երեխան անընդհատ տեսնում է, որ դուք առողջ սնունդ եք ուտում, ինքն էլ է սկսում նույն սնունդն ուտել։ Ծնողը երեխայի համար ամենակարևոր օրինակն է, ում անվերապահորեն նա կրկնօրինակում է։
- Մեկ տեսակի կերակուր մատուցեք ամբողջ ընտանիքի համար։ Վախենալով, որ երեխան սոված կմնա` այլ բան մի պատրաստեք հատուկ նրա համար, երբ նա հրաժարվում է օրվա ուտելիքից։ Երեխայի համար առանձին կերակուր պատրաստելը կարող է նպաստել, որ նրա մոտ ձևավորվի քմահաճ սնվելու սովորություն: Խրախուսեք ձեր երեխային մնալ սեղանի շուրջ սահմանված ճաշի ժամին, նույնիսկ եթե նա չի ուտում:
3․ Ներգրավեք երեխաներին
- Սննդի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար ամենակարևոր գործոններից մեկը երեխաներին ներգրավելն է ուտեստներ պատրաստելու, գնումների և ճաշատեսակների ընտրության գործում: Երեխաները, ավելի հավանական է, որ ուտեն նոր բաներ, երբ նրանք պատրաստման գործընթացի մաս են կազմում: Նրանց ձեզ հետ տարեք մթերային խանութ՝ օգնելու կատարել ճաշատեսակների ընտրությունը:
- Թույլ տվեք երեխաներին օգնել ձեզ պատրաստել ուտեստներ և նախուտեստներ՝ իրենց տարիքին համապատասխան անվտանգ առաջադրանքներ կատարելով, ինչպես, օրինակ՝ լվանալը, կեղևը հանելը կամ ուտեստները ափսեների վրա դասավորելը:
4. Եղեք համբերատար և մի հանձնվեք
- Կրկնությունը հաջողության բանալին է: Շարունակեք առաջարկել նոր սնունդ, նույնիսկ եթե ձեր երեխան նախկինում մերժել է այն: Առաջարկեք մթերքները տարբեր օրերի, տարբեր ուտեստների և տարբեր բաղադրատոմսերի մեջ: Հնարավոր է, որ կարիք լինի միևնույն սնունդը առաջարկել 10 անգամ, մինչև երեխաներին սկսի հաճելի լինել:
- Նոր սնունդ առաջարկելիս ներառեք այնպիսի մթերքներ, որոնք գիտեք, որ ձեր երեխան սիրում է: Սեղանի վրա ծանոթ սննդամթերք դնելը կնվազեցնի նոր և անծանոթ ուտելիքին դիմակայելու սթրեսը։
5․ Մի ստիպեք և մի ճնշեք
- Եթե ձեր երեխան քաղցած չէ, մի կաշառեք կամ մի ստիպեք ձեր երեխային ուտել կամ վերջացնել ափսեի ողջ պարունակությունը: Սա կարող է ձևավորել ուտելիքի հանդեպ բացասական ընկալում: Բացի այդ, ձեր երեխան կարող է ճաշի ժամանակը ասոցացնել անհանգստության և հիասթափության հետ կամ դառնալ ավելի քիչ զգայուն իր քաղցի և հագեցվածության ազդանշանների նկատմամբ:
- 6. Խուսափեք սնունդը օգտագործել որպես կաշառք կամ պարգևատրում
- Հաճախ ծնողները գայթակղում են երեխաներին փորձելու նոր ուտելիք՝ հետագայում խոստանալով քաղցրավենիքի պարգև: Այնուամենայնիվ, սա սննդի ընդունումը մեծացնելու լավագույն միջոցը չէ:
- Քաղցրավենիքի կամ չիպսերի օգտագործումը որպես պարգևատրում կարող է հակասել առողջ ուտելու սովորություններին, որոնք դուք փորձում եք արմատավորել ձեր երեխաների վարքի մեջ: Բացի այդ, երբ քաղցրավենիք կամ չիպսեր են տրվում որպես պարգև, դրանք կարող են ավելի գրավիչ դառնալ, և երեխաները սկսում են անառողջ սնունդն ասոցացնել «ուրախ» պահերի հետ և պարգևների հետ: Սա կարող է հանգեցնել նրան, որ երեխաները սկսեն նախընտրել անառողջն առողջ սննդից:
- Եթե, այնուամենայնիվ, կարիք կա սննդի ընդունմանն ավելացնելու խրախուսանքներ, ապա օգտագործեք ոչ պարենային պարգևներ: Օրինակ՝ ուղղակի բանավոր գովասանքի միջոցով երեխաներին հասկացնել, որ դուք հպարտ եք նրանցով կամ այլ պարգևներ, ինչպես, օրինակ՝ կպչուն պիտակներ, մատիտներ, լրացուցիչ խաղաժամանակ, զբոսանք:
Եթե ձեր երեխաների համար սնունդ են պատրաստում նաև այլ մարդիկ, ասենք՝ տատիկն ու պապիկը, նրանց հետ ևս կիսվեք վերոնշյալ խորհուրդներով։