«Ամբողջ ռայոնումը մերն ա ամենալավը»․ Ռինդի դպրոցի ճաշարանն արևի ջերմությունն ունի

– Երեկ ոլոռս մաքրել, լվացել, թրջել եմ, էսօր էլ մսով համեղ ճաշը եփեցի, երկրորդ տաք ուտելիքը հնդկաձավարն էր, դա էլ պատրաստեցի, պանիրը, աղցանն ու կոմպոտն էլ հետը տվեցի երեխաներիս,- մինչև արմունկները խոհանոցի եռուզեռի մեջ խրված Էմմա տատն է պատմում։ – Նրանք, չնայած,  ամենաշատը փլավներն են սիրում, բայց ապուրներն էլ են լավ են ուտում, նույնիսկ երկու աման են ուզում։

Վաղն էլ Ռիմա տատը Ռինդ գյուղի դպրոցի 80 աշակերտների համար կարտոֆիլի պյուրե կպատրաստի՝ աղցանով, կոմպոտով։ Նա դպրոցի խոհարարն է, 9 տարի է՝ դպրոցի ճաշարանի գազօջախն իրենով է արել ու տանտիկնոջ վստահությամբ մեզ հրավիրում է իր աշխատանքին ծանոթանալու․ «Որ գաս մեզ հյուր, ճաշարանը տեսնես, կզարմանաս՝ ոնց եմ աշխատում»։

Տատի ձեռքով պատրաստած համեղ ապուրներն ուտում են նաև հարազատ 4 թոռները․ երեքը 3-րդ դասարանում են սովորում, 1-ը՝ առաջին։

– Էնպիսի վիճակ էր․ աղջիկս ուսանող էր, աշխատավարձ չունեի,  հարցազրույց  պիտի լիներ ծնողների հետ, գրել էին՝ ով կուզի աշխատել, ես էլ գնացի, ծնողներն ինձ ընտրեցին,- հիշեց, թե ինչպես է աշխատանքի ընդունվել, ապա ժպտաց,- ծնող ու տատիկ ասում են՝ էդ ի՞նչ ես անում, որ քեզ էդքան սիրում են։ Ասում եմ, սիրում եմ իրենց, դրա համար էլ սիրում են ինձ ու իմ եփած ճաշերը։

Ռինդ գյուղի «Զորահ» գինեգործական ընկերության «Zorah Karasi Areni Noir» գինին էլ սիրեց աշխարհը․ «Բլումբերգ» հեղինակավոր հանդեսի կողմից  այն ճանաչվեց աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը։ 

Ռինդը թառել է Վարդենիսի լեռնաշղթայի Արփայի հովիտը իջնող լեզվակաձև սարավանդի վրա։ Սողանքների պատճառով բնակիչները 53 տարի առաջ հին բնակատեղիից տեղափոխվեցին հինգ կիլոմետր վերև։

Հինգ գյուղերի դրկից Ռինդը տեղափոխվելուց հետո 2 տարի դպրոց չի ունեցել․ բնակիչներն իրենց նկուղային հարկերում էին գրում-կարդում։ 1970 թվականին կառուցվեց միջնակարգ դպրոցը՝ 450-500 աշակերտի համար նախատեսված։

– Դպրոցը նախկինում ճաշարան չի ունեցել, բուֆետ է եղել՝ առանց նստատեղերի,- պատմում է 15 տարի դպրոցը ղեկավարող Աշոտ Թադևոսյանը։ – Հետո, երբ մարզերն ընդգրկեցին Ազգային ծրագրում, առաջիններից ենք եղել, որ տաք սնունդ ենք տվել։ Մինչ այդ չոր սնունդ էինք տալիս։

2014-ից ՀՀ Կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ կյանքի է կոչում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի նպատակը ՀՀ մարզերում  տարրական դասարանների աշակերտներին հավասարակշռված, բազմազան, անվտանգ և որակյալ սննդով ապահովելն է, ինչպես նաև, տեղական արտադրության խթանումն ու այդ գործընթացում համայնքին, գործարար շրջանակներին, սփյուռքի կազմակերպություններին ներգրավելը։ 

Որպեսզի Ռինդի դպրոցի երեխաները դպրոցում սնվելու հնարավորություն ունենան, դպրոցի տնօրենը բազմիցս դիմել է համայնքի ու բարերարների օգնությանը։

-Գյուղում Զորիկ անունով գործարար կա, իրեն դիմեցի, ասաց՝ հնարավորության սահմանում կօգնի ու օրերից մի օր ծանոթացրեց ամերիկացի Փիթերի հետ,- հիշում է Թադևոսյանը,-Փիթերն եկավ, ցույց տվեցի արհեստանոցը, որտեղ կուզեի՝ մեր ճաշարանը լիներ, նախահաշիվ կազմեցինք, ու մոտ տաս հազար դոլար գումարը շինանյութի տեսքով փոխանցեց մեզ։ Այդպես էլ սկսեցինք ճաշարանի ստեղծման գործը։

– Գյուղում Զորիկ անունով գործարար կա, իրեն դիմեցի, ասաց՝ հնարավորության սահմանում կօգնի ու օրերից մի օր ծանոթացրեց ամերիկացի Փիթերի հետ,- հիշում է Թադևոսյանը,- Փիթերն եկավ, ցույց տվեցի արհեստանոցը, որտեղ կուզեի՝ մեր ճաշարանը լիներ, նախահաշիվ կազմեցինք ու մոտ տասը հազար դոլար գումարը շինանյութի տեսքով փոխանցեց մեզ։ Այդպես էլ սկսեցինք ճաշարանի ստեղծման գործը։

Հին արհեստանոցը, ուր մեկ հաստոց անգամ չկար, հիմնահատակ վերանորոգվեց՝ կերպարանափոխվելով լուսավոր, ընդարձակ, արևի գույներն հագած ճաշարանի։

Կիսաքանդ կառույցից ստացվեց ճաշարան, խոհանոց ու լվացքատուն։ Ճաշարանի համար պահեստի խնդիրն էլ լուծվեց դպրոցի բյուջեի հաշվին։

– Բոլոր պատուհանները փոխելուց հետո շերտավարագույրներ հագան, լվացքատանը՝ լվացքի մեքենաներ, խոհանոցում՝ օդափոխիչ  տեղադրվեց,  նոր խողովակների օգնությամբ նորացվեց կոյուղին, խոհանոցի նոր կահույք էլ ունեցանք՝ 10 սեղան, 40 աթոռ՝ չհաշված հարյուր հատով գնված սպասքը,- արված աշխատանքն է թվարկում տնօրենն ու հավաստում, որ մինչ այսօր էլ իրենք Փիթերի հետ շարունակում են կապը պահել։

Ձնահոսքի պատճառով ճաշարանի շենքի հետնամասի խոնավության հարցն էլ լուծել է համայնքապետարանը՝ 300.000 դրամի չափով օժանդակելով տանիքի ծածկի շինարարությանը։ Այժմ ճաշարանից օգտվող 80 երեխաները սնվում են հերթափոխով։

– Նախակրթարանն ու երրորդ դասարանը 10։30 են գալիս, մյուսները՝ երկար դասամիջոցին։ Ես ու օգնականս, իրար օգնելով, ամեն ինչ հասցնում ենք,- ասում է խոհարարը։

Համավարակի հետևանքով փակված ճաշարանի հետ մոտ մեկուկես տարի անգործ է մնացել նաև խոհարարը, բայց հասցրել է ուժեղացնել գիտելիքներն ու խոհանոց է վերադառնալու մասնագիտորեն ավելի ինքնավստահ։ Նա մասնակցել է «Դպրոցական սննդի առողջապահական նշանակությունը․ ծրագիր խոհարարների համար» երկշաբաթյա դասընթացին, որը կազմակերպել էր «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը։

– Մեզ լրիվ բացատրել են՝ ինչը ոնց անենք, եփել-թափելու գործնական պարապմունք էլ ենք արել։ Սննդային թունավորումներ, հիգիենա, պատասխանատվության սահմաններ․․․ բոլոր կանոններն ու գաղտնիքները մեզ պատմեցին,- ասում է Էմմա Բաղդասարյանը, ով նախկինում ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրից ստացած վեց մթերքներով՝ հաց, վերմիշել, ոսպ, միս, ձեթ, հնդկաձավար, ճաշացանկ էր կազմում՝ օգտվելով հատուկ բրոշյուրներից։

Դասընթացից հետո փոխվել է նաև ճաշացանկը։ Այս տարվա հոկտեմբեր ամսից խոհանոցի պատից սննդաբանների կողմից մշակված, ամեն երեխային սննդային կարիքների խիստ հաշվարկով նոր ճաշացանկը չի իջնում։ Խոհանոցն էլ համալրվել է թեյնիկով, գազօջախի երկու սալիկով, սառնարանով, պահարանով։ Աշակերտները մեծ դասամիջոցին վազում են սպիտակ ու դեղին ճաշարան՝ Էմմա տատիկի պատրաստած համեղ տաք ապուրներն ուտելու, տատն էլ ուրախանում է նոր ճաշարանով՝ «ամբողջ ռայոնումը մերն ա ամենալավը»։