Աշտարակի թիվ 4 դպրոցն այսուհետ տաք, առողջ սնունդ կտրամադրի երեխաներին

Գտնված երազի երկարամազ գեղեցկուհու, բարի ծերուկի,  աղվես ու գայլի ժպտուն ընկերակցությամբ Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում առաջին անգամ  առողջ, տաք ուտեստների բույրը հայտնվեց։  Արագածոտնի մարզի այս դպրոցը երբևէ տեղում ուտելիք չէր պատրաստել, տաք սնունդ չէր տրամադրել։ Ճաշարան չունեին, ոչ էլ խոհանոց, բավարարվում էին երեխաներին չոր սնունդ տալով։  Հեռացող ուսումնական տարում  տոնեցին «Դպրոցական սնունդ» ծրագրի “Տաք սնունդ” բաղադրիչի մուտքը դպրոց, որ եկող ուսումնական տարում  դպրոցի 1-4-րդ դասարանների շուրջ 300 աշակերտների համար ամեն օր համեղ, առողջարար, հավասարակշռված սնունդ պատրաստեն։
 Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ դպրոցում հաջողվեց խոհանոց ու ճաշարան ունենալ՝ բարեկարգելով ու խոհանոցային խիստ պահանջներին համապատասխանեցնելով տարածքը։
«Դպրոցական սնունդ» ծրագրի գործընկեր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ խոհանոց հասան անհրաժեշտ սարքավորումները,  «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի աջակցությամբ սեղան-աթոռների ձեռքբերման հարցում դպրոցին օգնության ձեռք մեկնեցին Հայ օգնության ֆոնդի «Այո հարթակ»-ը և Focus on Children  Now կազմակերպությունը։
Ահա այսպես, իր շուրջը հավաքելով աջակիցների իսկական մի փունջ, կյանք ստացավ թիվ չորսի ճաշարանը, որն այսօր բացեց դռներն ու այսուհետ համեղ, առողջ ուտեստներով ամեն օր կդիմավորի, կկերակրի դպրոցի ամենափոքրիկներին։
Ճաշարանում  համեղ սնվելուց հետո փոքրիկներն ու հյուրերը մասնակցեցին ԴՍԵԲ հիմնարկի նախաձեռնությամբ մշակված «Ճամփորդություն առողջ սննդի տիեզերքում» ինտերակտիվ ներկայացմանը՝ հերոսների հետ սովորելով առողջ սնվելու հնարքներ։