Առողջ նախաճաշ․ ինչու՞ է այն կարևոր

Հարվարդի հանրային առողջության դպրոցի (HSPH)  ուսումնասիրությունը վկայում է, որ նախաճաշը  կենսական կարևորություն ունի առողջության համար: Գիտնականները պարզել են, որ նախաճաշը բաց թողնելը կարող է հասուն տարիքում հանգեցնել սրտի հիվանդությունների ռիսկի մեծացմանը։

Նույն Հարվարդի գիտնականները պարզել են, որ  նախաճաշը մեծապես ազդում է ինչպես առողջության, այնպես էլ երեխաների պահվածքի վրա։  Օրինակ՝ դպրոցական նախաճաշի շնորհիվ բարելավվում է երեխաների վարքը և մատուցվող նյութի ընկալունակությունը։ Սովը հանգեցնում է կռվարարության, ագրեսիայի, ցրվածության ու դասերի նկատմամբ հետաքրքրության պակասի։

Հայաստանում երեխաների միայն 44%-ն է ամեն օր նախաճաշում, ծնողների՝ 31%-ը: Դուք և ձեր ընտանիքը ո՞ր խմբում եք արդյոք: Երբ գործը երեխային դպրոց ճանապարհելուն է հասնում, առողջ նախաճաշը նույնքան կարևոր է, ինչքան  ճիշտ դասավորված դպրոցական պայուսակը։ Ո՛չ, ավելի կարևոր է․․․

Առողջ նախաճաշի առավելությունները

  • Բարձրացում է կենտրոնացման մակարդակը, հիշողությունը և մտավոր աշխատունակությունը դպրոցում:
  • Բարելավում է տրամադրությունը և տալիս էներգիա ողջ օրվա համար:
  • Կառավարում է քաղցի զգացողությունը ամբողջ օրվա ընթացքում:
  • Ձևավորում է առողջ սննդային սովորություններ:
  • Ափոխարինելի սննդանյութերի աղբյուր է:
  • Կանխում է սովով պայմանավորված շատակերությունը։

Հեշտ և արագ նախաճաշ

  • Մրգեր և բանջարեղեններ։
  • Սպիտակուցային և կաթնամթերքային մթերք, օրինակ՝ ձու, անյուղ կաթնաշոռ, պանիր և այլն:
  • Չմշակված հացահատիկներ, օրինակ՝ թեփով լավաշ, հնդկաձավարի կամ վարսակի շիլա և այլն։

Ամեն օր երեխայի համար առողջ ու համեղ նախաճաշ պատրաստելը ծնողների համար իսկապես բարդ մարտահրավեր կարող է լինել։  Առավոտյան վազքի, տնից դուրս գալու, դպրոց ու աշխատանքի շտապելու ցայտնոտի մեջ հաճախ նախաճաշը կարող է անտեսվել։ Ահա մի քանի հուշում, որ կօգնի նախաճաշ պատրաստելը դարձնել հեշտ ու զվարճալի արարողակարգ, որը բարդ չի լինի իրագործել։ Ժամանակի սղությունն այլևս պատճառ չի լինի՝ առողջության համար այդքան կարևոր նախաճաշը բաց թողնելու։

Օգտակար հուշումներ ծնողների համար

  • Նախքան քնելը պատրաստվել նախաճաշին։ Նախապատրաստեք հաջորդ օրվա նախաճաշը նախորդ երեկոյան, որպեսզի առավոտյան դրա վրա շատ ժամանակ չծախսեք։ Պարզ ուտեստները, ինչպես, օրինակ՝  նախորդ գիշեր պանրով սենդվիչ պատրաստելը՝ նախապես կտրատած թարմ մրգերի հետ համադրելու համար, կարող են խնայել առավոտյան առանց այն էլ սուղ ժամանակը:
  • «Ոտքի վրա նախաճաշ»։ Եթե ձեր իրականությունն այնպիսինն է, որ առավոտյան քաոտիկ կերպով դուրս եք վազում տնից ու երկար, արարողակարգային նախաճաշերի ժամանակ չունեք պարզապես կամ էլ թե երեխաներն առավոտյան սովի զգացողություն չունեն, ապա ունեցեք «վերցրու քեզ հետ» այլընտրանքներ։  Թարմ մրգերը, հացահատիկը, ընկույզները կամ պանրի սենդվիչը սննդարար են, հեշտ է պատրաստել և հեշտ է երեխաների համար վերցնել  իրենց հետ:
  • Կարգավորեք երեխաների քունը։ Համոզվեք, որ ձեր երեխաները երեկոյան շուտ են պառկում քնելու և արթնանում են վաղ, այնպես, որ ունենան նախաճաշելու ժամանակ։ Ապացուցված բան է․ քունը անգնահատելի կարևորություն ունի երեխայի առողջության համար։  Երկու նապաստակ՝ մեկ կրակոցով․ նորմայի սահմաններում քնած երեխան ավելի առողջ է, վաղ արթնացած երեխան ժամանակ ունի ուտելու՝ տնից դուրս գալուց առաջ։

Ի՞նչ դնել նախաճաշի սեղանին․ պակաս կարևոր չէ

  • Իհարկե, թխվածքաբլիթները, քաղցր հացահատիկները, ջեմը, քաղցր թեյը և կոմպոտը հեշտ տարբերակներ են և երեխաների համար գրավիչ, բայց դրանք չունեն սննդային արժեք, հարուստ են շաքարով և կալորիաներով: Սահմանափակեք դրանց օգտագործումը նախաճաշին։
  • Փորձեք խուսափել երշիկներից, քանի որ դրանք հարուստ են աղով և քիմիական հավելումներով։
  • Սահմանափակեք կարագի օգտագործումը նախաճաշին, քանի որ այն հարուստ է հագեցած ճարպերով։

Հետևեք մեր էջի խորհուրդներին,  սնվեք առողջ, բաց մի թողեք առողջ նախաճաշը, լիաթոք ժպտացեք․․․