Գծագրից՝ իրականություն․ Ինչպե՞ս են բարեկարգվում մարզային ճաշարանները

Գծագրից՝ իրականություն․

Ինչպե՞ս են  բարեկարգվում դպրոցական ճաշարանները մարզերում

Դպրոցում անհամբեր են՝ երբ է  բարեկարգ ճաշարանը համեղ բուրելու

Դպրոցում անհամբեր են՝ երբ է  բարեկարգ ճաշարանը համեղ բուրելու

– Ծնողներն ասում են՝ տանը երեխաները ոլոռով կամ ոսպով ապուր երբևէ չեն կերել, բայց այստեղ երկրորդ, երրորդ ամանն են ուտում։ Կամ աղցանները․ տանը հրաժարվում են, դպրոցում կաղամբով աղցանը հաճույքով վայելում են։

Աբովյանի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 10 դպրոցի տնօրեն Անահիտ Ստեփանյանն ասում է՝ ճաշարանի գործարկման հետ դպրոցում էլ փոփոխություն եղավ․ ներկա-բացակաների մատյանում վերջիններիս թիվը կտրուկ պակասեց։ Երեխաները բաց չեն թողնում այստեղ համեղ սնվելու հնարավորությունը։ 

– Որքան էլ  ցավալի է խնդիրներից խոսելը, մեկ է, իրականությունն այն է, որ թերսնվածության խնդիրը որոշ ընտանիքներում դեռ ակտուալ է ու ստացվում է՝  ծրագիրն այդ երեխաների համար ավելին է, քան մեկ աման ճաշը։ Անգամ որոշ փոքրիկների մոտ քաշի ավելացում նկատվեց,- ասում է Անահիտ Ստեփանյանը 

Երկու տարի է՝ դպրոցի տարրական դասարանների սաները ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ դպրոցում տաք, առողջ սնվելու հնարավորություն ունեն։ Հաստատությունը ներառված էր ծրագրի մթերային բաղադրիչում․ Պարենի համաշխարհային ծրագիրը տրամադրում էր 6 տեսակի չոր սնունդ, դպրոցը՝ սեփական ուժերով, ծնողների աջակցությամբ ձեռք բերում անհրաժեշտ մյուս մթերքները՝ ասենք միրգ-բանջարեղեն, ու   1-4-րդ դասարանների 980 աշակերտի համեղ, թարմ սնունդ առաջարկում։ 

– Ծնողների ոգևորվածությունն անչափ էր, փորձում էինք ամեն ինչ անել, որ սնունդը լիներ առողջ, որակյալ,- պատմում է դպրոցի տնօրենը։ – Իհարկե, կային դժվարություններ, բայց մարզային նշանակության ամենամեծ դպրոցը դժվարություններից չի վախենում։ ☺

Մթերային մոդուլով աշխատելու փորձն այնքան լավ ստացվեց, որ դպրոցում անհամբեր էին՝ երբ են ընդգրկվելու ծրագրի դրամային մոդուլում։ Կոտայքի մարզը, ըստ նախագծված պլանի՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի Ազգային բաղադրիչում պետք է ներառվի Գեղարքունիքից հետո՝ 2021-2022-ին, բայց  այստեղ  չսպասեցին, սեփական ուժերով անցան գործին․

– Դպրոցի խնայողությունների հաշվին նորոգեցինք խոհանոցը, սանհանգույցն ու հանդերձարանները,- ասում է Անահիտ Ստեփանյանը։- Պարենի համաշխարհային ծրագիրն էլ արդեն տրամադրել է խոհանոցում անհրաժեշտ սարքավորումները՝ աման լվանալու սարք՝ նախատեսված 700 հոգու համար, 2 ջեռոց, գազօջախ, խմորհունցիչ, հացաթխման սարք, մսաղաց, բանջարեղեն կտրտելու գործիքներ։

Սառնարաններն ու խոհանոցային պահարանները դեռ ճանապարհին են։ Դրանք էլ տեղ հասնեն՝ և վերջ․ Աբովյանի թիվ տասի խոհանոցը մարզում մրցակիցը չի ունենա․ առողջ մենյուի բոլոր սննդատեսակները հերթով համուհոտ կառնեն, կեփվեն, կթխվեն ու կհայտնվեն փոքրիկների ափսեում։ 

–  Այս սարքավորումներով այժմ արդեն կկարողանանք մեզ մոտ հաց էլ թխել, հացաբուլկեղեն ու թխվածքներ պատրաստել ու ջեռոցից թարմ-տաք հասցնել երեխաներին։

 

  Մարդիկ փոխվում են՝ ծրագրին համընթաց

Խաչապուրի, կարկանդակ, գազավորված ըմպելիքներ․ ահա թե ինչ էր հիմնականում գտնում Ռուսաստանի Դաշնության «Ճյուղային սննդի ինստիտուտի» Սարքավորումների և ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Օկսանա Զոտովան հայաստանյան դպրոցներում 10 տարի առաջ, երբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ ուսումնասիրություններ էր կատարում կրթական հաստատություններում՝ բացահայտելու համար  դպրոցական ճաշարանների ընդհանուր վիճակը։

– Ամեն ինչ սկսվեց Վայոց ձորից։ Մարզի դպրոցներում ինձ հանդիպում էին լքված, դատարկ ճաշարաններ, սովետական, շարքից դուրս եկած սարքավորումներ,- պատմում է Օսկանա Զոտովան։- Պարզվեց՝ խորհրդային միության փլուզումից հետո դրանք հիմնականում փակվել են և 20 տարի երեխաները դպրոցում նորմալ սնվելու հնարավորություն չեն ունեցել։ 

Զոտովան պատմում է, որ որոշ դպրոցներում ոչ միայն տաք սնունդ չկար, այլև լավ չէին պատկերացնում՝ ինչ կարևորություն ունի  այդ առողջ, տաք սնունդը։ Տրամադրություններն էլ ամենուր գրեթե նույնն էին՝ թերահավատություն ու կասկածամտություն, թե հնարավոր կլինի բարոյապես ու ֆիզիկապես մաշված այդ շինություններից գործող, բարեկարգ ճաշարաններ ստանալ։  Ու չնայած այդ համատարած թերահավատությանը՝ կասկած չուներ, որ ծրագիրը Հայաստանում հաջողելու է։ 

– Հայաստանից ամենամեծ տպավորություններս կապված են մարդկանց հետ․ հատկապես գյուղական վայրերում նրանք բարի են, բաց ու հյուրընկալ։  Առանձնահատուկ է այս մարդկանց վերաբերմունքը երեխաների հանդեպ․ ամեն տեղ էլ երեխաներին սիրում են, բայց Հայաստանում այդ սերը շատ ավելի ուժեղ է զգացվում։ 

Եվ երևի հենց այդ սերն էր ծրագրի հաջողության ամենամեծ գրավականը․ ճաշարանների բարեկարգման գործում ծնողական բաղադրիչը կարևոր դեր ունի, և գրեթե ոչ մի դպրոցում այդ օղակի մասնակցությունը չի ձախողվել։

 – Տասը տարի անց դպրոցական փոխվող ճաշարանների հետ փոխվել է նաև վերաբերմունքը ծրագրի նկատմամբ․ մեծացել է վստահությունը, շարունակաբար աճում է ծնողների, համայնքի մասնակցությունը երեխաներին տաք սննդով ապահովելու գործում,- ասում է Զոտովան։ 

– Այնպես որ, գլոբալ առումով, «Կայուն դպրոցական սնունդ»-ը ոչ միայն դպրոցականների սննդի ու առողջության բարելավում է նշանակում, այլ նաև այն փոխում է մարդկանց՝ օգնելով նրանց արարել, ստեղծել կրտսեր սերնդի զարգացման համար լիարժեք պայմաններ։

  Քայլ առ քայլ․ փլատակներից՝ բարեկարգ ճաշարան

 Օկսանա Զոտովան Աբովյանի թիվ 10 դպրոցում էլ առաջին անգամ չէ։ Ռուսաստանի «Ճյուղային սննդի ինստիտուտի», ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի աշխատակիցներով միացել են այս կրթօջախի ջանքերին՝ հնարավորինս արագ կարգի բերել  խոհանոցն ու անցնել  ծրագրի դրամային մոդուլին։ Այս դպրոցում գործընկերների աջակցության առաջին բաղադրիչը նորոգված խոհանոցը նորագույն սարքավորումներով լցնելն էր։ Գույքը տեղ է հասել՝ թարմացած խոհանոցում հարմարավետ տեղավորվել, մնում  է ճաշարանային հատվածը նորոգվի։ 

Օկսանան գործընկերների հետ ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն այս, այլև մարզի մյուս բոլոր դպրոցներում՝ պարզելու՝ տաք սնունդ տրամադրելու ինչպիսի կարողություններ ու անելիքներ ունի յուրաքանչյուրը։

– Կոտայքի մարզի դպրոցների ճաշարանների գնահատումն ենք իրականացնում,- պատմում է Օկսանա Զոտովան,- ծանոթանում ենք բոլորին, պարզում՝ ինչպես են տեխնիկապես զինված,  շենքային պայմաններն ինչպիսինն են, ինչ կարելի է անել, որպեսզի ստեղծենք սանիտարահիգիենիկ գործող նորմերին համապատասխանող պայմաններ, որ դպրոցականները կարողանան  տաք սնունդ ստանալ հարմարավետ պայմաններում։

 Կոտայքի մարզը շուտով Ազգային ծրագիր է անցնելու, նույնն է թե՝ մթերային մոդուլից՝ դրամային մոդուլի։ Եթե մինչ այժմ մարզի դպրոցները Պարենի համաշխարհային ծրագրից ստանում էին 6 տեսակի չոր սնունդ, հետո մեկ կիսամյակ ՄԱԿ ՊՀԾ գործընկերների հետ սովորում են աշխատել դրամային մոդուլով` պետական գնումների միջոցով գնելով մթերքներ, մեկ երեխայի հաշվով օրական 120 դրամի, այնուհետև ՀՀ Կառավարությունը դպրոցներին կֆինանսավորի «յուրաքանչյուր երեխայի դիմաց օրական 140 դրամ» սկզբունքով։ Այդ գումարի շրջանակներում դպրոցները ձեռք կբերեն 20 տեսակի մթերք՝ հատիկեղեն, բանջարեղեն, մրգեր։

 Աբովյանի թիվ տասը բացառություն է օրինաչափությունից․ Կոտայքի դպրոցների ճաշարաններում պատկերը գրեթե ամենուր նույնն է՝ չգործող, հին, քանդված, անպիտան տարածքներ, որոնց պետք է երկրորդ շնչառություն հաղորդել։  

– Դպրոցներում կամ լինում են ճաշարաններ, որ բարձիթողի վիճակում են, վաղուց ծառայություններ չեն մատուցել, կամ պատահում են հին ճաշարաններ, որտեղ հնարավորինս պայմաններ են ստեղծել՝ երեխաներին սննդով ապահովելու համար,- ասում է Զոտովան։- Կան նաև դպրոցներ, որտեղ ճաշարանի համար անգամ տարածք նախատեսված չէ։

  • Ե՞րբ է կառուցվել դպրոցը, ե՞րբ կապիտալ նորոգվել, եթե նորոգվել է։
  • Քանի՞ աշակերտ կա դպրոցում, քանի՞սն է տարրական դասարաններում սովորում։
  • Ճաշարան կա՞, եթե ոչ՝  դրա համար նախատեսված տարածք կա՞։
  • Ճաշարանի տարածքում բուֆետ գործե՞լ է։
  • Տաք սնունդ տրամադրե՞լ են, եթե այո՝ ինչպե՞ս են կազմակերպել գործընթացը։
  • Ծնողները որևէ կերպ մասնակցե՞լ կամ մասնակցու՞մ են գործընթացին։
  • Ունե՞ն բնական գազ, մշտական ջուր, ջեռուցում։
  • Տեղական ինքնակառավարման մարմիններն օգնու՞մ են դպրոցին։

Այս ու մի շարք այլ հարցեր պարտադիր հնչում են բոլոր դպրոցներում։ Գնահատման գործընթացն իրականացնելիս քննում են ամեն հնարավոր ոլորտ, որ կապված է երեխաներին առողջ սնունդ տրամադրելու գործընթացի հետ։ Ճյուղային սննդի ինստիտուտի մասնագետներն այդ հարցախույզների արդյունքում առաջարկում են տարածքների բարեկարգման համար լուծումներ՝ յուրաքանչյուրի համար անհատական մոտեցմամբ։

– Գնահատման գործընթացն ավարտելուց հետո մենք հաշվետվություն ենք ներկայացնում, որտեղ  նկարագրվում է ճաշարանների ընդհանուր իրավիճակը՝ սկսած բացթողումներից մինչև հնարավորություններ ու անելիքներ,- պատմում է Օկսանա Զոտովան։- Հետո յուրաքանչյուր ճաշարանի համար առանձին նախագծեր են կազմվում, որտեղ գծագրում ենք թարմացված ճաշարանի ընդհանուր կառուցվածքը՝ խոհանոցից մինչև պահեստ ու սանհանգույց։

Երբ նախագիծը պատրաստ է, սկսվում է այն գծագրերից իրականություն դարձնելու փուլը։  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տրամադրում է անհրաժեշտ հիմնական շինանյութը՝ դուռ-պատուհանը նորացնելու, պատերն ու առաստաղը թարմացնելու, հատակը սալիկապատելու, հնամաշ խողովակները նորերով փոխարինելու համար։ Մանր-մունր պակասող շինարարական նյութերի, ասենք՝ սոսինձ կամ պտուտակներ, ու բարեկարգման աշխատանքների դիմաց վճարելու հոգսը դպրոցի վրա է, ավելի ճիշտ՝ դրա հնարամտության՝ գտնել պակասող միջոցները։ Ամենաանհույս դեպքերում, երբ այդպես էլ  գումար գտնել չի հաջողվում, ծրագիրը դպրոցներին մենակ չի թողնում․

– Եթե դպրոցը չի կարողանում, մենք ենք փնտրում միջոցներ։ Օրինակ՝ միայն  Շիրակի մարզում 16 դպրոց ծրագրից դուրս մնալու վտանգի առաջ էր, քանի որ վերանորոգման համար պահանջվող դրամական միջոցները չէր կարողացել գտնել, բայց ամեն դպրոցի համար մի լուծում գտանք,- պատմում է Պարենի համաշխարհային ծրագրի մարզային պատասխանատու Կարեն Հակոբյանը։

 Տարածքային պայմանների բարելավումն ու սարքավորումներով զինելը դպրոցներում միակ անելիքը չեն, աշխատանքային խումբն անցնում է սննդի մատակարարման բոլոր գործընթացներով՝ սրբագրելով կետերը, որոնք  բարեփոխման կարիք ունեն․․․

– Գնահատումն իրականացնելիս մենք նաև պարզում ենք, թե ինչ ձևով  են տվյալ պահին կազմակերպում դպրոցական սնունդը, ինչպիսինն է ճաշացանկը, ինչ օգնություն են ցուցաբերում ծնողները,- ներկայացնում է Զոտովան։

Պատահական չէ, որ բոլոր ծախսերը ՄԱԿ-ն ու գործընկերներն իրենց վրա չեն վերցրել, ասում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավարը։ Նախագծի գաղափարական հիմքում այն համոզմունքն է, որ այս կարևոր գործը միայն կուժեղանա, եթե իր շուրջը մեկտեղի ծնողներին, տեղական ինքնակառավարման մարմիններին ու հովանավորներին։

– Մենք, օրինակ, ամեն տեղ ուսումնասիրում ենք տեղական մարմինների դերը, պարզում՝ արդյոք որևէ կերպ օգնում են դպրոցին, գործընթացի որ օղակներում է զգալի նրանց աջակցությունը,- ասում է Օկսանա Զոտովան։ -Նաև իրականացնում ենք հանդիպումներ հովանավորների, տեղական բիզնեսի, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, պատմում՝ ինչպիսինն է այս կամ այն դպրոցում իրադրությունը և ինչով նրանք կարող են օգնել, որ տաք սնունդը տվյալ դպրոց էլ մտնի։  

Պարենի համաշխարհային ծրագրի մարզային պատասխանատու Կարեն Հակոբյանն ասում է՝ նույն տրամաբանությամբ, պատահական չէ, որ Ազգային ծրագրում ընդգրկվելուց հետո էլ ծնողական ներդրման մասը պահպանվում է․ մի տեղ նրանք սպասքի հարցերն են լուծում, մեկ այլ դպրոցում՝ մաքրող միջոցներ են գնում, երրորդում էլ բանան ու արքայանարինջ կարող են հասցնել դպրոց, մթերքներ, որ պարտադիր գնվող 20-ի ցանկում չկան։

– Ծրագիրն ամրացնում է դպրոց-ծնող կապը։ Շատ ծնողներ սկսում են հետաքրքրվել՝ ինչպես է պատրաստվում սնունդը, ինչպես պահվում,- ասում է Կարեն Հակոբյանը։- Մի անգամ շրջայցի ժամանակ տեսա ծնողների, որ հատուկ  ստերիլ պաշտպանիչ վերնազգեստով, գլխարկով ու ոտնամաններով ուսումնասիրում էին ճաշարանը, ծանոթանում պայմաններին։ Հաճելի է տեսնել, որ ծնողները երեխաներին առողջ սնունդ տրամադրելու գործընթացից անմասն չեն։ 

Խոհանոցը անհրաժեշտ սարքավորումներով լցնելու հարցով վերանորոգմանը զուգահեռ են զբաղվում։ Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի գնահատման արդյունքների հիման վրա սարքավորումների պատվեր են իջեցնում․ նայած, որտեղ ինչի կարիք կա՝ գազօջախ, ջեռուցման համակարգ, թեյնիկ, խմորհունցիչ, հացաթխման սարքեր, սալօջախ, ջրատաքացուցիչ։ 

                  

 Հերթում  Աբովյանի թիվ 8-ն է

 

– Վառվածի հետքե՞ր են։

– Այս տարածքում, այո՛, հրդեհ է եղել, հին թղթերն ու գրություններն էին պահվում այստեղ, դրանք էլ բռնկվել են։

– Այդ դեպքում, ասացե՛ք, խնդրեմ, մասնագիտական գնահատում եղե՞լ է՝ վթարային չէ՞, արդյոք, շինությունը։ 

Կոտայքի մարզի թիվ 8 դպրոցի չգործող ճաշարանը վաղուց այսքան մարդու երես չէր տեսել։ Դուռն ամուր կողպված է սովորաբար՝ մեջը միայն հին գույքի ջարդոններ, փոշի ու փոշու մեջ անշտապ իրենց բանուգործին՝ միջատներ։ Սովորական լռությունը խախտել են դպրոցի հյուրերը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից, Ռուսաստանի «Ճյուղային սննդի ինստիտուտից» ու «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամից։ Սովորական հյուրեր չեն, եկել են, որ տարածքի ճակատագիրը փոխեն, որ փոշոտ լռությունը, դրա մեջ ոտքի տակ ընկնող, ջարդվող, փտած կահույքի խրթյունը փոխարինվեն ուտեստների համեղ բլթբլթոցով ու այդ ուտեստները համտեսող երեխաների աղմուկով։ Հերթն այս դպրոցինն է․ Աբովյանի թիվ ութը շուտով անցելու է Ազգային ծրագիր․

– Դպրոցը մինչև այժմ էլ  կերակրել է երեխաներին՝ սեփական ուժերով մի փոքրիկ տարածք նորոգելով ու հարմարացնելով՝ իբրև ճաշարան,- ասում է տնօրեն Լուսինե Բաղդասարյանը։ – Մեր  տարրական դասարանների 210 փոքրիկները սնվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մթերային մոդուլի շրջանակներում։ 

Ազգային ծրագիր տեղափոխվելն իսկական իրադարձություն է լինելու դպրոցի համար։ Հետևում են թողնելու հարմարեցված պայմաններն ու դրանցում աշխատելու փորձառությունը՝ անցնելով նորոգված, լուսավոր խոհանոց ու ճաշարան։ Նախատեսվում է՝ այս դպրոցում պլաններն իրականություն կդառնան մոտ երկու տարուց։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կտրամադրի հիմնական շինանյութը, կրթօջախն էլ բավական ժամանակ կունենա մոտավորապես 2-3 մլն դրամի խնայողություն հավաքելու ու դրանով վերանորոգման ընթացքում պահանջվելիք դրամական ծախսերը փակելու համար։ Դե, իսկ սարքավորումների հարցը կլուծվի ինչպես բոլոր դպրոցներում՝ Պարենի համաշխարհային ծրագրի ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ։ 

 Իսկ մինչ այդ,  հին, անպիտան գույքն, այնուամենայնիվ,  մի բանի համար պետք եկավ․ դաշտային, էքստրեմալ պայմաններում մասնագետը հենց այդ սեղանների վրա գծեց ապագա ճաշարանի նախագիծը, որը, երբ իրականություն դառնա, այդ նույն սեղանները   վերածնված ճաշարանում այլևս տեղ չեն ունենա․․․