Դարձեք բարության շղթայի կարևոր մասնիկը

 

 Անշուք իրականությունից՝ լուսավոր ճաշարան․

Գավառի թիվ 8-ում շինարարական եռուզեռ է

 

Գավառի թիվ 8 դպրոցում շինարարական գործիքների աղմուկ-աղաղակին երկար էին սպասել։ Դրսում ձմեռ է` շինարարական աշխատանքների համար ոչ հարմար եղանակ, բայց հապաղել չեն կարող։ Օր առաջ պետք է կարգի բերել դպրոցի ճաշարանային հատվածը, որ  տարրական դասարանների 125 փոքրիկները նորոգված, լուսավոր, պայծառ միջավայրում առողջ, տաք սնվելու հնարավորություն ունենան։

Գրեթե 4 տասնամյակը բոլորած դպրոցի ճաշարանը շուրջ 30 տարի անգործության էր մատնված, անգամ երբ դպրոց եկավ  “Կայուն դպրոցական սնունդ” ծրագրի մթերային բաղադրիչը, թարմանալու բախտին տարածքն այդպես էլ չարժանացավ․

– Դպրոցի տարածքը մեծ է՝  հատակագծով նախատեսված 1600 երեխայի համար, և երբ մտածեցինք՝ ինչպես կազմակերպել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տրամադրած 6 տեսակի սննդից ուտելիքի պատրաստումն ու երեխաներին կերակրելու գործը, որոշեցինք երկու այլ, քիչ թե շատ բարվոք վիճակում գտնվող տարածքում ծավալել ժամանակավոր ճաշարանը, – պատմում է Գավառի թիվ 8-ի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը։ 

Ինչպես տնօրենն է պատմում, ճաշարանը հարմարեցրին այն ամենից, ինչ կար ձեռքի տակ։ Օրինակ` ժամանակի ընթացքում ցածրացող հատակը սեփական ուժերով բետոնապատեցին, գնեցին չոր սննդի պահպանման համար մեծ, փակվող, անվտանգ տարաներ, համայնքի 220 000 դրամ ներդրումով ձեռք բերեցին նստարաններ ճաշարանի համար, Վորլդ Վիժն կազմակերպության նվիրած լամինատե շինանյութով պատրաստեցին սեղաններ․

– Ցանկությունն էր շատ մեծ՝ տաք սննդի հնարավորությունը մեր դպրոց էլ բերել, – ասում է պարոն Սարգսյանը, – դրա համար տվյալ ժամանակի համար հնարավոր լուծումները գտանք։  Դպրոցի խոհարարներն, ասենք, բերեցին 20, 50 լիտրանոց կաթսաներ, ամեն երեխա էլ՝  իր համար սպասք։

Երեխաների, համայնքի համար այս կարևոր գործից անմասն չեղան նաև ծնողները։ Հենց նրանց ջանքերով հնդկաձավարին ու ոսպին ընկերացան կարտոֆիլն ու կաղամբը, բազուկն ու գազարը,  տանձն ու խնձորը, որ ծնողները դպրոց էին հասցնում սեփական  բանջարանոցից։ 2019-ի աշնանը ծրագիրը մթերային մոդուլից դրամայինի անցավ, և դպրոցը 6 տեսակի չոր սնունդ ստանալու փոխարեն սկսեց ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից՝ յուրաքանչյուր երեխայի համար օրական 140 դրամ հաշվարկով։ 

– Երեխաների համար ճաշ պատրաստելիս չենք շեղվել ոչ մեզ տրամադրված պրոֆեսիոնալ ճաշացանկից, ոչ էլ ամեն երեխայի համար սննդամթերքի հաշվարկից, ասում է տնօրենը։ – Համի մասին էլ անձամբ գիտեմ, մեկ անգամ չէ, որ իջել եմ երեխաների հետ ճաշելու, իրենց հետ էլ՝ մինչև վերջ ամանը դատարկել։

 Կորոնավիրուսային համավարակը բոլոր դպրոցների պես այս հաստատության ճաշարանի դռներն էլ պինդ փակեց։ Գրեթե երկու տարի դպրոցը ոչ առավոտյան համեղ բույրերով է լցվում, ոչ էլ ճաշարան վազող երեխաների ուրախ աղմուկով։ Անհամ լռությունը կոտրվելու է, բան չմնաց, իսկ երեխաները հնամաշ, մի կերպ հարմարեցված տարածքի փոխարեն  անճանաչելիորեն նորացած, թարմացած ու սիրունացած  ճաշարան են վազելու։

Տասը օր է՝  մեղվի փեթակ է հիշեցնում ճաշարանը․ ամեն աշխատող իր գործին է․ մեկը սանհանգույցի խողովակներն է փոխում, մյուսը՝ գաջ շաղախում ու պատերը հարթեցնում, երրորդը՝ միջնապատ շարում, որ պահեստի համար տարածքն առանձնացնի։ Ճաշարանի նորոգման համար Պարենի համաշխարհային ծրագրի տրամադրած շինանյութը՝ խողովակներ, սալիկներ՝ հատակի ու պատերի համար, գաջ, ցեմենտ, լվացարաններ, ծորակներ, դուռ, պատուհան, ավելի վաղ էին ստացել։ Նոյեմբերի 18-ին էլ տեղ հասավ կառավարության որոշումը՝ տնտեսված միջոցներով ֆինանսավորելու Գեղարքունիքի մարզի 23 դպրոցների ճաշարանների նորոգման գործը, իրենց դպրոցն էլ՝ ցանկում։ Շինարարական աշխատանքները կազմակերպելու գումարը կար, հապաղելու իմաստ՝ այլև ոչ։ Արագ տեմպով անցել են ճաշարանը խելքի բերելու գործին։

– Զուգահեռ նաև լուծվել  է խոհանոցի սարքավորումների ու գույքի հարցը․ այսօր երեկոյան սպասում եմ գազօջախին, դարակաշարերին, կշեռքին ու խմորհունցիչին, ամանները լվանալու սարքին ու ջեռուցման համակարգին,-  ասում է Սարգսյանը։

 Վերանորոգվող ճաշարանի համար սեղան-աթոռների ձեռքբերման հարցն էլ է կառավարության ֆինանսական աջակցությամբ լուծվելու․ արդեն ընտրել են՝ ինչ գույք են պատկերացնում թարմացած ճաշարանի ինտերիերին հարմար․ 20 սեղանն ու 125 աթոռի ձեռքբերման մրցույթն օրերս կհայտարարեն․ որ ճաշարանում  անհրաժեշտ քանակի աթոռ-սեղանների առկայությամբ բոլորը միաժամանակ կսնվեն, 2 հերթափոխի կարիք չի լինի։ 

Բաց է մնում միայն խոհանոցային սպասքի ու պարագաների, ճաշարանային սպասքի հարցը։ Դպրոցը լիահույս է՝ կգտնվեն մարդիկ՝ հովանավորներ, ովքեր կդառնան բարության շղթայի մի օղակն ու երեխաներին տաք, հավասարակշռված, առողջ ուտելիք պատրաստելու, գեղեցիկ սպասքով մատուցելու  հնարավորություն կնվիրեն։

Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած տեսանյութը Գեղարքունիքի մարզի վերանորոգվող դպրոցների մասին․

 

 

 Գեղարքունիքում աշխատանքային եռուզեռ է․

 23 դպրոցի ճաշարանները հիմնանորոգվում են

 Երբ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դպրոցական ճաշարանների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվեց, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կյանքի կոչող գործընկերները՝ ՀՀ կառավարությունը (ԿԳՄՍ Նախարարություն), ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագիրը, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը (ԿԶՆԱԿ հիմնադրամ) օպերատիվ քննարկումներ կազմակերպեցին՝ լուծումներ գտնելու՝ ինչպես նեցուկ լինել այն երեխաներին, որոնց համար դպրոցում տաք սնունդ ունենալու հնարավորությունը կենսական նշանակություն ունի։ 

 Համաճարակային ֆորս-մաժորային իրավիճակը հաշվի առնելով՝ ՊՀԾ-ն որոշեց «Դպրոցական սնունդ» ծրագրին աջակցությունը մեկ տարով երկարացնել՝ Գեղարքունիքի մարզում երեխաներին չոր սննդի փաթեթներ բաժանելու ծախսերը վերցնելով իր վրա։

ՊՀԾ-ի և ԿԳՄՍՆ այս ռազմավարական համագործակցության շնորհիվ կառավարության համար խնայողություններ անելու հնարավորություններ ստեղծվեցին, որից էլ հնարավոր եղավ վերաբաշխման միջոցով ֆինանսական միջոցներն ուղղել Գեղարքունիքի մարզի 23 դպրոցների ճաշարանային հատվածների վերանորոգման, կահավորման, սարքավորումներով  հագեցման գործին։ 

Սա կենսական նշանակություն ունեցող որոշում է, քանի որ այդպիսով, Գեղարքունիքի մարզի 23 համայնքների տարրական դասարանների երեխաները դպրոցում տաք, առողջ և բալանսավորված սնունդ ստանալու հնարավորություն կունենան։ Այն, որ դպրոցում մեկ ափսե առողջ, տաք ուտելիքն ավելին է, քան պարզապես երեխայի քաղցը հագեցնելու հնարավորություն, մասնագետներն են ապացուցել։ Դպրոցում առողջ  սնվելու հնարավորություն ունեցող երեխաների մոտ նվազում է ճարպակալման ռիսկը, կարևոր սննդանյութերի պակասը։ Նրանք ավելի քիչ  են բացակայում, բարձրանում է դասերին կենտրոնացած մասնակցելու, մատուցվող նյութը լավ ընկալելու հավանականությունը։

 Գեղարքունիքի մարզի 23 դպրոցների ճաշարանների հիմնանորոգման գործը, փաստորեն,  գլուխ կբերվի համագործակցային մոտեցմամբ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տրամադրել է շինանյութ, կառավարությունը՝ գումար շինաշխատանքների իրականացման, ինչպես նաև ճաշարանի գույքի, սեղան-աթոռների համար։ 

  Նորացված խոհանոց-ճաշարանների համար դեռևս լուծված չէ խոհանոցային սպասքի ու պարագաների, ճաշարանային սպասքի  հարցը։ Բաժակ ու ափսե, թավա ու կաթսա, քամիչ ու քափկիր, բահիկ ու տախտակ, տարատեսական տարաներ՝ սննդի պահպանության համար․ ԴՍԵԲ հիմնարկը հավաքագրել է յուրաքանչյուր դպրոցի անհատական կարիքների ամբողջական ցանկը և փնտրում է հովանավորների, ովքեր կօգնեն թարմացված ճաշարանների համար ձեռք բերել պահանջվող պարագաներն ու սպասքը։ 

 Ակունք գյուղի դպրոցն, օրինակ, 150 սնվող երեխայի համար 35 ական ափսեի, 35 հյութի բաժակի, 23 կաթսայի, 9 թավայի պակաս է զգում։ Արծվանիստում առանց  108-ական ափսե ու բաժակի, 20 տախտակի ու 4 դույլի գործը գլուխ չի գա։ Այս և մյուս դպրոցների կարիքների ցանկը շատ ավելի ընդգրկուն է, քան կարելի է հոդվածի ծավալում տեղավորել։ Յուրաքանչյուր դպրոցի անհատական կարիքների վերաբերյալ մեր գործընկերների պատրաստած մանրամասն աղյուսակը կարող եք գտնել այստեղ

                        «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մասին

2010թ-ից ՀՀ կառավարության հետ համատեղ SIFI-ի տեխնիկական և ՌԴ ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն իրականացնում է «Հայաստանում դպրոցական սննդի ծրագիրը»։ Նախագիծն ուղղված է ՀՀ մարզերում դպրոցականների համար հավասարակշռված սննդի ապահովմանը, ինչպես նաև հասանելի և կայուն դպրոցական սննդի Ազգային ծրագրի ստեղծմանը։  

 Գործընկերները խոհանոցային եռուզեռը դպրոցներ են վերադարձնում քայլ առ քայլ՝  հետևյալ աշխատանքային սցենարով․

  • ՄԱԿ-ի ՊՀԾ-ն մարզային դպրոցներին սկզբում տրամադրում է 6 տեսակի չոր սնունդ, որով կրթօջախները սեփական ջանքերով սկսում են տաք սնունդ պատրաստել։
  • Զուգահեռ, մարզ առ մարզ, դպրոց առ դպրոց Ռուսաստանի ճյուղային սննդի հիմնադրամը սկսում է գնահատել արդիական ճաշարան ու խոհանոց ունենալու համար անելիքներն ու ծախսերը։
  • Պարենի Համաշխարհային ծրագիրն արդեն իսկ օրակարգում ընդգրկված դպրոցներին տրամադրում է շինանյութ, դպրոցն իր հնարամտությամբ միջոցներ է գտնում շինաշխատանքների կազմակերպման համար և ծայր է առնում ճաշարանների հիմնանորոգման գործը։
  • Խոհանոցն ու ճաշարանները տեխնիկապես զինելու հոգսն իր վրա է վերցնում  ծրագրի գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը։
  • Համայնքը, ծնողները, բարերարները ևս միանում են երեխաներին տաք սննդով ապահովելու կարևոր գործին՝ մի դպրոցում օգնելով սեղան ու աթոռ գնել, մյուսում՝ սպասք, երրորդում՝ պակասող մաքրող նյութերը։
  • Արդեն նորոգված, թարմացված ճաշարաններով դպրոցները ծրագրի մթերային մոդուլից անցում են կատարում դրամային մոդուլին՝ ՊՀԾ-ի 6 տեսակի չոր սննդի փոխարեն ստանալով ֆինանսավորում ՀՀ պետբյուջեից՝ յուրաքանչյուր երեխայի համար 120 դրամ հաշվարկով։ Այդ գումարով ձեռք են բերում 20 տեսակի սննդամթերք։

  2014թ.-ից ՀՀ մարզերում տեղի ունեցավ փուլային անցում WFP-ի «Դպրոցական սննդի զարգացման ծրագրից» ՀՀ կառավարության «Դպրոցական սննդի ազգային ծրագրին»՝ Վայոց ձորում, Սյունիքում, Արարատում, Տավուշում, Շիրակում և Արագածոտնում։ 

 Ազգային ծրագիրը գործում է տարրական դասարանների աշակերտների համար՝ մեկ երեխային օրական 120 դրամի չափով բյուջետային հատկացումների հիման վրա: Այժմ Հայաստանի Հանրապետության 8 մարզում ծրագիրն իրականանում է ՀՀ պետական բյուջեով, իսկ 2-ում՝ դեռևս ՄԱԿ ՊՀԾ ծրագրով: 

Գեղարքունիքն և Լոռին օրերս են միացել Ազգային ծրագրին, 2022-23թթ. հաջորդիվ Կոտայքի և Արմավիրի մարզերի դպրոցները ևս կանցնեն պետական գանձարանի հոգածության տակ։ Այսպիսով, ծրագրի իրականացման արդյունքում՝ երկրի մարզային 1070 դպրոցների տարրական դասարանների ավելի քան 102 000 աշակերտ ամեն օր տաք, առողջ, հավասարակշռված սնվելու հնարավորություն են ունենում ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի ՊՀԾ-ի համատեղ ֆինանսավորմամբ։

 

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի մասին

ՀՀ կառավարության կողմից 2016թ․-ին ստեղծված «Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամ»-ի նպատակն էր աջակցել Ազգային ծրագրին անցմանը և «Կայուն դպրոցական սննդի ծրագրի» զարգացմանը: 2020թ․ին «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը  վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի։ Դրա կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, որի գլխավոր նպատակն է առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավումը, դպրոցական որակյալ կրթության ապահովումը։  

Այսպիսով, ԴՍԵԲ-ն ու գործընկերները երեխաների առողջ զարգացման ու ապագայի շուրջ համայնք են հյուսում՝ կազմված դպրոցներից, գործընկեր կազմակերպություններից, ՏԻՄ-երից, նվիրատուներից ու ծնողներից։ Մեկ բաժին տաք սնունդը գյուղական համայնքներում հեղափոխական է դառնում՝ ժամացույցի պես աշխատող մեխանիզմի նման գործի գցելով տեղական փոքրիկ արտադրությունները, մշտական զբաղվածություն առաջարկելով տեղի բնակիչներին, տաք, առողջ սնունդ դնելով երեխայի սեղանին, սովորեցնելով առողջ ապրելակերպի կանոններն ու ձևավորելով առողջ սովորություններ։