Դպրոցական սննդի միջազգային օր. առողջ սննդի շաբաթ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակը և նրա գործընկերները՝ Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, մարտի 6-10-ը Զառ գյուղի (Կոտայքի մարզ) Ժ․ Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում կանցկացնեն առողջ սնվելու շաբաթ:

Միջոցառմամբ գործընկերները տոնում են Դպրոցական սննդի միջազգային օրը, որն արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրում ներգրավված դպրոցների համար:

Դպրոցական սննդի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Մեր փոփոխվող սննդակարգը՝ մեթոդներ, ճաշացանկ և ուտեստներ» խորագրով: Այս անգամ տարրական դասարանների աշակերտներն ուսուցիչների հետ միասին կբացահայտեն առողջ սնվելու հիմնական սկզբունքները՝ կատարելով թեմատիկ առաջադրանքներ։

Տոնը համախմբելու է տարրական դասարանների դպրոցականներին և նրանց ծնողներին։ Երեխաները կմասնակցեն տարբեր խաղերի, ինտերակտիվ ներկայացման։ Խոհարարի և սննդաբանի կողմից ծնողների համար կկազմակերպվի առողջ սննդի վարպետաց դաս՝ մասնակիցներին առողջ սնվելու հիմունքներին ծանոթացնելու, «Դպրոցական սնունդ» ծրագրին ծնողների ուշադրությունը հրավիրելու և երեխաների ճաշացանկում բանջարեղենի և մրգերի ընդգրկման կարևորության մասին նրանց հիշեցնելու համար:

Մարտի 6-9-ը կազմակերպիչները սիրով հրավիրում են դպրոցական սնունդ տրամադրող բոլոր հետաքրքրված դպրոցներին՝ նշելու առողջ սնվելու շաբաթը Հայաստանում, միասին կատարելու հետաքրքիր առաջադրանքներ՝ դպրոցներում տոնական մթնոլորտ ստեղծելով: Առողջ սնվելու շաբաթվա համար հատուկ պատրաստված ուղեցույցներն ու գործիքները կարող եք ներբեռնել հետևյալ հղումով։

Կիսվեք ձեր գունեղ տոնակատարության մասին պատմող գրառումերով, լուսանկարներով ու տեսանյութերով #ISMD2023 և #ISMD2023Armenia հեշթեգերով:

2023 թվականին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 11-րդ տարեդարձը, որը նշվում է մարտի սկզբին: Այդ օրն ամբողջ աշխարհում դպրոցական սննդի ծրագրերում ներգրավված դպրոցների ուսուցիչները, աշակերտները ու խոհարարները կմասնակցեն թեմատիկ միջոցառումների և կկիսվեն դպրոցական առողջ սննդի ծրագրի հետ կապված իրենց հաջողության պատմություններով: Նման միջոցառումների առաջնային նպատակն է՝ քննարկել դպրոցական սննդի նշանակությունը և դրա հսկայական ներդրումը կրթական գործընթացներում և երեխաների բարեկեցության գործում:

2010-ից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ մարզերում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը։ 2015-ից սկսած՝ ՀՀ տարբեր մարզերում աստիճանաբար ծրագիրն անցավ ՀՀ կառավարությանը և ամբողջությամբ ազգայնացվեց 2023 թվականի հունվարին։ Ներկայում ՀՀ կառավարությունը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը հանրապետության 10 մարզում՝ յուրաքանչյուր օր ավելի քան 100 000 երեխայի ապահովելով առողջ և հավասարակշռված սննդով։