Դպրոցի մեկ աման տաք ապուրը բազմաթիվ երեխաների հիմնական օրաբաժին

Լոռու մարզի Շահումյան գյուղի դպրոցում 2020-ի ամռանը եռուզեռ էր․ բարեկարգվում, նոր գույն ու տեսք էր ստանում դպրոցական ճաշարանը։

– Մեր համայնքի համար չափազանց կարևոր նշանակություն ունի ճաշարանի վերանորոգումը, քանի որ շատ անապահով ընտանիքների համար այդ տաք սնունդը իրենց  ուտելիքի հիմնական օրաբաժինն է կազմում,- ասում է դպրոցի տնօրեն Ռիտա Հարությունյանը։

Վերջին տարիներին հաճախակի կարկտահարություններից ու հեղեղումներից տուժած գյուղը շատ է տանջվել․ արոտավայրերը հեռու են, ինչն ազդում է անասնապահության զարգացման վրա, մշտական տեղումներից խոտի որակն ընկնում է, արդյունքում տուժում է նաև մսի ու կաթի որակը։  Ինչպես դպրոցի տնօրենն է պատմում, համայնքի այգիները ծերացել են, սեփականաշնորհումից հետո՝ մեծամասամբ հատվել, իսկ վառելիքաէներգետիկ ճգնաժամի պատճառով ոչնչացվել է շրջակա անտառը 70%-ով, որն էլ ազդել է կլիմայի վրա:

Չնայած Շահումյան գյուղից վերև՝ սարերի գլխին սառնորակ ու տաք աղբյուների իսկական հարստություն է՝ «Տանձուտ» և «Չիչխան» գետերի գլխավորությամբ, գյուղը ոռոգման ջուր չունի․ մշակված կարտոֆիլը, կաղամբն ու այլ բանջարաբոստանային կուլտուրաների բախտը կախված է բնության քմահաճույքից․ անձրև կլինի՝ բերք կհավաքեն, չի լինի՝ կկորցնեն բերքի 80%-ը:

85 տարի առաջ գյուղում բացված պահածոների գործարանն էլ սեփականաշնորհումից հետո կամայական է գործում՝ գործազուրկ թողնելով 300 բնակչի։ Արտագաղթի պատճառով պակասել է նաև գյուղի աշակերտների թիվը․ նախկինում 305 աշակերտի փոխարեն այս տարի դպրոց է գնացել  232 երեխա։

Այս տարի սեպտեմբերին՝ ինտենսիվ դպրոցական այգու բացմանը զուգընթաց բացված դպրոցի նոր ճաշարանն իսկական տոն էր գյուղացիների համար։ Երեխաները վերջապես լուսավոր, մաքուր սենյակում տաք ապուր ու աղցաններ կուտեն։

20 տարի դպրոցում դասավանդած ու վերջին երկու տարում դպրոցը ղեկավարող Ռիտա Հարությունյանը հիշում է՝ վերջին անգամ 13 տարի առաջ վերանորոգված դպրոցի ճաշարանին այդպես էլ վերանորոգող ձեռք չի դիպչել։

– Նկարները մնացել են հիշողություն ավերակի վերածված ճաշարանից՝ միջնորմերը քանդած, հատակը մաշված, պատերը՝ խունացած։ Տարածքն ընդհանրապես չի օգտագործվել, տարիներ շարունակ անգամ դուռը չի բացվել,- պատմում է տնօրենը։

Մեկ տարի առաջ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասնագետները այցելեցին դպրոց, զննեցին, հաշվարկներ ու գծագրեր արեցին, և հաջողությունը թակեց ճաշարանի դուռը։

2014-ից «Դպրոցական սնունդ» ծրագրով Հայաստանի Կառավարությունը գործընկերների՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի հետ սկիզբ դրված առողջ սննդով մարզերի դպրոցների տարրական դասարանների աշակերտներին ապահովելու ծրագրում ներառեց նաև Շահումյանի միջնակարգ դպրոցը։ Այդպիսով տաք համերը, առողջ բույրերը դպրոցում հայտնվելու հնարավորություն ստացան։

Տնօրենը  թվարկում է  մաշված ճաշարանը խելքի բերելու քայլերը․ ամեն ինչ սկսվեց հնի հարցերը լուծելուց․  քանդման ահռելի աշխատանքներ արվեցին․ սալիկները պատերից ու հատակից հանեցին, տախտակները քանդեցին, պատերը մաքրեցին, կիսաքանդ միջնորմերը կրկին ամրացվեցին երկաթներով։

Պարենի համաշխարհային ծրագիրը դպրոց եկավ շինանյութի մեծ պաշարով․ սալիկներ՝ հատակի ու պատերի համար, ցեմենտ՝ հիմնանորոգման համար, գիպսոնիտ՝ պատերի հարթեցման համար, 7 կերամիկական լվացարան, սալիկների համար սոսինձ, պատուհաններ ու դռներ, ջրի խողովակներ։

– Հիմա մեծ ճաշասենյակ ունենք, 2  պահեստ, լայն միջանցք, առանձին խմոր անելու ու հաց թխելու տարածք, սենյակ ենք առաձնացրել նաև խոհարարների հանգստի համար, նախատեսել ենք այնտեղ նաև փոքր սանհանգույց ու լոգասենյակ տեղադրել,- աշխատանքներն է ներկայացնում Հարությունյանը՝ նշելով, որ ամբողջությամբ փոխվել է կոյուղին, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդրներն են լուծվել։

Մարզպետարանը շտապել է օգության՝ տրամադրելով ավելի քան 6 մլն դրամ՝ պակասող շինանյութը գնելու և շինարարական աշխատանքների համար վճարելու,  240 քառակուսի մետր մակերեսով ճաշարանի շինարարությունն ու վերանորոգումը ավարտին հասցելու համար։ Հակահամավարակային կանոնների խստիվ պահպանմամբ՝  նոր գործարկվող ճաշարանից կօգտվի տարրական դասարաններում սովորող 98 երեխա։

– Ճիշտ է, մենք ճաշարան չենք ունեցել, փոքր սենյակ է եղել՝ վատ պայմաններով, բայց երեխաներին տաք սնունդ տվել ենք՝ պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները,- հիշում է դպրոցի խոհարար Ալինա Հովհաննիսյանը,- ՊՀԾ-ից 6 տեսակի սնունդ էինք ստանում ու ճաշեր պատրաստում, իսկ ծնողներից ամսական հավաքած 1000 դրամով գնում էինք պակասող մթերքները՝ կարտոֆիլ, գազար, կաղամբ և այլն։ Հին խոհանոցում աշխատանքը կազմակերպելը շատ դժվար էր․ անգամ մեր դրսի հագուստը կախելու հնարավորություն չկար, բայց հիգիենան գերազանց վիճակում էր։

Մեկուկես տարի դպրոցում աշխատող խոհարար Ալինան ճաշարանի վերանորոգման ընթացքում հասցրել է մասնակցել  «Դպրոցական սննդի առողջապահական նշանակությունը․ ծրագիր խոհարարների համար» երկշաբաթյա դասընթացին։ Հիմա արդեն գիտի, որ թեյի փոխարեն երեխաներին միայն թարմ մրգերից պատրաստած կոմպոտ պետք է տալ,  սպիտակաձավարը ճաշացանկում տեղ չունի, փոխարենն ավելացել է հատիկեղենը, իսկ կարագի փոխարեն պետք է միայն բուսայուղ օգտագործել։ Վերջինիս հետ, իհարկե, դեռ չի համակերպվել, բայց առողջ սննդակարգին պետք է սովորել։

– Մնում է մեր խոհանոցի սպասքի հարցը լուծել ու կդառնա մեծ, հսկայական, շքեղ տարածք,- ժպիտով ակնարկում է նա։

Բարեգործներից մեկը խոստացել է գումար հատկացնել սպասքի համար, իսկ նոր աթոռներն ու սեղաններն արդեն սպասում են իրենց օգտագործողներին։ Մնում է տաք ապուրով լցված ափսեները շարվեն սեղաններին, պատերը զնգան երեխաների ուրախ ծիծաղից, խոսք ու զրույցից։