Իրական լսարանից վիրտուալ դասասենյակ. չնայած կորոնավիրուսի համավարակին` խոհարարների ուսուցման գործընթացը կանգ չի առել

Ջուլիետա տատիկի պատրաստած ոլոռով ապուրն այնքան համեղ է, որ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սաները վերջացնում են հաշված րոպեների ընթացքում։ Դպրոցական խոհանոցում տարիների փորձ ամբարած Ջուլիետա Ամիրբեկյանը գիտի՝ ինչպես գոհացնել երեխաներին իր պատրաստած համեղ ճաշերով, իսկ թե ինչու էր տաբու լաքապատ եղունգներով դպրոցական խոհանոց մտնելը, պարզեց բոլորովին վերջերս՝ հատուկ իր և գործընկերների համար կազմակերպված դասընթացի ժամանակ․ 

– Թեև վաղուց մոռացել եմ եղունգներս ներկելու մասին, որովհետև արգելված է այդպես խոհանոց մտնել, բայց միայն հիմա բացատրությունն իմացա․ լաքը թունավոր է, երեխաների առողջության համար՝ վտանգավոր,- ասում է տիկին Ջուլիետան։

 Դպրոցական խոհանոցում աշխատելու այս ու շատ այլ գրված ու չգրված կանոններին տիկին Ջուլիետան ծանոթացավ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի «Դպրոցական սննդի առողջապահական նշանակությունը․ ծրագիր խոհարարների համար» երկշաբաթյա  դասընթացի շնորհիվ։

Այս խոհարարներին է տրված եղել երեխաների համար առողջ սնունդ պատրաստելու  գործը, նաև հաշվի առնելով, որ իրենք էլ դպրոցական երեխա կամ թոռնիկ ունեն, չէ որ նրանք իրենց հետ մայրական հոգատարություն են բերում ճաշարան։ Նրանք պրոֆեսիոնալներ չեն, խոհարարական հմտությունները հավաքել են սեփական խոհանոցում, այնպես որ, մասնագիտական վերապատրաստման ընթացքում զինվում են դպրոցական ճաշարան մտնելու ամենակարևոր «կարելի»-ներով ու «չի կարելի»-ներով։ 

– Ծրագիրն այնպես է կազմվել, որ իրենց ոլորտի հետ կապված բոլոր մասնագիտական հարցերն արծարծել ենք, պատասխանատվության մեծ զգացողություն առաջացրել, շեշտել կարևոր թվացող պուճուր գործողությունների, մանրուքների իրական կարևորությունը,- ասում է «խոհարարական գործ» մասնագիտության դասախոս, արտադրական ուսուցման վարպետ, դասընթացավար Ելենա Մարությանը։

Դասընթացը 2 բաղադրիչ ունի՝ «Սննդի առողջապահական նշանակությունը» և «Սննդամթերքի անվտանգությունը/սանիտարական հիգիենան»։  Առաջինի շրջանակներում մասնակիցներն ունկնդրում են սննդի կազմության, առողջ սննդի կարևորության, ուտելիքի պատրաստման առողջ ու անառողջ եղանակների, սննդամթերքների փոխարինելիության մասին դասախոսություններ։ Խոհարարները սննդաբանների հետ նաև քննում են դպրոցական ճաշացանկը, պարզելով, որ սննդատեսակները գրամ առ գրամ հաշվարկված  են այնպես, որ բավարարեն  երեխաների  օրգանիզմին անհրաժեշտ կարևոր սննդանյութերի և էներգիայի պահանջը օրվա առաջին կեսի համար՝ մոտ  553 կկալ։

«Բալանսավորված սնունդը երեխայի համար ոչ միայն սովի փարատում պիտի լինի, այլև ճիշտ սննդային սովորություններ ձևավորի՝ օրինակ, հրաժարում ավելորդ աղից, շաքարից։ Այն ոչ միայն ներկա պահին է օգնում, այլև հետագայում երեխայի լավ ընկալմանն ու կենտրոնացմանն է նպաստում, ապահովում է բարձր առաջադիմություն։ Դպրոցում սնված երեխաները ավելի քիչ են ծխում ու ավելի բարձր կրթական մակարդակ ունեն»,- ասում է Արմեն Մկրտչյանը։

Սոնա Մաթևոսյանը, որ  Վանաձորի թիվ 24 դպրոցում կերակրում է 360 երեխայի, դասընթացի 2-րդ բաղադրիչի՝ «Սննդամթերքի անվտանգություն/սանիտարական հիգիենա»  շնորհիվ ամրապնդեց գիտելիքները՝ ինչպես մշակել մթերքները, լվանալ սպասքն ու հարթ մակերեսները, պահեստի ու սառնարանի որ դարակում պահել յուրաքանչյուր մթերք, ինչպես խուսափել խաչաձև աղտոտումից, որ առողջ ուտելիքը պատրաստման ճանապարհին երեխաների  համար անառողջ, վտանգավոր չդառնա։ Բայց իսկական բացահայտումը սննդային աղտոտիչներն էին․ Սոնան չէր էլ մտածել նախկինում, որ, օրինակ՝ մազը, եղունգը, հավի ոսկորն ու  ստվարաթուղթը եթե առօրյայում պարզապես անմեղ իրեր են, ապա դպրոցական խոհանոցում կարող են վտանգավոր ֆիզիկական աղտոտիչ լինել։

– Այս օրերին ես ավելի պատկերավոր հասկացա, թե ինչու է պետք գլխարկով ու գոգնոցով լինել խոհանոցում, պարզեցի, որ հագուստի վրայի անմեղ կոճակը, որ միամիտ կարող է հայտնվել ուտելիքի մեջ, կարող է պարզապես խեղդել երեխային,- պատմում է Սոնան։ – Գնամ կոճակավոր հագուստներս մի կողմ դնեմ․ դրանք էլ դպրոցում չեմ հագնելու։ 

 50 Ժամ տեսական ուսուցում անցած մասնակիցներն այժմ ավելի լավ գիտեն՝ մթերքը ճիշտ ու համապատասխան տախտակների վրա կտրատելու, սառնարանում պահելու նրբությունները։ Գիտեն, թե որ հիվանդության դեպքում չի կարելի խոհանոց մտնել, տարբերում են նաև տնական կերակուրն ու դպրոցի համար պատրաստվող կերակուրը։ 

Իրական լսարանից՝ վիրտուալ դասասենյակ

 ԴՍԵԲ հիմնարկի՝ հեռավար ուսուցման առաջին փորձն էր Վանաձորի տարածաշրջանի խոհարարների հետ օնլայն դասընթացը։ Կորոնավիրուսային համավարակը ստիպեց փոխել աշխատանքային  ձեռագիրը և իրական լսարաններից տեղափոխվել վիրտուալ աշխատասենյակներ։ Համավարակային անորոշությունը խառնեց պլանները, բայց խոհարարներին կրթելու թանկարժեք ժամանակը ԴՍԵԲ-ում կորցնել չէին կարող․ ինքնակազմակերպվեցին՝ հարմարվելով օնլայն տիրույթի թելադրած կանոններին․

– Ամեն ինչ սկսեցինք դասընթացի նյութերը վիրտուալ հարթակին հարմարեցնելուց,- պատմում է ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը։- Հաշվի առնելով, որ այստեղ չկա մարդկային շփման, ժեստերի, աչքերի կոնտակտի էներգիան կիրառելու հնարավորությունը, ավելացրեցինք գործնական նյութերը, հաշվարկեցինք՝ ինչքան ժամանակում է մարդը էկրանի դիմաց հոգնում, ավելացրեցինք ընդմիջումները, դասընթացավարների հետ մշակեցինք ուսումնական նյութերի մատուցման ինտերակտիվ հնարքներ։

 Թե ինչ հնարամտությամբ դպրոցների խոհարարներին վիրտուալ հարթակում հավաքեցին, ԴՍԵԲ հիմնարկի միջոցառումների ու դասընթացների կազմակերպիչ Սոնա Մալխասյանը գուցե մի օր հուշապատումներում ամփոփի․ հակիրճ՝ այսպես․ ամեն ինչ բարդ էր, կային մարդիկ, որ էլեկտրոնային փոստարկղերին նույնիսկ ծանոթ չէին, ուսուցման հարթակներին՝ էլ չասած․

– Չնայած մինչև դասընթացները սկսելը բոլորին մանրամասն բացատրում եմ դասին միանալու ձևերը,  մեկ է, դասընթացի առաջին օրերին տեխնիկական հարցադրումների տարափ է լինում․ ինչպես միանալ, ձայնը չի լսվում, կապը կտրտվում է, համակարգիչ չկա,- պատմում է Սոնան։ – Մեր մարզային գործընկերները, անգամ դպրոցի տնօրենները, օգնում են իրենց աշխատակիցներին կարողանալ հարմարվել օնլայն դասերին։ 

Այն, որ անգամ տեխնիկական բարդությունները խոչընդոտ չեն մասնակցության բարձր ցուցանիշ արձանագրելու համար, Սոնան մեծապես պայմանավորում է դասընթացավարների պրոֆեսիոնալիզմով։

– Նրանք այնքան հասկանալի, գրագետ, հետաքրքիր ու իրական են պատմում նյութը, որ մասնակիցները բաց չեն թողնում և ոչ մի րոպե՝ դասերին մասնակից լինելու համար։ Մեզ համար ավելի մեծ գնահատական, քան այն, որ մասնակիցները ինքնակամ, առանց պարտավորությունների միանում են  դասընթացներին, չկա։ 

Ագրարային համալսարանի Միջազգային կապերի բաժնի պետ, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր, դասընթացավար Գարեգին Համբարձումյանը խոստովանում է՝ կենդանի շփման, առկա դասերի հետ անգամ ամենալավ օնլայն հանդիպումները չէր փոխի, սակայն երբ տարբերակ չէր մնում, նժարին մարդկանց առողջությունն է, վիրտուալ միջավայրին հարմարվելը բարդ չեղավ․

– Ստիպված եղա մատուցվող նյութից հանել խմբային խաղերն ու առաջադրանքները, որովհետև տեխնիկապես հնարավոր չէր կազմակերպել,- պատմում է Գարեգինը, – փոխարենը օգնության եկան տեսահոլովակները։ Օրինակ՝ ցուցադրում էի հոլովակ՝ ինչպես է խոհարարն աշխատում խոհանոցում, հետո հարց տալիս՝ թվեք սխալները, որ նա թույլ է տալիս աշխատելիս։ Մասնակիցները  գտնում ու իրար հերթ չտալով՝ հնչեցնում են տեսահոլովակում տեսած խնդիրները։

   Ելենա Մարությանը մյուս գործընկերների պես վերցրեց գրիչն ու թուղթն ու շտկումներ արեց իր ուսումնական նյութերում։ Սննդի անվտանգություն ու հիգիենայի կանոններ, դպրոցական ճաշարանի կառուցվածք,  սպասքի, սարքավորումների, տարածքի ախտահանում, հիվանդություններ, ախտահարիչներ․ բովանդակային առումով ամեն ինչ նույնն է, միայն փոխվել է  հաստատված ուսումնական նյութի՝  վիրտուալ հարթակում մատուցման ձևը։

– Աշխատում եմ դասը հնարավորինս պարզ ու մատչելի կառուցել, առանց այն էլ, մարդկանց ուշադրությունը պահելն այստեղ հեշտ գործ չէ, եթե մատուցվող նյութն էլ ակադեմիական ոճով լինի, քչերը այն կընկալեն,- ասում է Ելենա Մարությանը։ – Ամեն ինչ բացատրել եմ կենցաղային օրինակներով, իրենց միջավայրին բնորոշ իրավիճակների քննարկմամբ, տվել տնային առաջադրանքներ, օրինակ ստուգել՝ դպրոցի ու տան խոհանոցային ամաններն արդյոք այնպիսի նյութից են, որ թույլատրելի է սննդային նյութերի պահպանության մեջ կիրառել։ 

Դասընթացի համար նախատեսված մոդուլների վրա մի ամբողջ պրոֆեսիոնալների թիմ է աշխատել՝ տեսական նյութին գումարելով գործնական վարժություններ, որոնք  օգնում են  ամրապնդել ստացած գիտելիքը։ Դասընթացավար, սննդաբան Արև Մազլումյանը վստահ է՝ իրենք ոչ միայն ընդհանուր տեղեկատվություն են տրամադրել, այլև մասնակիցներին կրթել են որպես անհատ, որ կարողանան երեխաների հետ ճիշտ աշխատել։ Չնայած օնլայն ձևաչափի  դժվարություններին՝ դասընթացավարներին հաջողվել է ակտիվ պահել մասնակիցներին։

 – Խոհարարների հետ խոսեցինք սննդային բուրգից, առողջ ափսեից, առողջ սննդապատրաստման մեթոդներից, ալերգիաներից։ Քննարկեցինք՝ արդյոք իրենք նախաճաշում են, իրենց երեխաներն ինչ են ուտում առավոտյան։ Խոհարարները նաև ծնողներ են, և շատ կարևոր է, որ ծնողական հոգածությամբ մտնեն խոհանոց,- ասում է Արևն ու հավելում, որ ուրախ է արձանագրել, որ թվանշային միջավայրում անգամ կային դասերը ոտքից գլուխ կլանված լսող ու հարցերի ցանկով ակտիվ մասնակիցներ։

 ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանն ասում է, որ թիմային նվիրված աշխատանքի շնորհիվ հաջողվեց օնլայն դասընթացները բարեհաջող գլուխ բերել, ու հավելում, որ անգամ դրական կողմեր են նկատել․

 – Հեռավար դասերը թույլ են տվել ավելի լայն ընդգրկում ունենալ՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ովքեր ընկալում են էկրանից հնչեցրած տեղեկությունները, իրենց կյանքում ու սեփական խոհանոցում վարքագծային փոփոխություններ անում։ 

 Խոհարարները դասընթացներից գիտելիքներ են հավաքում ոչ միայն դպրոցական խոհանոցում գրագետ աշխատելու համար, այլև հենց իրենց կենցաղում են շտկումներ անում․ ծրագիրը ձևավորում է առողջ ապրելակերպի, գրագետ և առողջ կենցաղավարման նոր, վարակիչ վարքագիծ։ 

-Մի մասնակից պատմեց, որ իրենց ընտանիքում  շատ են սիրում ձեթի մեջ տապակած կարկանդակներ ուտել, ինքն էլ որպես տնտեսուհի հաճույքով է պատրաստում։ Դասընթացավար Արմեն Մկրտչյանը բացատրեց նրան, որ ձեթի մեջ պատրաստված կարկանդակները հաճախ ուտելը առողջության համար ռիսկային է՝ խորհուրդ տալով նույն խմորից պատրաստված կարկանդակները թխել ջեռոցի մեջ,- պատմում է Սոնա Մալխասյանը։ – Այդ խմբի հետ դասընթացը վերջացրել էինք, օրեր անց մասնակիցը  ընդհանուր խմբում տեղադրեց ջեռոցում թխված կարկանդակների նկարները և գրեց, որ շատ շնորհակալ է մեր ծրագրից, որի շնորհիվ ընտանիքը առողջ ապրելակերպի է անցել։

Սարալանջի միջնակարգ դպրոցը փոքր է, այստեղ սնվում են ոչ միայն կրտսերները, այլև դպրոցի բոլոր 14 սաները։ Խոհարար Մանուշ Աթոյանը նրանց հետ միասին կերակրում է նաև նույն դպրոցի սովորող իր երկու երեխաներին : Բոլորի համար սնունդը պատրաստում է այնպես, ինչպես  իր սեփական երեխաների համար։ Մանուշն ասում է, որ այս դասընթացից հասկացավ՝ իրականում ինչ մեծ պատասխանատվություն է վերցրել ուսերին՝ համաձայնելով մտնել դպրոցական խոհանոց․

 – Մինչ այս, իհարկե, հասկանում էի՝ ինչքան կարևոր է երեխաների առողջության հետ գործ ունենալը, բայց որ այս աստիճանի ամեն մանրուք կարող է կարևոր լինել, պատկերացնել անգամ չէի կարող։

Հեռավար ուսուցումը առկայի առավելությունները չունի, բայց նույն հեռավար դասընթացների շնորհիվ ձևավորվում է խոհարարների իսկական համայնք, որ առկա տարբերակի դեպքում հնարավոր էլ չէր պատկերացնել․ մարդիկ ծանոթանում, հարաբերություններ են կառուցում ավելի երկար ժամանակի համար․

– Մարդիկ նույնիսկ դասաժամից մի փոքր շուտ են միանում զումին, որ շփվեն, մեկը մյուսին հարցնում է՝ դու այսինչ մարդու հա՞րսն ես, տարբեր գյուղերից մարդիկ իրար հետ ծանոթներ են դուրս գալիս։ Դասընթացի վերջում, մասնակից խոհարարները վայբերի խմբերում քննարկում են իրենց աշխատանքային օրվա պատմությունները, խմբում նկարներ են տեղադրում,  թե ինչպես են ճաշը պատրաստել,  երեխաները  շատ գովել են իրենց, կիսվում են հուզիչ պատմություններով։ 

ԴՍԵԲ -ը 2021-ի խոհարարների հեռավար դասընթացները սկսվեց Լոռու մարզից՝ վերապատրաստելով 167 խոհարարի, հետո՝ Վայոց Ձորի 48 խոհարար անցավ դասընթացը, այժմ գիտելիքները հեռավար թարմացնելու հերթը հասել է Սյունիք, 78 խոհարարի վերապատրաստումն ընթացքի մեջ է։ Խոհարարներին զուգահեռ, ԴՍԵԲ-ը  դասընթացներ է իրականացնում նաև դպրոցների տնօրենների և ծնողների համար։ Մայիսից սկսած՝ 190 տնօրեն սննդի առողջապահական նշանակության, սննդամթերքի անվտանգության, պետական գնումների գործընթացի կազմակերպման մասին դասընթացի է մասնակցել, 76 ծնող էլ՝ երեխային առողջ սնունդ տալու կարևորությանը հաղորդակից եղել։

Խոհարարների տեսական դասընթացները վիրտուալ լսարաններում արդյունավետ իրականացնել հաջողվեց, բայց ԴՍԵԲ-ը ամեն ինչ անելու է, որ վերապատրաստման գործնական մասը վերադառնա իրական լսարաններ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, անվտանգ հեռավորությունը, նվազեցնելով մասնակիցների թիվը․ նախկին 25-ի փոխարեն, միաժամանակ 15 խոհարար մասնագիտական գործնական գաղտնիքներին կծանոթանա ու կփորձարկի տեղում՝ դասընթացավարի հմուտ առաջնորդությամբ։