Լիդա տատիկի թիվ 27 մոլորակն ու մոլորակի սմարթ ջերմոցը

Լիդա տատիկն ամեն առավոտ արևից շուտ է արթնանում, կարգի բերում իր մոլորակն ու արևի հետ քայլելով՝ մտնում Վանաձորի թիվ 27 դպրոցի ճաշարան: Մինչ իր օգնականների գալը, յուրաքանչյուր երեխայի չափաբաժնով կշռում է մթերքը, մաքրում, նախապատրաստում եփվելուն։

– Առավոտ ծեգին՝ ժամը 7-ից խոհանոցում եմ, օգնականներիս այսքան վաղ  չեմ կանչում, քանի որ երեխաներ ունեն․ իրենք գալիս են 8 անց կես։ Ճաշը պիտի պատրաստ լինի, որ սեղանը  ժամը 10-ին գցենք,- պատմում է Լիդա տատիկը ու կարոտով սպասում, թե երբ է նորից ճաշարանը համեղ բուրելու, երեխաներին կերակրելուց հետո օգնականների հետ երբ է վայելելու մի բաժակ սուրճն ու անցնելու խոհանոցի մաքրությանը։

1988 թվականի երկրաշարժից հետո նոր կառուցված թաղամասում հիմնված Վանաձորի թիվ 27 դպրոցը 30 տարի չի հիմնանորոգվել։ 800 աշակերտի համար նախատեսված տիպային դպրոցում ճաշարան նախատեսված եղել է, բայց ֆիզիկապես մաշվել էր, հնացել։ Հիմա նոր երանգ ու գույն է հագնում։

– Դպրոցական սնունդ ծրագրի մթերային բաղադրիչում ընդգրկվելու համար  ճաշարանում կոսմետիկ վերանորոգում ենք արել, դպրոցի միջոցներով գույք գնել, որևէ տեղից տեխնիկական աջակցություն չի եղել։ Հիմա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տրամադրել է շինանյութի մի մասը՝ ծեփամածիկը, ներկերը, դռներն ու պատուհանները և այլն, պետությունն էլ 7մլն դրամ է հատկացրել ամբողջական վերանորոգման փաթեթն ավարտելու համար,- պատմում է դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը։

2010թ-ից ՀՀ Կառավարության հետ համատեղ SIFI-ի տեխնիկական և ՌԴ ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն իրականացնում է «Հայաստանում դպրոցական սննդի ծրագիրը»։ Նախագիծն ուղղված է ՀՀ մարզերում դպրոցականների համար հավասարակշռված սննդի ապահովմանը, ինչպես նաև հասանելի և կայուն դպրոցական սննդի Ազգային ծրագրի ստեղծմանը։  

Վանաձորի թիվ 27 դպրոցի ճաշարանի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021թ. հոկտեմբերից։ Շենքում կառուցվածքային փոփոխություն չի արվել, փոխարենը ամբողջությամբ փոխվել են ջրամատակարարման խողովակները, պատուհաններն ու դռները, սալիկապատվել է հատակը, հերթում սանհանգույցի փոփոխումն է։ Խոհանոցի նոր սպասքի ձեռքբերման հարցը լուծելու է դպրոցը։

– Դպրոցի կենտրոնացված ջեռուցումն էլ ապահովում է կաթսայատունը, բայց նախատեսում ենք առաջիկայում լոկալ համակարգ տեղադրել խոհանոցում,- ապագա պլաններով կիսվում է տնօրենն ու ուրախությամբ նշում,- ՄԱԿ ՊՀԾ-ի աջակցությամբ դպրոցում անցած տարվա հունվարից տեղադրվել է 40 կիլովատանոց արևային ֆոտովոլտային կայան, որն ապահովելու է դպրոցի էլեկտրաէներգիայի ողջ պահանջը։

Կայանի արդյունավետության մասին եզրահանգումներ կարելի է անել այս տարվա դեկտեմբերի վերջին, բայց տնօրենը վստահ է, որ ցուցանիշերը լինելու են ինչպես և հաշվարկվել է։

Խոհարար Լիդա Մանուկյանն էլ ամեն օր այցելում է դպրոց, ուրախանում վերանորոգված 300 քառակուսի մետրով և նրա հարակից ենթակառուցվածքում մտովի տեղավորում նոր նվեր ստացած հացի վառարանն ու խմորհունցիչը։ Հետո ոգևորվում պատկերացրած կարմրաթուշ հացի տեսքից ու բույրից։ 

– Հացը արդեն մենք ենք թխելու,- ոգևորված պատմում է նա,- անցած տարի մինչև համավարակը 230 երեխա էինք երկու հերթափոխով կերակրում, հիմա մեկից չորրորդ դասարանում 270 երեխա է սովորում,- ասում է տիկին Լիդան։ Առաջին հացը տալիս ենք ժամը տասն անց կեսի կողմերը, երկրորդը՝ տասնմեկին։ 

Լիդա տատիկը ճաշը լցնում է ամանների մեջ, նրա չորս օգնականները, ինչպես ինքն է ասում՝ իր հարսները, արագ հասցնում են ափսեները դնել սեղաններին։ Երեխաների թիվն ավելացել է, ասում է, թե չհասցնեն այդ կազմով կերակել երեխաներին, տնօրինությունը հաստատ կավելացնի աշխատողների թիվը։ 

– Ես բուժքույր եմ կրթությամբ, մեր աշխատողներին ասում էի էսպես լվացեք ամանները, էնպես չորացրեք, աշխատակիցներն ասում էին՝ էս կնիկն էս ինչքան  բծախնդիր է,- ծիծաղում է Լիդա տատիկը։ Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն հիմնադրամի վերապատրաստման դասընթացն անցանք ու տեսա, որ հիգիենայի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ եմ անում։ 

Երկուշաբթի – մակարոնով փլավ, թեյ, աղցան

Երեքշաբթի – կաղամաբապուր, տեղում պատրաստված թխվածք

Չորեքշաբթի – լոբով ապուր

Հինգշաբթի – հնդկաձավարի փլավ աղցանի կամ որևէ մրգի հետ

Ուրբաթ – թանով ապուր (սպաս) ու թխվածքաբլիթ

Մակարոն, ոսպ, ոլոռ, հնդկաձավար, լոբի, ալյուր, ձեթ․ այս մթերքները դպրոցը ստանում էր ՊՀԾ-ից, իսկ դպրոցի ծնողկոմիտեի միջոցով խոհանոցի սառնարանում հայտնվում էին կարտոֆիլը, գազարը, կաղամբը, հավի կրծքամիսն ու կանաչիները։

Այս ճաշացանկով դպրոցի երեխաները սնվել են 2011 թվականից մինչ այս ամառ, մինչև ծրագրի՝ կանխիկ դրամով գնվող մթերքների համակարգին միանալը` ՄԱԿ ՊՀԾ-ի կողմից իրականացման ընթացքում և նաև հետագայում կառավարության կողմից ֆինանսավորմանն անցնելը: 

– Լոռու մարզը նոր է մտնում Ազգային ծրագիր, և մենք անցնելու ենք ծրագրի դրամային մոդուլին, երբ ամեն երեխայի հաշվարկով պետական բյուջեից գումար կստանանք, ու ինքներս կկազմակերպենք անհրաժեշտ 20 տեսակի սննդի գնման աշխատանքները- ասում է դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը։ – Ես էլ եմ մասնակցել դպրոցների տնօրենների համար կազմակերպված դասընթացին՝ մանրամասն տեղեկանալով գնումների գործընթացի ու սննդի կազմակերպման կարևոր նրբություններին։ Լրիվ պատրաստ ենք Ազգային ծրագրի աշխատելաոճին անցնելու։

Գարեգին Քարհանյանը վստահ է՝ դպրոցական սնունդը ոչ միայն ուսումնական գործընթացի արդյունավետության ու ֆիզիկական առողջության վրա է ազդում, այլև որոշակի սոցիալական հավասարության խնդիր է լուծում՝ հատկապես անապահով ընտանիքների պարագայում։ Դպրոցը խիստ մարտական է պատրաստվել Ազգային ծրագրին անցնելուն։ Որպեսզի երեխաները էկոլոգիապես մաքուր մթերքով սնվեն, Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ դպրոցում ջերմոցային տնտեսություն է ստեղծվել ու թե ոչ հասարակ, այլ խելացի՝ սմարթ ջերմոցներ ունեն։

 

– 400 քառակուսի մետր տարածքով ջերմոցի ուղիղ կեսը հողային է, մյուս կեսը՝ իզոպոնիկ։ Սեպտեմբերի վերջին առաջին ցանքն ենք արել․ լոլիկի սածիլներ ենք տնկել, 460 հատ տեղավորվեց,- ոգևորված պատմում է տիկին Լիդան, ով նաև խնամում է ջերմոցը։

Իզոպոնիկ հատվածում բրոկոլիի ու հազարի սերմեր են ցանել՝ ապագա աղցանների համար։ Ջերմոցը կաթիլային ոռոգման համակարգով են ջրում՝ ապահովելով ջրման հատուկ ժամանակահատվածներ ու ջերմաստիճան․ օրինակ գիշերը օդի ջերմաստիճանը պետք է լինի 7-10 աստիճան։

– Լոլիկներս ծաղկել են, դեռ չգիտեմ՝ ինչքան բերք կտան,- ասում է Լիդա տատը,- Մինչև դեկտեմբերի 18-ը սպասում ենք առաջին բերքին։ Կարևորը՝ երեխաները հետաքրքրված են։ Ճիշտ է, չեմ թողնում ձեռք տան, բայց գալիս ուշադիր նայում են, իսկ էկոսենյակներում իրենց ձեռքով են արդեն սածիլներ տնկում։

2022-ը ճաշարանը կդիմավորի ամբողջովին նոր հագուկապով՝ պատրաստ  հյուրընկալել ու համեղ, առողջ կերակրել դպրոցի կրտսերներին։ Մինչ այդ ամեն օր Լիդա տատը այցելելու է սիրելի խոհանոց, ապա ջերմոց՝  մայրական հոգածությամբ հատիկ-հատիկ թելի վրա փաթաթելու մեկ գիշերվա ընթացքում մեծացած լոլիկի սածիլները։