Կառավարությունը կհոգա Շիրակի մարզի բոլոր դպրոցների ճաշարանների արդիականացման կարիքները

Լավ լուր շիրակցիների համար և ոչ միայն․ կառավարությունը կհոգա Շիրակի մարզի բոլոր դպրոցների ճաշարանային ու խոհանոցային հատվածների կարիքները՝ օգնելով յուրաքանչյուր դպրոցին ձեռք բերել ճաշարանների համար անհրաժեշտ գույքն ու սարքավորումները, որոշ դպրոցների էլ՝ վերանորոգել ճաշարանները՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ պայմանները «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում երեխաներին առողջ ու հավասարակշռված սնունդ ապահովելու համար։  

Դպրոցների՝  233 մլն խնայողություններով և ԿԳՄՍ նախարարության 2023 թ․ բյուջեից 30 մլն դրամի վերաբաշխմամբ (ընդհանուր առմամբ՝ 264 մլն․ դրամով) Շիրակի մարզի բոլոր 128 դպրոցները նոր ուսումնական տարում երեխաներին կդիմավորեն պակասող գույքով ու սարքավորումներով համալրված, որոշ դպրոցներում էլ՝ թարմացված ու բարեկարգված ճաշարաններով։  

 Մարզի երեք դպրոց էլ առաջին անգամ երեխաներին տաք սնունդ տալու հնարավորություն կունենա․ այժմ վերջիններս չոր սնունդ են առաջարկում՝ տեղում սնունդ պատրաստելու համար անբավարար պայմանների պատճառով։

 Շիրակի մարզի դպրոցները 2018-ին «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին միացել են 2018թ.-ի սեպտեմբերին:  «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը մանրամասն հետազոտել ու քարտեզագրել է՝ որ դպրոցում ինչ բացեր կան, որ խոչընդոտում են հարթ ու անխոչընդոտ կարզակերպել դպրոցական սննդի տրամադրման գործընթացը։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են կառավարությանը՝ խնդրանքով՝  հավանության արժանացնել և ֆինանսավորել մարզի դպրոցներում առկա կարիքները լրացնելու նախագիծը։

Կառավարության որոշումն իրականություն է․ առջևում մեծ ու կարևոր աշխատանք է՝ դպրոցներին օգնելու ձեռք բերել պակասող գույքն ու սարքավորումները, բարեկարգելու ճաշարանները։

Կառավարության ապրիլի 27-ի նիստում հարցի  քննարկման տեսանյութը՝ ստորև․