Հեքիաթից պոկված ճաշարանը

 

Խարխլված սյուներ, առանց տանիքի չորս պատեր, պատերի անցքերից ներս սողոսկող ու սուլող միջանցիկ քամի, անկանոն, իրար փաթաթված հոսանքի լարեր ու անգույն հիշողություն․․․ Բայց հեքիաթները միայն գրքերի էջերում չեն․․․ Դրանք կյանքում էլ են պատահում, ու եթե հեքիաթում դդումները կառքեր են դառնում, ապա կյանքում կիսափուլ շինությունը հոգացող ձեռքով կարող է վերածվել լուսավոր ու գունեղ ճաշարանի, որտեղ արևն ու լույսը լայն պատուհաններից առատորեն ներս են լցվում․․․

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ճաշարանն էլ այժմ իր բաժին հեքիաթում է։ 2018 թվականին կիսափուլ, անշունչ շինությունը երկրորդ շնչառություն ստացավ. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում  հիմնանորոգվեց, դպրոցի աշակերտների ծնողների դիզայնով, ճաշակով ու երևակայությամբ  նոր գույներ հագավ։

Դպրոցի շենքը կառուցվել է 1962 թվականին, բայց դպրոցը սկսել է գործել 1989 թվականից։ Ի սկզբանե, շենքում նախատեսված է եղել ճաշարանի համար տարածք, բայց այն այդպես էլ իր նպատակին չի ծառայել․ որպես նկար-հիշողություն՝ արդեն նախկին քանդված շենքի լուսանկարը փակցված է դպրոցի տարրական մասնաշենքում։

 

– Գույքը մեզ տրամադրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, մենք էլ մնացածը փորձել ենք լրացնել ծնողական ներդրումների ու դպրոցի միջոցով։ Ֆինանսական օգնության հարցում իր ներդրումն ունի նաև դպրոցի  ջերմատունը․ այնտեղից ստացված համեստ բերքի վաճառքի գումարն էլ է ուղղվել վերանորոգմանը,- պատմում է դպրոցի տնօրեն Տաթևիկ Սարգսյանը։

Խոհանոցի սպասքի հարցն էլ ի սկզբանե հոգացել էր ԴՍԵԲ հիմնադրամը, սակայն, աշակերտների թվի ավելացմանը զուգընթաց, սպասքի պակաս զգացվեց․ խնդիրը լուծվեց ծնողների աջակցությամբ։

– ԴՍԵԲ-ից ստացած ճաշացանկերն ընդհանրապես չենք խախտում,- պատմում է տնօրենը,- բայց քանի որ ջերմատունը այս տարի բերք է տվել՝ լոբի և դդում, կխոսենք սննդաբանի հետ, ու, եթե կարելի է, մեր ջերմատան բերքն էլ կբերենք խոհանոց՝ երեխաների համար պատրաստելով համեղ ու առողջարար ուտելիքներ դդումից ու լոբուց։

Դպրոցի խոհարար Մերի Պապոյանը համեղ կերակուրներ է պատրաստում արդեն չորս տարի։ Խոհանոցի առաջին ու միակ տիրուհին է․ այստեղ հայտնվել է ճաշարանի նորոգման ու բացման հետ։ Չորս հերթափոխով ամեն օր ընդունում է 254 երեխաների, տաք-տաք կերակրում ու կուշտ փորով ճանապարհում դասերին։ Նույն դպրոցում ներառական կրթություն ստացող որդուն՝ Նարեկին, միջանցքներում երկար սպասելու փոխարեն դպրոցի տնօրենն առաջարկել է բուժքույր Մերիին աշխատել որպես խոհարարի օգնական, նա էլ համաձայնել է․

 

– Նարեկս դպրոցն ավարտել է, բայց ես դեռ էստեղ եմ,- ժպտում է Մերին,- ինձ առաջարկեցին որպես խոհարարի օգնական աշխատել՝ խոհարարների համար նախատեսված դասընթացին մասնակցելուց հետո, հաջորդ օրն իմացա, որ խոհարարը հրաժարվել է դասընթացին մասնակցել, իր փոխարեն ես գնացի։ 

 Ճիշտ է, սկզբում խիստ դժվարանում էր, խճճվում յուրաքանչյուր երեխայի հաշվարկով չափաբաժնի ու կալորիականության մեջ, բայց մասնագիտական դասընթացներից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Խորհուրդներով օգնության հասավ նաև ամուսին խոհարարը։

 

– Դասընթացից բավականին շատ բան իմացա, իսկ դա ինձ շատ պետք էր։ Ես շատ լավ եմ գիտակցում պատասխանատվությունը, որ վերցրել եմ ուսերիս հարյուրավոր երեխաների առողջության համար։ Դրա համար ինձ շատ օգտակար էր գիտելիքներով զինվել՝ հիգիենայից մինչև կերակուրների պատրաստման գաղտնիքներ։ 

Ինչպես հեքիաթում, այնպես էլ այս ճաշարանում պատրաստված կախարդական աղցաններն այնքան համեղ են, որ երեխաներին կաղամբապուր են թվում, գնում են տուն ու հրաժարվում մայրիկի կերակուրից կամ էլ ստիպում զանգահարել խոհարարին ու բաղադրատոմս հարցնել։

Նույն դպրոցի չորրորդ դասարանի դասվար Ալինա Հակոբյանն էլ փաստում է․

– Երեխաներ կան, որ առավոտյան չէին սիրում սնվել,  բայց կարճ ժամանակ անց բոլորը մեկ մարդու պես սկսեցին հաճույքով հաճախել ճաշարան։ Երբ դպրոցում սնվում են, կուշտ են, ավելի լավ են  կենտրոնանում դասերի վրա ու մարսում մատուցվող կրթական նյութը։

Դպրոցի տնօրենը համոզված է՝ խոհանոցի տաք սնունդը շատ ընտանիքների համար ոչ միայն իրենց երեխաների ամուր առողջության խարիսխն է, այլև հսկայական աջակցություն՝ հոգալու երեխաների սննդի հարցը․

– Մեզ մոտ շատ երեխաներ կան, ում ծնողների համար նույնիսկ մեկ նախաճաշը մեծ հոգս է։ Ունենք բազմանդամ ընտանիքներ՝ չորս, հինգ երեխա ունեցող, ովքեր ընդգրկված են «Փարոս» համակարգում։ Դպրոցական սնունդը այս ընտանիքների համար սոցիալական մեծ հարց է լուծում։  Բնականաբար, երեխաների սխալ սնվելը կրթության որակի վրա էլ կանդրադառնար՝ ինչ սոված դասին նստել, ինչ կուշտ կերա՞ծ։

Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ճաշարանում հրաշք անակնկալներ լինում են նաև մեծերի համար․ մի քանի անգամ տնօրենի ուղղորդմամբ դասերը դադարեցվել են, և բարձր դասարանցիները հրավիրվել են ճաշարան՝ տաք ապուր համտեսելու։ Տնօրենը համոզված է՝ մեծերը չպետք է ափսոսանք զգան, ինչ է, թե ճաշարանը սկսել է գործել այն ժամանակ, երբ իրենք արդեն տարրական դասարաններում չեն սովորել։