Նամակ Ձմեռ պապիկին

 

 

Բարև, սիրելի՛ Ձմեռ պապ։ Ես ապրում եմ հեռու՜, քեզանից շատ հեռու մի գյուղում՝ Ախլաթյանում․․․ Լեռներում է մեր գյուղը՝ աստղերին մոտ, պուճուր, սիրուն․․․ Գետ էլ ունենք՝ Այրին․․․ Հենց հոգնես քո ձյուներից ու սիրուն Լապլանդիայից, արի ինձ հյուր՝ ամռանը, ոչ թե գիշերով, այլ լույս ցերեկով ․․․

Բայց քեզ հետ լուրջ զրույց ունեմ, սիրելի՛ Ձմեռ պապ․․․ Գիտեմ՝ Ամանորին դու երազանքներ ես իրականացնում, դրա համար այս անգամ մի կարևոր ցանկություն եմ ականջիդ ասելու ․․․

Ես հեռախոս եմ ուզում ունենալ, կոնֆետների մեծ տուփ ու ամենակարևորը՝ երազում եմ՝ օգնես մեր դպրոցի ճաշարանը նորոգել, որ ես ու ընկերներս տաք, համեղ կերակուր ուտելու հնարավորություն ունենանք։

Սիսիանում ընկերներ ունեմ, Տոլորսում էլ․․․ իրենք պատմում են, որ ամեն երկար դասամիջոցին վազում են ճաշարան ու համեղ ապուրներ ուտում, աղցաններ ու փլավներ։ 

Ես լսել եմ, որ երբ առողջ ճաշիկներ ես ուտում, առողջ ես մեծանում ու խելացի։ Ինձ պետք է խելացի մեծանալ․ մատնահարդար եմ դառնալու, մեր գյուղում ապրեմ։

Ես էլ եմ ուզում երկար դասամիջոցին վազել ճաշարան, ու տեսնել՝ խոհարարը ինչ համեղ ճաշ է պատրաստել։ Հիմա դասարանում ենք ուտում ինչ-որ բաներ պատրաստի՝ մածուն, բանան, պանրիկ, հյութ, բուլկի։

Մեր դպրոցը փոքր է, ճաշարանն էլ է փոքր լինելու, սիրուն Ձմեռ պապ, այնպես որ քեզ ահռելի ծախսի տակ չենք գցի ։)  Դու կարող ես օգնել, որ իմ ու Անուշիկի երազանքը իրականություն դառնա։ Մենք ընկերուհիներ ենք ու երազում ենք միասին գնալ ճաշելու՝ կոմպոտ խմելու, ապուր ուտելու․․․

Ես հավատում եմ, որ Ամանորին պինդ-պինդ մի բան ուզես, Ձմեռ պապին կհասնի նամակդ, ու նա անպայման երազանքդ կիրականացնի։ Ապրես, Ձմե՛ռ պապ, տաք հանգվիր, քեզ լավ նայիր, դու դեռ լիիքը երազանքներ ունես իրականացնելու․․․

 

Միլենա Հայրումյան 

9 տարեկան

Գյուղ Ախլաթյան, Սյունիքի մարզ