Սպիտակի խոհարարներն արդեն գիտեն՝ ինչպես լինել պրոֆեսիոնալ դպրոցական խոհանոցում

Կաթնաջուրի դպրոցի խոհարար Թեհմինա Մանուկյանը վիրտուալ  դասի ժամանակ մտքերով դպրոց էր հասել՝ իր սիրելի խոհանոց։ Կորոնավիրուսի պատճառով խոհանոցի դռները փակվել են, բայց հենց խոհանոց վերադառնա, առաջին գործը, որ անելու է, դռան վրայի կախիչը հանելն է։ 

-Պարզվեց,  դռան  վրա կախիչ ունենալն անիմաստ է, չի կարելի դրսից որևէ հագուստ դպրոցի խոհանոց մտցնել, անգամ դռան վրա կախել չի կարելի,-ասում է Թեհմինան։

«Դպրոցական սննդի առողջապահական նշանակությունը․ ծրագիր խոհարարների համար» երկշաբաթյա  դասընթացը Թեհմինայի համար գրված ու չգրված կանոնների նոր շարք բացահայտեց․

-Մտածում էի՝ ձանձրանալու եմ․ ամեն ինչ գիտեմ։ Առաջին ժամից հասկացա, որ ոչ միայն ամեն ինչ չգիտեմ, այլև չեմ ձանձրանալու ու կլանված մասնակցելու եմ բոլոր դասերին։

 Թեհմինայի հետ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը վերապատրաստել ու գիտելիքներով է զինել Սպիտակի տարածաշրջանի  ևս 29 խոհարարների։ Դասընթացներին մասնակցելու համար խոհարարներն ընտրվել են հետևյալ սկզբունքով․ 200 աշակերտից պակաս ունեցող դպրոցներից՝ մեկ խոհարար, 200-ից ավել՝ 2-ը։

 Դասընթացն այս անգամ հիմնարկի սննդաբանները՝ Արմեն Մկրտչյանն ու Արև Մազլումյանը, համատեղ են անցկացրել։ Մկրտչյանը մանրազնին ներկայացրել է սննդի առողջապահական նշանակությունը, սննդի անվտանգության հետ կապված հարցերը։ Արևն էլ խոհարարների համար բացել է առողջ սննդի բոլոր գաղտնիքները, միասին զննել են դպրոցի ճաշացանկը՝ իր կարելիներով ու չի կարելիներով, քննարկել՝ արդյոք տապակել սնունդը, թե ոչ, ինչպես ճիշտ օգտագործել համեմունքներն ու խոտաբույսերը, ինչ է սննդային ալերգիան, ինչպես ճիշտ կարդալ սննդային պիտակները և այլն։ Չնայած օնլայն ձևաչափի  դժվարություններին՝ դասընթացավարներին հաջողվել է ակտիվ պահել մասնակիցներին։

 -Խոհարարների հետ խոսեցինք սննդային բուրգից, առողջ ափսեից, առողջ սննդապատրաստման մեթոդներից,  ալերգիաներից։ Քննարկեցինք՝ արդյոք իրենք նախաճաշում են, իրենց երեխաներն ինչ են ուտում առավոտյան։ Խոհարարները նաև ծնողներ են, և շատ կարևոր է, որ ծնողական հոգածությամբ մտնեն խոհանոց,-ասում է  Արև Մազլումյանը և հավելում, որ խոհարարների այս խումբը շատ ակտիվ էր, դպրոցական ճաշացանկի հետ կապված բազմաթիվ հարցեր հնչեցրին մասնակիցները, ու այդ հարցերի հարցն  էլ այն էր, թե ինչու՞ դպրոցական ճաշացանկում տավարի միս ներառված չէ։

-Շատ սխալ է տեղեկությունը, թե երկաթը միայն տավարի մսի մեջ է, թռչնամիսն առավել առողջարար է,- մեկ նախադասությամբ պարզաբանում է սննդաբանը։

Շիրակամուտի միջնակարգ դպրոցի 49 աշակերտների սնող խոհարար Լիլիթ Նալբանդյանը պատմում է, որ իրենք չոր սնունդ են ստանում՝ մակարոնեղեն, ոսպ, բրինձ, հնդկաձավար, ոլոռ, ալյուր, իսկ երեխաները բերում էին կաղամբ, լոլիկ, վարունգ, ինչով էլ աղցաններ են պատրաստում։ Ծնողներն էլ զարմանում են, որ երեխաները շատ են սիրում աղցան ուտել․ աղցանի օրը դպրոցում և աղմուկն է շատ և վազքը՝ ակտիվ՝ դեպի ճաշարան։

-Միշտ մտածում էի՝ տեսնես ինչպես է կազմվում դպրոցական մենյուն, որով աշխատում ենք, ինչու են որոշել, ասենք, հենց այսքան  գրամի ուտելիք տալ ամեն երեխային,- ասում է Լիլիթը,-երբ տնօրենն ասում էր, եթե երեխան նորից է  ուտել ուզում, պետք չէ ավելացնել, մենք չէին հասկանում՝ ինչու, չԷ՞ որ երեխան ուզում է։ Այս դասընթացի շնորհիվ ես հասկացա, որ ամեն ինչ յուրաքանչյուր երեխայի համար հաշվարկված է, ու փոքրիկին ավելի շատ կերակրել պետք չէ, հասկացա, որ մենյուի մեջ որևէ պատահական տող ու քաշ չկա․ ամեն ինչ խիստ հաշվարկների հիման վրա է արվում։

Դասընթացի համար նախատեսված մոդուլների վրա մի ամբողջ պրոֆեսիոնալների թիմ է աշխատել՝ տեսական նյութին գումարելով գործնական վարժություններ, որոնք  օգնում են  ամրապնդել են ստացած գիտելիքը։ Դասընթացավար Արևը վստահ է՝ իրենք ոչ միայն ընդհանուր տեղեկատվություն են տրամադրել, այլև մասնակցին կրթել են որպես անհատ, որ կարողանան երեխաների հետ ճիշտ աշխատել։

-Սննդային պիտակների բովանդակության մասին միասին վարժություն էինք անում, շատերը ժամկետից այն կողմ այդ պիտակի մեջ որևէ բան չէին կարևորում,- պատմում է Արևը։ – Դա ճիշտ չէ, յուրաքանչյուրը պետք է կարողանա կարդալ պիտակը, միայն ժամկետին չնայել։ Եթե մթերքի ժամկետն անցած է, կարող են հիվանդություններ առաջանալ,  դա պարզ է, բոլորս գիտենք։ Բայց նաև կարևոր է, որ խոհարարը գիտակ լինի այնքան, որ նայելով պիտակին հասկանա սնոնդի կազմն էլ՝ սննդանյութերի չափաբաժիններն, օրինակ, կամ արդյոք հագեցած ճարպեր կան թե ոչ, կաթի փոխարինիչով է պատրաստած մթերքը, թե բնական կաթով։

Սարալանջի միջնակարգ դպրոցը փոքր է, այստեղ սնվում են են ոչ միայն կրտսերները, այլ դպրոցի բոլոր 14 սաները։ Խոհարար Մանուշ Աթոյանը նրանց հետ միասին կերակրում է նաև իր երկու երեխաներին: Բոլորի համար սնունդը պատրաստում է այնպես, ինչպես  իր սեփական երեխաների համար։ Մանուշն ասում է, այս դասընթացից հասկացավ՝ իրականում ինչ մեծ պատասխանատվություն է վերցրել ուսերին՝ համաձայնելով մտնել դպրոցական խոհանոց․

 – Մինչ այս, իհարկե, հասկանում էի՝ ինչքան կարևոր է երեխաների առողջության հետ գործ ունենալը, բայց որ այս աստիճանի ամեն մանրուք կարող է կարևոր լինել, պատկերացնել անգամ չէի կարող։

 Ու նաև չէր պատկերացնում, որ ճիշտ չէ երեխաների քմահաճույքով շարժվել, եթե մի ուտելիք չեն ուզում, այն վերցնել ու հանել ճաշացանկից, ինչպես կարող էր անել նախկինում։ Քմահաճույքները ճաշարացանկում տեղ չունեն՝ մոլեկուլ առ մոլեկուլ ամեն ինչ մտածված է․

-Ինձ համար էլ եմ կարևոր դասեր քաղել․ իմ առօրեայում երբեք չեմ խորացել, թե ինչքան կարևոր է ճիշտ ուտելը, առողջ սնվելը։ Սնվել ենք էլի․ սոված ենք եղել, կերել ենք ինչ պատահել է։ Հիմա նույնքան պատասխանատվությամբ էլ իմ տան խոհանոց եմ մտնելու։

Մինչ 30 մասնակից խոհարարները կփորձարկեն իրենց գիտելիքները թե տան, թե դպրոցի խոհանոցում՝  ընտրելով մթերքների ճիշտ պատրաստման մեթոդը՝ կերակուրի սննդային որակը առավելագույնի հասցնելու համար, ԴՍԵԲ-ն իր դասընթացները կշարունակի Լոռու մարզի մյուս համայնքներում՝ Թումանյան, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր,  ապա Գեղարքունիքի մարզում ու Վայոց Ձորում։