Վերանորոգված դպրոցական ճաշարանը օգնության ձեռքի կարիք ունի

Սևանի թիվ 6 դպրոցի տնօրենը մի թաքուն զբաղմունք ունի․ սիրում է երեխաների համար աննկատ կանգնել ճաշարանի դռան մոտ ու հետևել՝ ինչպես են փոքրիկները մինչև վերջին գդալը հաճույքով դատարկում ափսեի պարունակությունը։

– Թոռնիկիս տանը գրեթե անհնար է կերակրել, ամբողջ ընտանիքով ինչքան համոզում ենք, չի ստացվում, բայց դպրոցում իրար ընկերանում են, մեկը մեկին նայում, ամեն ինչ հավեսով ուտում են, թոռնիկս էլ՝ հետները։

Ընկեր Գևորգյանը կարոտել է սնվող երեխաներին հետևելու իր սովորությանը։ Վաղուց ճաշարանում համեղ կերակուրների բույրը չի տարածվել։ Քովիդ 19-ը անկոչ ու աներես հյուր էր․ ստիպեց կողպել ճաշարանի դուռն ու անցնել վարակի կանխման խիստ քաղաքականությանը։

125 աշակերտ ունեցող Սևանի թիվ 6 դպրոցը  հարուստ կենսագրությամբ, սերունդներ կրթելու պատմությամբ կրթօջախ է՝ կառուցված 1971թ-ին։ Հիսնամյա կենսագրությամբ շինությունը երկու տարի առաջ մեծ մասամբ նորոգվեց, նորոգող ձեռքը չհասավ միայն դահլիճին, շենքի արտաքին հարդարմանն ու բակին։ Բաց էր մնացել նաև ճաշարանը բարեկարգելու հարցը,  լուծումը չսպասեցրեց․․․ Բայց սկսենք ամենասկզբից։

Սևանի թիվ 6 դպրոցը 2015-ից սկսեց դպրոցում երեխաներին տաք սնունդ առաջարկել: Այդ ժամանակ դպրոցը միացավ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մթերային մոդուլին: Պարենի համաշխարհային ծրագիրը բերում էր վեց սննդամթերք՝ ալյուր, ձեթ, հնդկաձավար, բրինձ, ոսպ, մակարոն, ծնողական աջակցությամբ էլ դպրոցական խոհանոց էին հասնում պակասող մթերքները՝ տոմատի մածուկ, աղ, կանաչեղեն, բանջարեղեն ու միրգ։ Որպեսզի կարողանան եղած սննդամթերքը տաք ուտելիք դարձնել ու երեխաներին դպրոցում կերակրել, կարիք եղավ հնարամիտ գտնվել ու ինքնագործ մեթոդներով գործը գլուխ բերել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։

– Ընտրեցինք դասարաններից մեկը, մի մասը խոհանոց սարքեցինք, մյուս մասը՝ ճաշարան; Գազօջախն ու անհրաժեշտ նվազագույն մյուս պարագաները ձեռք բերեցինք դպրոցի խնայողությունների հաշվին, դպրոցական սեղան աթոռներն էլ հարմարեցրինք ճաշարանում, ծնողներն էլ բերեցին երեխաներին անհրաժեշտ բաժակ-ափսեն, պատառաքաղ-գդալը, ուսուցչական կազմն էլ գումար էր հավաքել ու գնել 24-ական ափսե, բաժակ,  գդալ ու պատառաքաղ, կաթսա ու թավա։

Փոքրիկ դասասենյակում բոլորին միաժամանակ կերակրել չէր հաջողվում, ամեն դասարան գալիս էր առանձին, 4 հերթափոխով կերակրում էին բոլորին։  Դպրոցն ընդամենը 6 ամիս հաջողացրեց աշխատել «Դպրոցական սնունդ» ծրագրի դրամային մոդուլով, երբ Կառավարությունը երեխաներին առողջ, հավասարակշռված սնունդ տրամադրելու ֆինանսավորումը վերցնում է իր ուսերին՝ նախկին մթերքների փոխարեն դպրոցին տրամադրելով  մթերքներ և խոհանոցի աշխատողներից ծառայություններ ձեռք բերելու դրամական միջոցներ,  ինչով էլ դպրոցը կարողանում է նախկին 6-ի փոխարեն ձեռք բերել 20 անուն սննդատեսակ։ Կորոնավիրուսը անջատեց գազօջախն ու փակեց ճաշարանի դուռը։

Դպրոցում, սակայն, որոշեցին, երբ դպրոցական սնունդն էլի հնարավոր դառնա, հին, մի կերպ հարմարեցված ճաշարան չեն վերադառնալու։ Սևանի 6-ում ճաշարանի վերանորոգումը 2020-ին տեղի ունեցավ արդեն ծանոթ գծագրով ու պլանով․

– Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները եղան դպրոցում, ուսումնասիրեցին տարածքը, միասին որոշեցինք՝ պարապուրդի մատնված արտադրամասը պետք է վերափոխել ճաշարանի։ Հաշվարկներն արեցին՝ ինչ հիմնական շինանյութի կարիք կլինի տարածքը վերանորոգելու համար, գնացին և ուղարկեցին դռներ, հատակի ու պատերի սալիկներ, սոսինձ, ներկանյութ և այլն։ Դպրոցն արդեն սեփական խնայողությունների հաշվին նորոգել էր բոլոր հիմնական կոմունիկացիաները՝ ջուր, կոյուղի, այնպես որ այդ մասով անելիքներ չկային։

Տնօրենն ասում է՝ ծնողների համար դպրոցն ու այնտեղ առողջ սնվելու հնարավորությունն այնքան կարևոր են, որ վերանորոգման աշխատանքների համար մեկ դրամ անգամ չվճարեց որևէ մեկին։ Հավաքվեցին արհեստավոր ծնողներ, տնօրենն էլ՝  հետները, և, առանց վճարի, մեկը պատը նորոգեց, մեկը շարեց հատակի սալիկները, մյուսն էլ հանձն առավ պատերի գույնը թարմացնելու գործը։ 10 օրում տղամարդիկ անճանաչելիորեն փոխեցին 36 քմ տարածքով նախկին արհեստանոցը՝ ստանալով դրանից խոհանոցային հատված ու ճաշարան։

– Ծնողներն էլ ասում էին․ մեր աշխատանքը մեր շնորհակալությունն է ձեզ, որ երեխաներին հնարավորություն եք տալիս դպրոցում առողջ և համեղ  սնվել,- ժպտում է տնօրենը։ 

Վերանորոգումից հետո էլ աշխատեց խոհանոցը անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու դասական սցենարը․ ՊՀԾ-ն Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի օգնությամբ չափագրեց խոհանոցի տեխնիկական կարիքներն ու դպրոց ուղարկեց ամենաանհրաժեշտը՝ ջրատաքացուցիչ, 10 լիտրանոց էլեկտրական թեյնիկ, կշեռք, գազօջախ, սառնարան, պահարաններ, սեղան, լվացարան։

Նորոգված ճաշարանային հատվածը դեռ ախորժեալի, առողջ ուտելիքներով չի բուրում, տարրական դասարանների 41 և նախակրթարանի 18 փոքրիկներն էլ աղմուկ-աղաղակով ճաշելու չեն եկել։ 1․5 մլն դրամի ճաշարանային սպասք, գույք ու խոհանոցային պարագաներ են պակասում, որ երեխաներին կերակրելու լիարժեք հնարավորություն ստեղծվի։

– Կարիք ունենք 10 սեղանի, որոնցից յուրաքանչյուրի շուրջը 6 երեխա կարող է նստել։ 60 աթոռ, նույնքան ափսե, բաժակ, գդալ ու պատառաքաղ որ ունենանք, կկարողանանք բոլորին միաժամանակ ճաշի հրավիրել, կերակրել ու բաց թողնել,- ասում է Էդիկ Գևորգյանը։ – Մեր ունեցածը մի քանի անգամ քիչ է, եղածն էլ՝ հնամաշ, բազմազան, նոր ճաշարանին՝ ոչ սազական։

Սևանի թիվ 6-ում դիլեմայի առաջ են կանգնած․ անհամբեր սպասում են այն բարերարին, ով կօգնի վերջնական շտրիխներն անել ճաշարանում՝ ձեռք բերելով պակասող գույքն ու սպասքը։ Մյուս կողմից էլ հապաղել չեն կարող․ երեխաները անհամբեր սպասում են՝ երբ են համեղ սնվելու հնարավորություն ունենալու։

– Դպրոցում բուֆետ էլ չունենք, որ գոնե մի բան գնեն դասամիջոցի ընթացքում,- ասում է տնօրենը։ Մինչև ժամը 13-14-ը երեխաները դասեր ունեն, ժամը 11-ի մոտակայքում սովածանում են, վիզը գցում, դմբրում, ոչ էլ կարող են սոված-սոված մարսել տրված գիտելիքները։ Օր առաջ կարիք ունենք ճաշարանը գործարկելու։

Դպրոցում որոշել են․ առաջիկա օրերին նոր ճաշարանը գործի կգցեն՝ հին գույքով, ձեռքի տակ եղած հնամաշ սպասքով, զուգահեռ անհամբեր կսպասեն՝ հին կահույքն ու բաժակը երբ կփոխարինվեն  նորացված ճաշարանին համապատասխան նորերով։