Քմահաճ սնվող երեխաներին համոզելու լավագույն խորհուրդներ

6 խորհուրդ այն ծնողներին, որոնց երեխաները քմահաճ սնվող են

Տանը երեխա ունե՞ք, ով քմահաճ է սնվելու հարցում,  անուն է դնում այս կամ այն ուտելիքին ու հրաժարվում որոշ ուտեստների՞ց կամ սննդամթերքի տեսակներից, ճաշի կամ ընթրիքի ժամերը սթրեսայի՞ն են։

Եթե ​​դուք պայքարում եք քմահաճ սնվող երեխային ուտելիքի հետ ընկերացնելու համար, ահա 6 լավագույն խորհուրդ Ձեզ այդ կարևոր գործում․..

1․ Կերակուրները դարձրեք տեսքով զվարճալի, ախորժելի

  • Երեխաների, հատկապես փոքր երեխաների վրա, կարող է ազդել սննդի արտաքին տեսքը: Զվարճալի ձևերն ու վառ գույները կարող են գրավել նրանց ուշադրությունը և խրախուսել նրանց, որպեսզի փորձեն ուտելիքը:
  • Զվարճալի ձևերի և գույների ավելացումը երեխաների կերակուրներին հաճախ օգնում է նրանց՝ ոգևորվել իրենց ուտեստներից: Մրգերի և բանջարեղենի կտրատված ձևը, դասավորվածությունը կարող է օգնել նրանց ավելի շատ ուտեստներ փորձել։

  1. Սնվեք միասին՝ որպես ընտանիք
  • Ընտանիքով ճաշեք: Մի առաջարկեք սնունդ, երբ ձեր երեխան խաղում է, հեռուստացույց դիտում կամ վազվզում: Եթե երեխան անընդհատ տեսնում է, որ դուք առողջ սնունդ եք ուտում, ինքն էլ է սկսում նույն սնունդն ուտել։ Ծնողը երեխայի համար ամենակարևոր օրինակն է, ում անվերապահորեն նա կրկնօրինակում է։ 
  • Մեկ տեսակի կերակուր մատուցեք ամբողջ ընտանիքի համար։ Վախենալով, որ երեխան սոված կմնա` այլ բան մի պատրաստեք հատուկ նրա համար, երբ նա հրաժարվում է օրվա ուտելիքից։  Երեխայի համար առանձին կերակուր պատրաստելը կարող է նպաստել, որ նրա մոտ ձևավորվի քմահաճ սնվելու սովորություն: Խրախուսեք ձեր երեխային մնալ սեղանի շուրջ սահմանված ճաշի ժամին, նույնիսկ եթե նա չի ուտում:

3․ Ներգրավեք երեխաներին

  • Սննդի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար ամենակարևոր գործոններից մեկը երեխաներին ներգրավելն է ուտեստներ պատրաստելու, գնումների և ճաշատեսակների ընտրության գործում: Երեխաները, ավելի հավանական է, որ ուտեն նոր բաներ, երբ նրանք պատրաստման գործընթացի մաս են կազմում: Նրանց ձեզ հետ տարեք մթերային խանութ՝ օգնելու կատարել ճաշատեսակների ընտրությունը:
  • Թույլ տվեք երեխաներին օգնել ձեզ պատրաստել ուտեստներ և նախուտեստներ՝ իրենց տարիքին համապատասխան անվտանգ առաջադրանքներ կատարելով, ինչպես, օրինակ՝ լվանալը, կեղևը հանելը կամ ուտեստները ափսեների վրա դասավորելը:

 

4. Եղեք համբերատար և մի հանձնվեք

  • Կրկնությունը հաջողության բանալին է: Շարունակեք առաջարկել նոր սնունդ, նույնիսկ եթե ձեր երեխան նախկինում մերժել է այն: Առաջարկեք մթերքները տարբեր օրերի, տարբեր ուտեստների և տարբեր բաղադրատոմսերի մեջ: Հնարավոր է, որ կարիք լինի միևնույն սնունդը առաջարկել 10 անգամ, մինչև երեխաներին սկսի հաճելի լինել: 
  • Նոր սնունդ առաջարկելիս ներառեք այնպիսի մթերքներ, որոնք գիտեք, որ ձեր երեխան սիրում է: Սեղանի վրա ծանոթ սննդամթերք դնելը կնվազեցնի նոր և անծանոթ ուտելիքին դիմակայելու սթրեսը։

5․ Մի ստիպեք և մի ճնշեք

  • Եթե ​​ձեր երեխան քաղցած չէ, մի ​​կաշառեք կամ մի ստիպեք ձեր երեխային ուտել կամ վերջացնել ափսեի ողջ պարունակությունը: Սա կարող է ձևավորել ուտելիքի հանդեպ բացասական ընկալում: Բացի այդ, ձեր երեխան կարող է ճաշի ժամանակը ասոցացնել անհանգստության և հիասթափության հետ կամ դառնալ ավելի քիչ զգայուն իր քաղցի և հագեցվածության ազդանշանների նկատմամբ:

 

  • 6. Խուսափեք սնունդը օգտագործել որպես կաշառք կամ պարգևատրում
  • Հաճախ ծնողները գայթակղում են երեխաներին փորձելու նոր ուտելիք՝ հետագայում խոստանալով քաղցրավենիքի պարգև: Այնուամենայնիվ, սա սննդի ընդունումը մեծացնելու լավագույն միջոցը չէ: 
  • Քաղցրավենիքի կամ չիպսերի օգտագործումը որպես պարգևատրում կարող է հակասել առողջ ուտելու սովորություններին, որոնք դուք փորձում եք արմատավորել ձեր երեխաների վարքի մեջ: Բացի այդ, երբ քաղցրավենիք կամ չիպսեր են տրվում որպես պարգև, դրանք կարող են ավելի գրավիչ դառնալ, և երեխաները սկսում են անառողջ սնունդն ասոցացնել «ուրախ» պահերի հետ և պարգևների հետ: Սա կարող է հանգեցնել նրան, որ երեխաները սկսեն նախընտրել անառողջն առողջ սննդից:
  • Եթե, այնուամենայնիվ, կարիք կա սննդի ընդունմանն ավելացնելու խրախուսանքներ, ապա օգտագործեք ոչ պարենային պարգևներ: Օրինակ՝ ուղղակի բանավոր գովասանքի միջոցով երեխաներին հասկացնել, որ դուք հպարտ եք նրանցով կամ այլ  պարգևներ, ինչպես, օրինակ՝ կպչուն պիտակներ, մատիտներ, լրացուցիչ խաղաժամանակ, զբոսանք:

Եթե ​​ձեր երեխաների համար սնունդ են պատրաստում նաև այլ մարդիկ, ասենք՝ տատիկն ու պապիկը, նրանց հետ ևս կիսվեք վերոնշյալ խորհուրդներով։