Ամենահամեղից ամենաօգտակար․ բոլոր դափնիները նրանն են․ ՈՍՊ

Հետաքրքիր է իմանալ

«Ամենահամեղը համեղներից»․ այսպես է արտահայտվել հույն դրամատուրգ, կատակերգության հայր Արիստոֆանեսը՝ ոսպի մասին խոսելիս։ Ամենահամեղը նաև ամենաօգտակարների ցանկում է, իսկ թե ինչ հատկանիշներով՝ կպատմենք քիչ անց․․․ հիմա մի քանի հետաքրքիր փաստ ոսպի մասին․

Մարդիկ ոսպ կերել են անհիշելի ժամանակներից․ որոշ մասնագետների կարծիքով՝ ոսպն առաջիններից էր, որի մշակությամբ մարդը սկսեց զբաղվել։

Մերձավոր Արևելքում հայտնաբերվել են ավելի քան 8000 տարեկան ոսպի սերմեր։

Ոսպը էժան սպիտակուց է․ աշխարհում միջինում ոսպի մեկ բաժինն արժե 0,07 դոլար, տավարի մսի մեկ բաժինը՝ 1,07 դոլար։

Թեև այն լոբազգիների ընտանիքից է, բայց իր ազգակիցների պես չի պահանջում եփելուց առաջ նախապես թրջել։

Չոր ոսպը կարող է մեկ տարուց ավելի անվնաս պահպանվել,  եփած ոսպը սառնարանում կդիմանա 5-7 օր, սառցարանում՝ 3 ամիս։

Որոշ գիտնականներ ու դիետոլոգներ ոսպն իր բազմաթիվ օգտակար հատկությունների շնորհիվ ներառում են «superfood»-երի ցանկում։

 Ոսպը՝ մանրադիտակի տակ

Ոսպի չոր, հում սերմերի 100 գրամում 23 գրամ սպիտակուցներ են, 46,2 գրամ դանդաղ ածխաջրեր, ճարպեր չկան: Այս չափաբաժնի սննդային արժեքը 297 կկալ է: 

  • В, А, РР, Е, բետա կարոտին, ցինկ, երկաթ, կալիում, ֆոլաթթու, մագնեզիում, ֆոսֆոր, չհագեցած օմեգա 3 և օմեգա 6 ճարպաթթուներ, բուսական մանրաթելեր. ոսպը վիտամինների և հանքանյութերի մի ամբողջ շարքի հիանալի աղբյուր է: 100 գրամ եփած ոսպն օրինակ, ծածկում է մեծահասակի օրգանիզմի ցինկի օրական պահանջարկի 35%-ը և ֆոսֆորի ամենօրյա պահանջարկի 40% -ը:
  • Կես բաժակ ոսպի չոր սերմերն ապահովում են 1 օրվա համար անհրաժեշտ բջջանյութի՝ (սննդային մանրաթելեր) 80%-ը: Արդյունքում՝ մարդը մոտ 4-5 ժամ մոռանում է քաղցի մասին, կուշտ է:  
  • Նույն քանակությամբ չոր, կարմիր ոսպը պարունակում է ավելի շատ կալիում, քան այդ միկրոտարրով փառքի դափնիներ հավաքող բանանում է, օրինակ։
  • Նույն քանակությամբ չոր ոսպում պարունակվող մանգանը 100%-ով բավարարում է օրգանիզմի պահանջը, երկաթի պաշարն էլ 50%-ով է լրացնում մարդու օրգանիզմի՝ օրվա կարիքը

Այս հատիկը սպիտակուցների ու անփոխարինելի ամինաթթուների աղբյուր է, դրա համար էլ մսի հրաշալի այլընտրանք է բուսակերների ու պահքի շրջանում գտնվողների համար։ Ոսպում ավելի մեծ է սպիտակուցների պարունակությունը, քան, ասենք, ոլոռում։

Ոսպն  էկոլոգիապես մաքուր մթերք է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես ու որտեղ է աճեցվել: Այն իր փոքրիկ մարմնում չի կուտակում որևէ վնասակար նյութ շրջակա միջավայրից, դրա համար անգամ ամենաաղտոտված վայրերում աճեցված ոսպն օգտակար է՝ զերծ նիտրատներից ու այլ քիմիկատներից:

 

 Օգտակար ոսպը

  • Իր սպիտակուցային կազմով ոսպը ձեռնոց է նետում կենդանական ծագման սպիտակուցներ պարունակող մթերքներին՝ հավ, միս, ձուկ: Սպիտակուցի պարունակությամբ այն բանջարեղենների մեջ  երրորդն է՝ սոյայից և կանեփից հետո:
  • Ոսպը կարող է լիովին փոխարինել հացին, մսին ու ցանկացած այլ հատիկեղենին։ 
  • Իզուր չէին հռոմեացի բուժակները նյարդային խնդիրների դարմանը փնտրում ոսպի մեջ: Այն ամինաթթուների հիանալի աղբյուր է, իսկ դրանք օգնում են, որ օրգանիզմում սերոտոնին արտադրվի՝ հանգստության ու հաճույքի հորմոնը: 
  • Այն լոբազգիների շարքում ամենաարագն է եփվում, բայց և իր խմբակիցների պես դանդաղ է մարսվում՝ երկար ժամանակ ապահովելով կուշտ լինելու զգացողություն և օգնելով ազատվել շատակերությունից։ 
  • Ոսպն իջեցնում է արյան մեջ շաքարի պարունակության ցուցանիշը, հարուստ է մանրաթելերով,  ինչի շնորհիվ ժամացույցի ճշտությամբ գործի է գցում մարսողությունը։ 
  • Նվազեցնում է օրգանիզմում վատ խոլեստերինի, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը, կարգավորում է սրտի ու անոթների աշխատանքը, զարկերակային արյան ճնշումը:
  • Իսկական զենք է իմունիտետի համար: Հատկապես գարնանը, երբ օրգանիզմը վիտամինների պակաս է զգում, ծլեցրած ոսպն իր մարտունակ վիտամին ց-ի պաշարով կօգնի օրգանիզմին վիրուսների ու միկրոբների դեմ կռվում:

        

Զգու՛յշ, ոսպ է…

Այս չափազանց օգտակար հատիկը առողջության համար հակառակ բևեռում է հայտնվում, երբ հում է․ անթույլատրելի է հում ոսպ ուտել: Այն պարունակում է թունավոր տարրեր՝ ֆազին ու ֆազեոլունատիտ, որոնք  չեզոքացնելու համար բավական է ոսպը թրջել ջրում կամ ջերմային մշակման ենթարկել: 

 Մեծ քանակությամբ ոսպը ծանրաբեռնում է մարսողական համակարգը, կարող է փքվածության ու անհարմարության զգացողություն առաջացնել ստամոքսում: 

Ոսպը պարունակում է մի նյութ՝ պուրին անունով, որի քայքայումից օրգանիզմում միզաթթու է անջատվում, ինչի ավելցուկն օրգանիզմում հանգեցնում է  հոդերի ցավոտ բորբոքման: Հոդերի հետ կապված խնդիրների դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ նախքան այն սննդակարգում ներառելը: Ոսպի հետ զգույշ պետք է լինեն նաև միզասեռական հիվանդություններ ունեցող մարդիկ․․․