Բարեկարգված տարածքի հետ նորացել է նաև խոհանոցը

Կանաչ, ալպիական հովիտների, սպիտակով ներկված գագաթների ու երկնքի անխազ կապույտի սիմֆոնիա է բնության այն կտորը, որտեղ ապրում է Աճանան անունով,  197 բնակչությամբ, Խալաջ, Խըմաճ, Խըմույճ, 2006- ից էլ՝  հարևանությամբ հոսող համանուն գետից իր անունն առած, սահմանամերձ Աճանան գյուղը։ Այն երկրորդ տուն է դարձել Բաքվից բռնագաղթվածների համար։ 

1980-ին կառուցված դպրոցում ուսանում էին տեղաբնակ ադրբեջանցիները, արցախյան ազատամարտի տարիներին, երբ նրանք հեռացան, գյուղում տեղավորվեցին Բաքվից, Շահումյանից գաղթած փախստականները, և 1989-ին կրթօջախը վերաբացվեց՝  ընդունելու այստեղ տեղափոխված հայ երեխաներին։ 29 տարի դպրոցում աշխատող Սոնա Հովհաննսիյանը, ով 24 տարի է արդեն՝ դպրոցի տնօրենն է, ասում է, որ երեխաների կրթության հարցին ողջ թիմով մոտեցել են մեծագույն լրջությամբ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նրանց ծնողները հայկական միջավայրում մեծանալու, հայերենով կրթվելու հնարավորություն չեն ունեցել։ Արդյունքում՝ դպրոցի կրթական մակարդակի մասին խոսքուզրույցն Աճանան է բերել նաև աշակերտների Կապան քաղաքից, ու 15 աշակերտով  բացված դպրոցում այսօր 70 երեխա է սովորում։

  Դպրոցը բարեկարգ ճաշարան չուներ, երբ ընդգրկվեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում։ Կառուցումից ի վեր հիմնովին վերանորոգման երես չի տեսել, հրատապ հարցերը լուծել են մասնավոր ներդրումներով։ Օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիտանի հովանավորությամբ կարգի է բերվել տանիքը, փոխվել են դռներն ու պատուհանները,  դպրոցը գազաֆիկացվել է, տեղադրվել ջեռուցման համակարգ, այնպես որ, ճաշարանը բարեկարգման պլաններում վերջին կետերում էր։

Երեխաներին տաք, առողջ սնունդով ապահովող այս ծրագրի փորձնական փուլում աշխատել սկսեցին մթերային մոդուլով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից ստանում  էին  6 տեսակի չոր սնունդ, ծնողներն էլ միրգ ու բանջարեղենն էին բերում, ինչպես նաև սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար անհրաժեշտ մաքրող միջոցները։

2017-ին, երբ դպրոցը Ազգային ծրագրում ներառվեց, մթերային բաղադրիչից անցան դրամային մոդուլի, որի դեպքում դպրոցին ոչ թե մթերք է տրամադրվում, այլ յուրաքանչյուր երեխայի հաշվով 120 դրամ՝ 20 տեսակի սնունդ գնելու համար և լրացուցիչ 20 դրամ այլ ծախսերի համար։ Այդպիսով՝ փակվեց նաև դասասենյակներով մեկ պտտվելու ու հերթով ճաշ բաժանելու էջը։ Տարիներ շարունակ անգործության մատնված, իբրև չոր, արագ ուտելիք և հյութ վաճառող բուֆետ ծառայող ճաշարանը կարգի բերվեց, որ ընդունի փոքրիկներին։

 – Երբ դպրոցն անցում կատարեց դրամային մոդուլի, Ազգային ծրագրում ներառվելու չափանիշներն ու դպրոցներին աջակցություն տրամադրելու ձևաչափը վերջնական հստակեցված չէր,- պատմում է տնօրենը։- Եվ տարածքն իբրև ճաշարան հարմարեցրինք ձեռքի տակ եղած գույքով,  ծնողների, մեր հարազատների ֆինանսական աջակցությամբ։ 

2019-ին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ իր գործընկեր Ռուսաստանի «Ճյուղային սննդի ինստիտուտի» հետ համատեղ, դպրոցի ճաշարանին երկրորդ շնչառություն հաղորդեց՝ մեկ անգամ ևս անդրադառնալով դրան արդեն հաստատված չափանիշներով ու օգնության  տրամադրման սխեմաներով։ Կառույցը տրամադրեց 36 ք/մ ճաշարանի, 9 ք/մ խոհանոցի, ինչպես նաև սննդի պահեստի  տարածքի թարմացման համար անհրաժեշտ շինանյութը․ բարեկարգվեցին պատերը, առաստաղը, հատակը, նոր դուռն ու պատուհանն եկան միանալու թարմացված միջավայրին, փոխվեցին ջրի, կոյուղու ժանգոտած, դարն ապրած խողովակները։ 

– Մենք էլ աշխատեցինք ծրագրի գաղափարախոսությանը հավատարիմ․ ստացանք շինանյութը, բայց վերանորոգումն իրականացրինք ծանոթների, ծնողների ֆիզիկական ու ֆինանսական աջակցությամբ,- ասում է տնօրենը։ 

– Միայն սեղան աթոռների հարցը չստացվեց լուծել, դպրոցական գույքն ենք ժամանակավոր հարմարեցրել, սպասում ենք՝ մեկը գունեղ, պայծառ կահույքով օգնի լցնել մեր ճաշարանը։

Բարեկարգված տարածքի հետ նորացել է նաև խոհանոցը՝ արդեն ունեցած սարքավորումների կողքին տեղավորվել են Պարենի համաշխարհային ծրագրի նվիրած սառնարանը, ջրատաքացուցիչը, հաց թխելու վառարանը, 30 լիտր տարողությամբ թեյնիկը, խմորհունցիչն ու երկաթից, չժանգոտվող խոհանոցային սեղանը։ Խոհարար Անուշը նոր ճաշարանում համեղ ուտելիքներ կախարդելու հնարավորություն դեռ չի ունեցել․ սարքավորումները տեղ են հասել կարանտինային 2020-ի ընթացքում։ Հիմա անհամբեր է՝ երբ է փորձարկելու նորեկներին, հատկապես հացի վառարանը։

– Երևանի տարածաշրջանային թիվ մեկ քոլեջում վերապատրաստման ընթացքում, անկեղծ, երազանքով էի նայում սարքավորումներին, որոնցով պատրաստում էինք,- ասում է խոհարարը։ – Հիմա էլ չեմ նախանձում, նույնից մենք էլ ունենք, մնում է բացվի ճաշարանը, օգտագործեմ։

Չորրորդ դասարանցի Սոնան էլ կարոտել է իր ընկերների՝ Աննայի, Ալենի, Դավիթի հետ նույն սեղանի շուրջը նստելուն, ու խոհարար Անուշի պատրաստած համեղ ապուրը վայելելուն։ Բոլորի մտքին նույն հարցն է՝ տեսնես երբ է համավարակը փեշերն հավաքելու, որ երեխաների աղմուկն ու առողջ ուտեստների համեղ բույրը նորից խոհանոցը բռնեն։