Բոլորի ափսեի պարունակությունը նույնն է․ ծրագիր՝ սոցիալական արդարության նոտայով

 – Փոքրս ասում է՝ մամա՛, չի՞ լինի՝ տանն էլ նույն բաները սարքես, ինչ դպրոցում։ Բայց դե հենց նույն ուտելիքներն են, չեմ հասկանում՝ դպրոցինն ինչու է այդքան համեղ թվում  երեխայիս,- խորամանկ ժպտում է Անուշը։

Երեք տարի առաջ իր 3 երեխայի հետ Անուշն էլ սկսեց ամեն առավոտ դպրոց գնալ․ տնօրենի առաջարկը՝ դառնալ Սյունիքի մարզի Աճանան գյուղի դպրոցի խոհարարն ու կերակրել փոքրիկներին, ընդունեց՝ առանց վայրկյան անգամ ծանրութեթև անելու։ Վերցրեց  հետը  իր ու աշխարհի բոլոր երեխաների հանդեպ անչափելի սերը, հագավ սև գոգնոցն ու գլխարկը և մտավ դպրոցական խոհանոց՝ մայրական հոգատարությամբ պատրաստելու առողջ ուտեստներ դպրոցի ամենափոքրերի համար՝ այդ թվում նաև 4-րդ դասարանում սովորող Գոռի՝ իր որդու։

– Տղայիս 6 տարի մեծացրել էի, մի գդալ ապուր տանը կերած չկար, չէի կարող համոզել, որ գոնե փորձի,  հրաժարվում էր և վերջ։ Հիմա դպրոցում ուտում է, քիչ չէ, վերջում էլ ամանը հացով սրբում է,- ծիծաղում է Անուշը։ – Անգամ տեսանկարել, ուղարկել եմ մայրիկիս, ասել՝  նայի՛ր, տատի՛կ, կհավատա՞ս, որ թոռնիկդ ապուր է ուտում։

Անուշը չի թաքցնում՝ ուրախությունից երկինքներ է բարձրանում, երբ, ասենք, փողոցում հանդիպում է մի տատիկի, ով իր հարիսայի բաղադրատոմսն է ուզում, որովհետև ողջ հանգստյան օրերին թոռնիկը գլուխը տարել է, թե հենց դպրոցի հարիսայից պատրաստիր։ 

Գոռի դասընկեր Սոնան դժվարությամբ է առանձնացնում՝ հատկապես որ ուտեստն է իր ֆավորիտը․ բոլոր ապուրներն են ճաշարանում համեղ․

– Լավ, երևի ապուրներն եմ ամենաշատը սիրում,- ասում է Սոնան։ -Մի անգամ մտածում էի՝ եթե ես լինեի խոհարարը, ինչ կավելացնեի ցանկում։ Ամեն ինչ այստեղ այնքան համեղ է, բան չեկավ մտքիս։ Չէ, խաբեցի՝ պիցցա, առողջ պիցցա կուզեի լիներ,- ժպտում է Սոնան։

Լոլիկով աղցան, ոսպով, բրնձով ապուր, լոբով նախուտեստ, կաղամբ, թե հնդկաձավար․ ինչ էլ լինի օրվա մենյուում, խոհարարի ամենասիրելի ժամն է 11։30-ը․ երբ  թարմ ուտեստի բույրը բռնել է ճաշարանը, գունեղ սպասքը սեղաններին է, ուտելիքն էլ հետը, և ուր որ է, ուրախ աղմուկով  փոքրիկները ներս կվազեն։

Տնական ջերմությամբ ու համերով բուրող ճաշարանում սնվում է 17 երեխա։ Փոքրիկների սիրելի ժամն էլ է 11։30-ը՝ մեծ դասամիջոցի պահը։ Տիկին Անուշն արդեն սեղանները փռած է լինում և թարմ ապուրի, առողջ, խրթխրթան աղցանի բույրը դասամիջոցի զանգի հնչելու հետ  նրանց խոհանոց է բերում։ 

***

– Կաթսան ձեռքին՝ խոհարարը դասասենյակից դասասենյակ էր անցնում ու  ճաշը բաժանում երեխաներին, մի դասարանում էլ խոհանոց էինք հարմարեցրել,- պատմում է Աճանան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։- Ամեն դասարանի հետևի շարքերում ազատ դպրոցական սեղաններ կային, որտեղ էլ սնվում էին երեխաները։

Սա դեռ 2013-ին, երբ մարզի մի շարք դպրոցների ցանկում այս կրթօջախն էլ ընդգրկվեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի պիլոտային, փորձնական փուլում։ Սյունիքի, Վայոց Ձորի ու Արարատի մարզերի կրթական հաստատությունների օրինակով պետք է պարզ լիներ՝ ստացվու՞մ է արդյոք հանրապետության դպրոցներում տարրական դասարանների երեխաներին համեղ, առողջ, տաք սննդով կերակրել։

Պարզվեց՝ դասասենյակից դասասենյակ կաթսայով պտտվելը թեև բարդ է, անհարմար, միևնույն է, արդարացված է․ չէ՞ որ արդյունքը համեղ սնված, առողջ սննդի իրենց չափաբաժինը ստացած, ժպտացող երեխաներն են։

–  Բացի այն հասկանալի իմաստը, որ երեխաները առողջ, տաք սննդի հնարավորություն ունեն, այս ծրագրի մեծագույն խորհուրդն այն է, որ դպրոցական ճաշարանում սեղանը նույնն է, սեղանի շուրջ բոլորը նույն կարգավիճակն ունեն,- ասում է տնօրենը։ – Չկա «լավ ու վատ  ապրող երեխա» բաժանում, չկա հետը դպրոց բերված ճոխ կամ աղքատիկ օրապահիկ։ Բոլորը նույն բանն են ուտում։ Սոցիալական հավասարության մի մեծ նոտա կա այս ծրագրում։