Պատմություն առողջ սննդի մասին՝ արեւային քաղաքի արեւոտ դպրոցից

Մայրաքաղաքից 410 կմ հեռավորության վրա,  3 կողմից  Սյունյաց գողտրիկ լեռներով զարդարուն հողակտորին՝ Արաքսի ձախ ափին, կառուցվեց առաջին  փայտե տնակը։ 1949-ին էր։ Այդ փայտե տնակից էլ ծայր առավ Հայաստանի ամենահարավային քաղաքի՝ արդյունաբերական Ագարակի կենսագրությունը։ Մարդիկ այստեղ եկան ու հաստատվեցին բնական ռեսուրսների, հատկապես՝ պղնձամոլիբդենային հումքի պաշարների հետևից․․․ Բայց այստեղ հասնողը այգիներում կարմիրին տվող նռներով էլ է հիանում, արքայանարինջների հյութեղ նարնջագույնով էլ։ Դե իսկ Սյունիքի խենթացնող, երբեք չկրկնվող, սիրտդ մեկընդմիշտ իրենցով անող լեռների մասին էլ չասենք։ Այն լեռների, որտեղ քարայծի նման խենթի պես թափառելուց հետո Վիլյամ Սարոյանը գրեց ի լուր աշխարհի, որ «իր սիրտը լեռներում է»։

Սարոյանի սիրտը գողացած այդ լեռները զարդարում են նաև Ագարակի միջնակարգ դպրոցից բացվող տեսարանը։ Դպրոցի լայն, լուսավոր պատուհաններից շունչը կտրվելու չափ գեղեցիկ լեռներն են երևում ու լեռների պեյզաժում ժպտացող արևը։  Ներսում էլ է արև, ավելի շուտ՝ այստեղ հաջողացրել են արևը ներս բերել` կառուցելով սեփական արևային ֆոտոէլեկտրոկայան ու ջեռուցելով ողջ շենքը արևից ստացված էներգիայով։ 

Սովորական, տիպային եռահարկ շենք, պատկառելի տարիքով՝ հիսունն անց, բայց ժամանակակից աշխուժությամբ, արդիական գաղափարներ դեպի դպրոց ձգելու, դրանք իրագործելու նախանձելի հնարամտությամբ։ Ագարակի դպրոցը եզակիներից է հանրապետությունում, որ հաջողեց սեփական ուժերով հովանավոր գտնել, ինքնուրույն պատրաստվել, համապատասխանել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի պահանջներին և ներառվել  ծրագրի Ազգային բաղադրիչում։ 

Երեխաներին տաք, առողջ սնունդով ապահովող այս ծրագրի ու դպրոցի ճանապարհները հանդիպեցին 2015-ին, երբ Ագարակի միջնակարգում որոշում կայացվեց միանալ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի առաջարկած հնարավորությանը՝ տաք սնունդով ապահովել դպրոցի 1-ից 4-րդ դասարանների սաներին։ Այս ծրագրի մթերային մոդելի կոնցեպտն էր՝ 6 տեսակի սնունդը Պարենի համաշխարհային ծրագրից ու նրա գործընկեր Ռուսաստանի դաշնությունից,  միրգն ու բանջարեղենը՝ ծնողներից, մթերքը առողջ, համեղ ուտեստի վերածելը, երեխաներին կերակրելը՝ դպրոցից։

Սյունիք, Ագարակի դպրոց

– Դպրոցը, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ է ճաշարան ունեցել,- ասում է տնօրենը,- այնպես որ, երեխաներին տաք սնունդ առաջարկելու համար սկսեցինք օգտագործել ճաշարանի համար հարմարեցված տարածքներ։ 

2018-ին նոր տնօրեն ընտրված Անժելա Աղայանի առաջին գործն եղավ  ձեռքի տակ եղած միջոցներով ճաշելու համար հարմարեցված սենյակներից ստանալ գեղեցիկ, լուսավոր, սննդի մատուցման գծային տրամաբանությամբ ճաշարան դպրոցի տարրական դասարանների  245 աշակերտների համար։

Նրան հաջողվեց մտածածն իրագործել՝ հյուսելով այդ գաղափարի շուրջ մի ամուր ցանց՝ համայնքից, ծնողներից, հասարակական հատվածից։ Այսպես՝ ճաշարանի վերանորոգման համար անհրաժեշտ գումարը՝ 3 մլն 500 հազար դրամը, նվիրաբերեցին դպրոցի երկու ծնողները՝ Գևորգ Խաչատրյանն ու Վարդուհի Սարգսյանը, «Ագարակ-Մեղրի» հիմնադրամն էլ, որի բյուջեն ձևավորվում է տեղի ազգաբնակչության նվիրատվությունների հաշվին, տրամադրեց 3 մլն 350 հազար դրամ։ Այդ գումարով գնեցին անհրաժեշտ կահավորանքն ու սարքավորումները, ասենք՝ մետաղյա սեղաններ խոհանոցի համար,  6 հոգանոց 20 սեղան ու 40 նստարան։

– Այդ գումարի մեջ հաջողացրինք նաև տեղավորել դիզայների վարձատրությունը, ով նախագծեց՝ ինչպես կարող են երեք դասասենյակն իրար միացնել ու ստանալ երեխաների համար հարմարավետ միջավայր,- ասում է Անժելա Աղայանը։- Ու իսկապես ստացվեց կանաչ-դեղինի համադրությամբ,  լուսավոր, գունեղ անկյուն։

Ճաշարանային հատվածում  նաև հանդերձարան  են պատրաստել, որտեղ խոհարարն ու նրա օգնականը հագուստը փոխում են, հատուկ հանդերձանքով անցնում խոհանոց, նախասրահում էլ լվացարաններ են տեղադրել, որ փոքրիկները սնվելուց առաջ լվացվեն ու ախտահանեն ձեռքերը։

– Երեխաները ճաշում են հերթով՝ առաջին ու երկրորդ դասարանցիները գալիս են երկար դասամիջոցին՝ երրորդ ժամից հետո, երրորդ-չորրորդները՝ հաջորդին։ Ճաշարանում միաժամանակ տեղավորվում է 120 երեխա։

Սյունիքի Ագարակի դպրոցի ճաշացանկի օրինակ

Տարածքի բարեկարգման գործընթացում համայնքապետարանն էլ շտապօգնության դերն ուներ․ վերամբարձ կռունկի կարիք կա՞, խնդրե՛մ, հին գույքն ու շինարարական ա՞ղբն է պետք հեռացնել` կազմակերպենք, ավազ ու այլ շինանյու՞թ է պակասում,  այստեղ ենք, հոգ չէ։ ☺

 Այսպես՝ համայնք-ծնող-դպրոց համատեղ ջանքերով վերափոխված ճաշարանն անցավ Ազգային ծրագիր՝ մթերային մոդուլից անցնելով դրամային մոդուլի։ Դպրոցում առողջ սննդի տրամադրման ծախսերն այլևս հոգում է կառավարությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար տրամադրելով օրական 120 դրամ, ևս 20-ը՝ այլ անհրաժեշտ ծախսերի համար։ ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի սննդաբանները այդ գումարի շրջանակներում կազմել են հավասարակշռված, առողջ մենյու՝ բաղկացած 20 մթերքից, որ ծածկում է երեխային օրվա ընթացքում անհրաժեշտ էներգիայի  և սննդարար նյութերի մոտ 40 տոկոսը։ 

– Երկու նկարագրություն ունեմ այս ծրագրի համար՝ նախ «Կայուն դպրոցական սնունդը» ընտանեկան ջերմություն է, ապա՝ կրթական ծրագրի բարելավում,- ասում է  դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը։- Մենք մեր փորձով գիտենք՝ առողջ սնված երեխաները դպրոցական գրաֆիկի վերջին ժամերին էլ մասնակցում են նույն առույգությամբ ու կենտրոնացվածությամբ, ինչպես առաջին, երկրորդ ժամերին։ 

Ճաշարանում երեխաները պարզապես մեկ բաժին ճաշ չէ, որ ուտում են, նրանք յուրացնում են մեկ սեղանի շուրջ սնվելու վարքագծային կանոններ, անգիր անում ձեռքերի հիգիենայի պահպանման կարևորությունը, սովորում զիջել ու չխանգարել իրար։ Երեխաները ստանում են առողջ սնունդ՝ փոխարենը սնունդ պատրաստողներին փոխանցելով իրենց մանկական աչքերի շնորհակալական ժպիտն ու  պայծառ  լիցքերը․.․