Չիպսն ու վաֆլին պայուսակից անհետացան․․․

 – Մի տուփ հյութ, մի բուլկի ու մի խաչապուրի․ ամեն երեխայիս պայուսակի մեջ օրը 500 դրամի անհայտ ծագմամբ ուտելիք էի ստիպված դնում, որ դպրոցում սոված չմնան,- պատմում է Արագածոտնի մարզի Ափնա գյուղի բնակիչ Լիանա Խանոյանը,- ամսական 1000 դրամն ի՞նչ է, որ չտամ, որ երեխաս ամբողջ ամիս առողջարար ճաշ ուտի դպրոցում։

Լիանան պատմում է, որ ամենաշատն ինքն ու իր պես ծնողներն են ուրախացել, երբ լսել են, որ իրենց գյուղի դպրոցի ճաշարանը նորոգվելու է, ու կրտսեր դասարանների աշակերտները ճաշելու են դպրոցում։ 

– Ես այսքան բազմազան սնունդ ամեն օր երեխայի հետ դպրոց չէի էլ կարող ուղարկել, հիմա երեխաս դպրոցում ոչ միայն կուշտ ուտում է, այլև գիտեմ, որ մասնագետների կողմից հաշվարկված, առողջ սնունդ է ուտում, այն, ինչ իր օրգանիզմին պետք է։

Լիանայի չափ՝ գուցե և ավելին ոգևորվեց նաև Ափնայի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Հակոբյանը, երբ պարզ դարձավ, որ իրենց կրթօջախն էլ է ընդգրկվում «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրում։ 3 տասնամյակից ավելի անգործության մատնված, հին, ջարդված կահույքի պահատեղի դարձած ճաշարանը վերադառնալու է իր ռելսերին, լցվելու առողջ ուտելիքների անուշ բույրով ու երեխաների աղմուկով։

– Ճաշարանից միայն անունն էր մնացել․ պատերը՝ քանդված, առաստաղը՝ կիսափուլ, հատակն՝ անմխիթար վիճակում, մի խոսքով՝ չորս դատարկ պատ,- ասում է տնօրենը։- 2004-ից, ինչ դպրոցի տնօրեն եմ, պատկան մարմիններին էի դիմում անընդհատ՝ խնդրելով, որ ճար անեն, դպրոցը ճաշարան ունենա ու ոչ մի բան չէր ստացվում։

Ափնայի դպրոցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աշխատակիցներին, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի ճարտարագետին և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներին անհամբեր էին սպասում։ Եկան 2019-ի գարնանը, գնահատեցին ճաշարանի իրավիճակը, արձանագրեցին անելիքները, հաշվարկեցին ֆինանսական անհրաժեշտ ծախսերը։ Վերանորոգման նախագիծը պատրաստվեց, թե չէ,  2019-ի ամռանն անցան գործի։

Դուռ ու պատուհան, սալիկ ու ծեփամածիկ. ճաշարանի բարեկարգման համար անհրաժեշտ  շինանյութը, ինչպես ծրագրին միացող բոլոր դպրոցների պարագայում, այս դեպքում ևս տրամադրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, սակայն շինարարության հետ կապված ՊՀԾ-ի ներդրումն այսքանով չավարտվեց․

– Ափնայի դպրոցի պարագայում մի մեծ խնդիր կար․ դպրոցը չուներ հավաքած պահուստային գումար, հովանավորներ էլ դժվարանում էր գտնել՝ շինարարական աշխատանքների ծախսերը փակելու համար, պատմում է ՄԱԿ-ի ՊՀԾ մարզային համակարգող Կարեն Հակոբյանը։- Բայց տեսնելով, թե ինչքան մեծ է ծրագրին միանալու դպրոցի ցանկությունը, որոշեցինք մեր աշխատակիցների օգնությամբ կանգնել դպրոցի կողքին։ Գրասենյակում արկղիկ տեղադրեցինք, որտեղ յուրաքանչյուրս գումար թողեց՝ ով ինչքան կարողացավ։ 

Մեկ ամիս էր պետք, որ արկղիկում կլորիկ գումար հավաքվի՝ 370 հազար դրամ, Ափնայի բնակիչներն էլ ամբողջացրին պակասող 90 հազար դրամը, և  65 քմ ճաշարանի վերանորոգման նախագիծը իրականություն դարձավ։

Գազօջախ, երկտեղանի լվացարան, չժանգոտվող պողպատյա սեղան, ջրատաքացուցիչ, սառնարան, թեյնիկ․ ՄԱԿ-ի ՊՀԾ-ի տրամադրած նորագույն սարքավորումները հարմարավետ տեղավորվեցին խոհանոցում, «Հայաստան» համահայկական հիմնադրամը գեղեցիկ աթոռ սեղաններ, սպասք նվիրեց, ծնողներն էլ գնեցին որակյալ կաթսա ու թավա․ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի գաղափարը՝ ծնողներին, տարբեր կազմակերպությունների, մասնակից դարձնելու երեխաների առողջ սնվելու գործին, այստեղ էլ հաջողեց։

2019-ի հոկտեմբերից ճաշարանը բացեց դռները  տարրական դասարանների  40 փոքրիկ գուրմանի առաջ։ Ափնայում աշխատել սկսեցին ծրագրի դրամային մոդուլով։ Մասնակցելով «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի՝ գնումների կազմակերպման վերաբերյալ վերապարտաստման դասընթացին և ստանալով մթերքի ձեռք բերման համար հատկացված օրական 120 դրամը յուրաքանչյուր աշակերտի համար՝ տնօրենը իրականացնում է ծրագրի հիմնական 20 մթերքի գնումը՝ լոբի, պանիր, ալյուր, հնդկացորեն, կարտոֆիլ, սոխ, բուսական յուղ, տոմատի մածուկ․․․

Ծնողների մասնակցությունը ծրագրին վերանորոգման փուլով չի ավարտվել, այժմ էլ նրանք տրամադրում են ճաշարանի սանիտարահիգիենիկ պատշաճ մակարդակը պահպանելու համար անհրաժեշտ մաքրող միջոցները, կիսում դպրոցի հետ իրենց այգու բերքը․․․

– 100 տարի ճաշ էինք եփում ու չգիտեինք էլ, ինչն ենք ճիշտ անում, ինչը՝ սխալ, ասում է Սուսանա Հակոբյանը, ով դպրոցի խոհարարների հետ մասնակցել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի խոհարարական դասընթացին։ – Ես, օրինակ, սոխեռած չանելու, բայց մեկ է, համեղ ուտելիք ստանալու գաղտնիքն իմ խոհանոց էլ եմ տարել։  Ոչ թե ձեթով տապակում ենք, այլ քիչ քանակությամբ ջրով շոգեխաշում։ Այս տեխնոլոգիայով են պատրաստվում դպրոցական խոհանոցի բոլոր ուտեստները։

 Դպրոցի խոհանոցում ամենակարևորը երեխաների համար բացառապես առողջ սնունդ պատրաստելու պահանջն է․ մթերքը՝ թարմ, ուտելիքը՝ հոգով ու սիրով պատրաստված, հաշվարկված այդ տարիքի երեխաների օրգանիզմի պահանջին համապատասխան, սննդային տարրերի պրոֆեսիոնալ համադրությամբ։ Արդյունքները թե’ դպրոցում են նկատել, թե’ տանը․

– Ես ինձ բռնացրի այն մտքին, որ իմ երեխայի պայուսակի մեջ չիպս ու վաֆլի էլ չի հայտնվում, – ծիծաղում է Լիանան, ում երեխան դպրոցի ճաշարանում մինչև վերջին գդալը հավեսով ուտում է լոբով ապուրը։

– Համեղ, առողջ սնված երեխաներն ավելի հանգիստ են նստում դասերին, ուշադրությունն ավելի կենտրոնացած է, քիչ նյարդային են, պատմում է դպրոցի տնօրենը,- մեր ուսուցիչներն ասում են՝ հեշտացել է  երեխաներին գիտելիքներ փոխանցելու գործը։ 

Նոր ուսումնական տարվա սկզբին ճաշարանի դուռն այդպես էլ չբացվեց․ կորոնավիրուսային համավարակի առաջացրած իրարանցումը լռեցրել է ափսե-բաժակի չխկչխկոցը դպրոցական խոհանոցում։ Այստեղ անհամբեր են` երբ է համավարակային իրավիճակը հանդարտվելու, որ եփվող ճաշերի բլթբլթոցի, ամանների չխկչխկոցի, երեխաների աղմկոտ ճաշկերույթի սիմֆոնիան խոհանոց վերադառնա․․․