Ծնողներն անհամբեր են՝ երբ է տաք սնունդն իրենց դպրոց հասնելու

– Վաղը կդնեմ խնձոր, «Բարնի», մյուս օրը՝ գուցե կեքս ու գազար։

Ամեն առավոտ Դինունց Լուսինեն գլուխկոտրուկի պես բարդ հարցի առաջ է կանգնում՝ ինչ օրապահիկ դնել վեցամյա Գոռի հետ, որ դպրոցում ուտի,  սովից չտանջվի, մինչև տուն կհասնի։ Ամեն օր տանն ինչ-որ հարմար բան պատրաստելն ու երեխայի հետ դպրոց ուղարկելը բարդ է, ստիպված փորձառու մայրիկն էլի դիմում է անհայտ ծագման, երկար պահպանման ժամկետով ուտելիքների օգնությանը, այնպիսինների, որոնք, ինքն էլ լավ գիտի, ոչ միշտ են առողջ:

– Չոր ուտելիքներ պետք է ընտրեմ ու նաեւ այնպիսիք, որ հոտ չունենան,- ասում է Լուսինեն, – ու ստացվում է՝ «ի՞նչ ուղարկել երեխայի հետ» հարցի պատասխանի տարբերակներն այնքան էլ շատ չեն։

 Տաք սննդի հնարավորությամբ Սյունիքի մարզի դպրոցներին Լուսինեն անկեղծ նախանձում էր, ու ինչքա՜ն մեծ էր ուրախությունը, երբ պարզվեց՝ իրենց դպրոցի ճաշարանն էլ են նորոգում, և երեխաներին տաք, առողջ սնունդ տրամադրելու հնարավորությունն այլևս սարերի հետևում չէ։ Ծնողներից ավելի ոգևորվեց դպրոցի տնօրենը, երբ հաստատվեց՝  1980-ականներին հիմնված, երբևէ կապիտալ վերանորոգման երես չտեսած դպրոցի ավերակ հիշեցնող ճաշարանը նորոգվելու է, և դպրոց են վերադառնալու  համեղ ուտեստների ախորժալի բույրերը։

Վերանորոգված ճաշարանը

 –

 – Ինձ ասացին՝ շատ մեծ է ճաշարանիդ տարածքը, արի կեսը նորոգենք, ուժերդ գուցե չպատեն ամբողջի համար, թող կեսն էլ մնա այնպես, ինչպես կա,- պատմում է Կապանի թիվ 1 դպրոցի տնօրեն Լուսինե Զաքարյանը։- Ասացի՝ ոչ, երկրորդ նման հնարավորություն էլ չգիտեմ՝ կլինի, թե՞ ոչ։

Իսկ հնարավորությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն է, որի շրջանակներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ թարմանում են դպրոցների ճաշարանները, զինվում անհրաժեշտ գույք ու սարքավորումով, և դպրոցը տաք սնունդ է տրամադրում 1-4-րդ դասարանների երեխաներին։ Ով ինչ պետք է անի՝ այս դպրոցում ևս պարզ էր։ Ճաշարանի, խոհանոցի ու պահեստի վերանորոգման համար շինանյութը տրամադրեց Պարենի համաշխարհային ծրագիրը, վերանորոգման համար գումարը դպրոցը գտավ ինքնուրույն․

– Դիմեցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ խնդրելով նվիրաբերել գումար, որի օգնությամբ գործը գլուխ կբերենք,-պատմում է Լուսինե Զաքարյանը։- Կազմակերպությունը տրամադրեց 5 մլն դրամ։

 Գումարը կար, անցան ճաշարանի 300 ք/մ մակերեսի բարեկարգման գործին․ տարածքն ազատեցին հնամաշ գույքից, հին հատակից, պոկեցին պատերի խունացած շերտը, անցան հատակը սալիկապատելուն, խողովակ ու էլեկտրահաղորդակցության գծերը թարմացնելուն, առաստաղն ու պատերը ներկելուն։ Երբ խոհանոցը, ճաշարանը, պահեստը, աշխատակիցների համար սանհանգույցն ու երեխաների համար լվացարաններն արդեն պատրաստ էին, Պարենի համաշխարհային ծրագիրն անցավ դպրոցին օժանդակության երկրորդ բաղադրիչին՝ տրամադրելով խոհանոցում անհրաժեշտ բոլոր սարքավորումները։

Նորոգված սանհանգույցը

– Հիմա դրանց տեղադրման գործին ենք՝ սառնարան, ջեռոց, հացթուխ սարքեր, պահարաններ ու դարակաշարեր, ջրատաքացուցիչ ու մեծածավալ թեյնիկ,- պատմում է տնօրենը։- Արդյունքում, դպրոցում ունենք ժամանակակից խոհանոց՝ առողջ սնունդ պատրաստելու բոլոր հնարավորություններով։

Այս դպրոցում էլ ճաշարանն ամբողջացնելու մասնակցային բաղադրիչն հաջողությամբ իրագործվեց․ նորոգված ճաշարանի գույքն օգնեցին ձեռք բերել քաղաքապետարանն ու «Վորլդ Վիժն Հայաստան»-ը,  սպասքը դեռ չեն գնել, բայց հստակ է՝ ինչպես են ձեռք բերելու․

– Ծնողներով որոշեցինք մասնակիցը լինելը մեր երեխաներին առողջ սննդով ապահովելու  գործին և  դպրոցի տնօրինության հետ պայմանավորվեցինք, որ խոհանոցի սպասքը ինքներս ենք գնելու,- ասում է Լուսինե Դինունցը։- Կապանի խանութներով պտտվել ենք, մի քանի տարբերակ հավանել, առաջիկայում վերջնական կորոշենք՝ որն ենք ուզում, կգնենք։

Կապանի թիվ մեկում տաք, առողջ սննդից օգտվելու հնարավորություն կունենա  տարրական դասարանների 227 երեխա և մարզում ապաստանած ևս 5 երեխա՝  Արցախից։ Դպրոցը միանգամից կընդգրկվի Ազգային ծրագրի դրամային բաղադրիչում։ Աշխատանքային մեխանիզմը հետևյալն է՝  կառավարությունը յուրաքանչյուր օրվա համար ամեն աշակերտի հաշվով դպրոցին փոխանցում է 120 դրամ,  որով պետք է գնել 20  տեսակի մթերք՝ բրինձ,  հնդկաձավար,  լոբի, պանիր, ալյուր, կարտոֆիլ, սոխ, բուսական յուղ, տոմատի մածուկ և այլն։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի սննդաբանները այդ մթերքներից կազմել են առողջ ճաշացանկ՝ հաշվարկված 600-700 կկալի սահմաններում, այնպես, որ ծածկի երեխաների օրգանիզմի՝ էներգիայի ու օգտական սննդանյութերի պահանջի մոտ 40 տոկոսը։

– Աշակերտները, տեսնելով, որ ճաշարանը նորոգվում է, անհամբեր են, որտեղ ինձ բռնացնում են՝ միջանցքում, դրսում, հարցնում են՝ ընկեր Զաքարյան, բա երբ ենք արդեն ճաշարանից օգտվելու,- պատմում է տնօրենը։

Հարցի պատասխանն ընկեր Զաքարյանն էլ չունի․ ամեն ինչ կախված է համաճարակից, ավելի ճիշտ՝ դրա թուլացումից։ Ինչքան շուտ կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշները դեպի վար շարժվեն, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ ճաշարանի դռները լայն կբացվեն փոքրիկների առջև։