Տան տաքուկ խոհանոցից դպրոցական ճաշարան՝ գիտելիքով ուժեղացած

– Բոլորի մոտ նույն կարծրատիպն է՝ անիմաստ ժամանակ ենք կորցնելու մարգերս մնացին,  հանդս մնաց․․․

Երևանի տարածաշրջանային թիվ մեկ քոլեջի դասընթացավար Աիդա Բաղդասարյանն արդեն անգիր գիտի՝ ինչ մտքերով են իր լսարան մտնելու  մարզային դպրոցների խոհարարները։ Բայց այդ մասին հիմա ժպիտով է խոսում․ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում իր չորսամյա փորձով է համոզվել՝ դասընթացի ավարտին նույն այդ խոհարարները դժվարությամբ են իրենցից բաժանվելու․․․

Հայաստանյան դպրոցների տարրական դասարանների 100 000 երեխաներին առողջ և հավասարակշռված սնունդ առաջարկող այս ծրագրի չամիչի հատիկն այն գաղափարն է, որ երեխաների համար սնունդը պետք է պատրաստեն նույն բնակավայրի մարդիկ, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը, տատիկները, մորաքույրերն ու հորաքույրերը։ Նրանք այդպես ուտելիքին ավելացնելու են իրենց անսահման հոգատարությունը, սերն ու դրական լիցքերը։

Բայց նաև ստացվում է, որ շատերն իրենց տաքուկ, հարմարավետ անկյունից, որտեղ պատրաստում էին սնունդ ընտանիքի անդամների համար միայն, հայտնվում են դպրոցական մեծ խոհանոցում՝ տնային մենյուի համեմատ ավելի մեծ առաջադրանքներով։

– Եվ այստեղ, իհարկե, խնդիր կա ընտրված խոհարարներին սովորեցնելու խոհարարությունը որպես մասնագիտություն, փոխանցելու հանրային սննդի պատրաստման սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման,  սննդամթերքի անվտանգության տարրական կանոնների մասին գիտելիքներ,- ասում է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը։ – Մեր դասընթացները  հենց նպատակ ունեն այդ գիտելիքները փոխանցել։

Խոհարարների դասընթացին

 

2016-ին ստեղծված հիմնադրամը լծվել է մայրիկ-տատիկներից խոհարարներ ստանալու կարևոր գործին։  Վայոց Ձորի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի դպրոցներից ավելի քան 1100 խոհարար արդեն անցել է հիմնադրամի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի և Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի համատեղ ջանքերով կազմակերպած խոհարարական դասընթացները  և  գիտելիքներով զինված մտել  խոհանոց։ 2020թ-ի հունվար, փետրվար ամիսներին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի «Ծաղկունք»  հյուրատան խոհանոցային մասնաբաժնում սննդի պատրաստման կարևոր գործընթացների վերաբերյալ գիտելիք է հավաքել մարզի տարբեր դպրոցներից շուրջ հարյուր խոհարար։

Օրական 120 դրամ արժողությամբ, 20 անուն մթերք, 600-700 կկալ, ծանոթ բաղադրատոմսեր՝ պրոֆեսիոնալ կատարմամբ․ ահա առաջադրանքը, որ դպրոցական խոհանոցում ամեն օր լուծում են խոհարարները՝ երեխաների համար առողջ, տաք սնունդ ստանալու վերջնարդյունքով։ Իսկ թե ինչպես խնդիրը լուծել անվտանգ ու գրագետ ձևով, մասնագետները սովորեցնում են հենց այս վերապատրաստման դասընթացների ընթացքում։ 

– Բրուտո, նետո․․․ մեր մասնագիտության մեջ կիրառելի այս բառերը շատերն առաջին անգամ էին լսում,- պատմում է դասընթացավար Աիդա Բաղդասարյանը։ – Այնինչ, խոհարարի համար կենսական է իմանալ, որ բրուտոն չմշակված մթերքի քաշն է, իսկ նետոն՝ զտաքաշը լվանալուց, կլպելուց հետո։ Երբ խոհարարը ճշգրիտ գրամներով ու կկալներով սնունդ պետք է պատրաստի, սննդի հետ կապված տնային մակարդակի գիտելիքները բավարար չեն։

Ինչպե՞ս մտնել խոհանոց, հիգիենայի պահպանման ի՞նչ խիստ կանոնների հետևել, ինչպե՞ս ընդունել, պահեստավորել սնունդը, ի՞նչպես ճիշտ ջերմային մշակման ենթարկել մթերքը, ի՞նչ ջերմաստիճանի սնունդ դնել երեխայի սեղանին․ սրանք հարցեր են, որոնք շատ խոհարարների մտքում երբևէ չէին ծագել տանը սնունդ պատրաստելիս, բայց այս և շատ այլ կարևոր հարցերի պատասխաններով զինվեցին դասընթացի տեսական հատվածում։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն ասում է, որ դասընթացների 2 օրվա ընթացքում բարդ է մասնակիցներին փոխանցել խոհարարության բոլոր նրբություններն ու կանոնները, նման նպատակ դնելն իրատեսական էլ չէ։ Այս դասընթացի գլխավոր նպատակը մասնագիտության հիմնական, թիրախային հասկացություններին ծանոթացնելն է՝ ոչ ակադեմիական սլենգով ու մակարդակով, այլ հանրամատչելի ու հասկանալի լեզվով։ 

– Մենք օգնում ենք, որ խոհարարները գիտակցեն՝ իրենց դերն ինչ առանցքային է այս ամբողջ գործընթացում, ըստ էության ամենակարևորն է,- ասում է Վարդանուշ Պետրոսյանը։ – Երկրորդը, փաստերով ենք ցույց տալիս՝ ամեն ինչ արվում է երեխաների համար, այդ թվում՝ իրենց երեխաների։ Մենք օգնում ենք հասկանալ ոչ միայն՝ ինչու է կարևոր սնվելն ընդհանրապես, այլ ԱՌՈՂՋ սնվելը։- Խոհարարներ կան, անկեղծ զարմանում են․ փաստորեն, իրենք առողջ ուտելիքով օգնում են, որ երեխան լավ սովորի, իսկ  մինչ այդ կարծում էին, թե  երեխաներն ուտում են, որ պարզապես  կուշտ լինեն։

– Առաջին միտքը, որ դասընթացին մասնակցելուց հետո ունեցա, այն էր, թե այս ինչ մեծ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա,- ասում է Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի խոհարար Անահիտ Վարդանյանը։- Իմ տանն ուտելիք պատրաստելիս գուցե շատ բաների ուշադրություն չեմ դարձրել, դպրոցի խոհանոցում անգամ աննշան մանրուքն էլ էական է, գործին պետք է մոտենալ մեծագույն լրջությամբ։

Խոհարարների դասընթացին

Քաշովի, քամովի, կարկանդակ ու հացաբուլկեղեն, տաք ապուրներ ու աղցաններ․ հյուրատան խոհանոցում գույներ էին, բույրեր՝ դպրոցական ճաշացանկերի էջերից․ «Մթերքը ստանալուց մինչև սեղան» թեմայով  լրացուցիչ վարպետաց դասընթացի ընթացքում հմուտ խոհարար Յուրիկ Սարգսյանը գործնականում փոխանցեց երեխաների համար առողջ սնունդ պատրաստելու գաղտնիքները,  ապա տեղում էլ ստուգեց՝  ինչպես յուրացրին մասնակիցներն իր փոխանցածը։ Ուտելիքների, համերի այդ շքերթը գիտելիքների ստուգատես էր իրականում։

– Գիտե՞ք, երբ խոհանոց մտա, հավաքվածները տնային տնտեսուհիներ էին,- պատմում է Յուրիկ Սարգսյանը,- սակայն մեր խոհանոցից նրանք  խոհարարներ դուրս եկան։ Կասեք՝ այդ ինչպե՞ս՝ մեկ օրում․․․հավատացե՛ք,  տեսական գիտելիքներ հավաքելուց հետո մեկօրյա գործնական աշխատանքն էլ բավական էր, որ նրանք շատ ավելի պատրաստված վերադառնան դպրոց ու շատ ավելի պատասխանատու մոտենան այս կարևոր գործին։ Չէ՞ որ իրենց ձեռքերում  հարյուրավոր երեխաների առողջությունն ու կյանքն է։

Դպրոցական սննդի առողջապահական նշանակության ու առանձնահատկության, կերակրատեսակների պատրաստման տեխնոլոգիաների ու սննդամթերքի անվտանգության վերաբերյալ գիտելիքները «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը փոխանցում է նաև դպրոցների տնօրեններին՝ զուգահեռաբար կազմակերպելով դասընթացներ նաև նրանց համար։ Սա թիմային առաքելություն է, միայն խոհարարին կրթելը բավարար չէ․ առաջիկայում հիմնադրամում մտադիր են գործընթացի մեջ ընդգրկել նաև դասվարներին ու ծնողներին։

Ծաղկունքի փորձը հաջողված նախադեպ էր։ Սաթենիկ Մկրտչյանն ասում է, որ իրենք կշարունակեն դասընթացները զարգացնել՝ տարածաշրջանային կարողությունների կիրառմամբ, մարզային փորձի ու ռեսուրսների ինտեգրմամբ։ Ինչպես նաև, դասընթացների մասնագիտական լոկալ մոդուլներից ծրագիրը կամաց-կամաց ամբողջական լրացուցիչ կրթական ծառայության կվերափոխվի։ 

– Արդյունքում մենք կունենանք պետական ձևաչափ՝ ավելի երկարաժամկետ ու  համապարփակ, և  խոհարարներին  կառաջարկենք  սերտիֆիկացված  կրթություն՝ կազմակերպելով պետականորեն հավաստագրված դասընթացներ,- ասում է հիմնադրամի տնօրենը։

Համավարակը խառնեց անելիքների գրաֆիկը․ պլանավորված դասընթացներն իրական հարթությունից վիրտուալ հարթակներ են տեղափոխվել․ Սյունիքի մարզի դպրոցների 90 տնօրենի համար իրականացվել են հեռավար դասընթացներ։ Համաճարակային իրավիճակը հենց հանդարտվի, դասընթացները կվերադառնան ֆիզիկական խոհանոցներ, որտեղ կտարածվի նոր թխած հացի ու կարկանդակի բույրը՝  իբրև նախօրեին հավաքած գիտելիքների ստուգատես․․․