Միջազգային փորձ

Դպրոցական սննդի ծրագրերի կարևորությունն աշխարհում

 Դպրոցական սննդի ծրագրերը հեղափոխական են դառնում ամբողջ աշխարհով մեկ։ Թվում է՝ ոչ մի բարդ բան չկա․ մեկ բաժին տաք ուտելիք է առաջարկվում երեխային, ու վերջ։ Իրականում, երեխայի սեղանին մեկ աման ճաշ դնելու հետևում մի ամբողջ շղթա է՝ աշխուժացած տնտեսական գործունեություն, տեղական արտադրության խթանում, նոր աշխատատեղեր, կենսամակարդակի բարձրացում, կրթության որակի բարելավում, առողջ երեխաներ․․․

Ամբողջ աշխարհը գնալով ավելի ու ավելի է կարևորում դպրոցական սննդի դերը երեխաների կյանքում՝ փորձելով բարելավել սննդացանկը, որն առաջարկվում է փոքրիկներին՝ դարձնելով լիակատար առողջ, խարսխելով այն տեղական մաքուր արտադրության վրա։ Ողջ աշխարհն է այսօր կանգնած երեխաների  ճարպակալման ու թեսնուցման մարտահրավերների առաջ, և դպրոցական սնունդը կարող է նպաստել այդ խնդիրների լուծման գործին։  

 Երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են դպրոցում, և հաճախ, հատկապես խոցելի խմբի երեխաների համար, դպրոցում ընդունած կերակուրը օրվա սննդաբաժնի գլխավոր մասն է կազմում։  Ահա թե ինչու է կարևոր, որ դպրոցում առաջարկվող ուտելիքը համապատասխանի երեխայի օրգանիզմի՝ սննդանյութերի տարիքային պահանջին ու նպաստի կրթական գործնթացների բարելավմանը՝ համեմված լինելով առողջ սննդի կարևոր սկզբունքներով, նպաստելով առողջ ու խելացի  սերունդի մեծացմանը։

2020-ի սկզբին 160 երկրներից 388 մլն երեխաներ, նույնն է, թե՝ դպրոցահասակ յուրաքանչյուր երկրորդ երեխա, ամեն օր դպրոցական սնունդ է ստացել՝ այդպիսով դարձնելով դպրոցական սնունդը մոլորակի մաշստաբով  սոցիալական  ապահովության ամենախոշոր ցանցը։ Փորձը ցույց է տալիս, որ դպրոցական սննդի ծրագրերը, սոցիալական աջակցության այլ նախաձեռնությունների հետ համատեղ, ամենախելացի երկարաժամկետ ներդրումն են երկրների զարգացման գործում, որ կառավարություններն իրագործում են։ Այս նախաձեռնությունները նաև ծախսարդյունավետ են, որովհետև դրանք եկամուտ են ապահովում բազմաթիվ ոլորտներում, ներառյալ՝ կրթությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը և սոցիալական պաշտպանությունը:

Դպրոցական սնունդը նաև ամենաարդյունավետ միջոցներից է դպրոցում դասապրոցեսի մեջ  ընդգրկվածության, կրթության որակի բարելավման և  հաճախելիության բարձրացման համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  դպրոցական սննդի շնորհիվ հաճախելիության մակարդակն աճում է մոտ 8%-ով: 

Ուսումնասիրությունները փաստում են, որ դպրոցական սննդի լավ մշակված ծրագիրը կարող է երեխաների սննդակարգում կարգավորել անհրաժեշտ մակրո և միկրոէլեմենտների առկայության մակարդակը՝ բարելավելով առողջությունը, նպաստելով ուղեղի լավ աշխատանքին, որպես արդյունք՝ բարձրացնելով կրթության որակը։ Օրինակ՝ Հնդկաստանում «Կեսօրվա սննդի սխեման»՝ աշխարհում դպրոցական սննդի ամենամեծ ծրագիրը, վերացրել է այդ երկրում երեխաների շրջանում  սպիտակուցի ամենօրյա պակասը, երկաթի պակասի ցուցանիշն իջել է 10 տոկոսով,  երկրում նվազել է երեխաների շրջանում թերսնումը գրեթե 30%-ով։

Աղքատ համայքներում նմանատիպ ծրագրերի տնտեսական օգուտներն ակնհայտ են անզեն աչքով։  Տնային տնտեսությունները, փոքր արտադրությունները՝  ի դեմս դպրոցների, մշտական հաճախորդ են ձեռք բերում՝ անընդմեջ առաքելով թարմ, տեղական մթերքներ ու լուծելով ապրանքի իրացման բարդ հարցը։ Սա՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ երեխան սնվում է դպրոցում՝ թեթևացնելով ծնողների հոգսը։ Հաշվարկները ցույց են տալիս, որ դպրոցական սննդի արժեքը ընտանիքների միջին եկամտի 10 տոկոսն է կազմում աշխարհում։ Մի քանի երեխա ունեցող ընտանիքների համար սա նշանակալի խնայողություն է։ 

Մեր կայքի այս բաժնում պարբերաբար կպատմենք, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ են իրենցից ներկայացնում դպրոցական սննդի ծրագրերը։ Համեցեք պարբերաբար այս բաժին, լավագույն տեղեկությունները դեռ առջևում են ․․․

«Իրենց հետ գդալներ են բերել». Ինչպես և ինչով են կերակրել դպրոցականներին ԽՍՀՄ-ում. РБК Life-ի հոդվածը

https://rbclife.ru/news/63bdbf859a79474edc0c7bbc?fbclid=IwAR3YYj-CDSodV0IBhJNoXY5vxlwNR23h3gkCcqxbrL49mBCJLHh-aqZdmpo