MUFPP Ֆորում 2025.  Միլանից նորարար և արդիական լուծումներ՝ Երևանի քաղաքային պարենային քաղաքականության արդիականացման համար

2025 թվականի հոկտեմբերի 13-ից 17-ը Միլանում կայացած Միլանի Քաղաքային Պարենային Քաղաքականության Դաշնագրի (MUFPP) տասնամյակի համաշխարհային ֆորումը դարձավ գլոբալ մտքի և գործնական փորձի փոխանակման կենտրոն։ Միջոցառումը, որին մասնակցում էին 500-ից ավելի պատվիրակներ 330 քաղաքներից և շահակից կազմակերպություններից, վերահաստատեց, որ պարենային համակարգերի կայունությունը, առողջ սննդակարգը և թափոնների նվազեցումը քաղաքային զարգացման գլխավոր առաջնահերթություններն են։

Երևանը, որն արդեն միացել էր Դաշնագրին 2025 թվականի հուլիսին, ֆորումից վերադարձավ ոչ թե միայն տպավորություններով, այլ՝ «Դպրոցական սնունդ կոալիցիայի» շրջանակում Հայաստան-Իտալիա համագործակցության հստակ գործնական օրակարգով։

Գլոբալ ֆորումի մասշտաբը և որոշումները

Միլանի ֆորումը նվիրված էր վերջին տասնամյակի արդյունքների ամփոփմանը, ներկա մարտահրավերների գնահատմանը և հաջորդ տասնամյակի առաջնահերթությունների սահմանմանը։

Թեմատիկ առանցքը և մասնակիցները

Ֆորումի օրակարգը ներառում էր լայն թեմատիկ շրջանակ՝ սկսած առողջ և կայուն սննդակարգի մատչելիությունից մինչև քաղաք-գյուղ կապ, մեծածախ ու ֆերմերային շուկաներ, կարճ մատակարարման շղթաներ և պետական գնումներ։ Հատուկ ուշադրություն էր դարձված սննդային կորուստների և թափոնների նվազեցման ժամանակակից մոտեցումներին և ազդեցության չափման մեթոդներին։

Միջոցառմանը մասնակցում էին այնպիսի գլոբալ կառույցներ, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), Համաշխարհային բանկը, այլ կազմակերպություններ ինչպես նաև տարածաշրջանային այլ կազմակերպություններ, քաղաքային ցանցեր և ակադեմիական հաստատություններ։

 Հիմնական որոշումները՝ Միլանի Հռչակագիր

Հոկտեմբերի 16-ին ընդունված Միլանի Հռչակագիրը սահմանեց, որ հաջորդ տասնամյակը պետք է լինի իրականացման, ինտեգրման և ներառման ժամանակաշրջանը։ Որոշվեց.

  • Կլիմայական ներգրավում. Մշակել MUFPP-ի նոր Շրջանակ՝ քաղաքային պարենային քաղաքականություններում կլիմայի մեղմացումը և հարմարվողականությունն ավելի լավ ինտեգրելու համար։
  • Դպրոցական սնունդ. Վերահաստատել դպրոցական սնունդը՝ որպես սոցիալական պաշտպանության հիմնական գործիք և պարտավորվել ընդլայնել ծրագրերը։
  • Նորարարության ճանաչում. Ֆորումի կարևոր հատվածը Milan Pact Awards 2025 մրցանակաբաշխությունն էր։ Օսթինը (ԱՄՆ) հաղթեց «Կառավարում» անվանակարգում, Սեուլը (Կորեա)՝ «Կայուն սննդակարգ և սնուցում», Մեդելինը (Կոլումբիա)՝ «Սոցիալական և տնտեսական ներառում», Երիխոն (Պաղեստին)՝ «Սննդի արտադրություն», Ուագադուգուն (Բուրկինա Ֆասո)՝ «Մատակարարում և բաշխում», իսկ Վանտան (Ֆինլանդիա)՝ «Սննդային կորուստների և թափոնների նվազեցում» անվանակարգերում։ Լավագույնները  ձևավորում են միջազգային չափանիշներ, որոնք հատկապես կարևոր են Երևանի համար՝ որպես նոր միացած քաղաք, երբ այն կառուցում է իր սեփական քաղաքային պարենային քաղաքականության ապագան և նոր էջ բացում դպրոցական սննդի ներդրմամբ։

Ֆորումն անցկացվեց բազմազան հարթակներում, որոնք տեղակայված էին Միլանի հ ամալսարանի մասնաշենքերում։ Ծրագրում ներառված էին նաև դաշտային այցելություններ Միլանի պարենային համակարգի կարևոր օղակներ՝ կենտրոնացված խոհանոցներ, քաղաքային օրգանական թափոնների վերամշակման գործարաններ, մեծածախ շուկաներ, դպրոցներ և մանկապարտեզներ։ Պլենար նիստերն, օրինակ, անցկացվեցին Միլանի հարուստ պատմական միջավայրում. մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Փոքր թատրոնում» (Piccolo Teatro Studio Melato) , իսկ բացման և փակման նիստերը՝ Միլանի համալսարանի «Աուլա Մագնա» (Aula Magna) մեծ դահլիճում։

Գլոբալ դասերը՝ միլանյան մոդելի հայելին

Ֆորումին առանձին հարթակով ներկայացվեց Միլանի տասնամյակներ առաջ ներդրված դպրոցներում սննդի կազմակերպման փորձը, որն իր երկար ճանապարհն անցնելով հանգել է Միլանի կենտրոնացված խոհանոցների ցանցի մոդելն էր, որն ապահովում է միասնական որակ, սննդանվտանգություն և նույնօրյա տաք սննդի բաշխում։

«Միլանում կայացած Գլոբալ համաժողովի մասնակցությունը մեզ հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալ քաղաքային պարենային քաղաքականությունների առաջատար փորձին, այլև ձևակերպել այն գործնական ուղղությունները, որոնք կարող են դառնալ երկարաժամկետ համագործակցության ամուր հիմք»,— նշում է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Միլանի այս մոդելը կարող է դիտարկվել իբրև այլընտրանքային լուծում ենթակառուցվածքային սահմանափակումներ ունեցող երևանյան դպրոցների համար, միաժամանակ պահպանելով Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագրի հիմնական՝ դպրոցական խոհանոցների վրա հիմնված մոտեցումը։

Գործնական օրակարգ. Երևան-Միլան համագործակցության հենքը

Ֆորումի ընթացքում հայաստանյան պատվիրակության բազմակողմ հանդիպումները հանգեցրին կոնկրետ համաձայնությունների ձեռքբերմանը, որոնք կարևոր են Երևանում «Դպրոցական սնունդ» ծրագրի առաջիկա գործողությունների ծրագրի շարունակական զարգացման համար, մասնավորապես կենտրոնացված խոհանոցի մոդելի ավելի խորը ուսւոմնասիրության, և թափոնների կառավարման համակարգի մոդելի փնտրտուքի տեսանկյունից։

  1. Կենտրոնական սպասարկման փորձարկում և լոգիստիկա. Միլան քաղաքապետարանում ստեղծված է հատուկ բաժին, որը կառավարում է, իսկ հատուկ համայնքային ձեռնարկություն, որն իրականացնող օպերատորն է՝ Milano Ristorazione։ Առանձին հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք կարևոր ճանաչողական հարցեր և ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել քննարկումները Երևանում Միլանի հարուստ փորձի տարբեր հաջողված մոդելների ավելի խորացված ուսումանսիրման և հավանական տեղայնացման ուղղությամբ։ 
  2. Ֆինանսական և կառավարման գործիքներ. MUFPP Քարտուղարության հետ համաձայնեցվել է աշխատանքային խմբի ստեղծումը, որը կզբաղվի քաղաքային հանրային գնումների բարելավման և ծնողական համաֆինանսավորման գործիքների ներդրման հնարավորությունների ուսւոմնասիրությամբ, ինչպես նաև կենտրոնացված խոհանոցի գործարկման հնարավորությամբ այն դպրոցների դեպքում, որոնք ունեն բավարար տարածքի հետ կապված սահմանափակումներ։ Այս համագործակցության շրջանակներում կմշակվեն նաև հաշվետվողականության և հետադարձ կապի ժամանակակից մեխանիզմներ։
  3. Շրջանաձև տնտեսություն և կոմպոստացում. Ֆորումում Երևանը ներկայացրեց սննդային թափոնների կառավարման նկատմամբ իր հետաքրքրությունը՝ ընդգծելով չափման, կրճատման, տարանջատման և կոմպոստացման ամբողջական շղթայի ձևավորումը։ Միլանի փորձի հիման վրա Երևանում հնարավոր է մանկապարտեզներում սկսել փոքրածավալ պիլոտային ծրագիր՝ սննդային և օրգանական թափոնների վերամշակման ուղղությմաբ, որի արդյունքում ստացված կոմպոստը կօգտագործվի քաղաքի կանաչապատման ծրագրերում՝ ստեղծելով շրջանաձև տնտեսության տեղական օրինակ։ Արդեն իսկ հաջորդական առցանց հանդիպումներին «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը միացավ CityMed նախաձեռնության քննարկումներին և խորհրդակցություններին թափոնների նվազեցման միջազգային դաշինքի հետ՝ տվյալահեն չափման և անդամակցության մեխանիզմների շուրջ։

«Շատ կարևոր է մանկապարտեզների և դպրոցների սննդի թափոնների և քաղաքային օրգանական թափոնների կիրառման փորձերի և պրակտիկաների ներդրումը ոչ միայն բնապահպանական տեսանկյունից, այլև կրթական և երեխաների բնապահպանական աշխարհայացքի ձևավորման տեսանկյունից։ Ստացված կոմպոստը կարելի է կիրառել քաղաքային կանաչապատման ծրագրերում՝ իրականացնելով շրջանաձև տնտեսության մեկ ցցուն օրինակ»,— բացատրում է Սաթենիկ Մկրտչյանը։

  1. Փոխուսուցում և կրթություն. Համաձայնություն ձեռք բերվեց Միլանի Պարենային քաղաքականության վարչության և գործընկեր քաղաքների (օրինակ՝ Լիեժի) հետ սկսել շարունակական գործընկերային փոխուսուցման (Peer-learning) գործընթաց՝ ուղղված դպրոցական սննդի կազմակերպման լավագույն փորձի փոխանակմանը։ Կողմերը համաձայնեցին, որ փոխուսուցման գործընթացը կկազմակերպվի մի շարք կոնկրետ ուղղություններով՝ ներառյալ քաղաքային դպրոցական սննդի գնման գործընթացների կարգավորումը, ծնողների ներգրավման և համաֆինանսավորման արդար ու թափանցիկ մոդելները, սննդային թափոնների նվազեցման և կոմպոստացման փուլային համակարգը, ինչպես նաև դպրոցական կրթական ծրագրերում սննդագիտության և առողջ ապրելակերպի ինտեգրման մեթոդաբանությունը

Դեպի իրականացում. Հաջորդ քայլերը և քաղաքական հանձնառությունը

Միլանի ֆորումի հիմնական ձեռքբերումը Երևանի համար եղավ կոնկրետ տեխնիկական և գործընկերային աջակցության ամրագրումը։ Առաջիկա անելիքները պահանջում են միջգերատեսչական հստակ համագործակցություն։

Երևանի համար առաջնահերթ է վերոնշյալ օրակարգը ներառել համապատասխան գերատեսչությունների աշխատանքային ծրագրերում և մոտ ապագայում կազմակերպել համատեղ առցանց հանդիպում Միլանի Պակտի քարտուղարության և Միլանի Պարենային քաղաքականության վարչության հետ։ Այս հանդիպման առանցքային նպատակն է համաձայնեցնել տեխնիկական ճանապարհային քարտեազը, սահմանել պատասխանատվությունները և հաստատել ժամանակացույցը։

Միլանի ֆորումը Հայաստանին տրամադրեց կիրառելի գործիքակազմ և գործընկերային ցանց։ Այս պիլոտային ծրագրերի հաջող իրականացումը կապահովի, որ Երևանը հաջորդ միջազգային հարթակներում ներկայանա ոչ թե մտադրություններով, այլ՝ չափելի արդյունքներով և փաստարկված հաջողությամբ՝ դիրքավորվելով որպես կայուն քաղաքային պարենային քաղաքականությունների տարածաշրջանային առաջնորդ։