Խոնավության ու մամուռի հոտի փոխարեն համեղ ուտեստների բույր․ Նոր Եդեսիայի դպրոցում ճաշարանը վերածնվել է

– Հարցնում եք՝ ինչ վիճակում էր․․․ասեմ, այն վիճակում, որ դուռը բացում էի թե չէ, բոլորը գլխով էին անում․ ոչ մի կառույց, ոչ մի բարերար չէր համաձայնում օգնել բարեկարգել տարածքը,-  պատմում է տնօրենը։- Սարսափելի էր, պատերը՝ քանդված, տանիքը՝ անձրևաջրերից փլված։

 Նոր Եդեսիա գյուղի դպրոցում չեն էլ հիշում՝ վերջին անգամ ճաշարանը երբ էր համեղ ուտեստներով բուրել, միակ հոտը, որ տասնամյակներ շարունակ բռնել էր պատերն ու առաստաղը, խոնավության ու մամուռի հոտն էր։ Հովանավորների ապարդյուն փնտրտուքը մարել էր վերջին հույսը, թե մի օր խոնավությամբ ծանրացած այս օդում էլի թարմ աղցանի ու ապուրի բույր կտարածվի։

 Դպրոցի տնօրեն Հրաչ Սահակյանն ուրախ է, որ քանդված պատերի ու դրանցում ներծծված հնացած կահույքի հոտի մասին անցյալով է խոսում։ 2019-ից առաջ դպրոցն ընդգրկվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում, իսկ ճաշարանը փոխվել  անճանաչելիության աստիճանի։ 

Արդյունքում՝ դպրոցն արդեն մեկ տարի ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ բարեկարգ ճաշարան, խոհանոց ու պահեստային հատված մթերքների համար, նախակրթարանի և տարրական դասարանների սաներին առողջ տաք ճաշ առաջարկելու համար։ 

«Կայուն դպրոցական սնունդը» պարզապես տարածքի վերանորոգման մասին չէ․ այն հետաքրքիր մի գաղափարախոսություն է, որ երեխաներին առողջ սնունդով ապահովելու առաքելության շուրջ հավաքում է  ծնողներին, համայնքի ներկայացուցիչներին ու բարերարներին։ Նոր Եդեսիայում ճաշարանը բարեկարգվեց բոլորի գործուն աջակցությամբ։ Այսպես, նախ՝  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը դպրոցին տրամադրեց վերանորոգման համար անհրաժեշտ հիմնական շինանյութը՝ ցեմենտ, ծեփամածիկ, սալիկներ, դուռ, պատուհան, նոր խողովակներ ջրի ու կոյուղու համար։

-Մենք դպրոցներին տրամադրում ենք միջինում 4000 դոլար արժողությամբ շինանյութ, իսկ վարպետների աշխատանքի վարձատրության, պակասող շինարարական մանր դետալների ձեռքբերման հարցը պետք է դպրոցը լուծի,- ասում է ՄԱԿ-ի ՊՀԾ մարզային համակարգող Կարեն Հակոբյանը։ – Քանի որ Նոր Եդեսիայի դպրոցը պահուստային գումարներ չուներ, համայքն էլ այդ պահին ֆինանսապես աջակցել չկարողացավ, այդ հարցը մենք օգնեցինք լուծել․ ռուսաստանաբնակ բարերար Կարապետ Ամբարջյանը 5000 ԱՄՆ դոլար նվիրեց դպրոցին։

 Ֆինանսապես չստացվեց օգնել, բայց ֆիզիկապես ամբողջ գյուղը  հավաքվեց ծրագրի շուրջ․ միասնական ջանքերով նորոգեցին առաստաղը, փոխեցին էլեկտրականության լարերը, սալիկապատեցին հատակն ու խոհանոցի պատերը, տեղադրեցին նոր դուռ ու պատուհան․ 250 քմ քարուքանդ եղած տարածքը նորից դարձավ ճաշարան։

– Վերանորոգմանը մասնակցել են գյուղի վարպետները, ուսուցիչներն են օգնել, ասենք՝ շինանյութերով լի մեքենաներ են դատարկել, դպրոցի ավագ դասարանների տղաներն էլ են միացել գործին,- պատմում է տնօրենը։ 

2019-ի օգոստոսից մեկնարկեց վերանորոգումը, նորոգված խոհանոցն ու պահեստը նորագույն տեխնիկայով կահավորվեցին ՄԱԿ-ի ՊՀԾ-ի օգնությամբ, ճաշարանային հատվածի սեղան-աթոռներն էլ նվիրաբերեց Նոր Եդեսիայի համայնքապետարանը։ Նոյեմբերի 1-ից առողջ ուտեստների անուշահոտը տարածվեց դպրոցում։

– Խոհարարին ընտրել էի դեռ այն ժամանակ, երբ ճաշարանը նորոգելու հույս էլ չկար,- ասում է Հրաչ Սահակյանը։- Մի քանի անգամ հյուրընկալվել էի իրենց տանը ու տիկին Ալվարդի պատրաստած ուտելիքների համով հիացել։

– Ո՜նց եմ սիրում սնունդ բաժանելու պահը, չեք էլ պատկերացնի,- ժպտում է տիկին Ալվարդը։- Հենց ուտելիքն ավելանում է, հարցնում եմ՝ ո՞վ  կուզի նորից լցնեմ, բոլորն անհամբեր ձեռք են բարձրացնում՝ կլորացնելով փայլող աչուկները։ Ես էլ հավասար բաժանում եմ եղած՝ թեկուզ ամեն մեկին մեկ գդալ հասնի։  

Լաբորատորիայի վարիչ, տնտեսվար, հանդերձարանի պահակ․ տարիներ անց Ալվարդ Հովհաննիսյանը դպրոց վերադարձավ խոհարարի գոգնոցով։ Նա ընդունեց առաջարկը մեծ սիրով․ տարիների փորձով էր համոզվել․ երեխաների հետ աշխատելուց լավ բան հնարավոր չէ պատկերացնել․

– Ես երեխաներին տալիս եմ իմ սիրով պատրաստած ուտելիքը, բայց ես էլ իրենցից վերցնում եմ անգնահատելին․ ամեն օր հետս դրական լիցքեր եմ տուն տանում,- ասում է  խոհարարը։- Միայն այն, որ  փաթաթվում են ինձ, ասում՝ շնորհակալություն, շատ համեղ էր, ամեն ինչ արժե։

Ինչպես պատ ու առաստաղը նորացվեց համատեղ ջանքերով, այդպես էլ  տաք սննդի տրամադրման ողջ գործընթացն է կազմակերպվում։ Դպրոցն ընդգրկված է Ազգային ծրագրում, որի ծախսերը հոգում է ՀՀ Կառավարությունը։ Ամեն երեխայի համար կրթօջախն օրական 120 դրամի հաշվարկով գումար է ստանում պետությունից, գնում 20 անուն առողջ մթերք, ինչպես, օրինակ՝ այլուր, ոսպ, բրինձ, ոլոռ, կարտոֆիլ, գազար, խնձոր, ճակնդեղ։ Ծնողական խորհրդի աջակցությամբ էլ ձեռք են բերվում խոհանոցում անհրաժեշտ այլ պարագաներ, ասենք՝ մաքրող միջոցներ կամ առողջ այլ սննդատեսակներ, որ ցանկում ընդգրկված չեն։ Արդյունքում՝ 245 աշակերտ ունեցող դպրոցի սաների կեսից ավելին՝ կրտսերները՝ 130 երեխա,  համեղ սնվելու հնարավորություն ունեն։ Ուտելու գալիս են հերթափոխով, միաժամանակ սնվում է 65 երեխա։

– Մինչև ճաշարանն աշխատեցնելը ամեն դասարանում օրական 3-5 բացակա էինք ունենում,- ասում է տնօրենը,- տաք սննդի հնարավորության հետ բացակաների թիվը զրոյացել է։ Անգամ լինում են դեպքեր,  երբ երեխան հիվանդ է, դպրոց չի եկել, զանգում, խնդրում է՝ իր բաժինը պահենք։

Ապուրներ՝ ոլոռով, բրնձով, մակարոնեղենով, փլավներ՝ ոսպով, հնդկաձավարով, աղցաններ՝ սեզոնային միրգ-բանջարեղենով․ տիկին Ալվարդը դպրոցի խոհանոց է մտել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կազմակերպած խոհարարական դասընթացից հավաքած գիտելիքներով ու առողջ բաղադրատոմսերը ձեռքին․ ինչ էլ պատրաստի, չի մոռանում մի բուռ սեր ավելացնել ուտեստին․

– Երեխաներն ամենամեծ դատավորներն են․ սա մտքիս պահած եմ ամեն օր աշխատանքի գնում,- ասում է տիկին Ալվարդը։- Նրանք ինձ սովորեցնում են ուղղամիտ լինել, իրենք ենթագիտակցաբար ստիպում են, որ հավասար աչքով բոլորին նայեմ․ հավասարության այս կանոնն էլ եմ դպրոցից տուն տանում․․․

Տիկին Ալվարդն ասում է, կորոնավիրուսի համաճարակը ստիպեց մարտ ամսից դպրոցական սիրելի խոհանոցի դուռը փակել, հիմա տանը նստած կարոտում է պստիկների ժպտացող աչքերը ու ուրախ քրքիջը, մեկ էլ իր օգնականների՝ Լալայի, Նարինեի ու Արմինեի հետ սուրճ խմելուն․ երեխաներին համեղ կերակրելուց, խոհանոցը հաջորդ օրվան պատրաստելուց հետո աշխատանքային օրվա վերջին նոտան էր համատեղ սուրճախմությունը։