Ազատեկի նորոգված ճաշարանը երեխաների ժպիտներին է սպասում
Մեր թվարկության 5-րդ դարում վայոցձորյան լեռների ծերպերին կառուցված շքեղ Սմբատաբերդի ավերակների միակ վկա, պատմական յոթ մատուռներով հարուստ ու յոթ գյուղերի սահմանակից Ազատեկ գյուղն է։ Ձախ կողմից ականջ է դրել Արփա գետին, իսկ սրտում յուրահատուկ և բարդ կառուցվածքով պատմամշակույթային մեծ արժեք ներկայացնող աղբյուրն է, որի շուրջն էլ 1828 թվականին Խոյից և Սալմաստից գաղթած հայերը հիմնեցին գյուղը: Կարծես հյութեղ մի բնանկարում տեղավորված, չորս կողմից բարձր լեռնաշղթաներով շրջապատված գյուղի ստեղծագործ ժողովուրդը լավ գիտի ծառ ու թուփի, աշակերտին գիտելիքով սնելու գինը։
Գյուղի 47-ամյա միջնակարգ դպրոցն էլ թոքերը լայն բացել, ուրախ շնչում է․ դպրոցի այգու տարածքում 330 նորատունկ ծառերը շիվ են տալու, մեծանան, բերքով ծանրանան։
-Ճիշտն ասած, երբ 2017-ին դարձա դպրոցի տնօրեն, այգու տարածքը՝ 1300 քառակուսի մետր, շատ անմշակ էր, ծառերը՝ ծեր ու անխնամ։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ անցած տարի կարգի բերեցինք, տնկիներ տնկեցինք,-պատմում է Ազատեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարապետ Ղազարյանը։ – Բերքուբարիքն էլ այգուց ուղիղ դպրոցական ճաշարան է տեղափոխվելու։
Հավասար շարքերով երիտասարդ ծառերն այգում հայտնվել են բոլորովին վերջերս՝ 2021-ի գարնանը։ Երկար մտորում էին՝ խնձորենի, դեղձենու ու տանձենու շուրջ, սակայն տնկեցին խնձորենի, կեռաս և սալոր․ և աշակերտների սեղանին վիտամինային փունջն անպակաս կլինի, և ոչ հեռու ապագայում կընդլայնեն գյուղատնտեսական գործունեությունը՝ այգուց ստացված մրգերից պատրաստելով չրեր։ Վաճառքից ստացված հասույթով էլ կհոգան սկզբում սոցիալապես անապահով, ծնողազուրկ երեխաների, ապա ողջ դպրոցի աշակերտներին տաք սնունդ տրամադրելու խնդիրը։ Հենց առաջին տարում բոլոր ծառերի վրա հայտնվեց նուբար՝ առաջին բերքը։
Դպրոցական այգու բերքուբարիքից օգտվելու համար աշակերտներն արդեն վերանորոգված ճաշարան ունեն։ Դպրոց հաճախող 190 երեխաներից տարրական դասարանում սովորող 75 աշակերտ անհամբեր սպասում է՝ երբ է համեղ, տաք ու առողջ սնվելու։ Չնայած 2016-ից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն Ազատեկ է եկել, դպրոցը երբեք տաք ուտելիքների անուշահոտությամբ չի բուրել։ Աշխատել են միայն ծրագրի չոր բաղադրիչով՝ երեխաներին տարադրելով միայն բլիթներ ու հյութ։ Ի սկզբանե դպրոցի հատակագծում ճաշարանի համար տարածք չկար, եղած ազատ մակերեսներն էլ այնքան անբարեկարգ վիճակում էին, որ տաք սննդի անցնել առանց հիմնովին նորոգման պարզապես անհնար էր։
-Նախկինում դպրոցն ութամյա կրթության համար էր նախատեսված,-ասում է տնօրենը։ Խորհրդային տարիներին դպրոցի առաջին հարկի դասարաններից մեկը երեխաների համար ճաշարան էին դարձել։ Հենց աշակերտների թիվն ավելացավ, ու դասարանների պահանջարկն էլ հետը, դասասենյակային ճաշարանի պատմությունն ավարտվեց։
Տաք սնունդ ունենալու հույսը վերանորոգող վարպետների ու շինարարական եռուզեռի հետ դպրոց եկավ վերջերս՝ 2021-ի գարնանը։ Երբ ճաշարան ունենալու որոշումը կայացվեց, երկար չմտածեցին՝ որտեղ այն տեղակայել․ պարապուրդի մատնված արհեստանոցը իսկն էր։ Այս դպրոցում էլ վերանորոգումը ծայր առավ դասական սցենարով՝ հիմնական շինանյութը՝ Պարենի համաշխարհային ծրագրից, շինարարական աշխատանքները կազմակերպելը՝ դպրոցից։
-Դպրոցի համար կոյուղի սարքեցինք, 65 մետր երկարությամբ ջրագիծ բերեցինք,- արված աշխատանքներն է ներկայացնում տնօրեն Ղազարյանը,-ՄԱԿ-ը շինանյութ տրամադրեց՝ ստվարաթուղթ, ներկ, գիպսոնիտ, խողովակներ, յուղաներկ, պատերի և հատակի համար սալիկներ, լվացարաններ,պատուհան ու դուռ։
Սեփական խնայողություններից էլ 750 հազար դրամ ներդրեց դպրոցը՝ ձեռք բերելով մանր-մունր պակասող շինանյութն ու վճարելով շինարարական աշխատանքների համար։ Նորոգված խոհանոցի համար սարքավորումներն էլ գործընկերները՝ ՊՀԾ-ն ու Ռուսաստանի Ճյուղային սննդի ինտիտուտը տեղ հասցրին․ գազօջախ ու լվացարանով, խոհանոցային դարակաշարերով, սառնարան ու հացթուխ սարքով զինվել է խոհանոցը։
Վայոց Ձորի մարզում ճաշարանների թարմացման ալիք է
2014 թ.-ին, երբ սկիզբ առավ մարզերի՝ փուլային անցման գործընթացը՝ WFP-ի «Դպրոցական սննդի զարգացման ծրագրից» ՀՀ կառավարության «Դպրոցական սննդի ազգային ծրագրին», Վայոց Ձորի մարզն առաջինն էր, որ անցավ ՀՀ կառավարության հովանու ներքո։ Հենց այդ ժամանակ էլ ծայր առավ դպրոցական ճաշարանները խելքի բերելու գործընթացը, որ կարողանան պատշաճ պայմաններում, սանիտարահիգիենիկ նորմերի լիովին պահպանմամբ տաք սնունդ տրամադրել երեխաներին։
2015-ից մարզում ծայր առավ ճաշարանների բարեկարգման գործընթացը։ Գործընկերները խոհանոցային եռուզեռը սկսեցին դպրոցներ վերադարձնել մոտավորապես հետևյալ աշխատանքային սցենարով․ Ռուսաստանի ճյուղային սննդի հիմնադրամը իրականացրեց գնահատել արդիական ճաշարան ու խոհանոց ունենալու համար անելիքներն ու ծախսերի գնահատումը, Պարենի Համաշխարհային ծրագիրը տրամադրեց վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութը, դպրոցները միջոցներ գտան շինաշխատանքների կազմակերպման համար, և ծայր առավ ճաշարանների հիմնանորոգման գործը։ Արդեն նորոգված ճաշարանները տեխնիկապես զինելու հարցն իր վրա վերցրեց ծրագրի գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ ահա անհրաժեշտ սպասքի, սեղան ու աթոռի հարցն ամեն մեկը լուծեց՝ բանեցնելով հնարամտությունը, – օգնության կանչելով ծնողներին, համայնքին կամ բարերարներին:
– Տաք սննդի անցնելու հարցում այդ ժամանակ միայն մի նրբություն կար․ դպրոցներն իրենք էին ցանկություն հայտնում՝ չոր սնունդ տրամադրել, թե՞ անցնել տաք սննդի՝ հաշվի առնելով դպրոցի շենքային պայմաններն ու ճաշարանները կարգի բերելու համար անհրաժեշտ աշխատանքների մոտավոր ծավալը․- պատմում է ՄԱԿ ՊՀԾ ծրագրի մարզային պատասխանատու Վլադիմիր Մախլասյանը։ -Եվ ստացվեց այնպես, որ որոշ դպրոցներ, հաշվի առնելով եղած պայմաններում անհրաժեշտ անելիքների ահռելի ծավալը և տվյալ պահին դա իրականացնելու անհնարինություն, որոշում էին կայացրել տաք սննդի չանցնել։
Այդպես Վայոցձորյան 14 դպրոց երեխաներին դպրոցում չոր սնունդ էր առաջարկում՝ բուլկի, տարբեր թխուկներ, հյութեր։
– “Կայուն դպրոցական սնունդ” ծրագրի տեսլականն է՝ բոլոր դպրոցներում ունենալ առողջ սնունդ։ Այդ 14 դպրոցները չոր սնունդ էին տալիս, որ տաք չէր, հավասարակշռված չէր, և նախընտրելի չէր,- պատմում է ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը։ – Հենց դա էր մեր հիմնական մտահոգությունը, որի հիման վրա 2019-ին ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներում որոշում կայացվեց վերանորոգումների նոր փուլով վերադառնալ Վայոց Ձոր և Սյունիք, և տաք սննդի տրամադրման հնարավորություններ ստեղծել նաև այն դպրոցներում, որոնք դեռ չէին միացել ծրագրի առողջ այդ բաղադրիչին։
Այդպես իրենց «աստղային ժամին» համբերատար սպասող 14 դպրոցական ճաշարանները բռնեցին բարեկարգման նույն սցենարը, ինչ բոլոր դպրոցներում է կիրականացվում։ ՄԱԿ ՊՀԾ-ն դպրոցներ հասցրեց անհրաժեշտ շինարարական նյութերը, հաստատությունները սեփական ջանքերով, Վայոց ձորի մարզպերատարանի ակտիվ օժանդակությամբ կազմակերպեցին վերանորոգման աշխատանքները, Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ էլ տեղ հասան դպրոցական խոհանոցում անհրաժեշտ սարքավորումները։
– Վայոց Ձորում այլևս վատ վիճակում գտնվող ճաշարան չկա,- ասում է Սաթենիկ Մկրտչյանը։ Վերանորոգման այս ալիքով ամբողջությամբ փակել ենք Վայոց Ձորում -աշարանների նորոգման հարցը։ Այս մարզում այլևս դպրոց չի մնացել, որ վերանոգոման խնդիր ունի, հիմա ամբողջական ծածկույթ ունի տաք սնունդի տրամադրության հնարավորության տեսանկյունից։
Ճաշարանները թարմացան, խոհանոցային սաքարավորումները հարմարավետ տեղավորվեց նորացված տարածքներում, ու միակ բաց հարցը, որ խանգարում էր սկսել տաք սննդի պատրաստումն ու երեխաներին կերակրելը, պակասող խոհանոցային ու ճաշարանային սպասքն էր ու ճաշարանային գույքը։ Երկար փնտրտուքների կարիք չեղավ․ Սաթենիկ Մկրտչյանը հիշեց իրենց ստացված համագործակցությունը Հայ օգնության ֆոնդի հետ, և որոշեց՝ ֆոնդի «Այո» հարթակը կարող է դառնալ օգնության ձեռք։
Շուրջ 10 տարվա կենսագրությամբ, 58 աջակցության բարոհաջող ծրագիր կյանքի կոչած այոականները ընդունեցին դպրոցների կողքին լինելու ԴՍԵԲ-ի առաջարկ-խնդրանքը՝ այս անգամ էլ Հայաստանում ու արտերկրում ապրող երիտարսարդների և բարերարների ջանքերը մոբիլիզացնելով Վայոց ձորի 14 դպրոցների համար։
– Հենց լսեցինք խնդրի մասին, առանց վարանելու որոշեցինք օգնել,- պատմում է Այո ծրագրի ղեկավար Լաուրա Գևորգյանը։ – Ոչ շատ մեծ գումարի պատճառով հարյուրավոր երեխաներ զրկված էին տաք սնունդ ստանալու հնարավորությունից, իսկ մենք տեղյակ ենք, որ շատ ընտանիքներում թերսնուցման խնդիր կա, ու դպրոցում, մանակպարտեզում ստացած սնունդը շատերի համար միակ նորմալ սնունդն է։
-Նախապես կազմվեցին դպրոցների ճաշարանների և խոհանոցների մակերեսներին անհրաժեշտ ճաշարանային գույքի, խոհանոցային պարագաների ու ճաշարանային սպասքի փաթեթեները, որոշվեցին նախնական արժեքները,- պատմում է Սաթենիկ Մկրտյանը։
Յուրաքանչյուր դպրոցի համար հաշվարկված կարիքները ձեռքի տակ էին, անելիքները՝ պարզ․ ֆոնդահայթայթման գործընթացը ծայր առավ «Այո»-ի ներկայացուցիների՝ Վայոց ձորի դպրոցներ այցելությամբ։ Նրանք եղան բոլոր 14 դպրոցում էլ, լուսանկարներ ու տեսանյութեր հավաքեցին, լսեցին դպրոցների պատմությունները, որ դրանք վերածեն ամեն դպրոցի մասին փոքրիկ ակնարկի ու մենկարկեն ֆոդահայթայթումը վիրտուալ հարթությունում։
– «Այո»-ի ֆոնդահայթայթումները սովորաբար իրականանում են հետևյալ խողովակներով՝ էլեկտրոնային փոստով մեր հավատարիմ գործըներկներին տեղյակ պահելով, որ հերթական դրամահավաքն ենք իրագործում, և սոցիալական հարթակներում տեղեկատվությունը ակտիվ տարածելով,- պատմում է Լաուրա Գևորգյանը։ – Ըստ մեր աշխատանքային կանոնների՝ յուրաքանչյուր դրամահավաքի հատկացվում է 3 ամիս ժամանակ՝ մեկնարկից սկսած։
«Այո»-ից ֆոնդահայթայթման մասին նամակներ ստացող 2000-ից ավելի մարդկանց ու կազմակերպությունների ցանկում է «Focus on children now» բարեգործական կազմակերպությունը։ Երբ դպրոցական ճաշարաններին օգնելու խնդրանքով իրենց բաժին նամակը ստացան, մարզային մանկապարտեզների բարելավմանը աջակցող 17-ամյա կազմակերպությունում երկար չմտածեցին․ աշխատանքային սկզբունքներից շեղվելն (մանկապարտեզներից դեպի դպրոց) այս անգամ ոչ միայն մեղք չէր դիտարկի, այլև հնարավորություն էր ստեղծելու տասնյակ երեխաների համար դպրոցում առողջ, տաք ուտելիք ունենալ։
-Անկեղծ կլինեմ Ձեզ հետ,-ժպտում է Focus on children now կազմակերպության տնօրեն Կարինե Աբուլյանը։ – Եթե ՀՕՖ-ը չլիներ, դժվար համաձայնեինք միանալ ֆոնդահայթայթմանը։ Տարիների մեր փորձը մեզ ստիպում է վստահելի մարդկանց հետ գործ բռնել։ Քանի որ ֆոնդահայթայթումը հենց նրանց նախաձեռնությունն էր, առանց տարակուսանքի որոշեցինք՝ վեց դպրոցի գույքի ու սպասքի ամբողջ կարիքը մենք կփակենք:
Այսպիսով՝ «Focus on children now»-ն ֆոնդահայթայթմանը մասնակցեց 25 հազար ԱՄՆ դոլարով՝ հնարավորություն տալով ամբողջովին փակել վեց դպրոցի սեղան-աթոռների, ճաշարանային ու խոհանոցային սպասքի ողջ պահանջարկը։ Դրանք արդեն դպրոցներում են, տիկին Կարինեն Սաթենիկ Մկրտչյանի հետ անձամբ է եղել դպրոցներում ու համոզվել, որ իրենց որոշումը՝ միանալու այս կարևոր գործին, շատ ճիշտ էր․
– Կարծում եմ, այս ծրագիրը միայն մեկ աման ուտելիքի մասին չէ,- ասում է Կարինե Աբուլյանը։ Երեխաները առողջ սնվում են ծնողներն էլ ավելի հանգիստ են, որ փոքրիկները նորմալ ուտելիք ունեն։ Այս միտքը քաջալերում է, որ մարդիկ չլքեն գյուղը, փոքր քաղաքը, Հայաստանը։ Թվում է, փոքր բան է, բայց ահռելի դեր կարող է խաղալ ծնողի մեծ որոշումների հարցում։
«Focus on children now»-ի աջակցության շնորհիվ էր մեծապես, որ “Այո”-ի ֆոնդահայթայթման գործը ավելի արագ գլուխ եկավ՝ 2 ամսում հավաքվեց 33 հազար 146 դոլար։ Արդյունքում՝ նապապես պլանավորված 10-ի փոխարեն 14 դպրոցի համար հնարավոր եղավ գույք ձեռք բերել, դեռ երկու դպրոցի էլ կկարողանան օգնել՝ ամենայն հավանականությամբ գումարն ուղղելով Գեղարքունիք, որտեղ պատկառելի թվով նորոգված դպրոցական ճաշարաններ իրենց գույք ու սպասքին են սպասում։
Ազատեկում տաք ճաշ լինելու է․
գույք ու սպասքի բացակայության խնդիրը “Այո”-ն լուծեց
Ազատեկի միջնակարգ դպրոցի ճաշարանում բաց էր մնում խոհանոցի նոր ու սիրուն դարակաշարերը սպասքով, անհրաժեշտ պարագաներով լցնելու հարցը։ Խոհանոցային ու ճաշարանային սպասքի, ճաշարանային գույքի բացակայության պատճառով 36 քառակուսի մակերեսով ճաշարանը երկար ժամանակ անգործության էր մատնված, ճաշարանում դեռ տաք ապուրի բույրը չի տարածվել, ամանները չեն շարվել սեղաններին, գազօջախը դեռ չի կարմրել, կաթսայից գոլորշի դուրս չի գալիս, երեխաների ուրախ ձայն ու ծիծաղը ճաշարան չի հասել։
-Փորձում ենք հասկանալ՝ որտեղից գտնել պակասող գույքն ու սպասքը,-ասում է դպրոցի տնօրենը։ Ամեն անգամ տխրում եմ ճաշարանի ոկղքով անցնելիս․ թվում է՝ ամենաբարդ գործն արել ենք, նորոգել, բայց պակասող գույքի պատճառով գործը մեկնարկել չի հաջողվում։
Դպրոցի ծնողական խորհուրդն էլ իր հերթին էր հավաքվում, քննարկում՝ ինչպես նեցուկ լինել դպրոցին, մտմտում էին՝ գուցե սպասքը սեփական ուժերով գնեն, լավ լուրը դպրոց հասավ․ այս հաստատությունը ևս ընդգրկվել է «Այո» հարթակում ֆոնդահայթայթման ցուցակում, և սպասքի, կահույքի հարցը լուծվելու մեծ հնարավորություն ունի։ Առողջ, համեղ ուտելիքների անուշաբույրը շուտով կտարածվի այս դպրոցում էլ․ 2 ամիս չանցած՝ նոր ավետիս հասավ դպրոց․ անհրաժեշտ սպասքի գումարն էլ է հավաքվել 38 աթոռի և 7 սեղանի համար պահանջվող գումարն էլ։
Գիտելիքների ու հմտությունների ստուգատես Վայոց Ձորում․
դպրոցական խոհարարները գործնականում ցուցադրեցին մասնագիտական հմտությունները
Մինչև Վայոց ձորի դպրոցները զուգվում, զարդարվում էին անհրաժեշտ գույք ու սպասքով, մարզի դպրոցների խոհարարները թարմացնում էին իրենց տեսական ու գործական գիտելիքները, որ լավագույնս պատրաստված մտնեն իրենց գունեղ խոհանոցներ։ ԴՍԵԲ հիմնարկի աշխատանքային գործելաոճն է՝ պարբերաբար նոր գիտելիքներով զինել բոլոր դպրոցների խոհարարներին, որ երեխաների հետ այսչափ պատասխանատու աշխատանքը գերազանց կատարեն։ 2021-ի հոկտեմբերին մարզի 50 խոհարար մասնակցեց տեսական դասընթացների։ 2022-ի սկզիբն էլ գործնական դասընթացներով նշանավորվեց․ վայոցձորցի 42 խոհարար մասնակցեց «Դպրոցական սննդի պատրաստում» վերապատրաստման գործնական դասընթացին։
․․․․․
Հերմոնի դպրոցում երկար դասամիջոց է։ Առաջին և երկրորդ դասարանի երկու աշակերտները տեխնոլոգիայի դասին սերտած գիտելիքներն օգտագործում են՝ խոհարարին օգնելով գեղեցիկ սեղան գցել։ Սեղանին ընդամենը երեք ափսե է դրված․ սպասում են հինգերորդ դասարանի միակ աշակերտին, որ միասին ճաշեն։ Լսվում է միայն կաթսայից տաք ապուր լցնող շերեփի ձայնն ու երեք երեխաների փսփսոցը։ Հերմոնի միջնակարգում դպրոցներին հատուկ աղմուկ-աղաղակ չի լսվում սովորաբար․ դպրոցն ընդամենը յոթ աշակերտ ունի։
– Վերջին երկու տարում դպրոցը դատարկվեց, մի մասը գնացին արտերկիր, մյուս մասը տեղափոխվեցին ուրիշ գյուղ,- պատմում է դպրոցի խոհարար Արմինե Պողոսյանը՝ ուրախանալով, որ սեպտեմբերին 5 նոր առաջին դասարանցի են ունենալու- 3-րդ և 4-րդ դասարան ընդհանրապես չունենք, 5-րդ դասարանի աշակերտն էլ անապահով ընտանիքից է,դրա համար աշխատում ենք իրեն էլ կերակրել։ Այս տարվա փետրվարի մեկից սկսեցինք տաք սնունդ տալ։
Դպրոցի կերպարվեստի, տեխնոլոգիայի, ազգային երգ ու պարի ուսուցչուհի Արմինեն դասվար է, այժմ՝ նաև խոհարար։ Ժպիտով կատակում է՝ դպրոցի միակ աշխատողն է, ում մոտ իմպրովիզներն ամենալավն են ստացվում։ Նա Վայոց Ձորի մարզի 46 խոհարարաների հետ մասնակցել է «Դպրոցական սննդի պատրաստում» խոհանոցի օգնականների համար գործնական եռօրյա դասընթացին, որը կազմակերպել էր «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը։
-Էլի գազօջախի մոտ էի, այս անգամ մենակ չէի՝ գործընկերներիս հետ, ու երեխաների համար չէի պատրաստում,- պատմում է Արմինեն։ – Լոբով ճաշ ենք պատրաստել այնպես, որ տնային պայմաններում չէինք եփել։ Լոբին նախապես թրջել ենք՝ ըստ կշռի, ու հաջորդ օրը եփել, աղն ու ձեթը կշռած լցրել։ Տանը պատրաստելիս մենք լավ եփում ենք, որ հատիկները փխլվեն, վրան էլ կանաչի ու ընկույզ ենք լցնում, բայց պարզվեց սխալ է․ օգտակար տարրերը չկոտրված հատիկի մեջ է մնում, իսկ փխլվելուց վիտամինները կորչում են։ Նույն բաղադրատոմսով տանը պատրաստեցի, երեխաները մեծ հաճույքով կերան։
Զառիթափի դպրոցի խոհարար Արուսյան Զոհրաբյանն էլ եռօրյա դասընթացի ընթացքում բացահայտեց, որ սոխը տապակել չի կարելի, որ քամովի փլավն էլ դպրոցական խոհանոցում տեղ չունի․ ջուրը պետք է լցվի այնքան, որ հետո այլ եփվի ու ցամաքի։
-Շատ մատչելի էին բացատրում, նոր գիտելիքներով ավելի թարմացած ու տեղեկացված մտա դպրոց,- պատմում է նա ու հավելում՝ 73 տարեկան սկիսուրիս էլ եմ հիմա ճաշ եփել սովորեցնում, ասում եմ ՝ մամա, ջուրը այդքան շատ մի լցրու, ճաշի համը կորում է։
Տիկին Արուսյակն էլ ամեն օր 58 աշակերտի համար ճաշ է պատրաստում, երկու հերթով։ Սկզբում կերակրում է առաջին և երկրորդ դասարանցիներին՝ 32 հոգու, ապա երրորդ ու չորրորդ՝26 Հոգու։
-Երեք շաբաթ է՝ ինչ Զառիթափի դպրոցում սկսել ենք աշակերտներին տաք սնունդ տալ։ Չնայած 2014 թվականից դպրոցի ճաշարանը գործում է, բայց մինչ այդ չոր սնունդ ենք տվել՝ բուլկի, հյութ և այլն,-պատմում է տիկին Արուսյակը։
2014-ից ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ կյանքի է կոչում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի նպատակը ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտներին հավասարակշռված, բազմազան, անվտանգ և որակյալ սննդով ապահովումն է, ինչպես նաև տեղական արտադրության խթանումն ու այդ գործընթացում համայնքին, գործարար շրջանակներին, սփյուռքի կազմակերպությունների ներգրավումը։ ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, բացի ծրագրի իրականացման համակարգումը զբաղվում է նաև դպրոցական սննդի ողջը տրամաբանական շղթայի տարբեր օղակների վերապատրաստման հարցերով՝ կազմակերպելով դասընթացներ տնօրենների, խոհարարների և ծնողների համար։
Խոհարարները, բացի տեսական դասախոսություններից, ունենում են նաև գործնական դասընթացներ՝ հնարավորություն ստանալով հմուտ մասնագետների պրոֆեսիոնալ աչքի տակ գործնականում փորձարկել տեսական դասընթացներից ամբարած գիտելիքները։
Գործնական դասընթացներ 2022-ը մեկնարկը հենց Վայոց Ձորում տրվեց։ Մարզի տարածաշրջանային պետական քոլեջում «Դպրոցական սննդի պատրաստում» եռօրյա դասընթացի առաջին օրը 13 մասնակիցները զինվեցին տեսական գիտելիքներով՝ խոհարարի անձնական հիգիենայի նորմերի պահպանումից մինչև սարքավորումերի, սպասքի և պարագաների մշակման կանոններ, տարածքի մաքրում ու ախտահանում, սննդամթերքի պահպանում ու ժամկետների ստուգում։
-Մենք շեշտադրումն այնպես ենք արել, որ խոհարարները կարողանան գրագետ ու ըստ պարտադիր պահանջների կազմակերպել սննդի պատրաստման ողջ գործընթացը՝ սկսած իրենց անձնական հիգիենայի կանոնների պահպանումից մինչև մթերքների մշակում, սննդի պատրաստում ու մատուցում,- մանրամասնում է դասընթացավար Վարդուշ Նազարյանը: – Խոհարարը պետք է պարտադիր լինի հատուկ մաքուր աշխատանքային հագուստով, մազերը՝ գլխաշորի տակ հավաքած, եղունգները կարճ՝ առանց լաքապատման, խոհանոցում ամեն գործողության տեսակը փոխելիս ձեռքերը լվանա օճառով, պարբերաբար անցնի բուժզննում և այլն։
Դասընթացի երկրորդ և երրորդ օրերի ընթացքում հերթը հասավ տեսական գիտելիքները գործնականում դրսևորելուն։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էր 10 խոհարար։ Վերջիններն էլ իրենց հերթին բաժանվել են ենթախմբերի և, ձեռքի տակ ունենալով տեխնոլոգիական քարտերի հրահանգները, պատրաստել տարբեր կերակրատեսակներ։
– Եթե մինչ դասընթացը խոհարարների գիտելիքների պաշարը միջին էի գնահատում,-ասում է դասընթացավար Վարդուշ Նազարյանը, – ապա հիմա նրանք մեկ քայլով մասնագիտական հմտությունների աստիճանին բարձրացած մասնագետներ են, ովքեր դպրոցական խոհանոցի դուռն ավելի մեծ ռիսկով ու վստահ կբացեն՝ պատրաստելով ու երեխաներին առաջարկելով իսկական պրոֆեսիոնալին վայել առողջ ու համեղ ուտեստներ։
Վայոց Ձորում ծայր առած գործնական դասընթացների ալիքը աստիճանաբար բոլոր մարզեր կհասնի՝ ավելի ու ավելի մեծ թվով խոհարարների փորձով ծանոթացնելու դպրոցական խոհարարի կարևոր հմտություններին։ 2022 ապրիլին գործնականում սեփական հմտություններն ուժեղացնելու հերթը Լոռու մարզի խոհարարներինն էր, նրանք էլ կազմ-պատրաստ, գիտելիքներով զինված՝ անցել են աշխատանքային եռուզեռին։