Ճաշարանի խոհանոցում կախարդական մի բաղադրիչ կա՝ սերը

Հարկադիր պարապուրդի 7 ամիսների ընթացքում տիկին Անահիտին ամենաշատը պակասում են համեղ սնված, կշտացած փոքրիկների շնորհակալական խոսքերն ու ժպիտները։ Նա աշխատանքային օրվա մեջ հենց այդ պահին է միշտ անհամբեր  սպասում։

Բազմազավակ մայրիկը 5 երեխաներին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոց ուղարկելուց հետո ինքն էլ հայտնվեց դպրոցում ՝ մայրական հոգածությամբ ու սիրով իր երեխաների հետ նրանց ընկներներին ու հասակակիցներին էլ  կերակրելու․․․

Անահիտն ընդգրկվեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում՝  նախ իբրև համակարգող, ապա՝ խոհարար։ Դպրոցի կրտսեր դասարանների 390  երեխաներն արդեն 4 տարի ամեն առավոտ համտեսում են նրա՝ սիրով, հոգատարությամբ, ջերմությամբ համեմված ուտելիքները։

– Ամեն անգամ հանդիպելիս մայրիկները զարմացած հարցնում են՝ այդ ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք պատրաստում, որ նույն ուտելիքը տանը չեն ուտում, բայց դպրոցում մի շնչով վերջացնում են, – ժպտալով պատմում է տիկին Անահիտը։

Մեղվի փեթակ հիշեցնող դպրոցական ճաշարանի խոհանոցում կախարդական մի բաղադրիչ կա՝ սերը․․․ Այն առողջ ուտելիքը դարձնում է չտեսնված համեղ։ Պատահական չէ, որ ծրագիրը նախատեսում  է, որ կրթօջախի խոհանոցում երեխաների համար պատրաստեն հենց փոքրիկների հարազատները։

– Իմ խոհանոցում, որպես մայր, ես լավագույնն եմ անում երեխաներիս համար,- ասում է խոհարարը։- Բայց դպրոցում այդ ջանքերին գումարվում է մեծ պատասխանատվությունը հարյուրավոր երեխաների համար ու անում եմ ավելին։

Անահիտենց դպրոցն անցել է ծրագրի էվոլուցիոն զարգացման բոլոր փուլերով․  նախ, երեխաների համար սնունդ  են պարտաստել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ մթերային մոդուլով։ Դպրոցը ստացել է 6 սննդատեսակ՝ ալյուր, ձեթ, բրինձ, մակարոնեղեն, հնդկաձավար, ոսպ։ Խոհանոցում մյուս անհրաժեշտ մթերքներն ու պարագաները ձեռք են բերվել ծնողների աջակցությամբ։ Սևանի թիվ մեկում, օրինակ, որոշվել է ամսական 1000 դրամի շրջանակում գումար հավաքել (ով ինչքան կարող է), միասին գնել ու խոհանոց հասցնել միրգ, բանջարեղեն, լվացող պարագաներ։

– Պատկերացրեք՝  ունենք, ալյուր, ջուր,  բայց աղ չունենք ձեռքի տակ,-ասում է Անահիտը։ Պետք է, չէ՞, ծնողներով հավաքվենք ու այնպես անենք, որ պակասող աղն էլ  դպրոց հասնի, որ երեխան առավոտյան տաք հաց ունենա։  Հետաքրքիր  են մտածել  նախաձեռնողները․ ծնողը դառնում  է իր երեխայի առողջ սննդի ապահովման օղակներից մեկը։

Գեղարքունիքի մարզի դպրոցներն այս տարի տեղափոխվում են ծրագրի հաջորդ փուլ՝ ընդգրկվելով Ազգային ծրագրում։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությունից դպրոցներն անցնում են ՀՀ Կառավարության հովանու տակ։

Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցն արդեն հասցրել է յուրացնել ծրագրի դրամային մոդուլը։ Ի տարբերություն մթերային մոդուլի, որի դեպքում հաստատությանը տրամադրվում է 6 տեսակի մթերք, այս մոդուլի պարագայում դպրոցը յուրաքանչյուր երեխայի համար ստանում  է օրական 120 դրամ, ընդհանուր գումարի շրջանակում ձեռք բերում 20 անուն մթերք ու առողջ ճաշացանկով անցնում խոհանոց։

– Թեյ, խաշած ձու, բանջարեղենային կամ մսային աղցան, հետն էլ հնդկաձավարով փլավ։ Սա կարող է լինել, ասենք, երկուշաբթիի մեր ճաշացանկը,- պատմում է տիկին Անահիտը։ – Գիտե՞ք՝ ինչն է զարմանալին․ իմ երեխան անգամ դպրոցում ուտում էր այնպիսի բաներ, որ նույն ձեռքերովս տանը պատրաստում էի, չէր ուտում։ Խմբային այս ճաշում ինչ-որ մոգական բան կա։

Ճաշարանի հատվածը նորոգվել է, խոհանոցի համար նոր գույքը՝ գնվել, խոհարարն էլ մասնակցել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի վերապատրաստման երկօրյա դասընթացին, հավաքել տեսական ու գործնական գիտելիքներ սննդի պատրաստման տեխնոլոգիայի, սննդամթերքի անվտանգության ու պահպանման վերաբերյալ․ ամեն ինչ կազմ ու պատրաստ էր սեպտեմբերից ամբողջովին նորացած շնչով երեխաներին դիմավորելու համար։  Համավարակը խախտեց բոլոր պլանները։  Երեխաները կարոտում են համեղ ուտելիքները, իսկ ուտելիք պատրաստողները՝ իրենց նայող, շնորհակալությամբ փալյող աչուկները։

Բազմազավակ Անահիտն իր երեխաներից 2-ին դպրոցում համեղ կերակրելուց հետո այժմ հարյուրավոր երեխաների թվում  օգտակար ուտելիքներ է պատրաստում առաջին դասարանցի թոռնիկի համար, 2021թ․ սեպտեմբերից նույն կրթօջախ է հաճախելու մյուս թոռնիկն էլ․․․անհամբեր է, միայն թե ճաշարանի դուռն ամուր կողպած վիրուսը նահանջի, խոհանոցն  էլ նորից համուհոտով լցվի․․․