Մինչ այժմ՝ 51, շուտով 90․ Սյունիքի մարզի գրեթե բոլոր դպրոցներն անցնում են տաք սննդի

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իր՝ տաք, առողջ սննդի գաղափարախոսությամբ առաջիններից մեկը փորձություն բռնեց հենց Սյունիքի մարզում։  2013-ին մարզն ընդգրկվեց ծրագրի պիլոտային փուլում, որի արդյունքներով պետք է հստակեցվեին Ազգային ծրագրի չափորոշիչներն ու պահանջները, և բաց գրքի պես պարզ լինեին աշխատանքային ձեռագիրն ու անելիքները։ 

 Փորձնական փուլում մարզի 51 դպրոցներ սկսեցին տաք սնունդ տրամադրել տարրական դասարանների աշակերտներին։ Աշխատանքների կազմակերպման սխեման հետևյալն էր․ դպրոցներն իրենց պահուստային միջոցների, հովանավորների աջակցությամբ կարգի էին բերում խոհանոցն ու ճաշարանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տրամադրում էր 6 տեսակի հիմնական մթերքները՝ ալյուր, ձեթ, բրինձ, մակարոնեղեն, հնդկաձավար, ոսպ։ Դպրոցը ծնողների օգնությամբ ավելացնում էր պակասող մթերքները, ասենք՝ միրգ, բանջարեղեն, և անցնում խոհանոց։ 

– Ծրագրի առաջին փուլում բոլոր դպրոցներն էլ ուզում էին մասնակցել ծրագրին, բայց մարզի 110 դպրոցից տաք սնունդ տրամադրելու հնարավորություն ստացավ 51-ը։ Շատերը ճաշարանային հատված չունեին, կամ ունեին՝ անպիտան, անօգտագործելի վիճակում,- պատմում է Սյունիքի մարզի կրթական ծրագրերի համակարգող Մերի Գանդալյանը։

 Տիկին Գանդալյանը ծրագրի ամեն մի բջջին ծանոթ է սեփական փորձով, Եղեգի դպրոցը, որի տնօրենն էր նա, 2015-ին ևս ընդգրկվեց նախագծի պիլոտային փուլում, և ինքն ու կրթօջախը անցան զրոյից ճաշարան ստանալու, սննդի տրամադրման գործընթացը կազմակերպելու բոլոր  փուլերով։

– Սկզբում ամեն ինչ բարդ էր, ոնց որ շիլաշփոթ լիներ գլխումդ՝ ոչ վերապատրաստման հնարավորություն կար, ոչ էլ հստակ ճաշացանկեր։ Կար տրամադրվող սնունդ, ու կար  խնդիր՝ դրանից ստանալ առողջ ուտելիք երեխաների համար և դա անելու մի ուղեցույց,- ասում է տիկին Գանդալյանը։ – Հիշում եմ՝ տարբեր դպրոցների տնօրեններով հավաքվում էինք, կիսվում յուրաքանչուրիս փորձով, խելք խելքի տալիս ու լուծումներ գտնում։

Ծրագրի տեսլականը բարեհաջող քննություն բռնեց իրականության մեջ, և մարզի դպրոցները նախագծի մթերային բաղադրիչից, որն իրագործվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ, անցան ՀՀ կառավարության ֆինանսական հովանու տակ՝ տեղափոխվելով ծրագրի դրամային մոդուլ։ Այս պարագայում դպրոցները ոչ թե չոր սնունդ են ստանում՝ այլ գումար՝ յուրաքանչյուր երեխայի համար օրական 120 դրամ հաշվարկով, որ 20 տեսակի մթերք գնեն։

– Պիլոտային ծրագիրը համայնքին, հովանավորներին օգնեց դեմքով շրջվել դեպի դպրոցը,- ասում է Գանդալյանը։ Բոլորը լծվեցին երեխաներին առողջ սննդով ապահովելու գործին, ծրագիրն էլ ավելի հստակեցված սկզբունքներով շարունակեց ծավալվել մյուս դպրոցներում էլ։

 Այսպես, որոշվեց․ Ազգային ծրագիր մտնելուց առաջ դպրոցները ոտքից գլուխ կարգի են բերում խոհանոցային, ճաշարանային հատվածը, պահեստը, բարեկարգում կամ հիմքից ստեղծում են ենթակառուցվածքներ՝ կոյուղի, ջրագիծ ու երեխաների համար սնունդ պատրաստելու բոլոր պարտադիր կանոններն ապահովելով՝ անցնում են գործի։

Կրթօջախները ճաշարանը միայնակ  բարեկարգելու խնդիր չունեն իրենց առջև։ Հանուն երեխաների առողջ ապագայի՝ դպրոցներն այժմ էլ իրենց շուրջ են հավաքում ծնողներին, համայքի ներկայացուցիչներին ու բարերարներին, որոնց աջակցությանը գումարվում է Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության  օգնությունը։  Ի՞նչ ու ինչպե՞ս է արվում՝ հիմա պատմենք քայլ առ քայլ․

  • ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տրամադրում  է տարածքի վերանորոգման համար անհրաժեշտ հիմնական շինանյութը՝ դուռ, պատուհան, սալիկներ, ծեփամածիկ ու ներկ․․․
  • Շինարարական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ գումարը հայթայթում է դպրոցը՝ ծնողների ֆինանսական կամ ֆիզիկական աջակցությամբ։
  • Պարենի համաշխարհային ծրագիրը, նրա գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը տրամադրում են խոհանոցում անհրաժեշտ բոլոր սարքավորումները՝ սկսած ջեռոցից մինչև չժանգոտվող պողպատյա սեղաններ։
  • Կահույքի, սպասքի ձեռքբերման հարցերը ևս դպրոցն է լուծում՝ ձեռքի տակ եղած միջոցներով, ծնողների, բարերարների, համայնքի աջակցությամբ։

Այս սխեմայով «Կայուն դպրոցական ծրագիրը» կարգի է բերում բոլոր դպրոցների ճաշարանները։ Տեխնիկական գործն արված է, անցնենք սննդակարգին։ Ամեն ինչ հստակ գրամով ու կկալով՝ Պարենի համաշխարհային ծրագրի սննդաբանները հաշվարկել ու կազմել են  ճաշատեսակներ՝ տարական դասարանների երեխաների օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութերով, այնպես, որ այդ ուտեստների համար պահանջվող մթերքները տեղավորվեն կառավարության կողմից ամեն երեխայի համար հատկացվող օրական 120 դրամի շրջանակներում։ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամն էլ կազմակերպում է տնօրենների ու խոհարարների վերապատրաստման դասընթացներ, որ աշխատակիցները երեխաներին սնունդ տրամադրելու գործընթացի վերաբերյալ կարևոր հմտություններով լծվեն գործի։

Սյունիքի մարզում ծրագիրը մեկ պտույտ էլ է անում․ շատերն ընդգրկվել էին նախագծում՝ ամենավաղ փուլում, երբ հստակ չէին չափորոշիչները, և որոշ դպրոցներում շենքային պայմանների, սարքավորումների հարցում սրբագրումների կարիք կար։

– 2018-19-ին Սյունիքի մարզի քաղաքաշինության վարչության, Պարենի համաշխարհային ծրագրի մասնագետների հետ նորից պտտվեցինք դպրոցներում, իրականացրինք կարիքների գնահատում՝ վերհանելով 90 դպրոցում առկա վիճակն ու արձանագրելով պարտադիր անելիքները,- պատմում է Գանդալյանը։

2019-ի ամառը բուռն աշխատանքային ստացվեց բազմաթիվ դպրոցների համար․ ՊՀԾ տրամադրած շինանյութը տեղ հասավ, ու շինարարական աղմուկը արձակուրդների ընթացքում փոխարինեց երեխաների ուրախ աղմուկին։ Վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար մարզպետարանն օգնեց գտնել միջոցներ այն դպրոցներին, որոնց համար ֆինանսներ հայթայթելը,  պարզվեց, բարդ է։

– Թիվ մեկ լուծումը նման իրավիճակում հետևյալն էր․ եթե մի դպրոց ուներ պայմանական 100 հազար դրամ խնայված միջոց, մյուսը չուներ, բյուջեի վերաբաշխում արեցինք, այնպես, որ հնարավորինս շատերն օգտվեն ծրագրից։

Սյունիքում ծրագրից դուրս են մնացել միայն այն դպրոցները, որտեղ տարրական դասարաններում սովորողների թիվը 4-5 է կամ այն հաստատությունները, որոնք տարրական դասարաններ չունեն։ «Կայուն դպրոցական սնունդ» նախագծում ընդգրկված 51 դպրոցից 30-ը անցավ վերանորոգման, վերազինման  գործընթացով,  ևս 39-ը դպրոց, որ երբևէ տաք սնունդ չէր տրամադրել, 2021թ․ հունվարից պիտի նոր միանա երեխաներին տաք սնունդ տրամադրելու ջերմ գործին։