Երեխաները՝ երեխաների համար․ «Ճանապարհորդություն դեպի առողջ սննդի տիեզերք» ներկայացման երկրորդ շնչառությունը

Գետափի միջնակարգ դպրոցի թատերական խմբակի  սաները ներկայացումների պատկառելի կենսագրություն են հասցրել հավաքել․ 8 սեանս,  ավելի քանի 230 մեծուփոքր դիտող։ Հանդիսատեսը փոխվում է, ներկայացումը նույնն է․  նրանք առաջարկում եմ «Ճանապարհորդություն դեպի առողջ սննդի տիեզերք։ 

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, որն աջակցում է ՀՀ կառավարությանը Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման գործում, առողջ սննդի և առողջ ապրելակերպի գաղափարախոսության հանրայնացման նպատակով  է նախաձեռնել «Ճամփորդություն առողջ սննդի տիեզերքում» ինտերակտիվ թատերական ներկայացման ստեղծումը։  «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպության հետ ստեղծված ինետրակտիվ բեմականացումը նպատակ ունի երեխաներին հետաքրքրիր և ներգրավող ձևով փոխանցել առողջ սնվելու կարևորությունը: Ներկայացումը դպրոցներում բեմադրում են թատերական խմբակների սաները՝ հիմնարկի տրամադրած սցենարի և ռեկվիզիտների օգնությամբ։ Մինչ օրս այն բեմադրվել է 22 անգամ՝ Զառիթափում, Տաթևում,  Գետափում և Գյումրիում՝  ունենալով 760 հանդիսատես։

 Ներկայացումներից վերջինը Գետափի միջնակարգ դպրոցի թատերական խմբակի սաների համար նորություն էր․ հանդիսատեսի աթոռին իրենց ծնողներին էին, ու ԴՍԵԲ հիմնարկի ներկայացուցիչները։ Հենց նրանց համար երեխաները անառողջ սնվելու հետևանքով անփուշ դարձած կակտուսի հետ իր սուր փշերը վերադարձնելու նպատակով մոլորակ առ մոլորակ պտտվեցին, հավաքեցին առողջ սնվելու խորհուրդներ ու Երկիր մոլորակ վերադարձան՝ կակտուսի փարթամ, փշոտ հանդերձանքը վերականգնած։  

Աննա Ղազարյանը իր առաջին դասարանցի փոքրիկի հետ վայելեց բեմադրությունը, օգնեց առողջ մթերքներ հավաքել կակտուսի համար, գնդակներ նետեց դույլերի մեջ՝ քվեարկելով այս կամ այն մթերքի օգտին։ Եվ որ ոչ պակաս կարևոր է, ուրախացավ իր փոքրիկից ոչ պակաս։

– Այս ներկայացումը կարևոր է նաև մեզ՝ ծնողներիս համար, ովքեր ուզում են լավագույնը տալ իրենց երեխաներին, ասում է Աննան, – նաև ուտելիքի տեսքով։ Առողջ ափսեն ընտանիքի բոլոր անդամներին է պետք՝ մեծից փոքր։  

– Կակտուսը առողջ չէր սնվել, փշերը թափվել էին, Հայկն ու Անին տեսան,- որոշեցին օգնել նրան, -ոգևորված պատմում է ներկայացման բովանդակությունը Ագարակաձորի  միջն․ դպրոցի աշակերտուհի Սոնա Խաչատրյանը՝ նույն ոգևերվածությամբ շարունակելով, որ իրեն ամենաշատը հացահատիկի մոլորակը դուր եկավ, նաև ապուրի հոտը դերասաններն  այնքան գունեղ նկարագրեցին, որ կարծես իր քթին էլ հասավ։ Սոնան ոչ միայն սյուժետային գծին էր ուշադիր հետևել, այլև քաղել էր ամենակարևորը ներկայացումից․

– Այն ինձ սովորեցրեց, որ պետք է առողջ սնվել ու չուտել ոչ օգտակար ուտելիք,- ասում է Սոնան։ – Տանը կպատմեմ, որ պետք է առողջ սնվենք։

Տիեզերական ճամփորդ Անին՝ նույն ինքը Գետափի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանցի Սառա Դավթյանը, ոգևորվածությամբ է կիսում արկածային ուղևորության իր փորձառությունը։ Նրան այնքան են դուր եկել իր դերը, հերոսներ Թուխն ու Ճագար Աբգարը, որ ամեն անգամ, երբ բեմադրում են ներկայացումը, նույն ոգևորվածությամբ տիեզերական հրթիռ է նստում այնպես, կարծես առաջին անգամ է թափառելու առողջ սննդի մոլորակներով։

– Սա համ ներկայացում է, որ ես խաղում եմ, համ էլ խորհուրդներ են, որ ես հավաքում եմ առողջ սնվելու վերաբերյալ,-ասում է Սառան։ Մինչ այս ներկայացումը մենք տանը, ընկերներով առողջ սննդի մասին չեմ հիշում, թե խոսեինք, հիմա պարբերաբար այդ թեման քննարկում ենք, որոշում՝ որ ուտելիքն է կարելի դնել առողջ ափսեի մեջ, որը՝ չարժե։ 

Զվարճալի աշխույժ Ճագար Աբգարը ակնհայտ ֆավորիտ է․ Գետափի միջնակարգ դպրոցի իններորդ դասարանցի Հայկ Մուրադյանն էլ է նրա անունը տալիս՝ ներկայացման մասին պատմելիս։ Նա էլ է դերասան, խոհարար պապի հետքերով ընտրեց ներկայացման մեջ խոհարարի դերը․ 

Մենք տանը խոսում ենք առողջ սնվելուց, պապիկս խոհարար է, պատրաստում է առողջ ուտեստներ։ Այժմ, երբ նա առողջ սննդից է խոսում, ես էլ եմ մեջ ընկնում, պատմում, թե ներկայացումից ինչեր եմ իմացել մթերքների մասին։ 

 Գետափի միջն․ դպրոցի թատերական խմբակի խմբակավար Անուշ Հակոբյանը պատմում է՝ երբ ընտրում էին բեմադրության համար ներկայացում, զուտ այս մեկի վրա կանգ առան՝ հաշվի առնելով թեմայի կարևորությունը, բայց այ որ այն այսքան հետաքրքրություն է առաջացնելու գյուղում ու գյուղից դուրս, որևէ հաշվարկից դուրս էր․

– Երբ փոքր դասարանների երեխաների համար բեմադրեցինք, յոթերորդ դասարանցիները եկան, թե՝ մեզ համար էլ, խնդրեմ, խաղացեք։ Մեկ, երկու, երեք ․․․ խաղ ․․․ հասկացանք, որ լավ է ստացվում, որոշեցինք  մյուս դպրոցների երեխաներին էլ հնարավորություն տալ  դիտելու  այն և սովորելու։ 

 

ԴՍԵԲ հիմնարկի աշխատակից Նարինե Գրիգորյանը, ով համակարգում է «Ճանապարհորդություն դեպի առողջ սննդի տիեզերք» ներկայացման բեմադրությունները Վայոց ձորում, փաստում է․ 

– Զառիթափի դպրոցում առաջին անգամ բեմադրությունը լավ օրինակ եղավ, որը դարձավ առաջինը, բայց ոչ վերջինը։ Զառիթափի դպրոցի օրինակով Գետափի դպրոցի թատերախումբն էլ դարձավ ներկայացման դեսպանորդը մարզում։  

Զառիթափցիներն արդեն ունեցել են 8 ներկայացում, որ դիտել է 164 երեխա, ծնող, մարզպետարանի և ՍԱՏՄ մարզային ներկայացուցիչ։ Եվս ութ ներկայացում էլ հասցրել են բեմադրել գետափցիները՝ 205 աշակերտի և 20 ծնողի ներկայացնելով իրենց արկածները առողջ սննդի տիեզերքում։ 

————

Այն, որ հենց անփուշ կակտուսին է կարիք լինելու վերադարձնել իր փշերը, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկում չէին նախատեսել,  բայց հստակ գծագրել էին՝ պետք է ստեղծել ինտերակտիվ թատերական ներկայացում, որ երեխաներին գունեղ ու ներգրավվող արտահայտչամիջոցներով կպատմի առողջ սնվելու կարևորության մասին, կսովորեցի՝ ինչպես առողջ ափսե հավաքել։ 

«Ճամփորդություն առողջ սննդի տիեզերքում» ուսուցողական ներկայացումը մշակվել է Անտուան դը Սենտ էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի մոտիվներով։ «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպությունը տիեզերական երանգներ հաղորդեց գաղափարին․ պատրաստեց ներկայացման սցենարն ու այն բեմադրեց՝ ուղարկելով ներկայացման հերոսներին առողջ սննդի գալակտիկա՝ վերադարձնելու կակտուսին իր փշերը՝ առողջ սնվելու շնորհիվ։  

Փոփոխությունների թատրոնի պրոֆեսիոնալ դերասանները խաղացին ներկայացումը մի քանի դպրոցում։ Ապա, ինչպես և պլանավորել էր ԴՍԵԲ հիմնարկը, ներկայացումը «փոխանցվեց» դպրոցներին, որ երեխաներն իրենք այն բեմադրեն այն իրենց ընկերների համար։  

– Մի քանի ներկայացումից հետո մտածեցինք՝ ինչպես անենք, որ այս ներկայացումը դառնա դպրոցների միջոցառումների ցանկի անբաժան մասը, լայն տարածում ունենա, ու մենք միայն չկենտրոնանանք հատուկ թատերախմբի կողմից բեմադրությունների վրա, որը հավելյալ միջոցներ ու ծախսեր է պահանջում, խրախուսենք աշակերտների ստեղծագործական աշխատանքը և հնարավորինս հանրայնացնենք այսքան կարևոր թեմա շոշափող մեր ներկայացումը,- պատմում է ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը։

 Պարզվեց՝ ներկայացումը ոչ միայն ամենափոքրիկներին՝ տարրական դասարանների երեխաներին է հետաքրքրում, այլև մեծերին էլ, նրանց ծնողներին էլ, դպրոցի աշխատակազմին էլ։ 

Առողջ սննդի տիեզերում պտույտը Շիրակի մարզ էլ է հասել․ Գյումրու թիվ 9-ը  հիմնական դպրոցի թատերախումբն այն բեմադրել է  4 անգամ՝ ունենալով 200 հանդիսատես։  Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի թատերական խմբակի սաներն էլ բեմ են բարձրացրել անփուշ կակտուսի ու իր փշերը առողջ սննդի օգնությամբ վերագտնելու պատմությունը 2 անգամ՝  այն պատմելով 190 երեխայի։ 

Գաղափարը հետևյալն  է․ եթե դպրոցը ցանկություն է հայտնում իր թատերական խմբակի խաղացանկում ներառել ներկայացումը, ԴՍԵԲ հիմնարկը տրամադրում է պրոֆեսիոնալ դերասանների կողմից բեմադրված ներկայացման տեսանկարահանումը,  սցենարը, ռեկվիզիտները, հրավիրում պրոֆեսիոնալների, ովքեր խորհրդատվություն են տալիս երեխաներին՝ ինչպես բեմադրել, և ծայր է առնում նոր ճամփորդություն՝ նոր դերասաններով ու հանդիսատեսի շարքերից նրանց նայող փայլփլուն նոր աչուկներով։