Տիեզերական ճանապարհորդություն դեպի առողջություն. ինտերակտիվ ներկայացումը դպրոցականներին կընկերացնի առողջ սննդի հետ

Անփուշ կակտու՞ս․ բացառված չէ, եթե անապատների թագուհին սնվում է ոչ առողջ, ամեն օր արագ սնունդ ուտում՝ չիպսեր, կոլա ու բուրգեր։ Բայց հոգ չէ․ կարելի է վերադարձնել նրան իր սուր փշերն ու նախկին անդիմանալի հմայքը։ Այ թե ինչպե՞ս, Անին ու Հայկը տիեզերական ճամփորդության են մեկնում՝  բացահայտելու և օգնելու իրենց ընկերոջը՝ վերագտնել փշերն ու առողջությունը։

Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը առաջինն էր, որ հյուրընկալեց ԴՍԵԲ հիմնարկի նախաձեռնությամբ մշակված «Ճամփորդություն առողջ սննդի տիեզերքում» ինտերակտիվ ներկայացումը։  Առողջ սննդի վերաբերյալ այս գունեղ ներկայացման առաջնախաղը հենց այս դպրոցում անցկացնելու որոշումը բարդ չէր կայացնել, դպրոցի ճաշարանը նորոգվել է, ու այն միանում է «Դպրոցական սնունդ» ծրագրի «Տաք սնունդ» բաղադրիչին։ Հաստատության տարրական դասարանների 300 աշակերտները նոր ուսումնական տարում  ու այսուհետ առողջ, համեղ ուտեստներ են վայելելու դպրոցում։

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ծրագրի  իրականացմանն աջակցությամբ ու դերակատարների կարողությունների զարգացմամբ չի զբաղվում միայն,  կառույցի աշխատանքային տեսլականն է առողջ սննդի գաղափարախոսությունը տարածել դպրոցականների, նրանց ծնողների շրջանում, որ առողջ սնվելու թելը դպրոցից տուն գնա, ու այսօր դրվի երեխայի առողջ ապագայի հիմքը։ Հենց այս տրամաբանությամբ էլ ԴՍԵԲ-ը նախաձեռնեց ինտերակտիվ ներկայացման ստեղծումը, որ հետաքրքիր, արկածներով լի, գունեղ ու ուսուցողական ներկայացմամբ երեխաներին պատմի առողջ սնվելու կարևորության մասին։  «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպությունն էլ տիեզերական երանգներ հաղորդեց գաղափարին․ պատրաստեց ներկայացման սցենարն ու այն բեմադրեց՝ ուղարկելով ներկայացման հեղինակներին առողջ սննդի գալակտիկա։ 

Ուսուցողական ներկայացումը մշակվել է Անտուան դը Սենտ էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի մոտիվներով։ ճանապարհորդներ Անին ու Հայկը իրենց աստղաթիռով դեպի տիեզերք են ճամփորդում,  անսարքության պատճառով հայտնվում անապատում։ Այնտեղ նրանք հանդիպում են միայնակ ու տխուր մի կակտուսի, որը ողջ կյանքի ընթացքում այնքան անառողջ է սնվել, որ տարբեր հիվանդությունների պատճառով բոլոր փշերը թափվել են։ 

Անին ու Հայկը որոշում են Անփուշ Կակտուսին տանել տիեզերական- ուսուցողական ճամփորդության, որի ընթացքում այցելում են չորս տարբեր մոլորակներ՝ Կաթնամթերքի մոլորակը, Մրգերի և բանջարեղենի մոլորակը, Հացահատիկի մոլորակը և Սպիտակուցներով հարուստ մոլորակը։ Հանդիպելով տարբեր կերպարների՝ Անին ու Հայկը երեխաների ակտիվ մասնակցությամբ և խաղերի միջոցով Անփուշ Կակտուսի համար հավաքում են «Առողջ ափսեի» բոլոր բաղադրիչները, տիեզերական ոստիկանի հետ մի լավ մարզվում՝ սովորելով, որ միայն ճիշտ սնվելն առողջ լինելու համար բավարար չէ․ պետք է ֆիզիկապես էլ ակտիվ  լինել։  Անին ու Հայկը Կակտուսին տիեզերքից հետ են բերում իր հայրենի անապատը՝ առողջ սննդի մասին նոր գիտելիքներով զինված և վերագտած սուր փշերը։

ԴՍԵԲ հիմնարկը նպատակ ունի ներկայացման սցենարը, ռեկվիզիտները և ուղեցույցը կիսել դպրոցների հետ, որպեսզի դրանց թատերական խմբակները տեղում բեմադրեն, ներկայացումը դառնա դպրոցական միջոցառումների սպասված բաղադրիչը՝ առողջ սննդի մասին պայծառ նոտաներով պատմելով հնարավորինս մեծ թվով երեխաների։