Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» չորրորդ մրցույթը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ, մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա չորրորդ մրցույթը:

Այս նախաձեռնությունը դպրոցների համար հարթակ է՝ ցուցադրելու իրենց ստեղծարարությունն ու նորարարությունը, սովորողների շրջանում խթանելու կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու մասին գիտելիքների հանրայնացումը, բարձրացնելու կրթության մակարդակը:

Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղադրիչ մասն է և միտված է խրախուսելու դպրոցական այգիների հիմնումը ողջ երկրում: Մրցույթի նպատակն է ոչ միայն բազմազան դարձնել դպրոցական սննդի մեջ օգտագործվող թարմ բանջարեղենի և կանաչիների տեսականին, այլ նաև երեխաների մեջ փոքր տարիքից օրգանական գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրություն առաջացնել՝ նրանց ծանոթացնելով հողի մշակման հիմունքներին և նորարար մոտեցումներին:

2024թ. մրցույթն իրականացվում է «Գարնանային արկածները» խորագրով։ Գարունը նշանավորում է նոր կյանքի սկիզբը․ այն այգեգործների սիրելի ժամանակաշրջանն է, բայց նաև լի է մարտահրավերներով: Բերքի որակն ու քանակը կախված են գարնանային աշխատանքի ողջ ընթացքից: Ուստի, այս տարվա մրցույթը կենտրոնացած է դպրոցական այգիներում գարնանը կատարվող աշխատանքների վրա՝ շեշտադրելով հողի օրգանական մշակության մեթոդները:

Բացի այգին խնամելուց՝ մասնակից դպրոցներին այս տարի առաջարկվում է այգիները ստեղծելիս ոգեշնչվել երեխաների սիրելի գարնանային ուտեստները պատկերող նկարներից: Գաղափարը միտք ունի խորացնել դպրոցակաների շրջանում կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու սովորույթների կարևորության ըմբռնումը՝ միևնույն ժամանակ խրախուսելով ստեղծարարությունը և նորարարությունը:

Կրթական բաղադրիչն ուժեղացնելու համար աշակերտներին առաջարկվում է ստեղծել ագրոակումբներ (գյուղատնտեսական ակումբներ)՝ համագործակցության և գիտելիքների փոխանակման նպատակով:

Մրցույթի այս տարվա առանձնահատկությունը երկու հիմնական անվանակարգերի առկայությունն է.

  • «Դպրոցական լավագույն մինի այգի». նախատեսված է այն դպրոցների համար, որոնք ունեն հարմար պայմաններ՝ գարնանային սեզոնին դպրոցի տարածքում մինի այգի հիմնելու և մշակելու համար:
  • «Լավագույն այգին պատուհանագոգին». հարմար է ավելի ցուրտ շրջաններում գտնվող կամ սահմանափակ բացօթյա տարածք ունեցող դպրոցների համար: Այս անվանակարգը թույլ է տալիս դպրոցներին ստեղծել մինի այգիներ դպրոցական շենքի ներսում:

Մրցանակները սպասում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույն երեք հաղթողներին: «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթի հաղթողը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ «Լավագույն այգին պատուհանագոգին» անվանակարգի հաղթողը՝ 500 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակ: Յուրաքանչյուր անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ։ Կլինեն նաև լրացուցիչ անվանակարգեր՝ մասնակիցների եզակի կամ ստեղծագործ գաղափարները գնահատելու և պարգևատրելու համար:

Մրցույթը կազմված է երկու փուլից.

1-ին փուլի ընթացքում դպրոցները պետք է լրացնեն և ներկայացնեն գրանցման հայտը՝ մրցույթին մասնակցելու համար: Գրանցման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 1-ը:

2-րդ փուլում դպրոցներից պահանջվում է կազմել և ներկայացնել դիմումի համապարփակ փաթեթ: Այս փաթեթը պետք է ներկայացնի դպրոցական այգին ստեղծելու և զարգացնելու նրանց փորձը, ինչպես նաև ցույց տա կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու վերաբերյալ նրանց գիտելիքներն ու պատկերացումները:

Ծրագրի փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. հուլիսի 1-ը։

Ընտրող հանձնաժողովը կգնահատի հայտերը և կհայտարարի հաղթողներին մինչև 2024 թ. օգոստոսի 1-ը:

«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը 2021 թվականից Հայաստանում դարձել է ամենամյա ավանդույթ՝ միավորելով աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և գյուղատնտեսության մասնագետներին՝ մինի այգիներ հիմնելու, դպրոցական սնունդը բարելավելու և գյուղատնտեսության հիմունքները սովորեցնելու գաղափարի շուրջ։ Մրցույթի դրական արդյունքը շատ արագ ակնհայտ դարձավ․ ամեն տարի դպրոցները ցուցադրում են ավելի ու ավելի նորարար գաղափարներ և նախագծեր:

Տեղեկատվություն այն դպրոցների համար, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին։

Այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել, կարող են այցելել https://drive.google.com/file/d/1H3nMJw72B44tM9PxwKtFM9ZhNMj_mzXa/view?usp=sharing՝ միջոցառման մասին համապարփակ տեղեկատվության, կանոնների և գրանցման պահանջների հետ ծանոթանալու համար:

Եթե ​​մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցեր առաջանան, կազմակերպիչները սիրով կպատասխանեն դրանց և ցանկացած խորհրդատվություն կտան [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։

Վերջին նորություններին և թարմացումներին կարող եք տեղեկանալ մրցույթի ֆեյսբուքյան հատուկ էջից: Էջին հետևելով՝ բաց չեք թողնի բոլոր կարևոր հայտարարությունները, վերջնաժամկետների կամ մրցույթի պահանջների փոփոխության մասին տեղեկությունները, որոնք կարող են ազդել ձեր դպրոցի հայտադիմումի վրա: