«Դպրոցական սնունդ»-ը՝ իբրև օրինակելի սոցիալական ծրագիր Պետերբուրգի միջազգային տնտեսագիտական ֆորումում

Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջողության պատմությունը ներկայացվեց  «Բնակչության սոցիալական աջակցության ծրագրերը՝ որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ» խորագրով նիստի ընթացքում, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում հունիսի 14-ից 17-ը տեղի ունեցող Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորում 2023-ի շրջանակում։ 

 «Դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է 2010թ-ից՝  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության և ՀՀ կառավարության կողմից՝ Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական և ՌԴ ֆինանսական աջակցությամբ, որը 2023-ին ամբողջությամբ փոխանցվեց ՀՀ կառավարությանը։ 

 Հայաստանի օրինակը նիստում ներկայացրեցին «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի սննդի ծրագրի տնօրեն Նաննա Սկաուն։  Մասնակիցները հանգամանալից պատմեցին, թե ինչպես սոցիալական պարզ խնդիր լուծող՝ երեխաներին սնունդ տրամադրող ծրագրից տասնամյակի ընթացքում «Դպրոցական սնունդը» դարձել է տնտեսական մեխանիզմներ գործի գցող, մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող ծրագիր։ Իբրև օրինակ՝ ներկայացվեց Շիրակի մարզի Արփի  լճի հարակից ինը գյուղերը միավորող մոդելը։ 

Քննարկումը սկսվեց ծրագրի իրականացման ընթացքում հանդիպած մարտահրավերներից՝ շեշտելով, որ դրանցից ամենամեծը ծրագրի ազգայնացումն էր։ Սակայն արդեն ակնհայտ է՝ այս մարտահրավերը թհաղթահարված է։  Պետությունն ամենայն պատասխանատվությամբ ոչ միայն իր վրա է վերցրել երեխաներին կերակրելու հարցը, այլև դպրոցական խոհանոցների վերազինման, բարեկարգման, ծրագրի շարունակական զարգացման պարտավորությունը։ Հենց այս ուղերձով խոսքը սկսեց ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը․ 

– Որպես օրինակ, նշեմ, վերջերս բյուջետային միջոցների խնայողությունների վերաբաշխմամբ կառավարությունը որոշեց հիմնովին կարգի բերել Շիրակի մարզի դպրոցական ճաշարանները՝ աջակցելով, որ հիմնանորոգման կարիք ունեցող  խոհանոցային ենթակառուցվածքները բարեկագրվեն,  դպրոցներ հասնեն պակասող ճաշարանային գույքն ու տեխնիկան։ Այնպես որ, նոր ուսումնական տարին դրանք կդիմավորեն փոխակերպված ճաշարաններով։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց մարտահրավերներին, որ ծրագիրը հանդիպել է երեք հիմնաքարերին, որոնք հենց կանխորոշել են ծրագրի հաջողությունը՝ անընդհատ առաջ շարժվելու մղումը, տեխնիկական աջակցության շարունակականությունը, և վերջապես ամենակարևորը՝ մարդկային կապիտալը։ 

-Արփիի համայնքի ինը դպրոցները, միավորվելով դպրոցական սննդի շուրջը, փոխել են իրենց բնակիչների կյանքը՝ ստեղծելով դպրոցահենք ջերմատներ, աշխուժացնելով տեղական արտադրությունը, ներդրումներ ներգրավելով դպրոցական ճաշարանների հիմնանորոգման ու ծրագրի անխափան գործունեության համար,- ներկայացրեց Նաննա Սկաուն։ – Փոխակերպող այս մոտեցումը թույլ է տալիս տեղական համայնքներին ներդրումներ կատարել և նրանց ավելի դիմացկուն դարձնել տնտեսական ցնցումների նկատմամբ: 

Հուլիսի սկզբին տեղի է ունենալու «Դպրոցական սնունդ» ծրագրի՝ ՀՀ կառավարությանը փոխանցման պաշտոնական արարողությունը։ Մարզերում ծրագրի արդյունավետ աշխատանքն արդեն իրականություն է,  զարգացման  հաջորդ մարտահրավերը մայրաքաղաքի ընդգրկումն է ծրագրում, որի արդյունքում  շուրջ 50 հազար երեխա ևս դպրոցում առողջ սնվելու հնարավորություն կունենա։ 

 Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի այս աշխատաժողովը մասնակիցներին օգնեց իրական օրինակով շոշափել սոցիալական աջակցության նախաձեռնությունների փոխակերպող ներուժը: Կենտրոնանալով Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի վրա՝ աշխատաժողովի մասնակիցներն ընդգծեցին, թե ինչպես նման նախաձեռնությունները կարող են ծառայել իբրև տնտեսական և սոցիալական զարգացման հզոր կատալիզատորներ՝ վերափոխելով մարդկանց կյանքը, իբրև արդյունավետ շարժիչ՝ գործի գցելով տնտեսական մեխանիզմները․․․