Թե ինչպե՞ս է կամակոր սնվող երեխան դպրոցում հաճույքով ուտում, ծնողների համար գաղտնիք է

-Աղջիկս ուտելու հետ մեծ խնդիր ունի, բայց ամեն անգամ երբ դպրոցից տուն է գալիս, պայուսակի մեջ հացի կտոր եմ գտնում, շատ եմ ուրախանում․ իմ չուտող աղջիկը դպրոցում իր բաժին ուտելիքն ավարտում է, եթե հացը չի հասցնում վերջանցել, վերցնում է հետը, որ տանն ուտի։

 Սիրանուշ Գովելյանը վայոցձորցի 32 ծնողներից մեկն է, ով եկել է լսելու ԴՍԵԲ հիմնարկի աշխատակիցներին, որ ավելի լավ պատկերացնի՝ ինչ է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, ինչ կերակուր են դնում իր երեխայի սեղանին դպրոցում։ Մինչև վիրտուալ հանդիպումը գուցե Սիրանուշը չէր տիրապետում մանրամասների՝ ինչպես է կազմվում դպրոցական ճաշացանկն ու ինչու են տվյալ սննդամթերքներն այնտեղ հայտնվում, բայց մի բանում համոզվել էր՝ ուտելու հարցում քմահաճ իր աղջիկը դպրոցում դատարկում է ափսեն, կուշտ տուն  վերադառնում։

-Թվում է, թե ամեն ինչ պարզ է, աշխատանքներն էլ՝ հեշտ,- ծնողներին պատմում է ԴՍԵԲ հիմնարկի սննդաբան Արմեն Մկրտչյանը։ – Իրականում, որպեսզի երեխայի սեղանին մեկ աման տաք, առողջ կերակուր հայտնվի, կատարվում է բավականին բարդ ու պատասխանատու աշխատանք։ Ամեն օր մոտ 102 հազար երեխա տաք սնունդ է ստանում դպրոցում։ 

 Որ դպրոցական սնունդը պարզապես մեկ աման ուտելիք չէ, անգամ հետազոտություններն են փաստում։ Ասենք՝ պարզվում է, այն դպրոցներում, որտեղ տաք դպրոցական սնունդ են տրամադրում աշակերտներին, երեխաների միջև վեճերն ու կռիվները քչանում են։ Բացի այդ, մեկ ճաշարանում միանման կերակուրներ ուտելը սոցիալականացման  հիանալի հարթակ է փոքրիկների համար․

–  Մի բան է, երբ  երեխաները դասարանում են  շփվում, մեկ այլ բան, երբ ընդհանուր սեղանի շուրջ են հավաքվում ու համատեղ հաց ուտում,- պատմում է Արմեն Մկրտչյանը։ –  Իրար հետ սնվող երեխաներն ավելի են մտերմանում։ Իզուր չէ, որ մեզանում ասում են՝ «իրար հետ հաց կիսել»։ Բացի այդ, երեխան սովորում է ճիշտ օգտվել սեղանից, խոհարարներն էլ՝ իրենց հերթին, սովորում են անհատական չափաբաժնով ճիշտ սնունդ մատուցել երեխային։

Սուսան Հովսեփյանը, լսելով սննդաբանին, վերջապես գտնում է իրեն երկար ժամանակ հուզող հարցի պատասխանը՝ ինչպես է ստացվում, որ տանը տառապում է աղջկան կերակրելու հարցի շուրջ, որովհետև փոքրիկ գեղեցկուհին կամակոր է սնվելու հարցում, իսկ այ դպրոցում նույն կամակոր երեխան ամանը դատարկում է ամեն օր․ գուցե ընկերների հետ սնվե՞լն է գաղտնիքը․

-Ես կարիք չունեմ գնալ, տեղում փորփրել խոհարարի գործը, որ գոհ լինեմ, մտածեմ՝ հոգատար մոտեցում կա մեր երեխաների նկատմամբ, թե ոչ,-ասում է Սուսաննան։ – Ինձ համար լավագույն ապացույցը աղջիկս է, ով անընդհատ ասում է՝ Ալիս քույրիկն ավելի լավ է պատրաստում, քան դու։ Կարո՞ղ ես Ալիս քույրիկից հարցնել՝ ոնց է պատրաստում, դու էլ էդպես եփես ճաշերը։

Խոսքուզրույցից պարզ է դառնում, որ միայն Սուսաննայենց տանը չեն երեխաները դպրոցի խոհարարի ու տանեցիների պատրաստածի միջև զուգահեռներ տանում, երբեմն էլ ծնողները հեղափոխական փոփոխություններ են արձանագրում իրենց երեխաների սննդային վարքի մեջ․

– Իբրև ծրագրի արդյունք՝ մենք հաճախ արձանագրում ենք, որ այն սննդատեսակները, որ տանը սովորաբար չեն պատրաստվում, երեխաներն էլ ուտելու սովորություն չունեն, սահուն դառնում են երեխայի սննդակարգի սիրելի մասը,- պատմում է սննդաբան Արմեն Մկրտչյանը։ -Ասենք՝ երեխաները սկսում են հաճույքով ուտել ոլոռը, լոբին, ոսպը։ Ու ոչ միայն դպրոցում, տանն էլ են սկսում ուտել, անգամ պարտադրում են ծնողներին,  որ տանը հաճախ պատրաստեն։

ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը պատմում է, որ իրենց կառույցը ավանդական է դարձրել ծնողների հետ հանդիպումները։ ԴՍԵԲ-ը պարբերաբար՝ առկա ու հեռակա ձևաչափերով, ծնողներին հաղորդակից է դարձնում իրենց երեխայի ներկա առողջ սննդակարգն ապահովող ու ապագայում առողջ կյանքի հիմքեր գցող այս ծրագրի մանրամասներին։ Չէ՞ որ «Դպրոցական սնունդ» ծրագրում ծնողները պարզապես դիտորդ չեն․ նրանք ծրագրի շուրջ հյուսված համայնքի մի կարևոր օղակն են։

– Ինչքան էլ մենք ջանանք երեխաներին առողջ սնունդ տրամադրել, ձեզանից շատ մեծ բան է կախված,-ասում է Սաթենիկ Մկրտչյանը։ -Նախ, դուք պետք է  խստագույնս հետևեք, որ ձեր դպրոցներում պահպանվեն երեխաներին սնունդ տրամադրելու բոլոր պարտադիր կանոնները, ասենք՝ երեխայի չափաբաժնով սնունդը սեղանին դնելը։ Բայց շատ ավելի կարևոր է, որ դպրոցում սկիզբ առած  առողջ սննդի գիծը տանն էլ պահեք։

Ծնողները խոհանոց մտնել չեն կարող, բայց, փոխարենը, կարող են դպրոցի պատին փակցված ճաշացանկն ուսումնասիրել ու տեղյակ լինել՝ ինչ է կերել տվյալ օրը երեխան դպրոցում, ինչ է ուտելու վաղը։ 

-Ճաշացանկին տեղյակ լինելը հնարավորություն կտա նաև տան պատրաստվող սնունդը պլանավորել ու ինքնուրույն հավասարակշռության բերել երեխայի սննդակարգը։ Եթե երեխան դպրոցում կերել է բրնձով ապուր, ուրեմն տանը նույնը չպետք է ուտի, կամ եթե կաթնամթերք դպրոցում չի կերել, ուրեմն տանը պետք է այդ բացը լրացվի։

Իզուր չէ, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում սնվում են հենց տարրական դասարանների աշակերտները։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ հենց այս տարիքում են ձևավորվում երեխաների ներկա ու ապագա սննդային սովորույթները, և հավանականությունը մեծ է, որ դպրոցում առողջ սնվող երեխան առողջարար ուտելիքների հետ ավելի հասուն տարիքում էլ է ընկերություն անելու։ 

– Մի շատ հետաքրքիր հետազոտություն կա․ երեխաները մեկը մեկից վատ բան են սովորում ուտել՝ չիփս, կոլա։ Ընտանիքից նրանց վերցնում են ինչպես դրական, այնպես էլ բացասական սննդային սովորություններ։ Օրինակ՝ եթե տանը հայրիկը միրգ չի ուտում, տղա երեխան էլ չի ուտում,- պատմում  է ԴՍԵԲ հիմնարկի սննդաբան Արմեն Մկրտչյանը։  -Իսկ դպրոցից երեխան միայն դրականն է ընդօրինակում։ Իր մոտ դպրոցական սննդի չորս տարիների ընթացքում ամբողջ կյանքի համար ձևավորվում է առողջ սննդային տրամաբանություն։

Հանդիպման ընթացքում ծնողները նաև սովորեցին, թե ինչ է «առողջ ափսեն», ծանոթացան դպրոցական երկշաբաթյա պարտադիր ճաշացանկին՝ տեղեկանալով, որ որևէ մթերք այնտեղ պատահաբար չի հայտնվել, որ սննդաբանների մի մեծ խումբ է երկարուձիգ աշխատել ու ստացել սննդանյութերով ճիշտ հավասարակշռված այնպիսի ճաշացանկ, որ լիովին բավարարում է իրենց երեխայի օրգանիզմի պահանջները։ Այն, որ դպրոցական համեղ սնունդը երեխաների վրա դրական ազդեցություն է թողնում, ոչ թե լսելով, այլ սեփական դիտարկումով հավաստում է Գետափի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Զաքարյանը։  

– Երեխաները մեծ հաճույքով են ուտում  մենք էլ հետները․ սեփական օրինակով կարողանում ենք երեխաներին ցույց տալ, որ շատ համեղ է։ Դպրոցում սնվող երեխաները չեն հոգնում, սոված չեն լինում, ակտիվ են լրացուցիչ խմբակներին մասնակցելիս, դասերի ընթացքում էլ ավելի լավ են ընկալում մատուցվող նյութերը։ 

Հանդիպման համար հատկացված ժամանակը թռավ աննկատ․ ծնողները, հավաքելով հետաքրքիր տեղեկություններ, ավելի հստակ շոշափեցին իրենց դերը դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության շրջանակներում, ԴՍԵԲ-ցիներն էլ գնացին՝ պատրաստվելու հաջորդ մարզի ծնողների հաջորդ խմբերի հետ հանդիպումներին՝ նրանց էլ թևավորելու ու դարձնելու իրենց երեխաների առողջ ապագան կառուցելու ուղիղ մասնակիցը ․․․