Ի՞նչ պետք է իմանալ աղի մասին 

 

Աղը հայերի կենցաղում

Աղը, այդ պարզ ու հասարակ աղը ․․․

Հարգանքի, հաղթանակի, հարստության, առատության, բարեկամության, հավատարմության և բարեհաջողության խորհրդանիշը։ 

Հայոց պատմության դրվագներում աղը հացի հետ անպակաս է․ նա է առաջինը դիմավորել  հաղթանակով վերադարձող թագավորին, զորքին, իսկ վճռական մարտերից առաջ քաջարիները երդվում էին աղուհացով՝ հանուն հայրենիքի չխնայել ուժերը։

Ավանդույթների, ծիսակարգերի սպիտակ ոսկին, առանց որի այսօր էլ մեր կենցաղն ու խոհանոցը պատկերացնել անհնար է, լողում է օգտակարի ու վնասակարի սահմանագծում։ Սննդի մեջ օգտագործվող ամենատարածված բաղադրիչներից մեկը, առանց որի շատերը չեն էլ պատկերացնում ուտելիքը, համուհոտ է պարգևում ուտեստներին, նաև կիրառվում՝ իբրև սննդի համար կոնսերվանտ՝ երկարացնելով շատ ուտեստների պահպանության ժամկետը։ 

Աղի մեջ պարունակվող նատրիումը կարևոր հանքանյութ է մարդու օրգանիզմի համար, բայց նատրիումը մարմնին անհրաժեշտ է միայն փոքր քանակությամբ. այս հանքանյութի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, սրտի հետ կապված խնդիրները և երիկամների հիվանդությունը։

Ինչքա՞ն է՞ աղի  թույլատրելի օրական չափաբաժինը

 Աղի առաջարկվող առավելագույն չափաբաժինը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ-ի),  չափահասների համար 5 գրամ է, իսկ 2-15 տարեկան երեխաների համար թույլատրելի առավելագույն քանակն այս ցուցանիշից  քիչ պետք է լինի գրեթե երկու անգամ։  Մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած շեմը:

 Ըստ ԱՀԿ STEPS մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության տվյալների` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին, իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում։

Ի՞նչ կլինի, եթե երեխաները չափից շատ աղ օգտագործեն

  • Մանկական հասակում աղի հավելյալ քանակների օգտագործումը բերում է սխալ սննդային վարքի ձևավորման։
  • Մանկության տարիներին աղի բարձր  պարունակությամբ սննդակարգը կարող է բարձրացնել արյան ճնշումը՝ այդպիսով մեծացնելով սրտանոթային հիվանդությունների վտանգը:

Աղի օգտագործումը երեխաների սննդակարգում նվազագույնի հասցնելը առաջնահերթություն է շատ ծնողների համար, բայց դա այնքան էլ պարզ  խնդիրն չէ: Ահա մի քանի խորհուրդ, որ կօգնի ձեզ նվազեցնել աղի սպառումը․

  •  Շեշտը դրեք թարմ սննդի վրա

Օգագործեք մթերքները՝ առանց դրանց վրա հավելյալ աղ անելու․  մրգերը, բանջարեղենը, թարմ միսը, թռչնամիսը, ձուկը, չոր լոբին, ձուն, կաթը, մածունը և բրնձի նման հատիկները, օգտագործելիս աղ  կարիք չկա ավելացնել։ Եթե հաջողեք, աղի գերօգտագործումը մեկ քայլով հաղթահարած կլինեք։ 

 

  • Սահմանափակեք մթերքները, որոնք հարուստ են աղով

 

Որոշ մթերքներ պարունակում են շատ մեծ քանակությամբ աղ, ինչպիսիք են չիպսերը, աղի ձողիկները, աղի ադիբուդին, աղի ընդեղենը, թթու վարունգը, երշիկեղենը և այլն։ Նվազեցրեք նման մթերքների օգտագործումը, փնտրեք քիչ քանակությամբ աղի պարունակությամբ կամ առանց աղի տարբերակներ։

 

  • Փորձեք նոր համեր

 

Աղի փոխարեն փորձեք այլ համեմունքներ, ինչպիսիք են խոտաբույսերը, համեմունքները, սխտորը, քացախը, սոխի փոշին կամ չորացրած սոխը, համեմի սերմը, կոճապղպեղ, սևը պղպեղ կամ կիտրոնի հյութը:

 

  • Կարդացեք սննդի պիտակները

 

Երբ շուկայից սնունդ եք գնում ձեր ընտանիքի համար, ստուգեք սննդային պիտակները, հնարավորության դեպքում ընտրեք այնպիսի տարբերակներ, որոնցում քիչ է նատրիումի կամ աղի պարունակությունը։

 

  • Թույլ տվեք ձեր ճաշակին հարմարվել անալի սննդացանկին

 

 Ժամանակ է պետք քիչ քանակությամբ աղով ուտեստների համին սովորելու համար։ Աղի ցածր պարունակությամբ մթերքները սկզբում կարող են  անհրապույր, անհամ թվալ,  բայց ժամանակի ընթացքում հնարավոր է ընտելանալ, ավելին՝ ավելի սուր ու արտահայտված զգալ յուրաքանչյուր մթերքի անհատական համը։