Մարտունու թիվ 2-ի ճաշարանում համեղ ուտելիքների անուշաբույրը դեռ չի տարածվել․ գույք ու սպասք չկա

 – Մի օր տեսնեմ՝ 5-րդ դասարանցի մի երեխայի ծնող կարտոֆիլի պարկով դպրոց է գալիս։ Ասացի՝ ինչո՞ւ եք բերում։ Պատասխանեց՝ իր շնորհակալությունն է դպրոցին, որ երեխան համեղ, հաճույքով սնվում է դպրոցում։

Մարտունիի թիվ 2 դպրոցի տնօրեն Խանում Ղազարյանին զարմացրել էր, որ հինգերորդ դասարանցու ծնողը որոշել է «Դպրոցական սնունդ» ծրագրին մթերք նվիրել․ չէ՞ որ հինգերորդցիները դպրոցում սնվելու հնարավորություն այլևս չունեն․ տարրական դասարանների երեխաների համար է ծրագիրը։ Բայց այս դպրոցում սովորություն են դարձրել դպրոցի այլ երեխաների էլ կերակրել, եթե փոքրիկների թվում բացականեր կան, ու նրանց համար պատրաստված կերակուրը չի սպառվել։

Սա մինչև կորոնավիրուսային համավարակը, երբ դեռ դպրոցի ճաշարանը համեղ, անուշ կերակուրներով էր բուրում։ Վիրուսի պատճառով ամուր կողպված ճաշարանը այլևս երբեք երեխաների համար դռները չի բացի, ավելի շուտ՝ ճաշարանի համար ժամանակին կիսանկուղային հարկում հարմարեցված տարածքը: Իսկ երեխաները կվերադառանան առողջ սնվելու նորաստեղծ, լուսավոր ու տաքուկ ճաշարանում, որը նորոգված, կազմ ու պատրաստ սպասում է փոքրիկներին։

– Երբ 2009-ին դպրոցի նոր մասնաշենքը կառուցվել է, այդ ժամանակ ոչ «Դպրոցական սնունդ» ծրագիրը կար, ոչ էլ դպրոցում ուտելիք պատրաստելու մասին մտքեր։  Դրա համար, երբ  դպրոցը միացել է «Դպրոցական սնունդ» ծրագրին, ճաշարանի համար նպատակահարմար է գտնվել հարմարեցնել կիսանկուղային դատարկ տարածքը։

Խոհանոցն ու  ճաշարանը «ստացան»՝ ձեռքի տակ եղած միջոցներով աշխատակազմի, ծնողների հնարամտությամբ։ Դպրոցի սեղանները դարձան ճաշասեղան, ծնողները բերեցին իրենց երեխայի սպասքը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն էլ տրամադրեց վեց տեսակի չոր սնունդ՝ հնդկաձավար, ձեթ, ալյուր, բրինձ, մակարոն, ոսպ։ Պակասող սննդամթերքը խոհանոց էր հասնում ծնողների  օգնությամբ։ Այսպես մինչև 2019 թվականը, երբ դպրոցը մթերային, չոր բաղադրիչից անցավ դրամային մոդուլի, այնուհետև տեղափոխվելով ՀՀ Կառավարության ֆինանսական հովանու տակ, ստանալով յուրաքանչյուր երեխայի համար մթերքի համար հաշվարկած  120 դրամ գումար, որին ավելացվում է ևս քսան դրամ խոհարարական ծառայությունները ձեռք բերելու համար։ Նշենք նաև, որ 2021թ. ՀՀ ԿԳՄՍՆ հրամանով մթերքների համար տրամադրվող գումարի չափը վերանայվեց` ելնելով գնաճի ցուցանիշներից: 

– Երբ անցանք դրամային մոդուլին, ճաշացանկը ավելի բազմազան դարձավ,  մեզ հատկացված գումարով քսան տեսակի սնունդ սկսեցինք գնել,- պատմում է տնօրենը։ Սակայն երկար աշխատել չստացվեց, 2020-ի մարտից համավարակի պատճառով ստիպված եղանք դադարեցնել երեխաներին սննդի տրամադրումը։

Թե ինչպիսի աճպարարական հմտություններով էին կարողանում 8 աշխատակիցները՝ 4 խոհարար և 4 օգնական, 1000 աշակերտ ունեցող դպրոցի տարրական դասարանների 480 երեխաներին հասցնել կերակրել, ֆանտաստիկ գրականության էջերից է։ Անհավատալի է, բայց երեխաներին կերակրել են 7-8 հերթափոխով, որովհետև տարածքը փոքր էր, գույքը՝ քիչ, և միաժամանակ հնարավոր էր կերակել 70 երեխայի։ 

2019-2020թթ-ին որոշվեց. ժամանակն է նկուղային իրականությունից բարձրանալ, տեղավորվել դպրոցի բուֆետի համար նախատեսված հատվածում։ Գրեցին, գծեցին, պլանավորեցին․ տարածքը կիսում են երկու հատվածի․ 30 քմ-ի վրա կտեղավորվի բուֆետը, որտեղ ուսուցիչները կարող են սրճել, հանգստանալ, 250 քմ ընդարձակ հատվածն էլ կնորոգվի ու կդառնա ճաշարան։ Ինչպես բոլոր դեպքերում, Մարտունու թիվ 2 դպրոցում էլ շինանյութը տրամադրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։ 

– Վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութի առյուծի բաժինը ստացանք ՊՀԾ-ից, կիսեցինք տարածքը, առանձնացրինք խոհանոցն ու  ջուր և գազ հասցրինք ճաշարան,- պատմում է տիկին Ղազարյանը։ Դպրոցի խնայողություններից էլ կարիք եղավ ևս 1 մլն դրամի պակասող մանր-մունր անհրաժեշտ շինանյութը տեղ հասցնել։

250քմ տարածքը վերանորոգեցին՝ շինաշխատանքների համար ծախսելով 0 դրամ։ Տարածքը խելքի բերելու գործը կամավոր հիմունքներով կազմակերպեցին երեխաների ծնողներն ու դպրոցի աշխատակիցները։ Սարքավորումների հարցն էլ է լուծվել, դպրոց են հասել խոհանոցի համար անհրաժեշտ բոլոր խելացի գործիքները՝ գազօջախներ, թեյնիկ, սառնարաններ, հացաթխման սարք։ Բայց նոր ճաշարանի դռներն այդպես էլ մարտունեցի փոքրիկների առջև չեն բացվում, թարմ թխած հացի բույրը դպրոցով մեկ չի ընկնում։ Խոհանոցը ճաշ պատրաստելու տեխնիկական միջոցներ ունի, իսկ այ ուտելիքը երեխաներին մատուցելու հնար չկա․ նորակառույց ճաշարանը դատարկ է, պակասում են սեղան-աթոռները․

– Մեր հաշվարկներով՝ եթե ունենանք 200-220 աթոռ ու համապատասխան քանակի սեղաններ,  հիանալի լուծում կլինի,- ասում է տիկին Ղազարյանը։ – Նախորդ տարիների 7 հերթափոխով փորձին չպետք է վերադառնանք․ այդ քանակի գույքը թույլ կտա երեխաներին երկու հերթափոխով ընդունել ու ճանապարհել։ 

Թարմացված ճաշարանին նաև նոր սպասք է հարկավոր։ Նախկինում ծնողների բերած ափսեներն ու բաժակները բազմազան են, գունագեղ, տարբերվող, տարիների ընթացքում էլ մաշվել ու կոտրվել են, տեղից էլ քիչ էին՝ ընդամենը 70 երեխայի համար, այնպես որ սպասքն ամբողջությամբ նորացնելու կարիք կա։

Ընդհանուր առմամբ, ճաշարանը 1 մլն. 600 հազար դրամի սեղան-աթոռի, 2 մլն 300 հազար դրամի էլ՝ խոհանոցային ու ճաշարանային սպասքի բաց ունի։ Գրեթե 4 մլն դրամ է պետք նորոգված ճաշարանի կարիքները լրացնելու ու  դռները փոքրիկների առջև լայն բացելու համար.

 

Մարտունի N2
Խոհանոցի/ճաշարանի կարիքներ
Անվանում Քանակ
Կաթսա 10 լիրտանոց 4
Կաթսա 15 լիրտանոց 4
Կաթսա 20 լիրտանոց 4
Կաթսա 40 լիրտանոց 2
Չժանգոտվող թասր 5
Քամիչներ 2
Շերեփ 0,5 լիտրանոց 2
Փայտե խառնիչներ 3
Խոհարարական դանակներ 6
Կարտոֆիլ մաքրող դանակ 1
Կտրատելու տախտակ 6
Չափիչ բաժակ 1
Ապուրի ափսեներ 500
Նախուտեստի ափսեներ 500
Հյութի բաժակներ 500
Ճաշի գդալներ 500
Պատառաքաղներ 500
Ճաշարանի աղբամաններ 500
Աթոռներ
Սեղաններ
Սայլակ
Ընդհանուր գումարը՝ 6 000 000 դրամ