Տիեզերական ճանապարհորդություն դեպի առողջություն. ինտերակտիվ ներկայացումը դպրոցականներին կընկերացնի առողջ սննդի հետ

Անփուշ կակտու՞ս․ բացառված չէ, եթե անապատների թագուհին սնվում է ոչ առողջ, ամեն օր արագ սնունդ ուտում՝ չիպսեր, կոլա ու բուրգեր։ Բայց հոգ չէ․ կարելի է վերադարձնել նրան իր սուր փշերն ու նախկին անդիմանալի հմայքը։ Այ թե ինչպե՞ս, Անին ու Հայկը տիեզերական ճամփորդության են մեկնում՝  բացահայտելու և օգնելու իրենց ընկերոջը՝ վերագտնել փշերն ու առողջությունը։ ԴՍԵԲ հիմնարկի նախաձեռնությամբ մշակված «Ճամփորդություն առողջ սննդի տիեզերքում» ինտերակտիվ ներկայացումը մի տիեզերական արկածախնդրություն է, որի նպատակն է երեխաներին «ընկերացնել» առողջ սննդի հետ։

-Ներկայացման միջոցով կարողացանք «առողջ ափսե»-ի գաղափարը տարբեր արտահայտչամիջոցներով մեկնաբանել, ներկայացնել երեխաներին։ Մասնավորապես՝ 4 մոլորակները խորհրդանշում են առողջ ափսեի 4 հիմնական բաղադրիչները, տիեզերական ոստիկանն էլ ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությունն էր արտահայտում,- ներկայացնում է ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը։ 

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ծրագրի  իրականացմանն աջակցությամբ ու դերակատարների կարողությունների զարգացմամբ չի զբաղվում միայն,  կառույցի աշխատանքային տեսլականն է առողջ սննդի գաղափարախոսությունը տարածել դպրոցականների, նրանց ծնողների շրջանում, որ առողջ սնվելու թելը դպրոցից տուն գնա, ու այսօր դրվի երեխայի առողջ ապագայի հիմքը։ Հենց այս տրամաբանությամբ էլ ԴՍԵԲ-ը նախաձեռնեց ինտերակտիվ ներկայացման ստեղծումը, որ հետաքրքիր, արկածներով լի, գունեղ ու ուսուցողական ներկայացմամբ երեխաներին պատմի առողջ սնվելու կարևորության մասին։  

– Մենք արդեն իսկ ուսուցողական աշխատանք էինք տանում ծնողների, խոհարաների, տնօրենների հետ, ու ամենակարևոր օղակը՝ աշակերտները, կարծես թե բաց էր մնում,- թատրոն ունենալու մտքի նախադրյալներից է պատմում տիկին Մկրտչյանը։

Հիմնարկի մոնիտորինգի թիմն էլ, որ անդադար պտտվում է դպրոցներում՝ հասկանալու այսուայնտեղ ծրագիրն ինչպես է իրականացվում, արձանագրում առկա խնդիրները, մեկ անգամ չէ, որ բախվել էր իրողությանը, որ ծրագրի որոշ կետեր դիմադրության են հանդիպում, ու շահառուներին ճաշացանկի կազմի ընտրությունը պատճառաբանված մեկնաբանելու կարիք կար՝ ինչու է աղը քիչ, ինչու շաքարավազ չկա և այլն։

 Եվ այդ մասով խոհարարները պնդում էին, որ շատ մեծ աշխատանք կա  հենց երեխաների հետ անելու։  Դա ևս մեզ համար ազդակ էր որևէ բան նախաձեռնելու համար,- պատմում է Սաթենիկ Մկրտչյանը։ – Իսկ նրանց հետ աշխատելու ամենալավ ճանապարհը վառ արտահայտչամիջոցներով, արվեստի օգնությամբ նույն տեղեկությունը փոխանցելն էր։ «Երկուսը մեկում»՝տոն ստեղծել և նաև կրթել, լավագույն ձևը, որ կարող էինք մտածել երեխաների համար,  հենց թատերական միջոցառումն էր։

«Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպությունը տիեզերական երանգներ հաղորդեց գաղափարին․ պատրաստեց ներկայացման սցենարն ու այն բեմադրեց՝ ուղարկելով ներկայացման հերոսներին առողջ սննդի գալակտիկա։ Երբ «Փոփոխությունների թատրոն»-ի հիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Հայկ Սեկոյանը առաջարկ ստացավ առողջ սննդի վերաբերյալ ներկայացում ստեղծել,  վայրկյան անգամ չկասկածեց՝ ամեն ինչ հաջողությամբ գլուխ է գալու․ կառույցը, որ ղեկավարում է Հայկը, արդեն 15 տարի ինտերակտիվ ներկայացումների ձևաչափով կրթական ոչ ֆորմալ ծրագրեր է  բարեհաջող կյանքի կոչում։

Մասնագիտական առումով մեզ շատ հետաքրքրեց թեման, թե թատրոնի ձևաչափն ինչպես կարող ենք օգտագործել առողջ սննդի թեման բացելու համար։ Մինչև սցենարի վրա աշխատելը լիքը ուսումնասիրություններ եմ արել, որ ամբողջական պատկերացում կազմեմ՝ որն է լինելու ներկայացման հիմնական ասելիքը,- պատմում է Հայկը։   -Շատ կարևոր դեր խաղացին ԴՍԵԲ հիմնարկի սննդաբանները, ում հետ մի քանի փուլով սցենարը վերանայեցինք, փոփոխեցինք, վերջնականացրինք։ 

Ուսուցողական ներկայացումը մշակվել է Անտուան դը Սենտ էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի մոտիվներով։ ճանապարհորդներ Անին ու Հայկը իրենց աստղաթիռով դեպի տիեզերք են ճամփորդում,  անսարքության պատճառով հայտնվում անապատում։ Այնտեղ նրանք հանդիպում են միայնակ ու տխուր մի կակտուսի, որը ողջ կյանքի ընթացքում այնքան անառողջ է սնվել, որ տարբեր հիվանդությունների պատճառով բոլոր փշերը թափվել են։ 

– Որպեսզի երեխաները կարողանան տարբերակել առողջ սունդը անառողջից, փորձել էինք հետաքրքրիր ձևով ներկայացնել, թե անառողջ սննդի հետևեանքներն ինչպիսին կարող են լինել, և որպես դրան հակադարձում՝ ինչպիսինն են առողջ սնվելու արդյունքները․ առաջինը՝ անփուշ, տխուր կակտուսի տեսքով, երկորդը՝ առողջացած, փշերը վերագտած, կենսախինդ կակտուսի օրինակով,- պատմում է սցենարիստը։ 

Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը առաջինն էր, որ հյուրընկալեց ինտերակտիվ ներկայացումը։  Առողջ սննդի վերաբերյալ այս գունեղ ներկայացման առաջնախաղը հենց այս դպրոցում անցկացնելու որոշումը բարդ չէր կայացնել, դպրոցի ճաշարանը նորոգվել է, ու այն միանում է «Դպրոցական սնունդ» ծրագրի «Տաք սնունդ» բաղադրիչին։ Հաստատության տարրական դասարանների 300 աշակերտները նոր ուսումնական տարում  ու այսուհետ առողջ, համեղ ուտեստներ են վայելելու դպրոցում։

-Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են երեխաները ընկալում, որ իրենց շատ սիրելի պաղպաղակն, օրինակ, շատ շաքարավազ է պարունակում ու առողջարար չէ,- պատմում է ներկայացման առաջնախաղին մասնակցած Սաթենիկ Մկրտչյանը։ – Շատ դաժան չենք գտնվել երեխաների  նկատմամբ ու հենց նույն ներկայացման մեջ առաջարկում ենք պաղպաղակի առողջ այլընտրանք։ 

Անին ու Հայկը որոշում են Անփուշ Կակտուսին տանել տիեզերական- ուսուցողական ճամփորդության, որի ընթացքում այցելում են չորս տարբեր մոլորակներ՝ Կաթնամթերքի մոլորակը, Մրգերի և բանջարեղենի մոլորակը, Հացահատիկի մոլորակը և Սպիտակուցներով հարուստ մոլորակը։ Հանդիպելով տարբեր կերպարների՝ Անին ու Հայկը երեխաների ակտիվ մասնակցությամբ և խաղերի միջոցով Անփուշ Կակտուսի համար հավաքում են «Առողջ ափսեի» բոլոր բաղադրիչները, տիեզերական ոստիկանի հետ մի լավ մարզվում՝ սովորելով, որ միայն ճիշտ սնվելն առողջ լինելու համար բավարար չէ․ պետք է ֆիզիկապես էլ ակտիվ  լինել։  Անին ու Հայկը Կակտուսին տիեզերքից հետ են բերում իր հայրենի անապատը՝ առողջ սննդի մասին նոր գիտելիքներով զինված և վերագտած սուր փշերը։

 

Ներկայացման «չամիչը» նրա ինտերակտիվ բնույթ է․ երեխաները՝ նույն ինքը՝ հանդիսատեսը, իրադարձությունների անհաղորդ հետևորդը չեն․ նրանք ակտիվ մասնակից են, որոշումներ կայացնող,  ներկայացման մի մասնիկը։ 

– Երբ երեխային տրվում է մասնակցելու հնարավորություն, բացառված է, որ նա կձանձրանա, որովհետև ինքը կոնկրետ հարց է լուծում, իր ձայնը կարևոր է։  Կոնկրետ այս ներկայացման մեջ Կակտուսի առողջացումն ամեն մեկի ձայնից էր կախված,- բացատրում է Հայկ Սեկոյանը։ – Որպես կանոն՝ ճիշտ սնունդ էին ընտրում երեխաները։ Նստած էի նրանց շարքերում ու տեսնում էի՝ ինչպես էին ամբողջովին մտել ներկայացման սցենարի մեջ։ Հենց հերթական կերպարը աստղադույլերը դնում էր սեղանին, իրենց մոտ բուռն քննարկում էր սկսվում, որոշում էին՝ որ սնունդն ընտրել։ Անհամբեր սպասում էին, որ պարզվեր՝ ճիշտ են ընտրել արդյոք։ 

Հետադարձ կապը երեխաների հետ ստացվեց, թեթևացած շունչ է քաշում սցենարիստը։ Չնայած կասկած չուներ, որ ամեն ինչ բարեհաջող է անցնելու, բայց երեխաների նման հանդիսատես ունենալը հեշտ գործ չէ․ նրանք անկեղծ են իրենց և՛ գոհ լինելու, և՛ դժգոհության մեջ։ 

– Առաջնախաղը ներկայացման գլխավոր փորձն է,- ասում է Հայկը, այնպես որ, մեր գլխավոր փորձը Աշտարակի թիվ 4-ում արեցինք։ Իսկ ինչու՞ գլխավոր փորձ․ դե որովհետև երեխաներն իներտ դիտող չեն, ներկայացման մի մասն են, ու նրանց հետ դեռ փորձ չէր եղել։ (Ժպտում է )։ 

Հայկն ասում է՝ ինտերակտիվ թատերական այս միջոցառումների համար հատուկ տերմին են մտածել՝ թատերային ուսումնազվարճանք։ Ոչ ֆորմալ կրթության այս հետաքրքիր տարատեսակի արդյունավետության մեջ տարիների փորձով են համոզվել․ նմանատիպ ներկայացումները ասելիքը տեղ հասցնելու ուղիղ, արդյունավետ ու անվրեպ ուղի են․ 

-Շատ կարևոր է կրթական գործընթացում հույզերի դերը․ իսկ թատրոնը հույզերի գունապնակ է՝ վախ, ուրախություն, հուզմունք, զարմանք։ Հույզերով փաթեթավորված տեղեկությունը շատ ավելի խորը ազդեցություն է թողնում կրթական տեսանկյունից, քան, ասենք, լսարանային դասախոսությունը կթողներ,-ասում է սցենարիստը։ – Այս ներկայացման պարագայում երեխաները հիշելու են  առողջ սննդի՝ իրենց կատարած ընտրությունն ու կյանքում գործնականում կկիրառեն։ 

ԴՍԵԲ հիմնարկը նվիրական ցանկություն ունի․  հնարավորություն ունենալ առավելագույն թվով դպրոցներում ու հնարավորինս մեծ թվով աշակերտների համար խաղալ այս ներկայացումը, ինչը ֆինանսական միջոցների հետ կապված հարց է։

–  Ինտերակտիվ թատրոնի մեկ բեմադրության արժեքը շատ մեծ չէ։  Մենք փնտրում ենք առողջ երեխաներ մեծացնելու մեր գաղափարախոսությանը հարող մարդկանց, ովքեր կդառնան այս ծրագրի դոնորները՝ օգնելով ինչքան հնարավոր է շատ մանուկների ճամփորդել  առողջ սննդի մոլորակներով։

ԴՍԵԲ հիմնարկը ներկայացման սցենարը, ռեկվիզիտները և ուղեցույցը նաև կիսելու է դպրոցների հետ, որպեսզի դրանց թատերական խմբակները տեղում բեմադրեն, ներկայացումը դառնա դպրոցական միջոցառումների սպասված բաղադրիչը՝ առողջ սննդի մասին պայծառ նոտաներով պատմելով հնարավորինս մեծ թվով երեխաների։  

Գյումրիի թիվ 15 դպրոցի բարձր դասարանցիները, պրոֆեսիոնալ ռեժիսորի ուղղորդմամբ արդեն հասցրել են բեմադրել ներկայացումը։ ԴՍԵԲ-ն աջակցել է դպրոցին՝ վարձելով ռեժիսորի և տրամադրելով ներկայացման ռեկվիզիտները։