Սնուցելով ապագան. տեղի ունեցավ Դպրոցական սննդի համաշխարհային առաջին գագաթաժողովը

Աշխարհի յուրաքանչյուր երեխա պետք է ունենա դպրոցական սննդի հասանելիություն մինչև 2030 թվականը․ հոկտեմբերի 18-19-ին Փարիզում այս տեսլականով տեղի ունեցավ Դպրոցական սնունդ կոալիցիայի առաջին համաշխարհային համաժողովը՝ դպրոցական սննդի քննարկումների շուրջ հավաքելով համաշխարհային առաջնորդների, փորձագետների և շահագրգիռ կողմերի՝ քննարկելու և մշակելու  ռազմավարական քայլեր՝ աշխարհով մեկ դպրոցական սննդի ծրագրերի ընդլայնման ուղղությամբ: 

COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած աննախադեպ խափանումից հետո, որը հանգեցրել է ամբողջ աշխարհում 370 միլիոն երեխաների դպրոցական սննդի դադարեցմանը, Դպրոցական սնունդ կոալիցիան, որը գործարկվել է այս մարտահրավերների ներքո՝ 2021 թ-ին, Ֆրանսիայի և Ֆինլանդիայի կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ, նպատակ ունի վերականգնել, հասնել նախկին ցուցանիշներին և հեղափոխել դպրոցական սննդի ծրագրերը՝ ապահովելով, որ մինչև 2030 թվականը աշխարհի յուրաքանչյուր երեխա ունենա դպրոցական սննդի հասանելիություն: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո անցկացվող  անդրանիկ համաժողովը բեկումնային էր սնուցման, կրթության և առողջության միջև  փոխադարձ կապեր գծելու, եղածներն ամրացնելու տեսանկյունից։ «Ներդրումներ ապագա սերունդների մեջ. մարդկային կապիտալ, կայուն սննդի համակարգեր և կլիմայի փոփոխության գործողություն դպրոցական սննդի միջոցով» թեմայով այս հանդիպումը Փարիզ էր բերել 90 երկրի ներկայացուցչի՝ միասին քննարկելու, խորհելու դպրոցական սննդի ոլորտում նորարար լուծումների, հանձնառության և համատեղ գործողությունների  մասին՝ միտված Կոալիցիայի գլխավոր տեսլականի իրագործմանը:

Հայաստանն էլ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ,  մասնակիցը դարձավ այս հեղինակավոր միջոցառմանը` ընդգծելով իր հանձնառությունը  շարունակաբար զարգացնելու և ընդլայնելու «Դպրոցական սնունդ» ծրագիրը։  Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն տիկին Սաթենիկ Մկրտչյանը։

 

Միավորող նպատակներ, տարբեր ռազմավարություններ․  համաժողովի պանելային քննարկումները

Տարբեր երկրներից ժամանած բանախոսները բացահայտեցին իրենց ազգային պարտավորություններն ու ձեռքբերումները դպրոցական սննդի ծրագրերի հետ կապված։ Յուրաքանչյուր պատմություն եզակի էր, ընդգծում էր տվյալ երկրին հատուկ գործողությունների և քաղաքական կամքի կարևորությունը, բայց նաև պատմություններն ընդհանուր գիծ ունեին․ բոլորի նպատակը մեկն է՝ երեխաներին դպրոցում  առողջ սնվելու հնարավորություն տալ։ 

Քաղաքականության ձևակերպումից ու ծրագրերի իրականացումից մինչև նորարարություն և գլոբալ համագործակցություն․ համաժողովի օրակարգը բաց չէր թողել դպրոցական սննդին վերաբերող և ոչ մի դիտանկյուն․ Պլենար նիստերի ձևաչափով համաժողովի երկու օրերի ընթացքում մեկը մյուսի հետևից քննարկվեցին կարևորագույն թեմաներ․

Խոստումներից դեպի առաջընթաց․ Հայաստանը

«Խոստումներից դեպի առաջընթաց. ազգային պարտավորությունները գործողության մեջ» խորագրով նիստը ծառայեց իբրև հարթակ երկրների համար՝ ցուցադրելու իրենց ուշագրավ քայլերը ծրագրի զարգացման ուղղությամբ: Բանախոսները, այդ թվում՝ Հայաստանը՝ ի դեմս ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, կարևորեցին իրենց ազգային պարտավորությունները՝ հակիրճ ներկայացնելով իրենց երկրներում գործող ծրագրերն ու շեշտելով դրանց հետ կապված կարևորագույն անելիքներն առաջիկայում։

Գլոբալից դեպի տարածաշրջանային

«Գլոբալից դեպի տարածաշրջանային. կոալիցիան և նրա՝ ձևավորվող տարածաշրջանային ցանցերը» պլենար նիստը լույս սփռեց  դպրոցական սննդի տարածաշրջանային զարգացումների դինամիկայի վրա, բացահայտեց առաջնահերթությունները՝ ընդգծելով գործընկերների հետ  փորձառության ու գիտելիքների փոխանակման դերը կոնկրետ երկրների կարիքներին և մարտահրավերներին միտված գործողությունների համատեքստում:

Ֆինանսավորման նորարարական լուծումներ

Ի՞նչ հավաքական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի մինչև 2030 թվականը դպրոցական սնունդը ֆինանսավորելու հարցում ցածր եկամուտ ունեցող երկրներում գլոբալ առաջընթաց արձանագրել: «Փակելով ֆինանսավորման բացը. դպրոցական սննդի ֆինանսավորման նորարարական լուծումներ» առանցքային նիստը փորձեց գտնել վերոնշյալ հարցի պատասխանը։  Զրույցը ծավալվեց ֆինանսավորման նորարար մեխանիզմների շուրջ, ինչպիսիք են պարտքի փոխանակումը, բազմակողմ համակարգի միջոցով լծակների մշակումը և այլն։  

Ճաշից այն կողմ

 «Ճաշից այն կողմ. դպրոցական սնունդը` ավելի հավասար և ներառական ապագայի համար» քննարկման ընթացքում մասնակիցները խոսեցին դպրոցական սննդի խորը հասարակական և կրթական ազդեցության մասին:  Վերջիններս շեշտեցին, որ այս ծրագրերն ավելին են, քան սովի դեմ պայքարի միջոց. դրանք կարևոր նշանակություն ունեն հավասարության, ներառականության և կրթական արդյունքների բարձրացման տեսանկյունից: Փորձով է հաստատվել՝  ծրագիրը խրախուսում է ընտանիքի ներգրավվածությունը երեխայի առողջ սնվելու հարցում, նվազեցնում սեռերի վրա հիմնված անհավասարությունը հասարակությունում և խրախուսում միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա, հատկապես հակամարտություններից տուժած շրջաններում, կարող է ունենալ կրթական նվաճումների և ամբողջական զարգացման հնարավորություն:

 

Հայաստանը՝ համաժողովում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցեց «Խոստումներից դեպի առաջընթաց. ազգային պարտավորությունները՝ գործողության մեջ» պլենար քննարկմանը, որի շրջանակում «Դպրոցական սնունդ» կոալիցիայի անդամ երկրների տարբեր ոլորտային պատասխանատուներ պատմեցին իրենց երկրում ծրագրի իրականացման, գրանցած հաջողությունների և ապագայի հեռանկարների մասին: Մարտիրոսյանը հանձնեց Հայաստանի՝ կոալիցիային միանալու հանձնառությունների տեքստը և ներկայացրեց ՀՀ «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը: 2023 թվականի հուլիսից արդեն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) «Դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումն ամբողջությամբ փոխանցել է ՀՀ կառավարությանը, ու այժմ այն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Հայաստանում ծրագրի իրականացումը մեկնարկել է 2014 թվականից՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և ՌԴ կառավարության ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրի կառավարումն ու ֆինանսավորումը փուլային եղանակով այս տարիներին փոխանցվել է ՀՀ կառավարությանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1075 դպրոցների 1-ից 4-րդ դասարանների 100 հազարից ավելի երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նա գործընկերներին պատմեց Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջողությունների մասին՝ շեշտելով, որ ամենակարևորը ծրագրի շարունակական բարելավումն է, առողջ սննդի վերաբերյալ գիտելիքի տարածումը՝ ծրագրի բուն՝ երեխաներին սննդով ապահովելու բաղադրիչին զուգահեռ։  

– Կարևոր ես մեկ փաստ․ 2023 թվականի սեպտեմբերից դպրոցներում ընդգրկված խոհարարները՝ հիմնականում համայնքներից ընտրված, ովքեր մինչ այս  խորհրդանշական գումարի  վարձատրություն էին ստանում, ներառվել են դպրոցների հաստիքացուցակում և ստանում են համապատասխան աշխատավարձ,-տեղեկացրեց Մարտիրոսյանը:

ԿԳՄՍՆ նախարարի տեղակալը նաև պատմեց «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի մասին, որ ստեղծվել է՝ աջակցելու կառավարությանը՝ ծրագրի անխափան գործունեության հարցում։

– Ծրագրի ճկունության փաստը փորձարկվել է իրական ճգնաժամային իրավիճակում,- շեշտեց նա։ – Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներից 21 հազարը դպրոցահասակ երեխաներ են: Նրանք անխափան կերպով ինտեգրվել են Հայաստանի կրթական ծրագրին։  Այս երեխաների ⅔-ը սովորում է տարրական դասարաններում, ուստի մյուս հայ փոքրիկների հետ հավասարապես օգտվելու է դպրոցում առողջ սնվելու հնարավորությունից։

Մարտիրոսյանը նաև կարևորեց, որ չնայած ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվել է, սակայն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակում է մնալ ծրագրի կողքին՝ իբրև կենսական գործընկեր, քանի որ այն ընդայլնման հավակնոտ նպատակներ ունի․ 

-Մինչև 2030 թվականը մենք նպատակ ունենք ծրագրում ընդգրկել նաև մայրաքաղաք Երևանի դպրոցները, ինչը թույլ կտա ևս 50 հազար երեխայի դպրոցում առողջ սնվել։ Այդպիսով՝ ՀՀ բոլոր դպրոցների տարրական դասարանների երեխաները կընդրկվեն ծրագրում։

Երկրորդ կարևորագույն նպատակը, որ սահմանել է ծրագիրը, համաֆինանսավորման նորարար մոդելների կիրառմամբ դպրոցում սնվելու հնարավորություն ստեղծելն է նաև միջին և ավագ դասարանների երեխաների համար։ 

 

Ինչո՞վ վերադարձավ Հայաստանը համաժողովից

ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանն ասում է, որ  համաժողովը աննախադեպ հարթակ էր, որտեղ հավաքվել էր մոլորակի դպրոցական սննդի  ողջ ընտանիքը՝ ներկայացուցիչներ տարբեր երկրներից, ովքեր դպրոցական սննդի ոլորտում արդեն տասնամյակների փորձառություն ունեն, և նորեկներ, ովքեր դեռ առաջին քայլերն են անում այս ոլորտում։ Ձևավորվել էր աննախադեպ մի մթնոլորտ, բոլորը մոտիվացված էին՝ ավելին անելու ծրագրի համար, բոլորը հույսով էին լցված, դպրոցական սննդի ծրագրերը զարգացնելու, ընդլայնելու հաստատակամությամբ։  

– Համաժողովը նման չուներ․ աշխարհի չորս կողմից հավաքվել էինք դպրոցական սննդի կարևորությունը արժևորող և այդ ուղղությամբ գործող մարդիկ։ Մենք հնարավորություն ունեցանք տեսնելու՝  դպրոցական սննդի աշխարհի քարտեզն ինչ երկրներից, գործընկերներից, ֆինանսական մոդելներից, քաղաքական ինչ մոտեցումներից է բաղկացած,-ասում է Սաթենիկ Մկրտչյանը, – և որ ամենակարևորն է՝ հասկացանք, թե որն է մեր դիրքն այդ քարտեզի վրա։ Մենք պատկերավոր տեսանք, որ Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագիրը տպավորիչ առաջընթաց ունի, զուտ սոցիալական ծրագիր լինել դադարել է վաղուց, կրթական հարթակ է՝ առողջապահական ու համայնքային զարգացմանը նպաստող շեշտերով։ 

Հայաստանի պատվիրակությունը համաժողովի շրջանակներում մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ միջոցառման մասնակից տարբեր կազմակերպությունների հետ և Հայաստան վերադարձավ ապագա համագործակցությունների տպավորիչ առաջարկներով։  Տիկին Մկրտչյանը կարևորում է  Բրազիլիայում Սովի դեմ պայքարի գերազանցության համաշխարհային պարենային ծրագրի կենտրոնի տնօրենն Դանիել Բալաբանի հետ հանդիպումը, որը նպատակ ուներ գտնել կենտրոնի հետ համագործակցության եզրեր։ Հանդիպումից հետո աշխատանքային քննարկումները  վիրտուալ հարթակում Բալաբանի հետ շարունակվում են։ 

– Մեզ համար այս կառույցի հետ համագործակցության մասով հատկապես կարևոր են քաղաքային դպրոցական սննդի մոդելները հարստացնելու, դպրոցական այգիների ու ջերմատների կրթական պլատֆորմների ռեսուրսները հասկանալու, փոքր գյուղատնտեսական տնտեսությունները ծրագրում ընդգրկելու հետ կապված հարցերում համագործակցության հնարավորությունները,- պատմում է Սաթենիկ Մկրտչյանը։  

Շատ արդյունավետ էր հանդիպումը Միլանի քաղաքային պարենային քաղաքականության պակտի քարտուղարության հետ, որի ընթացքում քննարկվեցին  Միլանի և Երևանի միջև համագործակցության հնարավորությունները, Միլանի ակտին Երևանի քաղաքի միանալու հեռանկարը։ 

Միլանի քաղաքային սննդի քաղաքականության պակտը (MUFPP) միջազգային արձանագրություն է, որը նպատակաուղղված է համաշխարհային մասշտաբով քաղաքային պարենային համակարգերի մարտահրավերներին դիմակայելուն։ Պակտը պաշտոնապես մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Expo Milan 2015-ի ժամանակ, որտեղ այն ստորագրվել է աշխարհի 100-ից ավելի քաղաքների քաղաքապետերի և ներկայացուցիչների կողմից: Այժմ պակտը ստորագրել է 260 քաղաք՝ ներկայացնելով ավելի քան 460 միլիոն բնակչություն՝ աշխարհի 6 մայրցամաքներից։

ԴՍԵԲ հիմնարկը դիմել է ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանին՝  Միլանի քաղաքային սննդի քաղաքականության պակտին Երևան քաղաքի անդամակցության վերաբերյալ առաջարկությամբ։ Հարթակին մասնակցությունը Երևանին և, ընդհանուր առմամբ՝ Հայաստանին, հնարավորություն կտա մուտք գործել քաղաքային սննդի համակարգի կառավարման գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման համաշխարհային հարթակ՝ ինտեգրվելով դպրոցական սննդի կայացած միջազգային համակարգերի, ուժեղացնելով հանրային սննդի կազմակերպման համայնքային հզորությունները: Այն Երևանի համար ճանապարհ կբացի քաղաքային սննդի ոլորտում նախագծերի իրականացման շուրջ միջազգային փորձագետներ ներգրավվելու, քաղաքականության մշակման նորարար շրջանակներից օգտվելու և բազում այլ հարցերում: Ավելին՝ Պակտին միանալը կարող է ներգրավել պոտենցիալ միջազգային ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն՝ խթանելով տեղական գյուղատնտեսական նախաձեռնությունները, բարելավելով պարենային անվտանգությունը և ուժեղացնելով քաղաքային սննդի համակարգերի համայնքային կարողությունները՝ մասնավորապես դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում սննդի կազմակերպման նորարար և հաջողված փորձի հաղորդակցումը։  

Նախարարությունն արդեն տվել է համաձայնություն պակտին միանալու և առաջարկը հաղորդակցել է Երևանի քաղաքապետարանի հետ։ Այժմ ԴՍԵԲ հիմնարկն քաղաքապետարանին աջակցում է Միլանի պակտին միանալու նամապատրաստական աշխատանքներում։ 

 Եվս մեկ կարևոր հանդիպում էլ Դպրոցական առողջության և սնուցման հետազոտական կոնսորցիումի ղեկավար Դոնալդ Բանդիի հետ տեղի ունեցավ՝ քննարկելու, թե ինչպես կարող է Հայաստանը համագործակցել կոնսորցիումի հետ։ Դոնալդ Բանդին հավաստեց իրենց պատրաստակամության մասին որ մեր հաստատությունը նշանակալի ուղիներ է հատկացրել կոնսորցիումին մասնակցելու համար՝ դռներ բացելով հնարավոր համատեղ հետազոտությունների և նախագծերի համար: Անհրաժեշտ է Հիմնարկի համաատասխան գրությունից հետո հստակեցնել հաջորդական ակտիվ մասնակցության քայլերը։

․․․․․․․

Դպրոցական սնունդ կոալիցիայի առաջին համաժողովում քննարկումները բազմաբովանդակ էին`  հաջողության պատմություններից, հնարավորությունների քարտեզագրումից մինչև ապագայի հստակ ուրվագծում, որտեղ սովը բոլորի ջանքերով հաղթահարված է,  իսկ կրթությունը՝ հասանելի բոլորին: Համաժողովը արձանագրեց․ այս համընդհանուր գործում կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը՝  քաղաքականություն մշակողից, ղեկավարից մինչև խոհարար․ բոլորը պարզապես  դպրոցական սննդի ծրագրերի մասնակից չեն, այլ համահեղինակ, ում ջանքերով  յուրաքանչյուր երեխա սնվում է, կրթվում և պատրաստ է զարգանալու արագ առաջ ընթացող աշխարհում: Առաջին համաժողովն իրականություն է․ աշխարհի այսուայն ծայրերը կապող հարթակի հաջորդ հանդիպումը երկու տարի անց է պլանավորված, այս անգամ՝ արևային Բրազիլիայում։