Գիտելիքներով զինված՝ դեպի խոհանոց․ Վանաձորի խոհարարները ավելի պատրաստված կվերադառնան դպրոց

Ջուլիետա տատիկի պատրաստած ոլոռով ապուրն այնքան համեղ է, որ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սաները վերջացնում են հաշված րոպեների ընթացքում։ Դպրոցական խոհանոցում տարիների փորձ ամբարած Ջուլիետա Ամիրբեկյանը գիտի՝ ինչպես գոհացնել երեխաներին իր պատրաստած համեղ ճաշերով, իսկ թե ինչու էր տաբու լաքապատ եղունգներով դպրոցական խոհանոց մտնելը, պարզեց բոլորովին վերջերս՝ հատուկ իր և գործընկերների համար կազմակերպված դասընթացի ժամանակ․ 

– Թեև վաղուց մոռացել եմ եղուգներս ներկելու մասին, որովհետև արգելված է այդպես խոհանոց մտնել, բայց միայն հիմա բացատրությունն իմացա․  լաքը թունավոր է, երեխաների առողջության համար՝ վտանգավոր,- ասում է տիկին Ջուլիետան։

 Դպրոցական խոհանոցում աշխատելու այս ու շատ այլ գրված ու չգրված կանոններին տիկին Ջուլիետան ծանոթացավ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի «Դպրոցական սննդի առողջապահական նշանակությունը․ ծրագիր խոհարարների համար» երկշաբաթյա  դասընթացի շնորհիվ։

Լոռու մարզի Վանաձորի տարածաշրջանի 26 դպրոցից 38 խոհարարներին վստահվել է երեխաների համար առողջ սնունդ պատրաստելու  գործը` հաշվի առնելով, որ իրենք էլ դպրոցական երեխա կամ թոռնիկ ունեն։ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի չգրված օրենքն է՝ վստահել ծնողներին, տատիկներին. նրանք իրենց հետ մայրական հոգատարություն են բերում ճաշարան։ Նրանք պրոֆեսիոնալներ չեն, խոհարարական հմտությունները հավաքել են սեփական խոհանոցում, այնպես որ, դասընթացը նրանց զինում է դպրոցական ճաշարան մտնելու ամենակարևոր կարելի-ներով ու չի կարելի-ներով։ 

Դասընթացը երկու բաղադրիչ ունի՝ «Սննդի առողջապահական նշանակությունը» և «Սննդի անվտանգությունը»։  Առաջինի շրջանակներում մասնակիցները լսել են սննդի նշանակության, դրա կազմության, առողջ սննդի կարևորության, ուտելիքի պատրաստման առողջ ու անառողջ եղանակների, սննդամթերքների փոխարինելիության մասին դասախոսություններ։ 

– Այս ընթացքում խոհարարների հետ մանրազնին քննության ենք ենթարկել նաև դպրոցական ճաշացանկը,- ասում է դասընթացավար, ԴՍԵԲ հիմնարկի սննդաբան Արմեն Մկրտչյանը։ – Նրանց հետ հատ առ հատ անցել ենք դպրոցական սննդացանկը կազմող բաղադրիչների վրայով, բացատրել, որ ոչ մի սնունդ այնտեղ պատահական չի հայտնվել։

 Սննդաբանը նկատի ունի, որ 20 պարզ բաղադրիչներից կազմված դպրոցական ճաշացանկն իրականում գրամ առ գրամ հաշվարկված  է այնպես, որ բավարարի  երեխաների  օրգանիզմին անհրաժեշտ կարևոր սննդանյութերի և էներգիայի պահանջը օրվա առաջին կեսի համար՝ մոտ  600-700 կկալ։ 

«Հավասարակշռված սնունդը երեխայի համար ոչ միայն սովի փարատում պիտի լինի, այլև ճիշտ սննդային սովորություն ձևավորի՝ հրաժարում աղից, շաքարից։ Այն ոչ միայն ներկա պահին է օգնում, այլև հետագայում երեխայի լավ ընկալմանն ու կենտրոնացմանն է նպաստում, ապահովում է բարձր առաջադիմություն։ Դպրոցում սնված երեխաները ավելի քիչ են ծխում ու ավելի բարձր կրթական մակարդակ ունեն»,- ասում է Արմեն Մկրտչյանը։

Սոնա Մաթևոսյանը, որ  Վանաձորի թիվ 24 դպրոցում կերակրում է 360 երեխայի, այս դասընթացի օրերին իր համար բացահայտել է սննդային աղտոտիչները, տեղեկացել, որ, օրինակ՝ մազը, եղունգը, հավի ոսկորն ու  ստվարաթուղթը եթե առօրյայում պարզապես անմեղ իրեր են, ապա դպրոցական խոհանոցում կարող են վտանգավոր ֆիզիկական աղտոտիչ լինել։

– Այս օրերին ես ավելի պատկերավոր հասկացա, թե ինչու է պետք գլխարկով ու գոգնոցով լինել խոհանոցում, պարզեցի, որ հագուստի վրայի անմեղ կոճակը, որ միամիտ կարող է հայտնվել ուտելիքի մեջ, կարող է պարզապես խեղդել երեխային,- պատմում է Սոնան։ – Գնամ կոճակավոր հագուստներս մի կողմ դնեմ․ դրանք էլ դպրոցում չեմ հագնելու։ 

 Այն, որ գոյություն ունեն ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական աղտոտիչներ, Սոնան ու գործընկերները տեղեկացան դասընթացի՝ «Սննդի անվտանգությունը» բաղադրիչից։ Նրանց նաև պատմեցին՝ ինչպես մշակել, լվանալ, պահեստի ու սառնարանի որ դարակում պահել յուրաքանչյուր մթերք,  ինչպես խուսափել խաչաձև աղտոտումից, որ առողջ ուտելիքը պատրաստման ճանապարհին երեխաների  համար անառողջ, վտանգավոր չդառնա։

 – Ծրագրի այս հատվածում խոհարարներին տվեցինք գիտելիքներ, որ պետք են գալիս խոհանոցում ամեն օր, ամեն աշխատանքային գործընթացում,- ասում է Արմեն Մկրտչյանը։ – Սննդի հետ  աշխատելու, սեփական հիգիենայի կանոնների պահպանությունից, խոհանոցում տարբեր վտանգների բացառումից է կախված, թե երեխայի ափսեում հայտնվող ուտելիքը բացի առողջ լինելուց, անվտանգ կլինի՞ նաև։ Ու սա խոհարարի պատասխանատվության գոտում է։ 

 50 Ժամ տեսական ուսուցում անցած մասնակիցներն այժմ ավելի լավ գիտեն՝ մթերքը ճիշտ ու համապատասխան տախտակների վրա կտրատելու, սառնարանում պահելու նրբությունները։ Գիտեն, թե որ հիվանդության դեպքում չի կարելի խոհանոց մտնել, տարբերակում են նաև տնական կերակուրն ու դպրոցի համար պատրաստվող կերակուրը։ Այս ամենը պարզ երևում է դասընթացի սկզբում մասնակիցների լրացրած 10 հարցից բաղկացած անանուն հարցաթերթիկներից, որոնք, ի տարբերություն առաջին հանդիպման ժամանակ լրացվածի ու գնահատվածի, երբ միջին միավորը  5 էր, դասընթացի ավարտին արձանագրել են 7-7․5 միջին միավոր։

«Եթե գնահատելիս մեկուկես բալ ավելանում է, ուրեմն դասընթացը բավական արդյունավետ է։ Մենք մի հարց ունեինք, թե ո՞րն եք համարում առողջ սնունդ, մասնակիցների գերակշիռ մասը պատասխանել էր՝ տանը պատրաստված կոմպոտը կամ պահածոյացված բանջարեղենը։ Իսկ երբ անցնում էինք շաքարի վտանգավոր չափերը, թե քանի՞ թեյի գդալ շաքար է ստացվում մեկ բաժակ կոմպոտում, եկանք այն եզրակացության, որ եթե երեխան մեկ բաժակ տնական կոմպոտ խմի, ուրեմն ամբողջ օրը որևէ քաղցր բան ուտել չի կարող»,- մանրամասնում է սննդաբանը։

Խոհարարների հետ օնլայն դասընթաց անելու առաջին փորձն էր Վանաձորի տարածաշրջանի խոհարարների հետ հանդիպումը։ ԴՍԵԲ հիմնարկի միջոցառումների ու դասընթացների կազմակերպիչ Սոնա Մալխասյանն ասում է, որ տեխնիկական խնդիրներ առաջանում էին, բայց և ուրախությամբ փաստում է, որ լուծում գտնվեց․

 -Կային մասնակիցներ, որ համակարգիչ կամ հեռախոս չունեին, որ միանան դասին,- պատմում է Սոնան,- բայց ուրախ եմ, որ դպրոցներն էլ էին շահագրգռված, որ իրենց աշխատակիցները վերապատրաստվեն, մասնակիցների համար հատկացրեցին համակարգիչ ու առանձին սենյակ, որ հանգիստ միանան դասերին։

 ԴՍԵԲ-ում որոշել են՝ այս տարի դասընթացներ են կազմակերպելու Լոռու մարզի 6 տարածաշրջանների դպրոցների 152 խոհարարների համար։ Այս պահին վերապատրաստվել  է Վանաձորի և Թումանյանի տարածաշրջանից 64, Սպիտակի տարածաշրջանից՝ 27 հոգի։ Դասընթացներին մասնակցելու համար խոհարարներն ընտրվել են հետևյալ սկզբունքով․ 200 աշակերտից պակաս ունեցող դպրոցներից՝ մեկ խոհարար, 200-ից ավել՝ 2-ը։ Սոնան տեղեկացնում է, որ մասնակցության ցուցանիշը 100% է. մարդիկ չեն բացակայել անգամ հիվանդ վիճակում։

– Նրանք ամեն դասին անհամբեր սպասում են, դասին գալիս են տանեցիների հետ, երեխաներն ու թոռնիկներն էլ են հետաքրքրությամբ լսում,- պատմում է Սոնան։- Անգամ  եղել են դեպքեր, երբ դասընթացի հղումը կիսել են հարևանների հետ ու նրանք էլ են միացել։

36 խոհարար անհամբեր սպասում է՝ համաճարակային այս իրավիճակում երբ են բացվելու դպրոցական խոհանոցի դռները։ Այսուհետ դպրոցի խոհանոց կմտնեն բավարար գիտելիքներ ամբարած, իսկ «Դպրոցական սննդի առողջապահական նշանակությունը․ ծրագիր խոհարարների համար» դասընթացը կշարունակի իր գործը Լոռու մարզի մյուս համայնքներում՝ Թումանյան, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր,  տարածաշրջանում, ապա Գեղարքունիքի մարզում ու Վայոց Ձորում։