Լավագույնը համեմունքը սերն է, լավագույն աշխատավարձը՝ երեխաների շնորհակալական ժպիտը

– Երբ տեսնում եմ երեխայի ամանը դատարկ է, շատ եմ ուրախանում, ուրեմն հավանել է, վերջացրել, բայց որ գալիս, երկրորդ բաժինն է ուզում, այ դա իսկական տոն է, ուրեմն շատ է հավանել,- ասում է դպրոցի խոհարար Լիդա Գալստյանը։

Տեխնիկ, շինարար, հաշվապահ Լիդա Գալստյանը հայտնվեց Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի  դպրոցում՝  խոհանոցի շերեփը ձեռքն առած։ Այն, որ տիկին Լիդան համեղ ձեռք ունի, շրջապատում շատերը լսել էին ու համտեսելով համոզվել, բայց երեխաների համար համեղ, առողջ ուտեստներ պատրաստելու պատասխանատվությունը պատվով կրելու համար նա Ոուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի աջակցությամբ մեկնեց Տոմբով ու յոթնօրյա ինտենսիվ դասընթացից հետո վերադարձավ՝ գիտելիքներով ավելի ուժեղացած․

– Իմ տանն ու դպրոցի խոհանոցում միակ բանը, որ ընդհանուր է, իմ մեծ սերն է, որով անպայման համեմում եմ ուտեստները։ Այլ համեմատելու բան չկա․ այստեղ աշխատելն ահռելի պատասխանատվություն է՝ քո պատրաստածից կախված է 240 երեխայի առողջությունը,- ասում է տիկին Լիդան։- Բայց երբ դու ունես գիտելիքներ՝ ինչպես պատրաստել, ինչպես խուսափել հնարավոր ռիսկերից, դու առանց վախի, ինքնավստահ ես մտնում խոհանոց։

Ճաշը եփվեց թե չէ, 2 ժամվա ընթացքում պետք է մատուցել երեխաներին, ապուրը՝ 75°C, փլավները՝ 65°C աստիճան տաքության։ Լիդա տատիկի՝  ժպիտով ու սիրով համեմված ուտելիքներից բաժին է հասնում նաև 4-րդ դասարանցի  Սոֆիին, ով  իր 26  դասընկերների պես դպրոցում ամենաշատը սիրում է հենց ճաշի ժամը։

– Ամեն ինչ շատ համեղ է, չկա մի օր, որ ինչ-որ ուտելիքից հրաժարվեմ, պատմում է Սոֆին,- բայց ամենաշատը սպասում եմ օրերին, երբ կարտոֆիլով պյուրե ու միս ենք ուտելու։

․․․

– Ոնց որ մի լավ տնային տնտեսուհու սեփական խոհանոցը լինի՝ միայն թե հսկայական չափերով․ ոնց տնային տնտեսուհին կպահեր իր խոհանոցը, էդպես էլ  դպրոցի խոհանոցին են վերաբերվում աշխատակիցները։

Սյունիք, Ագարակի դպրոցի ճաշարան

Այսպիսի կարծիք է կազմել դպրոցի խոհանոցի մասին սննդի անվտանգության մասնագետ Զարուհի Աբրահամյանը, ով իբրև ծնող է միայն երբեմն հայացք գցում խոհանոցին, բայց չի մոռանում մասնագետի ամենատես աչքով զննել ամեն մի դետալ․

– Յուրաքանչյուր սննդատեսակի համար առանձին տախտակներ կան, ամեն օրվա սննդից նմուշառում են անում ու սառնարանում պահում, այստեղ աշխատում են ճիշտ այնպես, ինչպես անվտագության կանոններն են պահանջում, ու քանի որ աչքովս եմ տեսել, հանգիստ եմ աղջկաս՝ Լիլիթիս առողջության համար,- ասում է Զարուհին։

Տանը բրնձից հրաժարվող, կոտլետներին չեմուչում անող Լիլիթը նույն ուտելիքը դպրոցում մեծ ախորժակով ուտում է․ սա բոլոր տեսակի կաննոներից ու պահանջների պահպանումից ավելի մեծ ցուցիչ է ծնողի համար․ ուտելու հարցում կամակոր երեխայի հետ դպրոցում սնվել սկսելուց հետո տանն էլ է հեշտ լեզու գտնել։

— Երբեմն տնից չորացրած կանաչի եմ բերում հետս, ասենք՝ իմ ձեռքով հավաքած, չորացրած ռեհան, բայց ամեն օր դպրոցից ավելի շատ բան եմ տանում՝ համեղ, առողջ սնված 240 երեխաների ժպիտներն ու շնորհակալական խոսքերը,- ժպտում է տիկին Լիդան։

Համավարակի պատճառով ճաշարանի հարկադիր պարապուրդը հիշեցրեց ծնողներին՝ ինչքան մեծ հոգսից է ազատում դպրոցում սնվելու հնարավորությունը․

– Գիտեք հե՞շտ է մտածել՝ ինչ օրապահիկ ուղարկել ամեն օր երեխայի հետ,- ասում է Զարուհի Աբրահամյանը։- Ու ինչ էլ ուղարկեմ, չի կարող մրցել  դպրոցական տաք սննդի հետ՝ բարնի, գաթա, թխվածքաբլիթ կամ խաչապուրի․ մեծ չի ընտրությունը։

 Սոֆին միսն ու պյուրեն է կարոտում, Զարուհին անհամբեր է՝ երբ է ազատվելու երեխայի հետ օրապահիկ դնելու ամենօրյա ռեբուսից, տիկին Լիդայի կյանքում պակասում են համեղ սնված 240 երեխայի ժպիտն ու շնորհակալությունը։ Սարերի գրկում ծվարած, լեռների վեհ տեսարաններով դպրոցին էլ համեղ, առողջ ուտեստների բույրն է պակասում․․․ ամեն ինչ ուղղելի է․ համավարակից հետո առողջ, տաք սնունդը դպրոց է վերադառնալու․․․