Մեծ պատմությամբ փոքր հատիկը. ոսպ

Ինքը՝ ռոմբաձև, տափակ, ընտանիքը՝ թիթեռածաղկավորների, արմատն՝ իլիկաձև, ցողունը՝ ճյուղավորվող, ծաղկակոթունին՝ 1-4 ծաղիկ. ոսպի անձնագիրն է՝ նրա բառարանային նկարագրությունը: Այս փոքրիկ հատիկի անձնագրային, որևէ արտառոց բանով աչքի չընկնող տվյալների հետևում, սակայն, երկար ճամփորդություն է դարերի միջով մինչև մեր խոհանոց:

  Սև, սպիտակ, կանաչ, դեղին, կարմիր, շագանակագույն․ ինչ գույն էլ լինի, ոսպը հատիկեղենների թագուհին է ու այդպիսին է եղել հազարամյակներ. աղքատների համար փոխարինել է մսին ու հացին, բայց և զարդարել եգիպտական փարավոնների նրբագեղ սեղանները: Ռամզես 2-րդի ժամանակաշրջանի բուրգերի պատերին ոսպ էին նկարում եգիպտացի նկարիչները, հռոմեացի բուժակները ոսպով ամոքում  էին նյարդային հիվանդությունները, Եթովպիայում այն նորածինների առաջին սնունդն է նաև այսօր՝ մայրական կաթից հետո: Մի մատ հատիկը հաջողացրել է հայտնվել Աստվածաշնչի էջերում, հեքիաթներում. ասենք, Մոխրոտիկը գիշերուզօր ոսպ էր ջոկում, ոսպի մասին անգամ հյուսվել են պոետիկ տողեր.

Ոսպ մը – ոսպ մը – ոսպեր – ոսպ մը – քար մը – ոսպ մը – ոսպ մը – քար մը

Կանաչ մը – սև մը – կանաչ մը – սև մը – քար մը – կանաչ ոսպ մը․․․

Ոսպ ոսպի քով – քար ոսպի քով – հանկարծ բառ մը – բառ ոսպի քով

Հետո բառեր – ոսպ մը – բառ մը – բառ բառի քով – հետո խոսք մը…

ԶԱՀՐԱՏ

Անֆիան ամենաբերքատուն է, Լյուբավան քաջաբար դիմանում է ջերմաստիճանի տատանումներին, Սիրելին ժլատ չէ բերքի հարցում, Հույսը հերոսաբար դիմանում է երաշտին, Ռաուզան հրաշալի հաղթահարում է հիվանդությունները, Բելուգան ամենաթանկն է՝ մանր, կլոր, ձկան խավիար հիշեցնող այդ ոսպը։ Ամենաբուրումնավետը Պյուին է՝ ֆրանսիական համանուն քաղաքի անվանակիցը, որտեղ էլ այս տեսակը ստացվել է։ Սա ոսպերի մեջ ամենաերկար եփվողն է, փոխարենը նրա վառ համը հնչեղ նոտա է տարբեր տեսակի աղցաններում։  

«Առողջ պորտֆոլիո» շարքի բացումը վստահել ենք հենց նրան՝ հարուստ անցյալով, օգտակար տարբեր տարրերով, համի վառ երանգներով փոքր-մոքր հատիկին՝ ոսպին… 

 

Պատմական ոսպը

Ոսպի վերաբերյալ պատմական վկայություններն այնքան շատ են, որ մասնագետներն էլ են մոլորվում. ի վերջո՝ ո՞վ ու ե՞րբ ոսպը մարդու սննդացանկ բերեց: Հարցի պաստախանը վիճելի է, բայց անվիճելի է մի փաստ. այս հատիկի ճամփորդությունը ժամանակի մեջ ծայր է առել հազարամյակներ առաջ, անգամ որոշ մասնագետներ վստահ են՝ ոսպի առաջին հետքերը գալիս են նեոլիթյան ժամանակաշրջանից:  Ցորենի, գարու, ոլոռի շարքում ոսպն առաջիններից է, որի մշակությամբ նախամարդը սկսեց զբաղվել։

 

Հնագետները գրեթե համոզված են. Բաբելոնի առասպելական Կախովի այգիներում ոսպ էլ էր աճում, ոչ ավել, ոչ պակաս՝ մ.թ.ա. 8-րդ դարում: եգիպտական դամբարաններում, որ թվագրվում են մ.թ.ա 2400թ․-ին, նույնպես ոսպ է գտնվել. հին եգիպտացիներն այն օգտագործում էին իբրև աֆրոդիզիակ, հաց էին թխում ոսպից ու ոսպով լցնում ճաշի սեղանը։ Ամենահայտնի կերակուրը «չուդ» անունն ուներ: 

Աստվածաշնչյան պատումներում էլ է այս հատիկը հիշատակվում: Հին կտակարանում պատմվում է Իսահակի և Ռեբեկայի որդի Եսավի մասին, ով մեկ աման համեղ կարմիր ոսպի դիմաց եղբորը զիջեց իր ողջ ժառանգությունը: Այս պատմությունից ոգեշնչված՝ ֆրանսիացի խոհարարները ոսպից պատրաստված ուտեստ են ստեղծել և այն անվանել են Esau’s Stew:

Այս աստվածաշնչյան պատումից է ծայր առել նաև ոսպով պատրաստված ուտեստներով Սուրբ Ծննդյան սեղանը զարդարելու գերմանացիների և իտալացիների սովորույթը: Նրանք հավատացած են՝ ոսպն այդ կախարդական գիշերը եկող տարվա ընթացում տան բարեկեցության և առատության խորհրդանիշն է:

Մեր թվարկության I-V դարերում ոսպը ոչ միայն միջազգային առևտրի առարկա էր, այլև բուժիչ դեղամիջոց, որից պատրաստում էին այսպես կոչված «արաբական ամրացնողը» (Revslenta arabica)՝ դեղուդարման գրեթե բոլոր հայտնի ու անհայտ հիվանդությունների դեմ:

 

Հետաքրքիր ոսպը

  • Լատիներենով՝ Lens esculenta, հայերեն թարգմանությամբ՝ ոսպնյակ, կամ ավելի ստույգ՝ ոսպ։ Օպտիկական ոսպնյակը հենց ոսպից է ստացել իր անվանումը. այն նման է այս բույսի պտուղներին:
  • Մոլորակի ոսպի պաշարների կեսից ավելին աճեցվում է կանադական Սասակաչեվան նահանգում։ 2016-ին, օրինակ, այդ նահանգում աճեցվել է 3 000 000 տոննա ոսպ։ Սա կրկնակի ավելի է, քան  ոսպ աճեցնող հաջորդ խոշոր երկրներում՝ Թուրքիայում, Հնդկաստանում ու ԱՄՆ-ում աճեցրածը միասին վերցրած:
  • Ոսպը, հողից կյանք ու ուժ ստանալով, ինքն էլ է ուժեղացնում հողը՝ այն հարստացնելով ազոտով, որը սնունդ է դառնում ոսպից հետո եկող մշակաբույսների համար: 
  • Հին Եգիպտոսում  ոսպից  սրբազան հաց էին թխում ու դնում մահացած փարավոնների դամբարաններում, որ  հանդերձյալ կյանքում չքաղցեն հանկարծ:

 

Ոսպը՝ սեղանին

Եփված կարմիր ոսպ, չամիչ, ծիրանի չիր, տարբեր ընդեղեններ՝ ընկույզ, քինուա, մի քիչ  էլ առողջ քաղցրացնող՝ ասենք՝ խուրմա կամ ստեվիա ու մի լավ հարիչ․ արդյունքը երկար չի մնա սեղանին. մեծից փոքր կթռցնեն չտեսնված համեղ, առողջ կոնֆետները, որ բարդ է հավատալ, պատրաստված են ոսպով…․

Ապուր, գարնիր, կոտլետներ ու ջեռեփուկներ, կարկանդակների համար միջուկ, անգամ՝ հաց ու քաղցրեղեն. մեկ հատիկ ոսպով մի ամբողջ սեղան կարելի է լցնել, դե էլ չխոսենք ծլեցրած ոսպի մասին, որն օգտակար միկրոէլեմենտների իսկական հրաբուխ է։  

Ոսպի հարուստ բաղադրությունը, վառ համն ու տեսքը թույլ են տալիս այն համադրել զանազան մթերքների հետ։ Դասական համադրություն են՝ ոսպն ու սունկը, ոսպն ու պանիրը, ոսպն ու դդումը։ 

Ոսպը մուսա է դարձել աշխարհի տարբեր ծեգերի խոհարարների համար, որ ստեղծել են մեկը մեկից համեղ ուտեստներ: Մերձավոր Արևելքում ոսպով խիտ ապուրն է հարգի՝ սոխով, սխտորով և արևելյան վառ համեմունքներով: Հնդկական սեղաններից անպակաս է ոսպով և բրնձով ուտեստը, իսկ Ֆրանսիայի հարավ-արևելքում այս հատիկն օգտագործվում է որպես խավարտ՝ մսին ընկերակցող: Իրանում խոհարարների երևակայությունը ոսպը քաղցրացրել է՝ համադրելով  այն չամիչի և խուրմայի հետ: Եգիպտացիների նախընտրելին սոխով, ոսպով և տաք համեմունքներով մակարոնն է: Արևմուտքում էլ ոսպը ֆավորիտների ցանկում է. Իտալիայում, օրինակ, ոսպն ու աղցանը հոմանիշ են: 

Շնորհակալություն, որ ծանոթացաք ոսպի «Առողջ պորտֆոլիո»-ին՝ մեր մատուցմամբ։ Հիմա ավելի պատկերավոր գիտեք՝ ինչ է թաքնված սովորական հանրագիտարանային անձնագրով, ռոմբաձև, տափակ, ճյուղավորվող ցողունով, թիթեռածաղկավորների ընտանիքի անդամ ոսպի բառարանային համեստ նկարագրության տողատակերում… Հետևեք շարքին, հաջորդիվ ոսպով համեղ, օգտակար բաղադրատոմսերն են  ☺

Ոսպը քննել ենք նաև մանրադիտակի տակ՝ ներկայացնելով նրա կազմն ու օգտակար հատկությունները։ Համեցեք՝ ծանոթանալու:

Հետաքրքիր է իմանալ

«Ամենահամեղը համեղներից»․ այսպես է արտահայտվել հույն դրամատուրգ, կատակերգության հայր Արիստոֆանեսը՝ ոսպի մասին խոսելիս։ Ամենահամեղը նաև ամենաօգտակարների ցանկում է, իսկ թե ինչ հատկանիշներով՝ կպատմենք քիչ անց․․․ հիմա մի քանի հետաքրքիր փաստ ոսպի մասին․

Մարդիկ ոսպ կերել են անհիշելի ժամանակներից․ որոշ մասնագետների կարծիքով՝ ոսպն առաջիններից էր, որի մշակությամբ մարդը սկսեց զբաղվել։

Մերձավոր Արևելքում հայտնաբերվել են ավելի քան 8000 տարեկան ոսպի սերմեր։

Ոսպը էժան սպիտակուց է․ աշխարհում միջինում ոսպի մեկ բաժինն արժե 0,07 դոլար, տավարի մսի մեկ բաժինը՝ 1,07 դոլար։

Թեև այն լոբազգիների ընտանիքից է, բայց իր ազգակիցների պես չի պահանջում եփելուց առաջ նախապես թրջել։

Չոր ոսպը կարող է մեկ տարուց ավելի անվնաս պահպանվել,  եփած ոսպը սառնարանում կդիմանա 5-7 օր, սառցարանում՝ 3 ամիս։

Որոշ գիտնականներ ու դիետոլոգներ ոսպն իր բազմաթիվ օգտակար հատկությունների շնորհիվ ներառում են «superfood»-երի ցանկում։

 

Ոսպը՝ մանրադիտակի տակ

Ոսպի չոր, հում սերմերի 100 գրամում 23 գրամ սպիտակուցներ են, 46,2 գրամ դանդաղ ածխաջրեր, ճարպեր չկան: Այս չափաբաժնի սննդային արժեքը 297 կկալ է: 

  • В, А, РР, Е, բետա կարոտին, ցինկ, երկաթ, կալիում, ֆոլաթթու, մագնեզիում, ֆոսֆոր, չհագեցած օմեգա 3 և օմեգա 6 ճարպաթթուներ, բուսական մանրաթելեր. ոսպը վիտամինների և հանքանյութերի մի ամբողջ շարքի հիանալի աղբյուր է: 100 գրամ եփած ոսպն օրինակ, ծածկում է  մեծահասակի օրգանիզմի ցինկի օրական պահանջարկի 35%-ը և ֆոսֆորի ամենօրյա պահանջարկի 40%-ը:
  • Կես բաժակ ոսպի չոր սերմերն ապահովում են 1 օրվա համար անհրաժեշտ բջջանյութի՝ (սննդային մանրաթելեր) 80%-ը: Արդյունքում՝ մարդը մոտ 4-5 ժամ մոռանում է քաղցի մասին, կուշտ է:  
  • Նույն քանակությամբ չոր, կարմիր ոսպը պարունակում է ավելի շատ կալիում, քան այդ միկրոտարրով փառքի դափնիներ հավաքող բանանում է, օրինակ։
  • Նույն քանակությամբ չոր ոսպում պարունակվող մանգանը 100%-ով բավարարում է օրգանիզմի պահանջը, երկաթի պաշարն էլ 50%-ով է լրացնում մարդու օրգանիզմի՝ օրվա կարիքը

Այս հատիկը սպիտակուցների ու անփոխարինելի ամինաթթուների աղբյուր է, դրա համար էլ մսի հրաշալի այլընտրանք է բուսակերների ու պահքի շրջանում գտնվողների համար։ Ոսպում ավելի մեծ է սպիտակուցների պարունակությունը, քան, ասենք, ոլոռում։

Ոսպն  էկոլոգիապես մաքուր մթերք է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես ու որտեղ է աճեցվել: Այն իր փոքրիկ մարմնում չի կուտակում որևէ վնասակար նյութ շրջակա միջավայրից, դրա համար անգամ ամենաաղտոտված վայրերում աճեցված ոսպն օգտակար է՝ զերծ նիտրատներից ու այլ քիմիկատներից:

 

 Օգտակար ոսպը

  • Իր սպիտակուցային կազմով ոսպը ձեռնոց է նետում կենդանական ծագման սպիտակուցներ պարունակող մթերքներին՝ հավ, միս, ձուկ: Սպիտակուցի պարունակությամբ այն բանջարեղենների մեջ երրորդն է՝ սոյայից և կանեփից հետո:
  • Ոսպը կարող է լիովին փոխարինել հացին, մսին ու ցանկացած այլ հատիկեղենին։ 
  • Իզուր չէին հռոմեացի բուժակները նյարդային խնդիրների դարմանը փնտրում ոսպի մեջ: Այն ամինաթթուների հիանալի աղբյուր է, իսկ դրանք օգնում են, որ օրգանիզմում սերոտոնին արտադրվի՝ հանգստության ու հաճույքի հորմոնը: 
  • Այն լոբազգիների շարքում ամենաարագն է եփվում, բայց և իր խմբակիցների պես դանդաղ է մարսվում՝ երկար ժամանակ ապահովելով կուշտ լինելու զգացողություն և օգնելով ազատվել շատակերությունից։ 
  • Ոսպն իջեցնում է արյան մեջ շաքարի պարունակության ցուցանիշը, հարուստ է մանրաթելերով,  ինչի շնորհիվ ժամացույցի ճշտությամբ գործի է գցում մարսողությունը։ 
  • Նվազեցնում է օրգանիզմում վատ խոլեստերինի, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը, կարգավորում է սրտի ու անոթների աշխատանքը, զարկերակային արյան ճնշումը:
  • Իսկական զենք է իմունիտետի համար: Հատկապես գարնանը, երբ օրգանիզմը վիտամինների պակաս է զգում, ծլեցրած ոսպն իր մարտունակ  վիտամին ց-ի պաշարով կօգնի օրգանիզմին վիրուսների ու միկրոբների դեմ կռվում:

        

Զգու՛յշ, ոսպ է…

Այս չափազանց օգտակար հատիկը առողջության համար հակառակ բևեռում է հայտնվում, երբ հում է․ անթույլատրել է հում ոսպ ուտել: Այն պարունակում է թունավոր տարրեր՝ ֆազին ու ֆազեոլունատիտ, որոնք  չեզոքացնելու համար բավական է ոսպը թրջել ջրում կամ ջերմային մշակման ենթարկել: 

 Մեծ քանակությամբ ոսպը ծանրաբեռնում է մարսողական համակարգը, կարող է փքվածության ու անհարմարության զգացողություն առաջացնել ստամոքսում: 

Ոսպը պարունակում է մի նյութ՝ պուրին անունով, որի քայքայումից օրգանիզմում միզաթթու է անջատվում, ինչի ավելցուկն օրգանիզմում հանգեցնում է  հոդերի ցավոտ բորբոքման: Հոդերի հետ կապված խնդիրների դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ նախքան այն սննդակարգում ներառելը: Ոսպի հետ զգույշ պետք է լինեն նաև միզասեռական հիվանդություններ ունեցող մարդիկ․․․