Կար չկար, մի անտառ կար, անտառում՝ մի դպրոց․․․

 Անտառի զմրուխտ կանաչի գրկում, բլրակի վրա, բացօթյա պատշգամբին մեկ գավաթ սուրճն ամենահամեղն է։ Աշնան ոսկեզօծի ուղեկցությամբ էլ, ձմռանն էլ է բացօթյա պատշգամբում սրճելն իսկական  վայելք։ Սա գեղարվեստական ֆիլմի նախաբան չէ, ոչ էլ սիրային վեպերից պոկված նկարագրական հատված։ Այսպես ամեն աշխատանքային օրը սկսում է Սյունիքի մարզի Աճանան գետի ձախ հատվածում, անտառուտ լեռնալանջին տեղավորված գյուղի՝ Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրենը։ Դպրոցը գյուղի ամենաբարձր կետում է՝ բլրակի վրա, որտեղից ափի  մեջ է բնությունն՝ իր գունային ողջ ներկապնակով։

 Տիկին Նունեն տնօրենից էլ վաղ է գալիս․ ամեն առավոտ առաջինն է դպրոցի դուռը բացում։ Քսան տարվա կենսագրությամբ տնտեսվարը, համատեղությամբ՝ նաև խոհարարը, ամեն առավոտ որսում է օրվա ցողն ու շաղը, մաքրամաքուր օդը՝ դպրոց հասնելու ճանապարհին, բնության քաղցր համուհոտով արբեցած՝ անցնում խոհանոց․ 

– Դասարանները կարգի բերելուց հետո անցնում եմ խոհանոց, քարից սալօջախները միացնում՝ տաքանան, սկսում կտրտել օրվա ապուրի սոխն ու գազարը, պատրաստում փափուկ բիսկվիտի խմորը։

Մի ափ ջերմություն, մի գդալ հոգատարություն․ այս համեմունքները բոլոր ուտեստներին է ավելացնում, գումարած սեփական խոհանոցից մի երկու գաղտնիք, և ուտելիքը ամանների մեջ չի մնում։ Ասում է՝ ափսեներով է որոշում՝ ինչպես աշխատեց այդ օրը․

– Եթե սեղաններից միայն դատարկ ամաններն եմ հավաքում, ուրեմն օրս ստացվել է․ նշանակում է՝ ճաշը համեղ է եղել, երեխաներն էլ հաճույքով կերել են։

 29 երեխա, 11 ուսուցիչ․ 10 տարեկան շինություն, մուտքն էլ՝ միայն հողաթափերով։ Եղեգի դպրոցում ուսանում են ոչ միայն այս գյուղի երեխաները․ այն  իր դռներն է բացել նաև հարևան գյուղերի երեխաների առջև։ Դպրոցական ավտոբուսն առավոտյան տեղ է հասցնում ուսուցիչներին՝ Կապանից, երեխաներին էլ՝ Չափնիից, Սևաքարից,  Ըրկենացից․

– Օրական 30 կմ ճանապարհ են անցնում մեր աշխատակիցներն ու աշակերտները դպրոց գալ-գնալու համար,- ասում է դպրոցի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։- Ու ստացվում է, որ երեխաներն էլ ուսուցիչների հետ դպրոցում  են մնում մինչև ժամը 4-ը, քանի որ նույն տրանսպորտով են տուն գնալու։

Ահա թե ինչու էր հատկապես այս դպրոցի համար կենսական ընդգրկվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Կայուն դպրոցական սնունդ» նախագծում, որի գլխավոր առաքելությունն է տաք, հավասարակշռված, առողջ սնունդ տրամադրել հանրակրթական հաստատությունների տարրական դասարանների աշակերտներին։

– Սյունիքի մարզը այս ծրագրի պիլոտային փուլում ընդգրկված առաջին մարզերից  էր, մեր դպրոցն էլ՝ հետը,- ասում է Եղեգի դպրոցի նախկին տնօրեն Մերի Գանդալյանը։- Թեև լավ չէինք պատկերացնում՝ ինչպես ենք կազմակերպելու գործընթացը, բայց ռիսկի դիմեցինք․ երեխաներին առողջ սնունդով ապահովելու հնարավորությունը չէինք կարող ձեռքից բաց թողնել։

Եղեգի դպրոցը ծրագրում ընդգրկվեց 2015թ-ին։ Դպրոցի շենքը թեև նորակառույց էր, սակայն, չգիտես ինչու, ճաշարան այնտեղ չէր նախատեսվել։  Լուծում, այնուամենայնիվ, գտնվեց․ ֆիզիկայի կաբինետի սարքավորումները տեղավորեցին քիմիայի կաբինետում՝ հարմարեցնելով այն երկու առարկաների փորձերի համար էլ, իսկ դատարկված, ընդարձակ, լուսավոր ֆիզիկայի կաբինետը վերափոխվեց ճաշարանի։

– Կրթօջախում վերանորոգման աշխատանքների կարիք չկար, պատմում է դպրոցի նախկին տնօրեն, Սյունիքի մարզի կրթական ծրագրերի համակարգող Մերի Գանդալյանը։ – Դպրոցը մեղվի 3 փեթակ ուներ, բերքից ստացված գումարով կիսեցինք տարածքը, առանձնացրինք աշխատանքային գոտիները։ Սպասքը նվիրեց  ծնողներից մեկը, սեղանները դպրոցականն էին, աթոռները՝ «Վորլդ վիժն Հայաստան»-ի նվիրածը։ 

 Այսպես՝ ծնողների, հասարակական հատվածի, դպրոցի ու մեղուների համատեղ ներդրումով 30 ք/մ-ի վրա հարմար տեղավորվեց ճաշարանը, որ 2015-ի սեպտեմբերից բացեց դռները երեխաների առաջ։ «Կենսական» բառն այս դպրոցի ճաշարանի համար բոլորովին էլ անհամեստ մակդիր չէ․ աշակերտները գրեթե 8 ժամ դպրոցում են ու ի՞նչ պետք է տնից ամեն օր բերեն, որ նորմալ սնվեն օրվա լուսավոր մասի մեկ երրորդի ընթացքում։ Կրթօջախում ընդհանուր ճաշկերույթը որոշ երեխաների համար ավելին է եղել, քան  մեկ աման ճաշը։

– Մի չխոսող երեխա ունեինք, ձեռքերով մտնում էր ուտելիքի մեջ, չէր զանազանում ափսեի սահմանները միջավայրից, անընդհատ համբերատար ասում էինք՝ տղա՛ս, ապա նայիր՝ ընկերներդ ոնց են ուտում։ Շուտով ամեն ինչ կարգավորվեց երեխայի սոցիալական հարաբերություններում։ 

Տարրական դասարաններում սովորող ընդամենը 5 աշակերտ կա այստեղ, սակայն ճաշարանից օգտվում է ևս 10 երեխա։ Ծնողական խորհուրդը քննարկել է ու որոշել՝ իրենք էլ իրենց ներդրումներով կապահովեն երեխաների տաք, առողջ ուտելու հնարավորությունը։

 – Նրանք այն երեխաներն են, որ գալիս են ավտոբուսով՝ կողքի գյուղերից, երկար են մնում ու սնվելու համար տուն գնալու հնարավորություն չունեն,- ասում է դպրոցի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։ – Մենք, մեկ է, 5 երեխայի պետք է կերակրեինք, որտեղ 5, այնտեղ էլ՝ 10 աշակերտի համար սնունդ սկսեցինք պատրաստել․ արդյունքում՝ երեխաները սոված չեն, ծնողներն էլ՝ երեխաների համար անհանգիստ չեն։ 

 Դպրոցի բակապան Անահիտի որդին՝ Էրիկը, տարրական դպրոցից հետո էլ է  շարունակում սնվել, չնայած իններորդ դասարանում է․

– Այնքան հանգիստ եմ տղայիս համար, գիտեմ, որ նրան կերակրում են այնպես, ինչպես ես կկերակրեի։ Բայց դա չէ ամենակարևորը,- պատմում է տիկին Անահիտը,- մինչև դպրոց գալը տանում էի ամեն օր խանութ ու խնդրում՝ ձեռքը որ ուտելիքին դնի, գնելու եմ, մենակ թե մի բան ուտի։ Էստեղ երեխաների ջրերն ընկավ, ուտել սովորեց, հիմա տեսնեք՝ ոնց է ամեն ինչ ուտում։

Ի՞նչ կարող էր ծնողը գնել 140 դրամով, որ երեխան դպրոցում նորմալ սնվեր՝ մեկ բուլկի կամ խաչապուրի․ դպրոցի առաջարկն ուղղակի անհամեմատելի է արագ սննդի այլընտրանքի հետ։

 – Հնդկաձավար, ոսպ, մակարոն, հավի մսով ապուր ու հարիսա, բանջարեղենային աղցաններ․ պատրաստում ենք բոլորիս ծանոթ ուտեստներ,- ասում է խոհարարը։- Ես տանն էլ եմ նույնը պատրաստել, սակայն երբեք չեմ էլ նկատել, որ այդ սովորական ուտելիքներն այդքան արժեքավոր նյութեր են  պարունակում ու այդքան օգտակար են։

Թե որոնք են երեխաների համար պատրաստելու նրբություններն ու կարևոր  տեխնիկական, սանիտարահիգիենիկ պահանջները, Նունեն յուրացրեց «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կազմակերպած վերապատրաստման դասընթացի շնորհիվ, դրանք ավելացրեց փորձով հավաքած հմտություններին ու անցավ խոհանոց՝ պատրաստելու դպրոցի 17 աշակերտների համար։ Ասում է՝ ժպիտը դեմքից չի իջնում, երբ դեռ ճաշելու ժամը չէ, բայց երեխաները ուտելիքի հոտն առած՝ շարվում են ճաշարանի մոտ։

– Մի երեխա կար, մայրն անհանգստացած էր, թե  ամեն օր միայն տապակած կարտոֆիլ է ուտում, այլ բան կերած չկա տանը,- պատմում է տիկին Նունեն։- Այդ  երեխան կամաց-կամաց սկսեց ամեն ինչ ուտել։ Փողոցում հանդիպեցի մորը, կատակով ասում է՝ տեղյա՞կ եք, տանեցիների հետ կռվում է, թե մամային, տատիկին տնից հանենք, Նունե տատիկին բերենք մեզ հետ ապրելու, ինքը համով է եփում։

 Դպրոցի տնօրենը՝ Աշոտը Սարգսյանը, ինչքան ժամանակ է՝ բացօթյա պատշգամբում անտառի բույրով համեմված սուրճ չի խմել։ Եղեգի դպրոցը հեռավար է աշխատում․ համավարակային իրականությունը, երկրի բարդ իրավիճակը ստիպել են ընտրել վիրտուալ միջավայրը։ Տիկին Նունեն էլ  անհամբեր է՝ երբ է նորից բոլորից շուտ դպրոց հասնելու, որ քարե սալիկները միացնի՝ տաքանան, քանի դեռ ինքը սոխ ու գազար է կտրտում․․․